Երկրի հակառակ կողմը. Մղձավանջ եւ անուրջներ Լոզանում (2008-05-22)

15/02/2011 schedule14:14

Հյուրանոցին մոտ մի բար էի տեսել, որոշեցի գնալ այնտեղ (հյուրանոցային բարերը տաղտուկ են)։ Վազեվազ հասա` համարյա չթրջվեցի, մոտեցա բար-կանգնակին.

- Հայկական կոնյակ ունե՞ք. պարտադիր չէ «­Նաիրի», կարելի է նաև «Ախթամար», «Անի», «Արարատ»` հինգ կամ երեք աստղանի։

- Ցավում եմ, պարոն, չունենք, - ժպտալով ասում է բարմենը։

- Իսկ հայկական գինի՞, պարտադիր չէ «Արենի», կարելի է նաև «­Պաչիկ» կամ «Պասեք», կամ «Զոքանչ» կամ «­Բաջանաղ», - դառը հեգնական շարունակում եմ ես։

- Ոչ, պարոն։

- Ուրեմն` հայկական օղի էլ չունեք։ Այդ դեպքում գրապպա լցրեք։

Գրապպան իտալական խաղողի օղի է, մոտավորապես այն, ինչ վրացիք չաչա կամ ճաճա են կոչում, այսինքն` խաղողի ճաճի օղի, իսկ մենք` յաթրջի։ Եւ ինչպե՞ս են եվրոպացիք այս յաթրջին առանց թթվի խմում։

Թթու. թըըը՜-թուուու... ո՛վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլև քո թթուն։ Հայկական մոռացված և մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թ­թու» են­թա­վերնագրի տակ գտնել։

Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է։ Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. վաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «­տակի» և ճախի, այսինքն` թևերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մալականի, այլ հայկական տեխնոլոգիայով), մանդակի թթու, ջոնջոլի թթու։ Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն` բիբարի թևերի` բիբարի ճախի թթուն է։ Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն։ Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքն ավարտված է։ Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են փոքր պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ։ Կան նաև տերևներ, բազմաթիվ տերևներ։ Ահա այս` համեմատաբար մատղաշ տերևներից և թերհաս պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն, և եթե թթու դնողը գիտե իր գործը` օղորմած տատիս նման, ուրեմն դա թթու չէ, այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն։

Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում։ Դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, դանդուռ, իծկոթ, սինդրիկ... Սինդրի՜կ

Հիմա Իջևանի բարձր բացատներում երևի դուրս է եկել սինդրիկը։ Հիմա Իջևանի անտառները պճնվել են կանաչով։

Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջևան` գառի սեզոնի բացումն անելու։ Դա տեղի է ունենում մոտավորապես հետևյալ կերպ. Իջևան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին։ Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետ. «Էկել ե՞ս», «Էկել եմ»։­

Որոշ ժամանակ անց կա՛մ ես եմ զանգում Բիձիկին, կա՛մ ինքը ինձ.

- Մի հատ կյառը չուտե՞նք։

- Հա, բա ի՞նչ անենք։

Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը։ Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել։ Իջևանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր` Վարդավառի կապակցությամբ։ Վարդավառը Իջևանում նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը, և նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների և ուլերի գրոհը։ Բայց տարվա մնացած օրերին Իջևանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել։ Գառան միս, իհարկե կա, բայց մեզ կենդանի գառ է պետք, իսկ այն ձեռք բերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում և գտնել։ Մինչ այդ «­տեղաքում» ենք, այսինքն` փորձում կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում։ Որպես կանոն, «­տեղաքումը» արդյունք չի տալիս։ Պետք է մեկնել։ Բայց ո՞ւմ մեքենայով։ Հարցը սկզբունքային է, որովհետև գառը ոչ միայն լողացած չէ, այլև ճանապարհին չի խնդրի կանգնել` բնական կարիքները հոգալու համար, և այդ ամենը անում է բեռնախցիկում։ Բիձիկն ու ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ` այն կարծես «­մոյկայում» էր, այսինքն` նոր է լվացել. թխի գա։

Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք։ Չաղը Ժպիտի հետ է, Լուրջը պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք։ Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր։ Հասնում ենք գյուղամեջ. «Տ­ղերք, բարև ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի՜ի»։

Գյուղացիների միջև տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որևէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ տան տեղը ցույց տա։ Որպես կանոն, երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը։

- Էդ ո՞վ ա, - որպես կանոն, կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը` ասում է. - Մինն ունեինք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չե՜ե՜ն։

Որպես կանոն, առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել։ Փնտրտուքը պետք է շարունակել.

- Բա ո՞վ կունենա, տատի, - հուսահատ հարցնում ենք մենք։

- Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք։

Կոնկրետ հասցե ունենալը միշտ էլ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.

- Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահըմ եմ րեխի բանակի քեֆի համար:

- Փաստորեն, լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:

Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառ կա։ Մտնում ենք գոմ։ Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:

Ու սկսվում է իմ ամենասիրած մասը` սակարկությունը։ Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի։

- Ի՞նչ ես ասում էս կյառը, հորողբեր։

- 35 մանեթ, - ասում է հորողբերը` մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը։ Այսինքն` 35 հազար դրամ։

- Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն, - նեղսրտում ենք մենք, - 25 մանեթ ենք տալիս տանենք։

- 25 մանեթով հենա ես կուտեմ, էլի՜։

- Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա։

- Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի։

- Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք-տանենք։

Հորողբերը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում է, ձեռքն առնում դռան բռնակը և այդ ժեստով մեզ դուրս հրավիրում. «Ես ծախու ապրանք չունեե՜մ», - սրտնեղած ասում է նա։ Որպես կանոն, այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր` շուտ արեք։

- Դե, լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի, - ասում ենք հորողբորը։ Փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ` Իջևան։

Գառը, որպես կանոն, մորթում է եղբայրս` Արտակը։ Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը։ Բայց, որպես կանոն, եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ։

Անտառ ասելով, սակայն, Իջևանում նկատի չունեն ուղղակի անտառ։ Աղբյուր ասելով` նկատի չունեն սոսկ աղբյուր։ Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ենթակառուցվածքի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար։

Անտառներում կան բազմաթիվ տաղավարներ` երկար նստարաններով, սեղաններով։ Սրանց կից` խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաև առանձին սեղան` բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար։ Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ` հնաոճ իրերի թանգարան։ Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետնի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին։ Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով` Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր, Շեկոյի աղբյուր, Սալդաթի աղբյուր, Անահիտի աղբյուր։

Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, և այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել։ Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել։ Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի։

Բայց Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, և հուլիսի վերջին կիրակի օրը Իջևանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար` շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը՝ գիշերակացով։ Բայց կա մի ոսկե կանոն` եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլև այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն` նրանք կարիք չունեն գիշերը մնալու։ Ուղղակի պետք է առավոտ-շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խջույքը սկսել. անհարմար բան կստացվի։

Բայց հիմա Վարդավառ չէ, և ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության։ Ու եթե այստեղ եղած նախորդ խումբն իր ետևից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը։ Եթե տեղանքը մաքուր չէ, դա արվում է միայն մաքրելուց հետո։

Ինչևէ` շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե` արարողությունը սկսված է։ Հա, չմոռանանք արարողության ամենակարևոր ատրիբուտի` կրակի մասին։ Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «­ծուխը ծուլ լինի», և ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տես­նե­լով, հասկանան, որ այս մեկը զբաղված է և իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան։ Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է` իր բազմաթիվ կանոններով։ Կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում։

Այս կանոնը, թերևս, ձևավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք։ Եւ թերևս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի։ Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի... Եւ Իջևանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն։

Իջևանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն` գառան կոկորդի կտրվածքի տակ թաս են պահում, և արյունը հոսում է նրա մեջ։ Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի։ Հավաքած արյունով պատրաստում են իջևանյան ամենահայտնի դելիկատեսը` գառան արյունով տժվժիկը։ Թարմ արյունը թասի մեջ շուտով մակարդվում է. հետո այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված։

Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ։ Երբ բավականաչափ յուղ է գոյանում, դմակի մնացուկները խնամքով հանում են թավայից, ապա յուղի մեջ տա­պա­կում են մանր կտրատված լյարդը, թոքը, սիրտը, երիկամները։ Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, և երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես յուղի մեջ տապակված լյարդի, թոքի, սրտի վրա։ Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, և շատ չանցած` կերակուրը պատրաստ է։

Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն։

Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.

- Մի բաժակ չխմե՞նք...

Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, և էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչև չհնչի նույն հարցը.

- Մի բաժակ չխմե՞նք...

Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը` պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որևէ բան ուտելու ցանկություն չկա։ Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը։ Այս արարողության նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը։ Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերն արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ հոգնած ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի։

Սեղանի շուրջ նստած են Չաղը, Լուրջը, Բիձիկը, Ժպիտը, ես։ Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա։ Միայն մենք ենք և ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը։ Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա։

- Մի բաժակ չխմե՞նք...

Բաժակները լցվում են, բայց այլևս կենաց չի մնացել.

- Չաղ, մի կենաց ասա։

Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է։

- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը...

Ծիծաղում ենք, չխկացնում ու խմում։

Ա՜խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից։ Ճիշտ է, հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց գնում եմ Հայաստան։ Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը։ Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից։

(շարունակելի)

Նիկոլ Փաշինյան

Տպել
20755 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան