Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Տեսակետներ են հնչում, որ 2020-ի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ սա կարող է որոշակի ազդող գործոն լինել, քանի որ ընտրություններ են լինելու նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ 30 հազարից ավելի ընտրող կա: Մյուս կողմից էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց որ Արցախում ազատ եւ արդար ընտրություններ պետք է լինեն:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

- Պարոն Քանանյան, առաջիկայում Արցախում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Ինչպես է ընթանում ընտրապայքարը, արդյո՞ք լարվածության մթնոլորտ կա: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վրա այս ընտրություններն ու դրանց արդյունքները կարո՞ղ են ազդեցություն ունենալ:

- ՏԻՄ քարոզարշավը նոր է մեկնարկել եւ արտառոց միջադեպեր տեղերում դեռ չեն գրանցվել։ Քաղաքական իմաստով ամենահետաքրքիրը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններն են՝ դրանց ընթացքն ու արդյունքները։ Ոմանք մինչեւ իսկ կարծում են, որ ստեփանակերտյան ընտրությունները կարող են կողմնորոշիչ ու վճռական դեր ունենալ գալիք տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանխորոշելու հարցում։ Իմ կարծիքով՝ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը 2020 թ. արցախյան մարզային ընտրությունների արդյունքի վրա, այնուամենայնիվ, որոշիչ ազդեցություն չի ունենա։  Բացառված չէ, որ այս ընտրությունները կուրվագծեն նախագահական հավակնություններ ունեցող մի կամ մի քանի նոր դեմքերի, եթե նրանց հաջողությունը լինելու է բնակչության տարերայնորեն դրսեւորած եւ այժմ քաղաքագիտաբար չհաշվարկվող համակրանքի արգասիք։ Սակայն այս ամենը հիրավի երկրորդական է, քանի որ արցախաբնակ ՀՀ քաղաքացիները կրկին առերեսվելու են սեփական գիտակից ընտրությունը կատարելուն խիստ անբարենպաստ պայմանների հետ։ Ամենուր, եւ հատկապես Ստեփանակերտից դուրս, նախկինից թերեւս մի փոքր ավելի զգուշորեն, շարունակելու են գործել նախորդ տասնամյակներում հղկված վարչական ու բարոյահոգեբանական ճնշման բոլոր հայտնի մեխանիզմները։ Մարդիկ հայաստանյան նոր իրողություններին համահունչ ազատ ընտրության հնարավորություն չեն ունենա։ Որչափ էլ տրոհված՝ սերժսարգսյանական մնացորդային «վերնախավն»՝ ի դեմս քրեաբարո ուժայինների, նախկին պաշտոնատար հանցագործների ու տեղական մերձքրեական «հեղինակությունների» դեռ պահպանել է մարդկանց ազատ կամարտահայտման վրա բռնանալու մի շարք հանրորեն ազդու լծակներ։ Իհարկե, նոր իրողությունների բերմամբ մի շարք համայնքներում կարող են անսպասելի դրական զարգացումներ լինել, բայց դրանց տեսականորեն ակնկալելի համագումար արդյունքն անգամ ի զորու չի լինի էապես բարելավել ընտրությունների քաղաքական որակը։  

- Օրերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացրեց նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին: Ինչո՞վ է սա պայմանավորված եւ արդյո՞ք Մայիլյանը մեծ աջակցություն ունի Արցախում:

- Մասիս Մայիլյանը Արցախի պետական համակարգում 1993-2007 թթ. եւ 2016 թվականիn` Ապրիլյան պատերազմից հետո մինչ օրս պաշտոնավարած եւ արցախյան վերնախավի կոռուպցիոն քրեական բարքերին ու հակապետական գործունեությանն իսպառ անհաղորդ մնացած եզակի պետական գործիչ է։ Նա ունի բարձր հեղինակություն եւ վայելում է շատ քաղաքացիների, այդ թվում եւ իմ հարգանքն ու մարդկային վստահությունը։ 2007 թ. ես պատիվ եմ ունեցել մասնակցելու նրա նախագահական ընտրարշավին։ Մինչ օրս հրապարակավ շրջանառված բոլոր անվերապահորեն եւ իսպառ մերժելի անունների կողքին՝ Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, նա միակն է, ում հետ կարելի է հիմնավոր դրական ակնկալիքներ կապել։ Սա բոլորովին չի նշանակում, որ 2020 թ. ընտրություններին ընդառաջ ի հայտ չեն գա այլ՝ քաղաքական անպարսավ կենսագրություն ունեցող եւ նախորդ ապապետական վարչակազմի դեմ հետեւողականորեն մաքառած կամ քաղաքականության մեջ նոր մտնող այլ արժանավոր կամ սկզբունքորեն ոչ մերժելի թեկնածուներ։ Կարեւոր է, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Արցախում տեղի ունենա ներկա ապապետական մարզային վարչակազմի վերարտադրությունը կանխելուն ունակ պետականամետ գործիչների եւ քաղաքական ուժերի համախմբում։ Ներկա դրությամբ՝ սերժսարգսյանական բազմատրոհ մնացորդային շրջանակի «կոնսենսուսային» թեկնածուն՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է, որն, ունենալով ցածր անձնական վարկանիշ, հաջողությամբ գնել է տեղի քրեական ու մերձքրեական հեղինակությունների աջակցությունը։ ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից մեծապես մտահոգիչ են վերջին շրջանում աշխուժացած նրա ցուցադրական շփումները ՀՀ ներկա կառավարության դեմ անթաքույց թշնամանքով տրամադրված եւ շահագրգիռ արտաքին տերության շահերը սպասարկող ռուսաստանաբնակ հայ օլիգարխների հետ։ Հայաստանի կենտրոնական իշխանություններն իրավասու են տասնյակ աղաղակող դրվագներով միանգամայն հիմնավորված քրեական գործեր հարուցել Արայիկ Հարությունյանի նկատմամբ՝ չեզոքացնելով սերժսարգսյանական ռեւանշիզմի կերպարանափոխվել ձգտող սույն հանրահայտ ներկայացուցչին։ Մասիս Մայիլյանը տեսականորեն եւ գործնականում կարող է դառնալ պետականամետ քաղաքական համախմբման կոնսենսուսային թեկնածուներից մեկը։ Այս կոնսենսուսի՝ համաձայնության ձեւավորումը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ փուլին ընդառաջ։ Այսքանը՝ որպես քաղաքագիտական վերլուծություն։

Իհարկէ, անչափ ավելի ցանկալի է, որ մինչ 2020 թ. Արցախում Միացման հայեցակարգը վեր հառնող հանրային ճնշմամբ դառնա գերիշխող քաղաքական օրակարգ, որի դեպքում հեղաշրջվելու է նախընտրական գործընթացների ողջ ընթացքն ու տրամաբանությունը։ Նախընտրության հատուկ մեխանիզմով ընտրված եւ միացման դիրքերից քաղաքական պայքարի դրոշը բարձրացրած անձն ի սկզբանե հայտարարելու է, որ գալիս է սոսկ 1989 թվականից ի վեր Արցախի կայացած միացումը Հայաստանին վերամրագրելու, այն ստվերող ապօրինի ներքին կարգավորումները մեկ֊-երկու տարում վերանայելու, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու կոպտորեն ոտնահարված սահմանադրական իրավունքը վերականգնելու, ապա՝ ՀՀ վարչապետին իր հրաժարականը ներկայացնելու եւ Արցախի նոր վարչական ղեկավարին ընթացիկ գերատեսչական ակտով նշանակելու միջնորդությամբ։ Ցավոք, մի շարք առարկայական հանգամանքերի բերմամբ այս տարբերակն իրականություն դառնալու սակավ հնարավորություններ ունի։

- Օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում իր խոսքը սկսեց «Միացում» արտահայտությամբ եւ խոսեց մի շարք կոնսենսուսների մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ ելույթը: Արդյո՞ք ՀՀ իշխանություններին «դավադրությունների» մեջ մեղադրողները հետեւություններ կանեն այդ ելույթից:

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են եւ բխում են նախկին ապապետական վարչակարգի տարատեսակ բեկորված եւ լուսանցքում հայտնված շրջանակներից։ Նրանք դեռ երկար չեն հոգնի եւ անելու են հնարավոր ամեն ինչ՝ նոր իշխանությանը անվանարկելու, ապատեղեկատվությունը տարածելու եւ բոլոր հնարավոր միջոցներով պետականակերտումը խաթարելու համար։ Իշխանազրկված, բայց մասամբ ներկա պետական համակարգում վերապրած եւ ակնհայտ նենգադուլ ֊սաբոտաժով զբաղվող շրջանակների հանդեպ «թավիշը» համարում են անթույլատրելի վտանգավոր շռայլություն։ Այժմ՝ Փաշինյանի ելույթի մասին։

Բազմիցս եւ բոլոր հնարավոր առիթներով ասվել է, որ «երկու հայկական պետությունների» ծանրագույն համազգային վտանգներով հղի անհեթեթ թատրոնն ի սկզբանե բովանդակապես սպառված է, անհեռանկար է եւ՝ համապարփակաբար ձախորդ։ Ցավալի, բայց որոշակիորեն ըմբռնելի է, որ պետական կառավարումն ու երկրի պաշտպանունակությունն աներեւակայելիորեն վատթար վիճակում ժառանգած նոր իշխանությունը, ստանձնելով «արցախյան կարգավորման» պես բարդ հիմնախնդրի համար համազգային քաղաքական պատասխանատվությունը, ջանալու էր լինել իներցիոն եւ գործել զգուշորեն… Այժմ՝ նրանց մեկամյա սեփական փորձն ակներեւաբար հաստատել է, որ Միացումը որեւէ իրավաքաղաքական այլընտրանք չունի։ Պատահական չէ, որ Փաշինյանն իր ստեփանակերտյան ելույթը սկսել է ՀՀ սահմանադրության նախաբանի եւ ՀՀ անկախության հռչակագրի վկայակոչմամբ, որոնք իրավականորեն ամրագրում են Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի անքակտելի մաս լինելու՝ աշխարհի կարեւորագույն պետությունների վաղուց ի վեր լռելյայն փաստացիությամբ ճանաչած իրողությունը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետն ընդառաջել եւ իր իսկ օրինակով վերահաստատել է «Միացում» կարգախոսի գերիշխող կարգավիճակը։ Ցավոք, այդ ելույթում Միացումը դեռ ստվերված էր Արցախի «անկախության» թատրոնի շրջանակում սովորական դարձած «եռամիասնություն», «երկու հայկական պետություն», «Արցախի քաղաքացիներ» եւ համանման այլ բովանդակազուրկ արտահայտություններով։ Բայց, ի վերջո, Փաշինյանն իր ելույթում հռետորաբար արտաբերել է «Արցախը Հայաստան է» քաղաքական «սրբասացությունը»՝ մանթրան։ Այսպիսով, Միացումը վերջնականապես վերամրագրվել է որպես հանրորեն գերիշխող ազգային հայեցակարգ՝ դառնալով ՀՀ քաղաքական օրակարգի բաղադրիչ։ Բնական է, որ Միացման վերադարձը ՀՀ քաղաքական օրակարգ անլուր «սարսափ» է առաջացնում լեւոնադիր կեղծիրապաշտությամբ խեղված մեր դիվանագիտական կորպուսի եւ քաղաքագիտական հանրության «պաշտոնական» շրջանակներում։ Նրանք, բնականաբար, անելու են ամեն հնարավոր բան՝ Միացման քաղաքական հաղթարշավը վիժեցնելու եւ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը՝ որպես «ներքին օգտագործման զգացմունքային հռետորաբանություն» մեկնաբանելու համար։ Սրտանց մաղթում եւ ակնկալում ենք, որ Փաշինյանը կդրսեւորի քաղաքական անհրաժեշտ աչալրջություն, իրապաշտություն եւ հետեւողականություն՝ Միացումը հռչակագրային փաթոսից պաշտոնական քաղաքականության դաշտ աներկյուղ վճռականությամբ բերելու հարցում։ Անհրաժեշտ են հետեւողական փուլային քայլեր։

Արցախի ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, ԱԱԾ֊ն եւ Դատախազությունը՝ ՊԲ օրինակով պետք է դրվեն Երեւանի ուղիղ հսկողության ներքո։ Վերաբնակեցման հայեցակարգի մշակումն ու իրականացումը պետք է լիովին դրվի Երեւանի ուղիղ վերահսկողության տակ։ Արցախի իշխանությունները պետք է սոսկ իրազեկվեն հիմնադրվող բնակավայրերի կամ ստեղծվող ենթակառուցվածքների վայրի եւ հարակից հանգամանքների մասին։ Վերաբնակեցման իրականացման արդյունավետությունն ապահովելու և տեղի ապապետական մերձքրեական տարրերի նենգադուլ֊սաբոտաժը բացառելու համար Քարվաճառի, Քաշաթաղի եւ Հադրութի վարչական շրջանների կառավարումը պետք է դրվի Երևանի անմիջական վերահսկողության ներքո։ Այս երեք շրջանների վարչակազմների ղեկավարներն այսուհետ պետք է նշանակվեն Երեւանից։ Պետք է վայրկյան առաջ վերացվեն Արցախի եւ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի վարչական սահմանին գործող ապօրինի մաքսակետերը։ Պետք է անվերապահորեն վերացվի ռոումինգը։ Մինչեւ 2023 թ. պետք է վերականգնվի արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու կոպտորեն ոտնահարված սահմանադրական իրավունքը։ 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելը բացարձակորեն անհանդուրժելի է։ Հարկ եղած դեպքում՝ ՍԴ ճգնաժամի հաղթահարումից հետո հարցը պետք է լուծում ստանա ՀՀ բարձրագույն դատական ատյանում։

- Վարչապետը ուղերձ հղեց՝ Արցախի 2020 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ազատ, արդար անցկացնելու վերաբերյալ: Կհետեւե՞ն քաղաքական ուժերն այդ ուղերձին: 

Ձեր հարցը համարում եմ հռետորական։ Արցախում իրական եւ դրական փոփոխությունների ներուժ ունեցող ընտրությունների կազմակերպման համար բավարար չէ բացառել հրապարակային ուժային ու վարչական բռնաճնշումները: Մոլեգնորեն վերարտադրվել ձգտող ապապետական վարչակարգն՝ ի դեմս նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի պետության անխնա թալանից ստացված ահռելի ֆինանսական միջոցներ է շռայլում՝ ապավինելով տարատեսակ հեղինակությունների որոշիչ միջամտությանն ընտրական գործընթացների վրա։ Ի սկզբանե առկա են խիստ անհավասար պայմաններ։ Ազատ եւ անկախ ընտրություններն այս իրավիճակում անհնարին են։ Որպեսզի Փաշինյանի ուղերձն իրականություն դառնա, հայտնի տնտեսական հանցագործների հանդեպ պետք է հարուցվեն քրեական վարույթներ։ Հասարակությունը պետք է համոզվի, որ օլիգարխն ու քրեական խուժանն անզոր եւ անկարող է՝ պետական իշխանությանը հավակնելու։

- Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը որքանո՞վ ազդեցություն ունեն Արցախի ներքաղաքական իրավիճակի վրա, կամ արդյոք ազդեցություն ունենալու շանսեր ունե՞ն:

Առաջին պատերազմի տարիներին արցախցիները Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կիսակատակ հեգնանքով անվանում էին Արցախի միակ ՀՀՇ-ական զույգ։ Նրանց քաղաքական սկզբունքները, գործելաոճն ու ներկա կարգավիճակը, որոշ նմանություններ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, շատ տարբեր են։ Այսօր եւս եւ՛ Երեւան մայրաքաղաքում, եւ՛ Ստեփանակերտ մարզկենտրոնում նրանք, լինելով միեւնույն ապապետական «բեւեռի» կարկառուն ներկայացուցիչներ, ազդեցության լծակների եւ հավակնությունների առումով միմյանցից զգալիորեն տարբեր են։ Այսօր նրանց կապակցող գլխավոր գործոնը՝ ապօրինաբար դիզած ահռելի սեփականությունը նվազագույն կորուստներով պահպանելն է՝ ազատության մեջ մնալը եւ առանց միջոցների խտրականության հայ հասարակությունից եւ նոր իշխանությունից առավելագույնս վրեժխնդիր լինելը։ Երկուսն էլ քաղաքական գործունեության տիրույթում շարունակում են լիակատար կախվածության մեջ լինել Մոսկվայից, որը դեռ երկար ժամանակ գայթակղություն է ունենալու օգտագործել նրանց ինքնիշխանության վերականգնման դեռեւս համեստ հայտով հանդես եկած Հայաստանի նոր իշխանության դեմ։

Այսուհանդերձ՝ ամենավերջին միտումների եւ ակնկալվող վարչաքաղաքական զարգացումների ֆոնին՝ Երեւանում եւ Արցախում ՀՀ ներքին գործերի մեջ միջամտելու արտաքին եւ տեղական գործակալական ցանցի ոտնձգությունները որոշակի զսպման են ենթարկվել։ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես եւ Սերժ Սարգսյանի տեղը բանտն է, որտեղ նրանք պետք է հայտնվեն ուժի մեջ մտած անկախ, արդար եւ թափանցիկ դատավճռի ուժով։ Նրանց դատական պատժի ենթարկելը տհաճ, բայց անհրաժեշտ նախադեպային հրամայականն է՝ Հայաստանի Հնարապետության ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը, սահմանադրականությունն ու զարգացումն ապահովելու համար։

Տպել
4264 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան