Ինքնաթիռում կրակոցներ չեն եղել. ասում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

23/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 24-ի համարում

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

- Պարոն Աղաբաբյան, դուք  պետք է լինեիք այն ինքնաթիռում, որը մայիսի 3-ին ենթարկվեց վթարի։ Այդ աղետի հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ թռիչքի նախօրեին դուք եւ ձեր ընկերները «Շանթ» ռեստորանում ծնունդ ենք նշել, որից հետո կերուխումը շարունակվել է հաջորդ օրը՝ օդակայանի ՎԻՊ սպասասրահում, որտեղ եւ ընդհարում է տեղի ունեցել։ Ըստ շրջանառվող վարկածներից մեկի, նույն խումբը հարբած վիճակում վեճը շարունակել է ինքնաթիռում, եւ անգամ հնչել են կրակոցներ։

- Ծնունդի օրը երեկոյան ժամը 7-ից հետո ես այլեւս իմ ընկերների խմբի հետ չեմ եղել եւ ոչ էլ եղել եմ ՎԻՊ-ում՝ նրանց ճանապարհելիս։ Սակայն ՎԻՊ-ում եղել են մեր այլ ընկերներ, եւ ես ուղղակի հերքում եմ շրջանառվող այդ լուրերը, թե ՎԻՊ-ում կռիվ է եղել, որը շարունակվել է ինքնաթիռում եւ անգամ ինչ-որ կրակոցներ են հնչել։ Ես ում որ ինձ եղբայր ու ընկեր եմ համարում, դա Բենիկ Խաչատրյանն է՝ ռոստովցի հայտնի հայը, որը շատ բան է արել հայաստանցի իր ընկերների համար։ Եւ Բենոն այն մարդը չէր, որ խմած ժամանակ ինչ-որ պրոցեսներ եւ անհամություններ աներ։ Հակառակը, նա ամեն ինչ տեղը դնող էր, հանգստացնող էր, սառեցնող էր։ Եւ այսօր ես պարզապես անհեթեթ եմ համարում նաեւ այն լուրերը, թե Բենոն եւ մեր մյուս ընկերները զենքով են մտել օդանավ, ու սալոնում կրակոցներ են հնչել։ Բենոն երբեք իր մոտ զենք չէր պահում։

Նա Հայաստան էր եկել ծնունդի, որից հետո, մայիսի 3-ին, ես նրա հետ պետք է թռչեի Սոչի՝ մասնակցելու մեր մի ընկերոջ որդու կնունքին։ Բայց որոշակի խնդիրներ առաջացան, ու ես Բենոյին առաջարկեցի մնալ եւ Սոչի մեկնել մայիսի 5-ին։ Ես անգամ նրանից մի քիչ նեղացա, որ չի ուզում երկու օր մնալ, եւ հատուկ չգնացի օդակայան՝ նրան ճանապարհելու՝ մտածելով՝ որ տեսնի ես չկամ, ինքն էլ մտքափոխ կլինի ու չի թռնի։ Հետո արդեն գիշերվա կեսին իմանում եմ, որ Բենոն, նաեւ մեր մյուս ընկերները՝ Արմավիրի Ատոմը եւ ՎԻՊ-ի Աբոն, այդ ինքնաթիռով մեկնել են Սոչի։ Ի դեպ, կուզենայի խոսել նաեւ շրջանառվող մի վարկածի մասին եւս.  շատ են խոսում, թե ինքնաթիռում Կառլոս Պետրոսյանի որդին է ինչ-որ վիճաբանություն հրահրել մեր ընկերների հետ։

Ես չգիտեմ, թե պատանի ժամանակ այդ տղան ինչեր է արել, բայց նա երբեք իրեն թույլ չէր տա իր հոր տարիքի մարդկանց հետ վիճաբանել։ Նա անգամ ամաչում էր մեր հասակի տղաների կողքը կանգնել։ Այնպես որ, նման բան եւս լինել չէր կարող։ Ինչեւէ, երբ արդեն գիշերը մեր տղաները, որոնք Սոչիի օդակայան էին գնացել մեզ դիմավորելու, զանգում են ինձ ու ասում, թե ինչ է եղել, լուսադեմին, անմիջապես հաջորդ չվերթով, ես մեկնեցի Սոչի։ Մնացածն արդեն բոլորին հայտնի է. ես ինքս նման սարսափելի ողբերգություն չէի տեսել։ Ու երբ աղետից հետո ինձ ասում էին, թե մատաղ ունեմ անելու, որ ողջ եմ մնացել, ես ասում էի՝ ի՞նչ մատաղ անեմ, եթե ես ընկերներիս եմ կորցրել։ 

- Տեղի ունեցածի մի քանի վարկած է շրջանառվում՝ պայթյուն, ահաբեկչություն,  վառելիքի պակաս, ինքնաթիռի անսարքություն։ Այդ օրերին դուք Սոչիում եք եղել եւ տեղյակ եք բոլոր քննարկումներին ու խոսակցություններին։ Ըստ ձեզ, շրջանառվող այդ վարկածներից ո՞րն է մոտ ճշմարտությանը։

- Ողջ ճշմարտությունը մենք կիմանանք միայն այն բանից հետո, երբ  կգաղտնազերծվեն սեւ արկղերը, որոնցից մեկն արդեն ծովից հանել են։ Ինչ վերաբերում է ահաբեկչության վարկածին, ապա ես դա բացառում եմ։ Վթարից ընդամենը րոպեներ առաջ Կառլոս Պետրոսյանի որդին զանգահարել է իրեն դիմավորողներին ու ասել է, թե արդեն իջնում են։ Որքան տեղյակ եմ, Հուսիկ Հարությունյանը նույնպես զանգել է իր աղջկան ու ասել, որ շուտով իջնում են, որից հետո նրա ձայնը հանկարծակի կորել է։ Այսինքն, ինչ որ տեղի է ունեցել, կատարվել է  ակնթարթային։ Եթե ահաբեկություն կամ ներսում կռիվ-վիճաբանություն լիներ, ապա ինքնաթիռի ընկնելուց հաշված րոպեներ առաջ այդ մարդիկ շատ հանգիստ չէին ասի իրենց դիմավորողներին, թե արդեն իջնում են։

Բացի այդ, եթե պայթյուն եղած լիներ, ապա դիակների վրա այրվածքի որեւէ հետքեր կլինեին։ Նման բաներ եւս չեն եղել։  Ռուսական մի լրատվամիջոց էլ հաղորդեց, թե պայթյուն են տեսել, բայց այդպես էլ չգտնվեց այն մեկը, որը ուղիղ կանգներ հեռուստաէկրանի առաջ ու հաստատեր, որ ինքը այդ պայթյունը տեսել է։ Ես այսօր դժվարանում եմ վթարի կոնկրետ պատճառ նշել. բոլոր հարցերի պատասխանը մենք կստանանք միայն սեւ արկղերը բացելուց հետո։ Իսկ մնացածը վարկածներ եւ լուրեր են։ 

- Դուք մի քանի օր շարունակ գտնվել եք Սոչիի դիահերձարանում։ Ինչո՞վ բացատրել, որ ամբողջական մարմիններ քիչ են գտնվել, եւ հիմնականում հանվել են մարմինների տարբեր ֆրագմենտներ, որոնք եղել են մերկ։

- Որեւէ մեկս չենք կարող ենթադրել, թե այդ արագության եւ ճնշման տակ ջրին հարվածող ինքնաթիռի եւ մարդկանց մարմինների հետ ինչ կարող էր կատարվել։ Խորը ջուրը բետոնից ավելի ամուր է, եւ բնական է, որ նման հարվածից մարդու ե՛ւ հագուստը կարող էր դուրս գալ, ե՛ւ մարմինը կարող էր մասնատվել։ Ամբողջական ընդամենը 53 դիակ է գտնվել, իսկ մնացածը եղել են մարմնի ֆրագմենտներ։ Գտնվել է մոտ 800 ֆրագմենտ՝ մարմինների ու հագուստի այդքան մասեր։ Եւ ամենասարսափելին այդ օրերին այն էր, որ նման ողբերգության մեջ զոհերի հարազատները ուրախանում էին, երբ իրենց հարազատից մի ինչ-որ կտոր էին գտնում, որոնց շատ դեպքերում ճանաչում էին մարմնի այս կամ այն մասի վրա եղած սպիով, խալով, վիրահատության հետքով կամ դաջվածքով։  

- Շրջանառվում է նաեւ ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը։ Հիշենք, որ Միխայիլ Բաղդասարովը նա՛խ հայտարարեց, թե այդ ինքնաթիռը տեխզննում է անցել Բրյուսելում, բայց երբ այնտեղից հերքեցին, հանկարծ հիշեց, որ ինքը սխալվել է, եւ ինքնաթիռը տեխզննում անցել է այլ քաղաքում։ 

- Ես նման դետալների չեմ տիրապետում, բայց մի բան կարող եմ ասել, որ ոչ մի օդաչու մահապարտ չէ, որ անսարք ինքնաթիռով կամ էլ վառելիքի պակաս ունեցող ինքնաթիռով օդ բարձրանա։

- Այդուհանդերձ, հայկական եւ ռուսական կողմից տեւական ժամանակ միտում էր նկատվում առանձնապես չնպաստել «սեւ արկղերի» հայտնաբերմանը։ Տպավորությունն այնպիսին էր, որ թաքցնելու բան կա, եւ միայն ֆրանսիական կողմի ջանքերով դրանք հայտնաբերվեցին։

- Ես այդ օրերին Սոչիում եմ եղել ու ինչ-որ բան թաքցնելու կամ կոծկելու տպավորություն ո՛չ հայկական եւ ո՛չ էլ ռուսական կողմից չեմ նկատել։ Փաստն այն է, որ այդ արկղերը գտնվել են, եւ բոլոր հարցերի պատասխանը, հուսով եմ, առաջիկայում կստանանք։ 

- Ձեր ընկերների դիակները գտա՞ք։

- Բենոյինը չգտանք, Ատոմինը գտան՝ թաղեցին։ Որոշներինն էլ ընդամենը մասունքները գտան ու թաղում կազմակերպեցին։ Բայց 60-ից ավելի դիակ այդպես էլ չի գտնվել ու դժվար թե գտնվի։ Մենք Կրասնոդարի մարզում հայազգի երկու պատգամավոր ունենք, որոնց խնդրել եմ, որ ճշտեն, թե եղբայրական գերեզմանոցի համար որքա՞ն տարածք են տրամադրելու, որպեսզի մեր հայ ճարտարապետները այնտեղ հուշակոթող կառուցեն, որի վրա երեւի դաջեն 113 զոհվածների դեմքերը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2040 դիտում

Բակո Սահակյանն անց է կացրել խորհրդակցություն՝ Արցախի քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ

Հայկական երեք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Վրաստան. Հակոբ Ճաղարյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Վրաստանում 2020-ի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով. Իվանիշվիլի

Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ. Աննա Հակոբյան

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան համայնքը կփոխհատուցի վթարային հանրակացարանների բնակիչների բնակարանի վարձավճարը՝ ամսական 70 հազար դրամ

Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը. Մինսկ-2019

Երեւանի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում մեկնարկել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Մանկավարժական համալսարանից մոտ 60 ուսանող եւ աշխատակից է տարհանվել

Գիրը չի կորում, մնում է

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն

Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսությունը վերջին 1 տարում զարգացում է ապրում. ոլորտի պատասխանատու

Ստեփանյանը Մինսկ 2019-ի 1-ին մեկնարկը բաց է թողել վնասվածքի պատճառով, մյուսներին կմասնակցի

7 անշարժ գույք, 98 հազար դոլար, 25 մլն դրամ. դատական դեպարտամենտի ղեկավարի եւ նրա կնոջ ունեցվածքը

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում