ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին

20/04/2019 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 20-ի համարում

Երբ միջազգային որեւէ պատվիրակություն գալիս է Հայաստան, այդ կառույցի հայաստանյան պատասխանատուն ամեն ինչ անում է, որպեսզի այցը լուսաբանվի որպես քաղաքական ամենանշանակալից իրադարձությունը։ Երեկ ավարտված ԵՄ-Հայաստան  խորհրդարանական համագործակցության  հանձնաժողովի 8-րդ նիստին հայաստանյան կողմի համար այնքան էլ վատ չէր, որ լրագրողներ քիչ կային, իսկ եղածներն էլ բացառապես պատասխանատուների շարքից էին, որոնք այդպես էլ երբեք եւ ոչ մի տող չեն գրի Եվրոպական խորհրդարանի պատգամավորների բավականին ուշագրավ հայտարարությունների եւ ելույթների մասին։ Մինչդեռ, հատկապես Հայաստանում տիրող կոռուպցիայի եւ ԼՂ հարցի վերաբերյալ հնչած տեսակետներն այնպիսին էին, որ հանձնաժողովի անդամ մեր պատգամավորներն այս երկու օրերի ընթացքում ստիպված էին բազմիցս չհամաձայնել ԵՄ-ի ներկայացուցիչների հետ։

Ավստրիայի ներկայացուցիչ Հաննես Սվոբոդան, որը ակնհայտորեն ազդում էր մեր պատգամավորների իշխանամետ հատվածի վրա, խիստ քննադատության ենթարկեց Հայաստանում տիրող կոռուպցիան՝ ասելով, որ վերջին տարիներին կոռուպցիայի խնդրով Հայաստանում ետընթաց կա։ Ավստրիացին չէր հասկանում, թե ինչո՞ւ, երբ հայկական մամուլում որեւէ պաշտոնյայի անձի հետ կապված կոռուպցիայի կոնկրետ դեպք է հրապարակվում, այդ պաշտոնյան թերթին դատի չի տալիս։ Եթե չի տալիս, ուրեմն Սվոբոդան իրավունք ունի եզրակացնելու, եւ նա հենց այդպես էլ անում է, որ տվյալ պաշտոնյաները կոռումպացված են։ Հայաստանյան չինովնիկներին կոռուպցիայի մեջ մեղադրող Սվոբոդային երկու օր է՝ փորձում են հակառակն ապացուցել հատկապես հանրապետական Գագիկ Մելիքյանն ու Հեղինե Բիշարյանը, եւ հատկապես տիկին Բիշարյանը երկու օր է՝ պատմում է այն մասին, թե ի՞նչ արդար է Հայաստանի կրթական համակարգը։

Սակայն Եվրախորհրդարանի պատգամավորները մերոնց ինֆորմացիոն կարգով տեղեկացրեցին, որ իրենք մեր երկրում, բարեբախտաբար, ունեն դեսպաններ եւ տարբեր կառույցներ, որոնց  միջոցով էլ ամենօրյա տեղեկություն են ստանում Հայաստանի ներքաղաքական, տնտեսական եւ մնացած բոլոր վիճակների մասին, ուստի լրացուցիչ աղբյուրների կարիք չունեն։ Եւ չնայած եվրոպացիները շատ բան գիտեին, սակայն ԵՄ-Հայաստան  խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը լրացրեց եվրոպացիների ինֆորմացիոն բլոկը՝ նշելով, որ Հայաստանում ամենակոռումպացված օղակները մաքսային մարմինն է եւ բուհական համակարգը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, այս հարցում եւս Խաչատուր Սուքիասյանը լրացուցիչ պարզաբանում տվեց եվրոպացիներին:

«Ամենաշատ կոռուպցիան գործադիր մարմնում է, իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովը գլխավորում է կառավարության նախագահը»,- հայկական կոռուպցիայի թեման եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը։ Եւ չնայած հանձնաժողովի հայկական թեւի անդամներն իրար հերթ չտալով 48 ժամ պատմում էին, թե ինչպե՞ս է Հայաստանը բռնել ժողովրդավարության ուղին եւ ընթանում ու ընթանում է, բայց Հայաստանի ընթացքը ԵՄ ներկայացուցիչների համար առանձնապես համոզիչ չէր եւ նիստի վերջում ընդունված համատեղ հայտարարության մեջ որպես Հայաստանի ժողովրդավարության խոչընդոտ՝ նշվել է կոռուպցիան։ 

Հաջորդ թեման, որը շարունակեց ջղայնացնել մեր պատվիրակությանը, Ղարաբաղի հարցն էր։ Եվրախորհրդարանի պատվիրակները տեղեկացրեցին, որ կողմերի միջեւ կա պայմանավորվածություն զինադադարի գծից հայկական զորքերը դուրս բերելու, օկուպացված տարածքներին հատուկ կարգավիճակ տալու, խաղաղապահների տեկայման, փախստականների վերադարձի եւ հետո Ղարաբաղի ներկայիս անկլավային կարգավիճակը հանրաքվեով լուծելու հարցում։ Սվոբոդան պնդեց, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, եւ դա ոչ թե իր անձնական կարծիքն է, այլ փաստ, իսկ նրա նիդեռլանդացի գործընկեր Բլոկլանդն իր ելույթում նշեց, որ կան օկուպացված տարածքներ, եւ փախստականները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից նրանք դուրս են շպրտվել։

Ահա այսքանն ասելուց հետո Եվրախորհրդարանի պատգամավորները հայկական կողմին առաջարկեցին հանրությանը նախապատրաստել  պայմանավորվածությունները կյանքի կոչելուն։ Այս հարցի վրա եւս մեր պատգամավորները, որոնք սիրում են պատմել, թե ինչպե՞ս իրենց տիտանական ջանքերի շնորհիվ միջազգային որեւէ կառույց այլեւս չի օգտագործում «օկուպացված» բառ, երեկ դիմադրում էին այդ ձեւակերպման դեմ, սակայն ԵՄ ներկայացուցիչները չէին հասկանում, թե այդ տարածքներին իրենք ուրիշ ի՞նչ անուն պետք է տան։ «Դրանք օկուպացված տարածքներ չեն, եւ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս»,- ի վերջո մուննաթ եկավ հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը։

Ամենազարմանալին, սակայն, եվրոպացի պատգամավորներից մեկի հարցն էր Ռուստամյանին. «Իսկ դուք ի՞նչ կարգավիճակ եք ուզում Ղարաբաղի համար»։ «Անկախություն»,- զարմացավ Ռուստամյանը։ Այս դիալոգում զվարճալին այն էր, որ ԵԽ եւ ԵՄ հայաստանյան պատվիրակություններն աշխարհի տարբեր երկրներում շաբաթներով նիստեր են անցկացնում հանուն Հայաստանի ու Ղարաբաղի, մինչդեռ եվրոպացիները Երեւանում նոր-նոր են մերոնցից փորձում ճշտել, թե Ղարաբաղի համար մենք ի՞նչ կարգավիճակ ենք ակնկալում։ Ու երբ երկօրյա նիստից հետո մենք Արմեն Ռուստամյանին հարցրեցինք, թե ի՞նչ պետք է մենք մտածենք այստեղ հնչած գնահատականների մասին, վերջինս պատասխանեց. «Նման քննարկումների ժամանակ հարցերը հատուկ սրվում են, որ իրենց լուծումը ստանան, եւ ի վերջո, նաեւ քննադատական գնահատականները պետք է ընդունել հօգուտ Հայաստանի»։ Մենք, իհարկե, պատրաստ ենք ընդունել, եթե դրանից Հայաստանի վիճակը կթեթեւանա։

Նաիրա Զոհրաբյան    

Տպել
729 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին