Ընտրություններից առաջ. Բժշկականում թեժ պայքար է սպասվում

03/02/2019 schedule22:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 2-ի համարում

Փետրվարի 27-ին տեղի են ունենալու Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները: Եւ այս բուհում եւս, ինչպես Երեւանի պետական համալսարանում, խիստ թեժ ու լարված պայքար է սպասվում, եւ շատերը համարում են, որ պայքարն այստեղ եւս ընթանալու է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Բանն այն է, որ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի հիմնական երկու թեկնածուներն են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի` նախկինում Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը եւ Բժշկական  համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քալյանը: Եթե չլինեին որոշ հանգամանքներ, կարելի էր համարել, որ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են բժշկական աշխարհի երկու ներկայացուցիչներ:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Արա Մինասյանը, ինչպես թերեւս շատերին է հայտնի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խնամին է. վերջինիս դուստրն ամուսնացել է Արա Մինասյանի որդու հետ դեռ մոտ երկու տարի առաջ: Իսկ Գոհար Քալյանը, որը 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 15 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն էր եւ որն, ի դեպ, «Հ2»` նախկին «Պրոմեթեւս» հեռուստաընկերության նախագահ Սամվել Մայրապետյանի կինն է, հայտնի է որպես, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի մարդ, ինչը վերջինս չի էլ թաքցնում: Իհարկե, Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի այլ թեկնածություններ եւս, ինչպես, օրինակ, նույն բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի անունը կամ պրոռեկտոր Նարիմանովի անունը եւ այլն, բայց հիմնական պայքարն ընթանալու է հենց Արա Մինասյանի եւ Գոհար Քալյանի միջեւ:

Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Բժշկական համալսարանի աշխատակիցներն ասում էին, որ Գոհար Քալյանն իրեն արդեն ռեկտոր է զգում, եւ դա  էին վկայում անգամ Ամանորին ստացած նրա նվերները: Հետաքրքիր է, սակայն, որ բժշկական աշխարհում ու նաեւ նույն բուհում համակրանքը Արա Մինասյանի կողմն է, թեեւ միեւնույն ժամանակ շատերը կանխատեսում են, որ հաղթանակի նժարը Գոհար Քալյանի կողմն է: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ կրթության եւ գիտության նախարարությունում ռեկտորի թեկնածուի դեռ ոչ մի հայտ չէր ստացվել, թեեւ ընտրություններին հաշվված օրեր են մնացել:

Տարօրինակ է, բայց Արա Մինասյանի հետ ունեցած մեր զրույցի ժամանակ պարզվեց, որ նա տեղյակ չէր անգամ, թե երբ են կայանալու ընտրությունները: Ավելին, նա դեռ չէր կողմնորոշվել անգամ` դնելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Տպավորությունն այնպիսին էր, որ Արա Մինասյանը, որն, ի դեպ, շատ մեծ հեղինակություն է վայելում բժշկական շրջանակներում, խուսափում է շահարկումներից: Ինչ վերաբերում է Գոհար Քալյանին, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նա ասաց, որ անպայման դնելու է իր թեկնածությունը եւ այս պահին փաստաթղթերն է հավաքում: Մեր այն հարցին, թե ինչ կանխատեսումներ կարելի է անել` ի՞նքը կհաղթի, թե՞ Արա Մինասյանը, տիկին Քալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատ նորմալ, ցիվիլ պայքար է լինելու:

Թող հաղթի այն մարդը, ում կոլեկտիվը կնախընտրի: Եւ երեւի բնական է, երբ ասում են, որ նժարն իմ կողմն է, որովհետեւ 30 տարի է, ես աշխատում եմ այդ կոլեկտիվում եւ Իզաուրայի պես նրանց աչքի առաջ եմ մեծացել»: Իսկ մեր այն նկատառմանը, որ խոսվում է, թե Գոհար Քալյանը Ռոբերտ Քոչարյանի մարդն է, նա պատասխանեց. «Ես պարոն Քոչարյանին շատ հարգում եմ եւ երբեք դա չեմ թաքցրել: Ես սկզբունքների մարդ եմ եւ գտնում եմ, որ նա իր տեղում է: Թե որքանով եմ նրա մարդը, չգիտեմ»: Ռեկտոր ընտրվելու դեպքում տիկին Քալյանը նախ եւ առաջ փորձելու է լուծել կրթության որակի խնդիրը, որի կարիքը Հայաստանը շատ ունի, նա կարծում է, որ համալսարանը պետք է ինտեգրվի եվրոպական եւ ամերիկյան կրթական արժեքներին եւ այլն:

Այս պահին Բժշկական համալսարանում լարված եւ անորոշ վիճակ է: Շատերն անգամ կանխատեսում են, որ դեռ ընտրություններից առաջ սկսված այս թեժ պայքարի արդյունքում մի երրորդ մարդ հայտնվի, որին էլ իշխանությունները կսատարեն: Եթե հաշվի առնենք Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհրդի ընտրությունների արդյունքները, այս տարբերակն, իհարկե, չի բացառվում: Ամեն դեպքում, արդեն մեկ տարուց ավելի է, խոսվում է, որ Արա Մինասյանը դառնալու է Բժշկական համալսարանի ռեկտոր, եւ ամեն ամիս նրա ղեկավարած բուժհիմնարկի աշխատակիցներն ասում են, թե նա հիմա կգնա, եւ մի այդքան ժամանակ էլ խոսվում է, որ Գոհար Քալյանն է դառնալու ռեկտոր:

Հ.Գ. Բժշկական համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող թեկնածուն 5 տարի ժամկետով, ոչ ավել, քան 2 անգամ անընդմեջ: Ռեկտորի թափուր տեղի համար բուհը հայտարարում է մրցույթ: Թեկնածուներն իրենց հայտերը ներկայացնում են կրթության եւ գիտության նախարարություն: Ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Արդյունքները հաստատում է հիմնադիրը, այսինքն, կառավարությունը:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
1526 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը