23 համայնքում երեկ կայացած ընտրություններին խախտումներ, բողոքներ գրեթե չեն եղել. «Ականատես»-ը՝ ամբողջ ընթացքի մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկանք է պատրաստել ՀՀ 23 համայնքներում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի, ընթացքիեւ ավարտի մասին: 

Ներկայացնում ենք տեղեկանքի մի հատվածը՝ ընտրախախտումների կամ բողոքների հայտնաբերման մասին:

Քվեարկության օրն «Ականատեսն»-ը դիտորդություն է իրականացրել վերոնշյալ 11 համայնքի 39 տեղամասում։ Բացի տեղամասերում տեղակայված դիտորդներից, Աբովյան համայնքում գործել է շրջիկ դիտորդների խումբը։

Ստորև ներկայացվում են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրն իրականացված դիտարկման արդյունքները:

Ընտրական հանձնաժողովների աշխատանք

Տարածքային ընտրական հանձնաժողովներ

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում գործել են համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների և ընթացակարգերի:

Դիտարկված 7 ընտրատարածքային հանձնաժողովներում գրանցվել է 77 թեկնածու, որից 29-ը՝ համայնքի ղեկավարի, իսկ 48-ը՝ համայնքի ավագանու անդամի թեկնածու։ Դիտորդության ընթացքում ինքնաբացարկ է ներկայացրել ավագանու անդամի 1 և համայնքի ղեկավարի՝ 2 թեկնածու։ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածուի ինքնաբացարկի արդյունքում ընտրապայքարում մնացել է միայն մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Վահագն Ալավերդյանը (ինքնաառաջադրված, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն)։ Ըստ համայնքի բնակիչների, երկրորդ թեկնածուի սկզբնական առաջադրումն արվել է միտումնավոր՝ մրցապայքարի իմիտացիա ստեղծելու նպատակով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների և քարտուղարների կողմից ինքնաբացարկի դիմումներ չեն եղել։ Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են Աբովյան համայնքի 2 տեղամասերից 2 հանձնաժողովի անդամներ, որոնք նշանակված էին տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Թափուր տեղերը լրացվել են համաձայն օրենքով սահմանված ընթացակարգի։

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի բոլոր թեկնածուների հայտարարագրերը սահմանված ժամկետներում (վերջնաժամկետը` 2019 թ․ մայիսի 26) ներկայացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ, վերջիններիս կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն փոխանցելու համար։ Բացառություն է կազմել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող Գորայք համայնքը, որտեղ միաժամանակ տեղի էին ունենում և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի արտահերթ ընտրություններ։ Տվյալ հանձնաժողովի իսկ հիմնավորմամբ, իրենք թեկնածուների գույքի և եկամուտի հայտարարագրերը շփոթել են նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի և ելքերի հայտարարագրի հետ, որը պարտադիր չէ մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքներում և թեկնածուի նախընտրական ծախսերը 500,000 դրամը չգերազանցելու դեպքում: Դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո հանձնաժողովը խոստացել է արագ կազմակերպել թեկնածուների հայտարարագրերի հավաքագրումը: Ս.թ. հունիսի 6-ի դրությամբ հանձնաժողովը դեռևս չէր ընդունել թեկնածուների հայտարարագրերը։

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի դիտարկման գործընթացում դիտորդի իրավունքների խոչընդոտման դեպքեր չեն եղել: Չեն արձանագրվել նաև դիմում-բողոքների ներկայացման դեպքեր: Արձանագրվել է միայն մեկ դեպք, երբ Աբովյանի համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը դիմում է ներկայացրել թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողով այլ թեկնածուների (վերջինների անունները դիտորդներին չեն տրամադրվել) կողմից չսահմանված և անթույլատրելի վայրերում պաստառներ փակցնելու փաստերով: Տարածքային ընտրական հանձնաժողովը դա չի ընդունել որպես դիմում-բողոք, այլ դիտարկել է որպես ընթացակարգային հարց և դիմել բոլոր խախտողներին՝ հորդորելով վերացնել խախտումները։

Հարկ է նկատել, որ տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկումը նախկինի նման եղել է խնդրահարույց՝ պայմանավորված ինտերնետային կապի հնարավորությունների բացակայությամբ, ինչի պատճառով դիտորդները ստիպված են եղել ֆիզիկապես ներկա լինել հանձնաժողովի նիստերին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներ

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար մասնագիտական դասընթացներ չեն կազմակերպվել, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների գործընթացի պատշաճ կազմակերպման և որակի վրա։

Դիտորդները դիտարկել են թվով 7 տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստերը, որոնք տեղի են ունեցել հանձնաժողովների կազմավորումից հետո 3-րդ օրը  և որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը: Դիտարկված նիստերն անցել են հանդարտ: Միայն 1 տեղամասում են ներկա եղել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, մյուսներում բացակա անդամների թիվը կազմել է 2-3 հոգի։

Քվեարկությանը նախորդող օրը դիտորդները հետևել են տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին ընտրական նյութերի և պարագաների հանձնման գործընթացին, որն անցել է սահուն և առանց խախտումների։ Նույն օրը, ընտրական պարագաների և նյութերի հանձնումից հետո դիտորդները հետևել են թվով 8 տեղամասային կենտրոններում քվեարկության սենյակի կահավորման ընթացքին։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության սենյակի կահավորումն ավարտել են օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 8-ի ժամը 24։00-ը։ Դիտարկված տեղամասերում խնդիրներ չեն արձանագրվել՝ բացառությամբ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում գտնվող 24/04 տեղամասի, որում քվեարկության սենյակը բավականին փոքր էր (մոտ 18 քմ) և խնդրահարույց՝ քվեարկության ընթացքը պատշաճ կազմակերպելու համար։

Համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր հատկացնելու պարտադիր լիազորության ապահովման առումով  խնդիրներ են արձանագրվել 2 համայնքում։

  • Գեղարքունիքի Գեղհովիտ համայնքում անվճար տեղեր հատկացնելու որոշում չի ընդունվել։ Միևնույն ժամանակ, ըստ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի, համայնքապետարանը հետևում է, որ թեկնածուները պաստառներ չփակցնեն դպրոցների, համայնքապետարանի և այլ նմանատիպ հաստատությունների պատերին։
  • Շիրակի Սպանդարյան համայնքում տեղեր ևս չեն հատկացվել։ Ըստ համայնքապետարանի դրա կարիքը չկա, և իրենք նման տեղեր պատրաստ են հատկացնել թեկնածուներից դիմում ստանալու դեպքում։

Նախընտրական քարոզչություն

Քարոզչության նպատակով նախընտրական հիմնադրամներ բացել են միայն Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուները։ Մյուս դիտարկված համայնքներում թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու անդամի թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներ չեն բացվել՝ հիմք ընդունելով, որ դա պարտադիր պահանջ չէ մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքներում և այն դեպքում, երբ նախընտրական քարոզչության ծախսերը չեն գերազանցում 500,000 դրամը:

Մշակված նախընտրական ծրագիր են ունեցել հարցված թեկնածուներից միայն 24-ը։ Որպես նախընտրական ծրագիր չունենալու պատճառներ հիմնականում նշվել է հետևյալը․

  • ավագանու անդամի պարագայում նախընտրական ծրագրի առկայություն չի պահանջվում,
  • ծրագրի կարիք չկա, քանի որ փոքր համայնքներում բոլորը տեղյակ են խնդիրներից և ճանաչում են միմյանց,
  • ֆորմալ ծրագրի կարիք չկա, քանի որ «ծրագրերը» հիմնականում ներկայացվում են բակային հանդիպումների միջոցով։

Աբովյանի համայնքի ղեկավարի թեկնածուներից 2-ը՝ Մանուկ Մկրտչյանը և Սասուն Գրիգորյանը, բացել են մեկական ընտրական շտաբ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը՝ 15 ընտրական շտաբ։ Աբովյանի գործող համայնքի ղեկավար և համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը չի տրամադրել հստակ տվյալներ ընտրական շտաբների, ինչպես նաև քարոզչանյութերի տպաքանակների վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ չի հիշում։

Որպես քարոզչության մոտեցումներ թեկնածուները կիրառել են հանդիպումները ընտրողների հետ, այդ թվում՝ բակային հանդիպումները, ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերը։ Պաստառներ և բուկլետներ տպագրել են համեմատաբար մեծաքանակ ընտրողներ ունեցող համայնքներում առաջադրված թեկնածուները (Աբովյան, Գեղհովիտ և Գորայք)։ Վճարովի/անվճար հեռուստագովազդի հնարավորությունից որևէ թեկնածու չի օգտվել, իսկ գովազդային պաստառ վարձակալել է միայն Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Գրիգոր Գուլյանը։

Քարոզչության կանոնների խախտումները վերաբերել են հիմնականում չսահմանված վայրերում պաստառներ փակցնելու, տպագիր քարոզչանյութերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության  և քարոզչանյութերի վնասման  դեպքերին։ Այսպիսով․

  • Աբովյան համայնքում արձանագրվել է 20-ից ավելի դեպք, երբ շենքերի արտաքին պատերին փակցված են եղել թեկնածուների նախընտրական պաստառները։ Համաձայն դիտորդի դիտարկումների, այս խախտումները թույլ են տրվել բոլոր թեկնածուների կողմից՝ բացառությամբ Սասուն Գրիգորյանի: Տվյալ խախտումների մասով թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովը նշել է, որ տեղյակ է խախտումներից և պարբերաբար զգուշացնում է թեկնածուներին խախտումները վերացնելու առնչությամբ։
  • Նույն համայնքում դիտորդն արձանագրել է թեկնածուների պաստառների պատռման 12 դեպք, որոնցից 9-ը եղել են ՔՊԿ կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանի, իսկ 3-ը՝ համայնքի գործող ղեկավար Վահագն Գևորգյանի պաստառները։
  • Քարոզչության տպագիր նյութերի վերաբերյալ տվյալների մասով դիտորդները արձանագրել են խախտման 3 դեպք։ Մասնավորապես, Գեղհովիտ համայնքի ղեկավարի թեկնածուներ Նաղաշ Հակոբյանի և Տիգրան Սուքիասյանի, ինչպես նաև Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Մանուկ Մկրտչյանի քարոզչական բուկլետներում բացակայել են տվյալներ տպաքանակի և տպագրական կազմակերպության վերաբերյալ։

Հարկ է նկատել, որ թույլ վերահսկողության և պատասխանատվության ինստիտուտի բացակայության պատճառով քարոզչանյութերի տարածման կանոնների խախտումները շարունակվում են:

Թեկնածուների նախընտրական միջոցառումները (հանրահավաքներ, երթերը և բակային հանդիպումներն ընտրողների հետ) ընթացել են հանդարտ, խաղաղ մթնոլորտում, չեն արձանագրվել բռնության, սպառնալիքի, ատելության խոսքի, կաշառքի և բարեգործության դեպքեր։ Միջոցառումների ընթացքում հիմնականում թեկնածուների կողմից ներկայացվել են համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված՝ թեկնածուների ծրագրերը:

Նախընտրական միջոցառումների համատեքստում առանձնացել է Աբովյան համայնքը, որտեղ համեմատաբար ակտիվ քարոզչություն են իրականացրել համայնքի գործող ղեկավար Վահագն Գևորգյանը և ՔՊԿ-ի կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը։ Վերջիններիս քարոզչության մի զգալի մասը ներառել է փոխադարձ մեղադրանքներ, ինչը ձևավորել է առավել մրցակցային միջավայր, սակայն փաստացի հնարավորություն չի տվել ծավալել ծրագրային բանավեճ և քննարկումներ։ Միջոցառումներին նաև մասնակցել են ՔՊԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Դիտարկվող համայնքների բնակիչները հիմնականում տեղեկացված են եղել ընտրությունների և առաջադրված թեկնածուների մասին, այնուամենայնիվ հարցվածների մեծամասնությունը ծանոթ չի եղել թեկնածուների նախընտրական ծրագրերին։ 

Քարոզչության դիտարկման ընթացքում դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկեր պարունակող մի շարք խնդիրներ, մասնավորապես․

  • Աբովյան համայնքի թեկնածու Գրիգոր Գուլյանի (ՔՊԿ) օգտին ակտիվ քարոզչություն է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Չնայած վերջինս պաշտոնապես գտնվել է արձակուրդում և նման դեպքում ընտրական օրենսդրությամբ քարոզչության որևէ սահմանափակում նախատեսված չէ, այնուամենայնիվ, Ռոմանոս Պետրոսյանի ակտիվ ներկայությունը քարոզարշավին, ինչպես նաև նրա՝ մարզպետի գործող կարգավիճակը, խոսքի բովանդակությունը և ոճը ակնհայտորեն դուրս են եղել զուտ կուսակցին սատարելու խնդիրների շրջանակից:
  • 2019 թ․ հունիսի 7-ին, այսինքն՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածել է հաղորդագրություն առ այն, որ Աբովյան համայնքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու դեպքեր:
  • Հաղորդագրության տարածումը անմիջապես քվեարկության նախօրեին կարող է գնահատվել որպես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի կողմից իր վերահսկողության տակ գտնվող իրավապահ ռեսուրսի չարաշահում՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով:
  • Աբովյան համայնքի գործող ղեկավար և ընտրություններում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը քարոզչության նպատակով, այդ թվում՝ իր նախընտրական բուկլետում, օգտագործել է Աբովյան համայնքի պաշտոնական կայքը՝ abovyan.am և քաղաքապետարանի «Աբովյան - իմ քաղաքը» ֆեյսբուքյան էջը:

Հարկ է նշել, որ խիստ խնդրահարույց է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կազմակերպելու համապետական շաբաթօրյակ, քանի որ այն հնարավորություն է տալիս միջոցառումն օգտագործել քարոզչություն իրականացնելու նպատակով։

Տպել
1966 դիտում

Ուսուցիչների եւ տնօրենների համար Վերապատրաստման եւ աշխատաժողովների շարք է սկսվում. ԿԳՄՍ

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար. հայացք ԱՄՆ-ից

ՖԻՖԱ-ի The Best-ի քվեարկությունում Մեսսին ձայնը տվել է Ռոնալդուին

Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ

Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

Վերին Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ. ՀՀ դեսպանություն

Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը The Best-ի քվեարկությանը չեն մասնակցել տեխնիկական խնդրի պատճառով

Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված. Ավինյան

Հորդանանի թագուհին հայտնվել է հայկական հագուստով

Հայբիզնեսբանկի աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել

Ավտովթար Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ. նախարար

Զավեշտալի է. Վարշավայում Դանիել Իոաննիսյանը հակադարձել է Արփինե Հովհաննիսյանի ելույթին

Հարցաքննվել է Հայկ Հարությունյանի հետ գտնված անձը եւ ասել, որ իրենց խոսակցությունը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի հետ

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

Զինված ուժերի ծավալումը. ՀՀ-ում եւ Արցախում մեկնարկել են ռազմավարական զորավարժություններ (լուսանկարներ)

4 անգամ աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը. տեղում հերթապահող ԱԻՆ մեքենային էլ հարվածել է մեկ այլ բեռնատար