Միջուկային գործարքը վտանգված չէ՝ վտանգված է ողջ Մերձավոր Արեւելքը

Մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը 60 օրով մասնակիորեն դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրով ստանձնած որոշ պարտավորությունների կատարումը: Իրանը մասնավորապես դադարեցրել է ծանր ջրի եւ հարստացված ուրանի պաշարների ծավալներին վերաբերող դրույթների կատարումը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Իրանն իրավունք ունի կուտակել ոչ ավելի, քան 300 կգ հարստացված ուրան եւ 130 տոննա ծանր ջուր, իսկ ավելցուկի պարագայում պարտավոր է արտահանել դրանք: Ռոհանիի խոսքով՝ առաջիկա 60 օրերի ընթացքում Իրանը չի պատրաստվում արտահանել ավելորդ ծավալները: Դրա հետ մեկտեղ Ռոհանին նշել է, որ այս քայլը «համաձայնագրի վերջը չէ», եւ որ Իրանը պատրաստ է 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել եվրոպական երկրների հետ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով:

Խոսքը վերաբերվում է մասնավորապես եվրոպական երկրների եւ Իրանի միջեւ գործող INSTEX համակարգին, որով այժմ կարգավորվում է սննդի, դեղորայքի եւ այլ՝ պատժամիջոցների տակ չգտնվող ապրանքների առեւտուրը: Իրանը ձգտում է INSTEX-ի մեջ ներառել նաեւ նավթի առեւտուրը, որը Իրանի արտահանման հիմնական հոդվածն է, եւ որի առեւտուրը զգալի անկում է գրանցել ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով: ԱՄՆ կառավարությունը 2018 թ. նոյեմբերին որոշում էր ընդունել, որով Իրանից նավթ գնող երրորդ երկրները եւս հայտնվելու էին պատժամիջոցների տակ՝ 8 երկրի (Իտալիա, Հունաստան, Թուրքիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Թայվան, Չինաստան եւ Հնդկաստան) համար սահմանելով հատուկ ռեժիմ եւ, ըստ էության 180 օրով հետաձգելով որոշման ուժի մեջ մտնելն այդ երկրների համար: Մայիսի 2-ին այդ արտոնության ժամկետը լրացել էր, եւ վերոնշյալ երկրներից շատերն այդ պահի դրությամբ կրճատել էին գնման ծավալները՝ որոշ դեպքերում հասցնելով դրանք զրոյի:

Այդուհանդերձ Իրանը տրամադրված չէ լքել միջուկային համաձայնագիրը, այլապես կաներ դա միանգամից՝ առանց միջանկյալ քայլերի գնալու, քանի որ դրա իրավունքը ստացել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալով եւ իր նկատմամբ պատժամիջոցների վերականգնումով. համաձայնագրի 26-րդ եւ 36-րդ կետերով սահմանվում է, որ պատժամիջոցների վերականգնումը կարող է հիմք հանդիսանալ ստանձնած պարտավորությունների չկատարման համար:

Միջուկային համաձայնագրի անդամ երկրների արձագանքներն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն են արտահայտել: Չինաստանը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի դրույթները՝ նշելով, որ «ԳՀՀԾ պահպանումը եւ պաշտպանությունը բոլոր կողմերի պատասխանատվությունն է»:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ իրավիճակը ստեղծվել է «ԱՄՆ անպատասխանատու պահվածքի պատճառով»: Անսպասելիորեն ԱՄՆ-ին է մեղադրել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Իրանի միջուկային համաձայնագիրը լքելը լինելու է «ոչ թե Եվրոպայի, այլ ԱՄՆ-ի խղճին»:

Գերմանիան իր ափսոսանքն է հայտնել իրանական կառավարության որոշման վերաբերյալ, իսկ Միացյալ Թագավորությունը Իրանի քայլը որակել է «անցանկալի» եւ ակնարկել, որ Իրանի՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը դադարեցնելու պարագայում պատժամիջոցները կվերականգնվեն:

Ավելի ուշ ԵՄ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գերատեսչությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մերժել են ցանկացած տեսակի վերջնագրերը եւ կոչ արել Իրանին պահպանել համաձայնագրի դրույթները: Նրանք նաեւ «ափսոսանք են հայտնել»՝ կապված ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման հետ, որոնց մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայիսի 8-ին: Վերջինը, թերեւս, արվել է թվացյալ հավասարակշռությունը պահպանելու համար:

ԱՄՆ-ն կանխատեսելիորեն շարունակել է ճնշում գործադրելու փորձեր կատարել նաեւ Իրանի վրա: Ի պատասխան Իրանի այս քայլի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում հայտարարել է, թե «իրանական ռեժիմի այս քայլը հակասում է միջազգային նորմերին եւ աշխարհը պատանդ պահելու փորձ է», ինչպես նաեւ կոչ արել միջազգային հանրությանը «պատասխանատվության կանչել Իրանի ռեժիմին՝ միջուկային ծրագրի ընդլայնման սպառնալիքների համար»: Երկու օր անց Պոմպեոն կրկին Թվիթերի միջոցով մեղադրել է Իրանին իրավիճակը սրելու մեջ եւ նշել, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմի, սակայն պատրաստ է «վճռական եւ արագ հակահարված տալ», եթե Իրանը վտանգի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերը: Իրանը պատասխանել է այդ հայտարարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեի շուրթերով, որը հայտարարել է «ԱՄՆ-ի գլխին հարվածելու» պատրաստակամության մասին, եթե Վաշինգտոնը հանկարծ փորձի դիմել ուժային միջոցների:

Սպառնալիքների փոխանակումը վերսկսել էր Թրամփի նախագահ ընտրվելուց գրեթե անմիջապես հետո, իսկ գործնական քայլերի մեկնարկ կարելի է համարել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալը: Սակայն գագաթնակետին լարումը հասավ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին եւ նշանավորվեց ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ին ահաբեկչական խմբավորումների շարքին դասելով, դեպի Իրանի ափեր ավիակիրներ ուղարկելով, Քաթարում B-52 ռմբակոծիչներ տեղակայելով: ԱՄՆ-Իրան հարաբերությունների շարունակական լարումը վտանգ է ներկայացնում ողջ Մերձավոր Արեւելքի համար: ԱՄՆ-Իրան ուղղակի առճակատումն, իհարկե, քիչ հավանական սցենար է, սակայն չեն բացառվում ընդհարումներ նրանց սատելիտների միջեւ Եմենում, Սիրիայում, կամ նույնիսկ Իրաքում ու Լիբանանում: Սակայն ԱՄՆ-ի գլխավոր նպատակը, թերեւս, մնում է Իրանին միջուկային գործարքից դուրս մղելը, ինչը թույլ կտա որոշ ժամանակ անց մեղադրել Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ եւ խաղարկել Իրաքյան սցենարը:

Տպել
770 դիտում

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ որոշակի հարցեր են առաջացրել. ՊԵԿ

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ

Բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Քոչարյանը եւ Սարգսյանը պետք է մեկուսացվեն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ պետական դավաճանության մեղադրանքներով

Դատաիրավական տրամադրություն. Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարն ու գրառումը

Չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն. Քոչարյանի եւ մյուսների գործի մասին

Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը. Ա. Միրզոյանը հանդիպել է Ն. Նիգմատուլինի հետ

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ նախագահ

Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստին որոշվել է լիագումար նիստն անցկացնել աշնանը Երեւանում

Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մոտ 5 մլն դրամ է ստացել, ու ոչ մի մարզիկ չի մասնակցել ԱԱ-ին

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է ցուցադրական զորավարժություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց (լուսանկարներ)

Բոլիվիայում մրցավարը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ուշաթափվելուց հետո

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. որոշումը կբողոքարկվի