Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

16/10/2019 schedule13:35

«Նույնիսկ ամենամեծ ողբերգության մեջ առկայծում է նորից ապրելու և երջանիկ լինելու մասին մտածմունքը, և մարդը կարող է ավերակների ու ցավի մեջ պտտել անիվը նոր ուղղությամբ: Ճապոնացիները Հերոսիմայի և Նագասակիի ողբերգությունից հետո հորինեցին «Butoh»-ը` ճապոնական պարային թատրոնի մի ձև, որպեսզի փերֆորմանս հիշեցնող այս պարերով ցավը փոխակերպեն ուրախության, մահը` կյանքի: «Butoh» անելուց հետո այլևս վախեր չունեմ աշխարհի ցավերից ու սարսափներից և ոչ էլ մահվանից: Մահն ու ծնունդը նույն բանն են, նույն տեղից են գալիս: Մի՞թե ծառը կամ ծաղիկը վախենում են, թե մահը շուտով կգա: Ապրում են վայրկյանը, գալիս է մահվան պրոցեսը, անցնում են նաև դրա միջով: «Butoh»-ի մեջ մենք պարում ենք մեր մահը: Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից, քանի որ գիտեմ` մահը պատկանում է կյանքին: Եթե կյանք չունես, չես կարող մահանալ: Մեր վախերը մեր տանջանքներն են: Բայց ինչու՞ պետք է վախենանք, եթե մենք կապված ենք աշխարհին էներգիայով և կարող ենք տիրապետել մեր էներգիային և վայրկյանի մեջ զգալ ուրախությունը»

Սիլվի Գասպարյան, յոգայի և «տայ- չի», «տայ-չի չիկոնգի» վարպետ, Նյու Բրունսվիկի Մոնկթոնի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր.  

Երջանկությունը հիմա է, որ նստել ենք ու խոսում ենք: Զգալ, որ այստեղ ենք, վայրկյանի մեջ ենք, մեր ինքնության մեջ ենք: Ինչ-որ ես` դու ես. սրա գիտակցումն է երջանկությունը: Լինում է, չէ՞, ուրախ ես, բայց առիթը չես հասկանում: Մտածում ես` ի՞նչ պատահեց: Կատարվել է մի բան` դու ինքդ քեզ հետ, քո էներգիայի հետ կապվեցիր: էներգիան զորավոր բան է: Դժբախտաբար, հիմա կյանքն այնքան է դժվարացել, այնքան պարտականություններ ունենք անելու` պետք է դրամ ունենալ, պետք է գեղեցիկ լինել, պետք է դիմահարդված լինել, պետք է սիրուն հագնվել: Այս ամեն պետքերից չենք հասցնում շունչ առնել և չենք էլ հասցնում մտածել, թե այս ամենի մեջ որն է իրապես անհրաժեշտ ու հետաքրքիր մեր անձին: Կորցրել ենք մեր ինքնությունը և դժբախտ ենք: Դժբախտությունը մենք ենք բերում, մեզնից է կախված: Իմ վարպետը, որ իր գործի հաջողակ չինացի էր, որոշել էր, որ այլևս չի ուզում ապրել Չինաստանում, այլ ուզում է տեղափոխվել և ապրել Ավստրալիայում: Ձգեց աշխատանքը, ամեն ինչ պատրաստեց մեկնելու համար: Չեմ հիշում` ինչ պատահեց, բայց չինացին չկարողացավ մեկնել Ավստրալիա: Ստիպված էր մնալ Չինաստանում: Գործ չուներ, ընտանիքը կորցրեց` կինն ու երեխաները հեռացան նրանից: Դժբախտ էր: Հիմա հավատացած եմ` պատահական ոչինչ չկա, կյանքիդ մեջ ամեն պատահած բանն իմաստ ունի: Էներգիաները քեզ քաշում են այնտեղ, ինչ պատրաստ ես ունենալու: Մի օր քայլում էր փողոցում, և քայլերը նրան տանում են մի տեղ, ուր պարապում էին «Չի կոնգ»: Միանում է պարապմունքին: Եվ շատ ուրախ է զգում: Չի հասկանում` ինչու՞ է ուրախ. քիչ առաջ գործազուրկ էր, քաղցած էր, դեպրեսիվ էր: Մտածում էր` ինչի՞ց է գալիս այդ ուրախությունը: Եվ հասկանում է, որ ուտելու կարիք չունի և քաղցած էլ չէ: Հասկանում է, որ «Չի կոնգի» պարապմունքի ընթացքում, երբ իր էներգիան միացավ տիեզերքի էներգիային, կշտացրեց իրեն: Ես էլ, երբ շատ եմ պարապում,  քաղց չեմ զգում: Բայց եթե զայրանամ, ուտում եմ առանց զգալու, թեև քաղցած չեմ: Մեզ վաճառում են շքեղ մեքենա ունենալու, լավ տուն ձեռք բերելու, գեղեցիկ լինելու ուրախություններ` իբրև լավ կյանքի իդեալ և տանջում են այդ ուրախությունների փափագով: Քեզ հավատացնում են, որ դա է իդեալական կյանքը և դժբախտ ես, քանի այդ բոլորը չունես, քեզ ստիպում են գնել իրենց ուզածը, ուզում են իրենց ուզածի պես լինես, որ քեզ տիրապետեն, քեզ ստիպում են կորցնել ազատությունդ և ինքնությունդ: Նույնիսկ ամուսնուդ և երեխայիդ հետ վարվելու էթիկետներն են պարտադրում` ինչպես պիտի ապրեք, որ երջանիկ լինեք: Մտածե՞լ եք` ինչու՞ են մարդիկ սարի գագաթը հասնելիս երջանկություն ապրում: Ընդամենը մարդը կանգնել է սարի գագաթին: Որտեղի՞ց այդ թեթևությունը, որտեղի՞ց այդ բավարարությունը, որտեղի՞ց թռչունի պես թևեր ունենալու զգացողությունը: Ուրախությունն իրականում ավելի պարզ բան է, քան ներկայացվում է: Պետք է ազնիվ և արդար լինել ինքդ քեզ հետ, որպեսզի կարողանաս ուրիշների հետ էլ ազնիվ հարաբերություններ կառուցել: Պիտի ազատես ինքզինքդ ստից: Սուտը դժբախտության աղբյուրն է:     

Անձական երջանկություն.

«Տայ-չի» պարապմունքի իմաստը ներկայի ուրախությունը բացելն է. կես խնդուքի պես բան է «տայ-չին»: Եվ որպեսզի «տայ-չին» չուղեկցվի կեղծ ժպիտով, ասում են` հիշեցեք ձեր կյանքից «նկարներ», որոնցից ձեր սիրտը բացվում է: Իմ «նկարները» բնության հետ կապ ունեն: Ութ տարեկանից զբաղվել եմ սկաուտությամբ. պառկում էինք վրանների տակ` գետնին, վերևում լիբանյան երկինքն էր` լիքը աստղերով: Այնքան ուժ և ուրախություն կար այդ վայրկյանում, և ամեն անգամ այդ «նկարը» հիշելիս իմ սիրտը երջանկությամբ է լցվում: Մյուս «նկարը» ամուսնուս հայացքն է` ինչպե՞ս, ի՞նչ հայացքով նայեց նա ինձ այդ պահին: Շատ մեղմություն և չարաճճիություն կար նրա աչքերում: Այդ նայվածքի պատկերը սրտիս ու մտքիս մեջ է: Երրորդ պատկերը կյանքիս այն վայրկյանների մասին է, երբ մտածում էի, որ այլևս ամեն ինչ ունեմ, կյանքումս էլ ոչնչի պետք չունեմ. երկրորդ զավակիս` աղջկաս ծնվելու պահին այդպես զգացի ու մտածեցի: Առաջնեկս տղա է: Էլի երջանիկ էի, անշուշտ: Բայց աղջկաս ծնունդը, որ բարդություններով եղավ, ուրիշ կերպ տպավորվեց. պառկած էի վիրահատական սեղանին, ահավոր տանջանքների մեջ էի, աղջկաս բերեցին ու դրեցին կրծքիս` երեսը երեսիս դիմաց: Երկու մեծ, լայն բացված աչքեր ինձ էին նայում: Նայեցի այդ աչքերին և մինչև հիմա չեմ մոռանում: Այդ պահին այնպիսի զորավոր կապ եղավ, կարծես աշխարհը մեջս մտավ: Եվ այդ  էներգետիկ կապը, որ ստեղծվեց իմ ու աղջկաս միջև, որևէ բան չի կարող խաթարել: Աղջկաս ծնունդի ու լայն բացված աչքերի «նկարն» ամեն անգամ հիշելիս մտածում եմ` սրանից առավել ուրիշ ի՞նչ պիտի ուզեմ կյանքից. արդեն ամեն ինչ ունեցել եմ. հիմա կարող եմ մեռնել. հասա ամեն ինչի:

Մասնագիտական երջանկություն.

Ես լեզվաբանության պրոֆեսոր եմ Նյու Բրունսվիկի Մոնկթոնի համալսարանում: Եվ գործիս մեջ շատ կարևորում եմ ուսանողներիս հետ ճիշտ հարաբերությունների ստեղծումը: Ես լսարան չեմ մտնում իբրև պրոֆեսոր, այլ` իբրև Սիլվի Գասպարյան և կապ եմ հաստատում ո'չ ուսանողների, այլ` Լեյսիի, Ջեյքի հետ: Ինձ համար ամենից կարևորը այս կապերն են, որ սովորաբար հաստատվում են հենց առաջին դասին, այդ պատճառով էլ ամենադժվարն առաջին դասն է: Եթե հաջողեցի հաստատել այդ կապերը, ապա ամբողջ կիսամյակն անցնում է ուրախությամբ և հետաքրքրությամբ: Իսկ երբ արդեն դասերի ժամանակ ինտելեկտուալ կապի մեջ եմ լինում ուսանողի հետ և կայանում է ինտելեկտուալ ու ինքնության հանդիպումի մի զրույց, լսարանից դուրս եմ գալիս երջանկության զգացումով: Այս զրույցները միայն ուսանողին չեն զարգացնում, այլև պրոֆեսորին, որովհետև նրանք էլ ինձ են փոխանցում իրենց մտքերը, որոնց շուրջ ես մտածում եմ:

Հանրային երջանկություն.

Հեշտ է գործել մի միջավայրում, որտեղ հիմնականում ունեն նույն սկզբունքները և շատ դժվար է որևէ բան անել միմյանցից շատ  տարբեր սկզբունքներ ու արժեքներ կրող մարդկանց հետ: Երբ երիտասարդ էի, ուզում էի անպայման մարդկանց միտքը փոխել, հասկացնել, որ ճիշտ չէ և տանջվում էի` մեկ հոգով ի՞նչ կարող եմ փոխել: Բայց ամիսներ առաջ այս պարապմունքների շնորհիվ առաջին անգամ կարողացա ամբողջովին նեգատիվ տրամադրված ու կռվի եկած ուսանողներիս լսել, մի քանի բառով ազնիվ ասել այն, ինչ մտածում եմ և խաղաղեցնել նրանց: Ուսանողներս նույնիսկ վերջում շնորհակալություն հայտնեցին, որ օգնեցի իրենց դուրս գալ դժվար իրավիճակից: Սա կյանքիս առաջին դեպքն է, հուսամ` վերջինը չի լինի: Բայց գիտե՞ք որքան եմ աշխատել այդ ներդաշնակությանը, ներքին հավասարակշռությանը հասնելու համար: Նախկինում նման իրավիճակներում շատ կզայրանայի. թեպետ չէի խոսի այդ մասին, բայց ողջ օրը կմտածեի` ինչու՞ այսպես չասացի, ինչու՞ այնպես չարեցի... Իսկ այդ օրը ես ես էի և ցանկություն չունեի որևէ բան ցուցադրելու, ապացուցելու, պնդելու: Ես բաց էի նրանց առջև, արդար էի ինքս ինձ հետ, ես հանգիստ էի ու խաղաղ, ես այդ ժամանակ հենց այդտեղ էի` լսարանում, և հարգանքի էներգիա կար մեջտեղում: Հանրային գործունեության համար սա շատ կարևոր է` լիարժեք ներկայության, հարգանքի էներգիան և ինքդ քեզ հետ արդար լինելու զգացողությունը: Ինքդ քեզ հետ արդար չեղար` ամբողջ կյանքդ դժբախտության մեջ կապրես և չի լինի ուրախություն:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Եթե համեմատեմ երեք քաղաքները, որտեղ ապրել եմ` Լիբանանը, որտեղ ծնվել եմ, Փարիզը, որտեղ անցել է երիտասարդությունս և Կանադան, որտեղ ընտանեկան և հասուն կյանք եմ վարել, ապա այս երեք տարբեր երկրներից ինձ համար նախընտրելին Կանադան է, քանի որ այնտեղ մարդիկ ավելի պարզ են. իմ կարծիքով, կյանքն այնտեղ ավելի ներդաշնակ է, որովհետև բնությունն այնքան շատ է այդ տարածքում, որ իշխում է մարդկանց վրա: Կանադայում անտառի մեջ կառուցված փոքր քաղաքում եմ ապրում: Երբ ձյուն է գալիս, հնարավոր չի լինում տնից դուրս գալ. ձյունը մարդուն տիրապետում է, ստիպում է հանգստանալ: Ի՞նչ պիտի անես` ձյան հետ կռի՞վ պիտի անես, չե'ս կարող: Ձյունը ստիպում է համբերել, դիտել իրեն, խորհել և հանգստանալ: Բնությանը մոտ ապրելը, իրենց արժեքները բնության հետ կապելը երջանկություն է բերում: «Տայ- չի» վարպետս միշտ ասում է, որ որքան անձ զբաղվի այս սպորտաձևով, այնքան քիչ կռիվ կլինի մոլորակի վրա, որովհետև երբ հասնում ես քո իսկական ինքնությանը, հասկանում ես, որ բոլորս մեկ ենք` մարդիկ և բնությունը: Եվ ուրեմն, ինչպե՞ս կարող ես ձեռք բարձրացնել ինքդ քեզ վրա:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3793 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան