Քանդված հատակ, բետոններ, առանց դռան սանհանգույց. Վերաքննիչ դատարանի խցային պայմանները (լուսանկարներ)

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական դատարանների հինադրման 20-ամյակի առիթով Վերաքննիչ դատարանում բաց դռների օր էր:

Քաղաքացիներն այսօր ազատորեն մուտք գործեցին փակ գոտիներ, նիստերի դահլիճներ, կարողացան հարցեր ուղղել դատավորներին, ծանոթանալ շենքային պայմաններին, այն ամենին, ինչը մինչ այս անհասանելի էր թվում. միակ փակ դուռն այսօր կալանավորների համար նախատեսված վեց խցերն էին, որոնք գտնվում էին շենքի նկուղային հարկում:

Ըստ էության, միայն այս հարկում էր անմխիթար վիճակ՝ քանդված բետոններ, հատակի, պատերի վրա տեղ-տեղ առկա էին ծխախոտի բազմաթիվ սեւացած հետքեր:

6 խցերից յուրաքանչյուրում տեղադրված է մեկ նստարան, որտեղ կարող է պահվել մոտ երեք կալանավոր, նստարանի անմիջապես ետեւում պատ է, որից այն կողմ՝ սանհանգույց՝ առանց դռան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Թեեւ մուտքը խցեր չէր թույլատրվում, սակայն տեսանելի էր, որ սանհանգույցը նույնպես ոչ բարվոք վիճակում է գտնվում: Խցերում դեպի դուրս բացվող փոքրիկ պատուհաններ էին՝ պատված ճաղավանդակներով, իսկ պատի վրա՝ ջրով լի մի քանի պլաստմասե շշեր, որոնք նախատեսված էր այսպես ասած «արտակարգ իրավիճակների» համար:

Խցերի անմիջապես դիմաց ուղեկցող ոստիկանների սենյակն էր, կրկին քանդված բետոններով, ծխախոտի սեւացած հետքերով: Անմիջապես կողքը կալանավորներին դեպի նիստերի դահլիճներ տանող աստիճաններն էին:

 

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին մեր զրույցում ասաց, թե տեղյակ չէ՝ արդյոք վերանորոգում նկուղային հարկում նախատեսվում է, թե՝ ոչ, չնայած նրան, որ վերանորոգման անհրաժեշտություն իրապես կա: Նա ասաց, որ վերջին անգամ ավելի քան 10 տարի առաջ է վերանորոգում արվել: «Բայց որ անհրաժեշտություն կա հատկապես խցային պայմանները բարելավելու, ճիշտ եք»,- ասաց Ռշտունին:

Վերջինս լրագրողների հետ խոսեց նաեւ այլ թեմաներից: Մասնավորապես դատարանի նախագահից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր նկատմամբ «վերեւներից» ճնշումներ գործադրվել են, կամ զանգել են, հաշվի առնելով վերջին աղմկոտ գործերով, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունը՝ ճնշում գործադրելու վերաբերյալ, Ռշտունին պատասխանեց. «Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ եթե դատարաններում դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի այդ մասին, կամ գոնե ինձ կասեին»: Վազգեն Ռշտունին նշեց, որ Քոչարյանի հետ կապված եղան տարբեր քննարկումներ, մի դեպքում խոսում էին նախկին իշխանությունների կողմից գործադրվող ճնշումների, մյուս դեպքում՝ ներկա իշխանության կողմից։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է կայացված որոշումներին, ապա կան որոշ հարցեր, որոնք գտնվում են հասարակության լայն շերտերի հետաքրքրվածության տեսադաշտում եւ ցանկացած կայացվող որոշում կարող է համարվել քաղաքական նշանակություն ունեցող։

«Նույն հարցը կարելի է բարձրացնել Մանվել Գրիգորյանի գործով ՝ Մանվել Գրիգորյանին առաջին ատյանի դատարանի կողմից ազատ արձակե՞լն էր քաղաքական որոշում, թե՞ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված հակառակ որոշումը: Նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված. մենք ականատես եղանք, երբ առաջին ատյանի դատարանը կայացրեց կալանավորման որոշում, այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց ազատ արձակման որոշում, այնուհետեւ Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվեց ուղարկվեց նոր քննության, որի արդյունքում կայացվեց Քոչարյանին վերստին կալանավորելու որոշում։ Այս հարթության մեջ չգիտեմ՝ ինչ որակումներ կարելի է տալ, որն է կարելի պնդել...: Նախ դատարանը նույնպես իշխանություն է, ես պնդում եմ, որ մենք չենք գործում ճնշումների ներքո։ Եթե դատավորն իր մեջ ունի դատավոր աշխատելու կամք, ունի կամք՝ կայացնելու Սահմանադրության ու օրենքներին համապատասխան որոշում, ապա որեւէ ճնշում՝ լինի իշխանական, թե՝ հանրային, չի կարող նրան խոչընդոտել կամ ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա»,- մանրամասնեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:

Անդրադառնալով դատարանների ծանրաբեռնվածության խնդրին՝ նա ասաց, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն աշխատում է ծանր ռեժիմով։

«Այսօր ունենք 18 դատավոր, սակայն տարեցտարի վերաքննիչ բողոքների թիվն ավելանում է, սկսած 2002 թ. ամեն տարի մենք արձանագրում ենք 300-400 բողոքի աճ: Դրանով պայմանավորված՝ մենք նախորդ տարի խնդրեցինք, եւ մեզ կարծես թե ընդառաջեցին եւ երկու դատավորի տեղ ավելացրեցին։ 2018թ. կրկին 400–ով ավելացել է բողոքների թիվը եւ հաշվի առնելով այսօրվա իրավակարգավորումները, մասնավորապես այն, որ մի շարք գործեր քննվում են կոլեգիալ կազմերով, ուստի այդ առումով մեծ է ծանրաբեռնվածությունը»,- հավելեց Ռշտունին:

Հարցին, թե ի՞նչը կարող է ստիպել նրան հրաժարվել իր պաշտոնից, Ռշտունին պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չեմ կայացրել, սակայն չեմ բացառում, որ նման որոշում կայացնեմ, քանի որ կյանքը դինամիկ է, եւ հասարակական զարգացումներին զուգընթաց հնարավոր է փոխվեն նաեւ մարդկանց նախասիրությունները։ Այսօր, ես սիրով եմ անում իմ աշխատանքը եւ ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ կողմից եւ ընդհանրապես դատարանի կողմից իրականացվող աշխատանքին, սակայն ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»,- ասաց նա։ Հարցին, թե հնարավո՞ր է մի օր նրան տեսնեն փաստաբանի կարգավիճակով, Ռշտունին ասաց. «Ես ոչինչ չեմ բացառում»։

Լրագրողները զրուցեցին նաեւ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանին բացառապես անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու որոշումից հետո Ազարյանը հաճախ էր բարձրաձայնում գործադիրի կողմից ճնշումների մասին: Այսօր մեր հարցին ի պատասխան Ազարյանն ասաց, որ ինքը չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ճնշումներ են եղել, այլ ասել է, որ որոշումը կայացնելուց հետո են այդ ճնշումները եղել. «Մասնավորապես երկրի վարչապետի՝ հրապարակում տեղի ունեցած ելույթը ես համարում եմ բացարձակ ճնշում դատարանների նկատմամբ, իմ վրա կոնկրետ այդ գործով ճնշումներ չեն եղել»,- ասաց դատավորը: Խոսելով դատարանների անկախության մասին՝ Ազարյանն ասաց, որ իր կարծիքով՝ դատական համակարգը անկախ է ցանկացած առումով: Դիտարկմանը, որ այսօր դատավորի մասնագիտությունը չունի այն գրավչությունը ինչ նախկինում, Ազարյանը պատասխանեց, որ դատական համակարգը քիչ-քիչ մաքրվում է անպարկեշտ դատավորներից. «Ցանկացած անձ, որը ցանկանում է դատավոր դառնալ, կամ նշանակվում է, գիտի, որ պետք է ազնիվ, մաքուր աշխատի եւ ռիսկերից հեռու մնա, անկախ իշխանություններից, դա դատավորի միջից պետք է լինի»,- նշեց նա: Հարցին՝ դատավորների անկախության համար ի՞նչ լրացուցիչ երեշխիքներ են հարկավոր, որ այսօր չկան, Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ առաջին պայմանը աշխատավարձերի կտրուկ բարձացումն է, ոչ թե ձեւական, այլ՝ կտրուկ:

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը Մարտի Մարտի 1-ի գործով մի շարք դատավճիռներ է կայացրել, ապա քննել նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Հարցին, թե այստեղ խնդիր չի՞ տեսնում, Ազարյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով. «Ես դատավճիռները կայացրել եմ օրենքի տառը պաշտպանելով, որեւէ դատավճռի համար չեմ փոշմանել, չեմ զղջում, այսօր կայացնելիս նույն դատավճիռը կկայացնեի»,- հավելեց նա: Մեր հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է, Ազարյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ մնում է իր կարծիքին: Մեր մյուս հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշումից հետո ձեր նկատմամբ սպառնալիքներ հնչեցվե՞լ են, թե՝ ոչ, Ազարյանն ասաց, որ սպառնալիքներ եղել են ֆեյսբուքյան տիրույթում, որոնց լուրջ չի վերաբերվում:

Մյուս հարցին, ձեր գործունեության ընթացքում տարբերություն զգո՞ւմ եք նախկին իշխանության եւ այս իշխանության օրոք աշխատելիս, Ազարյանը պատասխանեց. «Ոչ միայն իմ, այլ նաեւ իմ ընկերների մասով կարող եմ ասել, որ մեզ համար ոչինչ չի փոխվել, մենք ինչպես արդարադատություն իրականացրել ենք, այնպես էլ հիմա ենք իրականացնում, օրենքը չի փոխվել, օրենսգրքերը չեն փոխվել, ինչ է նշանակում՝ իրավիճակ է փոխվել: Այսինքն՝ դու այդ օրենքը այն ժամանակ եւ այսօր կիրառում ես տարբեր ձեւերով»,-եզրափակեց դատավորը:

Նշենք, որ դատարաններում բաց դռների օրը սկսվել էր ժամը 10-ին, ավարտվել 13:00-ին. վերջում ուսանողներն ու աշակերտները իրենց կարծիքն էին գրել «արձանագրությունների մատյանում», որտեղ հիմնական մտահոգությունը խցային պայմաններն էին:

Տպել
1174 դիտում

Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով․ Փաշինյանը հանդիպում է շենքերի բնակիչների հետ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ամուլսարի խնդիրը լուծել հանրաքվեով

Կան ծխացող օջախներ. Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ. քննարկումներ կլինեն Գնդևազի բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն արդեն Ջերմուկում է. նա խոսում է տեղի բնակիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ջերմուկ

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան

Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. Ա. Հովհաննիսյան

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ