«Խնդիրը շատն ու քիչը չէ, այլ այն, թե ինչն ես համարում արժեք»

28/05/2019 schedule15:10

Մշակութաբան, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի կարծիքով՝ երջանկության հիմքում արժեքն է: Ինչ գնահատում ենք, դա էլ կարող է դառնալ երջանկության պատճառ: Եթե ծառը համարում ենք արժեք, գարնանը նրա ծաղկելը կարող է երջանկացնել: Իսկ եթե ծառն արժեք չէ, բնականաբար, չենք էլ նկատի ծառի ծաղկելը և ոչ էլ երջանկության զգացողություն կունենանք:

«Կարծում եմ` որքան արժեքներ ունես, նույնքան էլ երջանկության առիթներ: Մոլորություն է այն տեսակետը, թե քիչ բան ունեցողը կամ իմացողն ավելի երջանիկ է, որովհետև կորցնելու քիչ բան ունի և կորցրածից էլ քիչ է հասկանում: Խնդիրը շատն ու քիչը չէ, այլ այն, թե ինչն ես համարում արժեք` հավերժականն ու բացարձակը, թե անցողիկը: Նույն ծառի օրինակով ասեմ` եթե կայծակ լինի ու վնասի ծառը, հնարավոր է ծանր տանել եղելությունն ու դժբախտ զգալ: Բայց եթե համարում ես, որ ծառը բացարձակ ու հավերժական չէ, ավելին` համարում ես, որ կարող ես ուրիշ ծառեր տնկել և խնամել, մանավանդ, եթե քեզ համարում ես բարիք ստեղծող մարդ, ապա շատ չես ընկճվում, մտածում ես, որ քանի կաս, նորը կստեղծես, իսկ նոր բան ստեղծելը նոր երջանկության առիթ է: Այսպիսի տեսակետ էլ կա, թե երբ ինչ-որ բաներ դառնում են սովորական, դադարում են երջանկության աղբյուր լինելուց: Սա էլ` մոլորություն է որոշակի իմաստով. իհարկե, տեխնիկական հեղափոխությունների ժամանակաշրջանում, երբ քեզ ամեն օր քարոզում են, որ երջանկությունը նոր բան ունենալն է, մեծ հավանականությամբ մարդը կսկսի գնահատել միայն նորը կամ գլխավորապես նորը: Սրան զուգահեռ գնում է նաև եզակիի քարոզչությունը` ինչ-որ բան կարող է լինել հին, բայց եզակի և դառնալ երջանկության առիթ: Արժեքային կողմնորոշումների մասով մի օրինակ բերեմ. ես իմ ձայնադարանում 70-80-ական թվականներին գնած սկավառակներ ունեմ, որոնք մինչև հիմա պահպանում եմ, և դրանք ինձ համար արժեք են` չնայած ունեմ CD-ներ, կան կայքեր, որտեղից կարող եմ ներբեռնել այդ նույն սկավառակների երաժշտությունն ավելի բարձր որակով: Շատերի տներում են եղել այդ սկավառակները, նետել են, բայց ես պահպանում եմ նաև հին արտադրության հսկայական նվագարկիչս, որովհետև այն ինձ հիշեցնում է իմ երիտասարդության տարիներն ու ես այդ հիշողություններից երջանիկ եմ զգում: Կարծեմ, մի մոլորություն էլ կա, թե երջանկությունը պայմանավորված է դժվար հասանելի բանով: Կրկին վերաբերմունքի հարց է և դրա մասին էլ օրինակ կբերեմ. ասենք, տղան երկար սիրահետում է մի աղջկա, բայց ամուսնությունից կարճ ժամանակ անց` բաժանվում են: Մեկ ուրիշ երիտասարդ էլ իր ապագա կնոջը հանդիպում է պատահաբար, շատ արագ իրար հասկանում են, ամուսնանում են ու ամբողջ կյանքում իրարով հիանում են: Ինչու՞ է այդպես ստացվում. որովհետև այդ երիտասարդ զույգերն իրար մեջ տարբեր բաներ են տեսել ու գնահատել: Խնդիրն այն է, թե ի՞նչն ես գնահատում և որքանո՞վ է այդ արժեքը բացարձակ, հավերժական կամ իմանենտ, այսինքն` տղան աղջկա մեջ սիրել է իրե՞ն, թե՞ հենց աղջկան և հակառակը»:    

Մշակութաբան, ազգագրագետ Նիկոլ Մարգարյան

Անձնական երջանկություն.

Ինձ կարող են երջանկացնել իմ թոռը, իմ ընտանիքը, տունը, ուր վերադարձել եմ երկար բացակայությունից հետո: Փորձելով նեղացնել անձնական երջանկության բովանդակությունը` կարճ ասեմ` իմ կարծիքով, երջանիկ վիճակն այն է, երբ դու գոհ ես քեզնից: Հիշում եմ` երբ փոքր էի, մեր տան հարևանությամբ մանկապարտեզի բակում կարուսելներ կային, երեխաները փորձում էին բարձրանալ կարուսելի ամենաբարձր տեղը և հիմնականում չէին կարողանում: Ես շատուշատ փորձերից հետո կարողացա բարձրանալ այդ կարուսելի ամենաբարձր տեղը և էնքան հպարտ էի, էնքան երջանիկ: Նույն կերպ որևէ գործ գլուխ բերելուց հետո ուրախանում եմ, կարծես, ինքս ինձ ինչ-որ բան ապացուցած լինեմ: Իհարկե, ցանկացած գործ ունի սոցիալական ենթատեքստ այն առումով, որ ուրիշներն էլ հաղորդակցվեն ու գնահատեն, բայց ես նկատի ունեմ ինձնից գոհ մնալու երջանկությունը, երբ գնահատման չափանիշը ես եմ, այլ ոչ ուրիշները:

Մասնագիտական երջանկություն.

Եթե իմ աշխատանքը, որն ուրիշները հավանել են, բայց ինձ չի գոհացնում, ես երջանիկ չեմ: Իմ արած գործը պիտի նախ ինձ երջանկացնի: Ես պիտի համոզված լինեմ, որ կարևոր բան եմ արել: Պատահում է, որ ստեղծագործական ընթացքն իմ ուզած հունով չի գնում: Այդ ժամանակ ինձ մոտ այնպիսի ընկճախտ է սկսվում, դառնում եմ ագրեսիվ և ագրեսիան առաջին հերթին ուղղված է լինում հենց իմ դեմ: Մի խոսքով, դա մի դժբախտ վիճակ է, երբ ինձ անճար, ձախողակ ու մերժված եմ զգում: Իսկ երբ գտնում եմ անհրաժեշտ նախադասությունը, խնդրի թիրախը, հիմնավորումը և այլն, կարող եմ մի շաբաթ ինքս ինձնով հիացած, քիթս տնկած ման գալ:

Հանրային երջանկություն.

Տարբեր առիթներով ապրել եմ այդ զգացումը` Ղարաբաղյան շարժման ժամանակ, Թավշյա հեղափոխության օրերին, երբ տեսել եմ հանրային միասնություն, տեսել եմ, որ շատ մարդիկ կիսում են նույն գաղափարները, իսկ այդ գաղափարները կոնստրուկտիվ են և ոչ իրարամերժ, կարևոր նպատակի միտված: Լացելու աստիճան երջանիկ եմ եղել, հուզվել, որ մարդիկ առօրյայում կարող են չար լինել, իրար խանգարել, մեկ էլ հանկարծ հավաքվել մի գաղափարի շուրջ, միմյանց ընդունել իբրև բարեկամներ և պատրաստ լինել միասին ինչ-որ բաներ անել: Եվ միասնականության հնարավորությունն էլ, կարծում եմ, արժեքային կողմնորոշումներով է պայմանավորված: Որքան շատ մարդ ֆուտբոլը համարում է արժեքավոր սպրոտաձև, նույնքան մարդ երջանկանում է, երբ մոտենում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլասերների մեջ կան այնպիսիք, որ ուրախանում են հատկապես լավ ֆուտբոլ դիտելիս: Բայց երբ սեփական թիմդ իր վատ խաղով պարտվում է լավ խաղացող թիմին, տխրում են, այսինքն` լավ խաղը դառնում է երկրորդական: Սա նշանակում է, որ հանրային արժեքների սանդղակի ամենաբարձր տեղում կա մի արժեք, որն ավելին է, քան լավ ֆուտբոլը: Եվ այդ արժեքը ազգայինի գիտակցումն է:        

Երջանիկ երկիր, երջանիկ հանրություն.

Երջանիկ մարդկանցով երկիր ունենալու համար պետք է հաշվի առնել, թե ինչ կարիքներ և ինչ ցանկություններ ունի տվյալ տարածքի հասարակությունը: Ագրարային ժամանակներում, երբ մարդիկ, ապրելով միապետության մեջ, չգիտեին ինչ բան է միապետությունը, չկային տեխնոլոգիաներ, չկար կյանքի հարմարավետություն, բայց երջանիկ էին: Երջանիկ երկիրը կախված է երեք հանգամանքից` տվյալ հասարակությունում որքան շատ են նույն արժեքները կիսող մարդիկ, մյուս կողմից` որքանով են այդ արժեքները համապատասխանում պետության ղեկավարների արժեքային պատկերացումներին, և երրորդ` իշխանության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում եղած արժեքային համակարգից: Եթե այս երեք ուղղություններում կա որոշակի ներդաշնակություն, մարդիկ կարող են երջանիկ լինել` ապրելով փոքր տներում, չունենալով կենցաղային հարմարավետություն և այլն: Ի դեպ, կարևոր է, որ այդ ընդհանուր արժեքները լինեն պոզիտիվ` ոչ թե մերժող, այլ` ընդունող, ոչ թե բացառող, այլ` ինտեգրող: Այսինքն` ամեն անհատ որքա՞ն մարդու կարող է ներառել «մեր» եզրույթում: Եթե այնտեղ տեղավորվում է միայն իր տունն ու ընտանիքը, ապա այդ մարդու շքամուտքը միշտ կեղտոտ կլինի: Որքան ընդգրկուն է «մերի», «մենքի» պատկերացումը, նույնքան մեծ է հանրային երջանկության հնարավորությունը: Որքան շատ են բացառությունները` ազգակցական, ռասիստական, գենդերային մակարդակում, այդպիսի պետություններում, անկախ ներքին համախառն արտադրանքի արդյունքներից, նույնքան քիչ է երջանկության հավանականությունը:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1235 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)