Մարիխուանան կարող է հանգեցնել հոգեկան խանգարման. ԱՆ խորհրդատուն՝ դրա վնասակարության մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր անդրադարձել է արդեն տեւական ժամանակ շրջանառվող ու պարբերաբար էլ չարախնդությամբ ուղեկցվող այն լուրերին, թե ահա ուր որ է մարիխուանան Հայաստանում ազատականացվելու է: Դա, ըստ նույն լուրերի, պետք է հետեւի ծխախոտի դեմ իրականցվող պայքարին:

«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ հավելելով. «Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը՝ չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։ Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որեւէ նախաձեռնություն չկա եւ չի կարող լինել ու ձեր վառ երեւակայությունը լավ կլինի պահեք ձեզ։ Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որեւէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ՝ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»։

Ներկայիս իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն, ժամանակին տարբեր առիթներով արտահայտվել են մարիխուանայի ազատականացման օգտին: Թեմայի ոչ մասնագիտական ուսումնասիրություններն էլ ի հայտ են բերում հակասական կարծիքներ ու հիմնավորումներ: Մի դեպքում շեշտվում է, որ մարիխուանան շատ ավելի անվտանգ է, քան ծխախոտը, մեկ այլ դեպքում չի թերագնահատվում դրա վնասակարությունը: Առողջապահության նախարարության՝ թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանը ճիշտ չի համարում դրանց միջեւ համեմատություններ անցկացնելն ու քննելը, թե որն է ավելի կամ պակաս վնասակար:

«Դրանք մարդու մոտ առաջացնում են լրիվ տարբեր վիճակներ, ունեն ազդեցության տարբեր մեխանիզմներ, ազդեցության տարբեր ընկալիչներ: Ի տարբերություն ծխախոտի, մարիխուանան կարող է հանգեցնել հոգեկան խանգարման: Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը մարիխուանան դասակարգում են որպես հոգեներգործուն նյութ, որն ունի կախվածություն առաջացնելու պոտենցիալ։ Դա են վկայում նաեւ Թմրամիջոցների եւ կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոն ու ԱՄՆ Թմրամիջոցների չարաշահման ազգային ինստիտուտը։ Մարիխուանայի հոգեներգործուն ազդեցությունը դրսեւորվում է գիտակցության եւ ընկալման ոլորտի խանգարումով: Մարիխուանա ծխողները շատ լավ գիտեն, որ անգամ քիչ քանակով գործածման դեպքում այն առաջացնում է ժամանակի ու տեղի զգացողության աղավաղում: Սրանք հոգեախտաբանական ախտանշաններ են: Մի նյութ, որի գործածումն առաջացնում է այս ախտանշանները, ասել, որ ավելի կամ պակաս վնասակար է ծխախոտից, ճիշտ չի լինի»,- նշեց նա:

Ընդգծեց, որ այն մարդկանց մոտ, որոնք ունեն հոգեկան հիվանդությունների նկատմամբ որոշակի նախատրամադրվածություն, մարիխուանայի գործածումը կարող է պրովոկացնել այդ հիվանդությունների դրսեւորումը: Օրինակ հաճախ, ըստ Սուրեն Նազինյանի, լինում են դեպքեր, երբ շիզոֆրենիայիով տառապող մարդու մոտ կաննաբինոիդների գործածումը պրովոկացնում է հիվանդության սրացում՝ ռեցիդիվ: «Իհարկե, ես ընդունում եմ, որ մարիխուանան մարդու տրամադրություն է բարձրացնում, բայց տրամադրությունը բարձրացնող այնքա՜ն հոգեներգործուն միջոցներ կան։ Ի՞նչ է, պետք է մտածենք դրանք ազգաբնակչությանը հասանելի դարձնելու մասին»,- ասաց նա:

Ըստ նախարարության խորհրդատու մասնագետի, ՄԱԿ-ի 1961 թվականի կոնվենցիայով մարիխուանան ընդգրկվել է արգելված նյութերի ցանկում, ինչպես, օրինակ, հերոինը: «Դա պայմանավորված է իր հոգեներգործուն ազդեցությամբ ու այն հանգամանքով, որ  հանդիսանում է թմրամիջոց՝ առաջացնելով կախվածության համախտանիշ: Ինչ վերաբերում է ծխախոտին, նիկոտինը նույնպես առաջացնում է կախվածություն, բայց ծխախոտի օգտագործման ժամանակ հոգեախտաբանական ախտանշաններ ի հայտ չեն գալիս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված Հիվանդությունների 10-րդ վերանայման միջազգային դասակարգչով թե՛ կաննաբինոիդները (այդ թվում՝ մարիխուանան) եւ թե՛ ծխախոտը դասակարգվում են որպես կախվածություն առաջացնող նյութեր։ Կարծում եմ՝ ավելորդ է նշելը, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իրեն եւ իր ընտանիքի անդամներին զերծ պահի այս նյութերի չարաշահումից։ Մենք պետք է մտածենք մեր ազգաբնակչության ու հատկապես երիտասարդների շրջանում առողջ կենսակերպ ձեւավորելու ուղղությամբ»,- նշեց նա:

Խոսելով այն քիչ երկրների մասին, որտեղ մարիխուանան ազատականացված է, ինչպես ասենք, հարեւան Վրաստանում, Սուրեն Նազինյանը նկատեց, որ այդ երկրներից յուրաքանչյուրը առաջնորդվել է տարբեր նպատակներով: «Թմրամիջոցների ոլորտում Վրաստանի վարած քաղաքականությունն օրինակ վերցնել պետք չէ: Այստեղ կա մի քանի տասնյակ հազար մարդ, որոնք ներարկային թմրամիջոցներ գործածողներ են: Հայաստանում այդ մարդկանց թիվը մի քանի հազար է: Կամ՝ Ուրուգվայից, որտեղ մարիխուանան բացարձակ ազատ է: Այստեղ այդպես վարվելու հիմնական նպատակը եղել է հանցավորությունը նվազեցնելը, մասնավորապես՝ թմրաբիզնեսով զբաղվող խմբերին մեծ եկամուտներից զրկելը ու այդ եկամուտները երկրի բյուջե ուղղելը: Ամեն մի պետություն առաջնորդվում է իր, այսպես ասած, չոր, շա՛տ չոր հաշվարկներով»,- համոզված է ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատուն:

Տպել
7010 դիտում

Հնդկաստանը ՌԴ-ից կործանիչների շտապ գնման մասին է հայտարարել. կապ ունի՞ հնդկա-չինական կոնֆլիկտը

Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում. Արմեն Մելիքբեկյան

Արսեն Թորոսյանը այցելել է Մարտունու ԲԿ. շուտով կգործի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքը

Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Միասնական քննությունների արդյունքները հրապարակվելու են քննությունից հետո երրորդ օրը

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանում չորացած կոճղերին երկրորդ կյանք տված Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցն իր տունն էլ է պարտեզի վերածել (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ֆուտբոլի առաջնությունում պայքարն ավելի է թեժանում. 2 տուր, ու չեմպիոնության 3 թեկնածու

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ մատուցվող առողջապահական ծառայության մասին. վարչապետ

Հայաստանում մեկնարկել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը

Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արցախ

IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին

ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց պայմանավորված խաղերի պատճառով. 5 ակումբ ու 58 անձ որակազրկվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել

Կորոնավիրուսի թվերը կախված են ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից. նախարար

Դատախազության ներգործությամբ Սիսում ինքնակամ կառուցված ձկնաբուծարանն օրինականացվել է, համայնքի իրավունքը՝ վերականգնվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատները բարեկարգել են հիվանդանոցի բակը