«Հայաստանը դրախտի տեղն է, և այստեղ մարդիկ պիտի ապրեն ինչպես դրախտում». Դավիթ Գյուրջինյան

25/10/2019 schedule20:50

Մշտական երջանկությունը, կարծում եմ, անբնական է: Եթե ասեմ, որ ես երջանիկ եմ, չի նշանակում, թե տխուր պահեր, ձախողումներ, հիասթափություններ չեմ ունենում: Մենք ընդհանուր գնահատական ենք տալիս մարդկային երջանկությանը:

Այո՛, ես ունեմ երջանկության բաղադրիչները` լավ ընտանիք, զբաղվում եմ իմ սիրելի գործով: Բայց կուզենամ, որ շրջապատումս մարդիկ նույնպես երջանիկ լինեն, որովհետև անհնարին է երջանիկ լինել մի միջավայրում, որտեղ մարդիկ հոգսաշատ են, տխուր են կամ դժբախտ են: Ես պատկերացնում եմ, որ այդ վիճակը` երջանկությունը, բաղկացած է փոքրիկ ուրախություններից, ինչ-ինչ հաջողություններից առաջացած բերկրանքի պահերից: Չենք կարող ասել, թե այս մեկը միշտ երջանիկ է. այդպես չի լինում: Դրանք պահեր են: Օրինակ, երեխայի ատամը ծկթեց: Ծնողի համար դա անասելի ուրախություն է, որովհետև մտածում է, որ երեխայի աճը բնական է: Մի պահ էլ թվում է, թե համալսարան ընդունվելը երջանկության վերին սահմանն է, որից այն կողմ էլ բան չես ուզի: Մտնում ես համալսարան, հասկանում ես, որ բոլորովին այդպես չէ, տխրում ես, թե ինչո՛ւ էի այդպես թռչկոտում: Հետո ուրիշ նպատակ ես ունենում, որին հասնելուց հետո այդ երանությունը քեզ մի պահ երջանկության զգացողություն է հաղորդում: Մի պահ, բայց անկրկնելի, անմոռաց:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյան.

Անձնական երջանկություն.

Երբ նորից ու նորից բացահայտում եմ իմ երկիրը, անասելի երջանկություն եմ ապրում: Վերջերս Մեղրիում էի: Երանությամբ եմ հիշում այդ օրերը, որովհետև այնտեղ տեսա մի բնաշխարհ, որի նմանը չէի տեսել: Բերքառատ ծառերի ճյուղերը դուրս էին եկել ցանկապատերից, կախել ճաքած նռները: Երևանից գնացած ուխտավորները պոկում էին և վայելում: Ժպիտով ու բարեկամաբար ասում եմ` «Մի՛ արեք, դուք ուխտի եք եկել, բայց փոքրիկ գողություն եք անում»: Ասացին` «Ո՛չ, փողոցի վրա եկած բարիքն անցորդինն է»: Պատասխանը դուրս եկավ:

Վերջերս կնոջս հետ եղա Արևմտյան Հայաստանում` Անի, Կարս, Վան, Վանա ծովակում լողացա, Ալաշկերտ, Մուշ...  Ուրախություն էր և տխրություն, բայց երազանքներիցս մեկը կատարվեց: Ես տեսա իմ հայրենիքի մի մասը, որն այսօր, դժբախտաբար, իմը չէ: Հիմա երջանիկ եմ, որ գոնե տեսել եմ, վայելել...

Մանկության տարիներին երբ գնում էի Տավուշ` տատիկիս գյուղ, քթիս մեջ զգում էի հասած թթի, քամած մածնի տոպրակի, նոր թխված հացի բույրեր: Ու գիտեի, որ սկսվում է երանությունը, որի անունն այլ կերպ երջանկություն է: Գնում էի մի տեղ, որ մոտ է բնությանը, որտեղ մարդիկ պարզ են, պայմանականությունները՝ քիչ, խոսակցության նյութը բոլորովին այլ է. կարճ ասած` ուրիշ մոլորակ էի գնում:

Երբ տեսնում եմ սայլակների մեջ իրենց փոքրիկների հետ զբոսանքի դուրս եկած ծնողներին, ահա այդ տեսարանից երջանկություն եմ ապրում: Չգիտեմ, երևի մեծանալու հետ է կապված. թոռնիկներ ունեմ, մեկն էլ շուտով պիտի ծնվի:

Երեխայի ծնունդը, քնի մեջ նրա ժպտալը, առաջին հնչյունը, առաջին քայլը մարդկային պարզ ու ցանկալի երջանկություն են: Ես դրանք վայելել եմ և շարունակում եմ վայելել:

Մասնագիտական երջանկություն.

Դպրոցական ժամանակ ուզում էի պատմաբան դառնալ: Հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ դարձա լեզվաբան-բանասեր. չգիտեմ, թե ինչպե՛ս կհնչի` հաջողակ եմ իմ գործի մեջ: Նախ` նվիրումով եմ անում իմ գործը, սիրում եմ դասավանդելը, սիրում եմ հետազոտական աշխատանքը: Ես համարյա հասակակից ուսանողներ ունեմ, շատ երիտասարդ տարիքից եմ սկսել դասախոսական աշխատանքս: Գիտեմ, որ ուսանողներս ինձ հիշում են, սիրում ու գնահատում են: Դա գոհունակություն է պատճառում ինձ, ես երջանիկ եմ: Ես էլ ուսանողներիս եմ անուններով հիշում (բնականաբար, երբեմն նաև մոռանում եմ): Իմ և ներկա ու նախկին ուսանողներիս միջև ջերմ, մարդկային կապ է ստեղծվել: Եվ մեզ միավորողը հայերենն է: Մանկավարժի իմ խնդիրն է եղել միշտ ոչ միայն հայերեն սովորեցնելը, այլև մեր սքանչելի լեզվին սիրահարեցնելը: Երբ հաջողում ես, հաղթանակ է: Իսկ հաղթանակը երջանկություն է` ճիշտ այնպես, ինչպես հաղթանակած մարզիկներն են երկրի դրոշը ծածանում կամ գավաթը վեր պարզում, կանգնում պատվանդանի վրա:

Հայերեն խոսելը, հայերեն մտածելը, հայերեն գրելը, հայերեն լսելը, հայերենն ուսումնասիրելը իմ մեծագույն երջանկությունն են: Մեծ երջանկություն եմ ապրում նոր բառեր բացահայտելիս: Հիմա մի գիրք եմ գրում (մեծ մասն արդեն արված է). ուսումնասիրում եմ այն գրաբարյան բառերը, որոնք էական իմաստափոխությամբ հիմա էլ գործածվում գիտության և տեխնիկայի ոլորտում: Օրինակ, զարմանալի է, որ տիեզերագնաց բառը 5-րդ դարում գործածել է Մովսես Խորենացին: Իհարկե, Խորենացին այս բառը գործածել է իբրև ածական` «դեպի ուրիշ աշխարհներ, այլ երկրամասեր գնացող» իմաստով: 10-րդ դարում Նարեկացին գործածել է օդաչու բառը՝ դարձյալ իբրև ածական` «օդում թռչող» իմաստով: Ագաթանգեղոսն էլ 5-րդ դարում գործածել է լուսանկար բառը, երբ նկարագրում է, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչի աչքի առաջ պայծառ լույսով գծվեց տաճարը` «լուսանկար Մայր տաճարը»: Իսկապե՜ս գեղեցիկ: 19-20-րդ դարերում՝ տեխնոլոգիական իրողությունների ի հայտ գալուց հետո, այս բառերը վերցրել ենք հին հայերենի գանձարանից:

Հիմա ղեկավարում եմ լեզվի բնագավառը տնօրինող պետական մարմինը՝ Լեզվի կոմիտեն: Կրկին գործս հայերենի հետ է, բայց բավական տարբեր:

Եթե հաշվեմ, որ երազներս էլ հայերեն են, բավական տևական երջանիկ վիճակ է: Հրճվանք, բերկրանք, խնդություն, ցնծություն. այս բոլոր հոմանիշները համապատասխանում են հայերենով զբաղվելու իմ զգացողությանը: Երբեմն ուղղակի սքանչացում… Եվ ուզում եմ հայերենին առնչվելու այս զգացողությունս փոխանցել շատերին: Հայերեն խոսելու, գրելու, մտածելու, հայերեն լսելու վայելքը անընդհատ պիտի զգանք:

Հանրային երջանկություն.

2018-ին ատելի վարչակարգին հրաժեշտ տալն ինձ համար երջանկություն էր, նույնիսկ անձնական և ընտանեկան երջանկություն: Մի շրջան մարդիկ շատ հուսահատ էին, անգամ կանխատեսում էին, թե այդ վիճակը երկու-երեք հարյուր տարի կձգվի: Ասում էի`«Այդպիսի բան մի՛ ասեք, սիրտս կկանգնի, ուրեմն ես չպիտի՞տեսնեմ մեր երկիրն ազատ այս իսկապե՛ս ատելի վարչակարգից»: Եվ տեսանք: Դա մեծ ցնծություն էր: Գիտեմ, որ դրանից հետո դժվար է և դեռ դժվար կլինի: Բայց եթե մեզ հաջողվեց ազատվել այդ վարչակարգից, մյուսն էլ կանենք` կկերտենք այն երկիրը, ուր մարդիկ կդադարեն մտածել ճամպրուկները հավաքելու մասին: Մարդն իր երկրո՛ւմ պիտի ապրի երջանիկ:  

1988-ի զգացողություններն այլ էին: Այն ժամանակ երիտասարդ էի, մասնակցում էի բոլոր հանրահավաքներին, որքան էլ ինձ ասում էին, որ զգույշ լինեմ, շուտով ատենախոսություն պիտի պաշտպանեմ և այլն: Բայց ես ու ապագա կինս շարունակում էինք մասնակցել հանրահավաքներին ու երջանիկ էինք ազգային զարթոնքով:

Իսկ 2018-ին մասնակցության իմ ուրիշ տեսակի բաժինն ունեմ. հիմնական գործն արեցին երիտասարդները, և տարիների իմ երազանքն ու պայքարը իրականություն դարձավ: Իրականում այն, ինչ եղավ 2018-ին, հրաշք էր` անցնցում, խաղաղ ու այդքա՜ն գեղեցիկ հաղթանակ: Ժողովուրդը ոտքի կանգնեց և հաստատեց իր իրավունքը: Հրաշքներ փաստորեն լինում են, և մենք դրա ականատեսն ու մասնակիցը եղանք:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Հայաստանն ունի երջանիկ երկիր լինելու հնարավորություններ: Մենք երբեմն չենք զգում, թե ի՜նչ լավ երկրում ենք ապրում: Իսկ օտարն անմիջապես հասկանում է, որ սա այն երկիրն է, որտեղ կարելի է լավ ապրել: Այստեղ չկա աշխատանքային խելագար վազք, այստեղ հնարավոր է գիշերը հանգիստ և ապահով զբոսնել քաղաքում, բնությունն ու քաղաքները կարծես ձուլված են իրար: Խորհրդավո՜ր երկիր է: Գնում եմ հեռու գյուղեր, տեսնում եմ` մեկի տունը եկեղեցուն կիպ կպած է: Մտածում եմ` ի՞նչ հետաքրքիր բան է. այս մարդը 21-րդ դարում ապրում է 5-6 դարի եկեղեցուն կից տարածքում, ամեն օր առնչվում է հազարամյա պատմությանը և չի էլ զգում, չի էլ մտածում այդ մասին, որովհետև ինքը հենց պատմության մեջ է:

Բայց... Դժբախտաբար, այդ գյուղերում և ավաններում հաճախ մարդիկ բարեկեցիկ չեն ապրում: Սա ողբերգություն է. դրախտային բնություն` միահյուսված մարդու կյանքին, ամեն քայլափոխի հազարամյա պատմության հետքեր, հզոր ավանդույթներ, ստեղծարար ոգի, բայց մարդիկ վատ են ապրում: Հետևողական քաղաքականությամբ մարդկանց ծուլացրել են, աղքատի հոգեբանություն ներարկել...

Պիտի կարողանանք տնտեսական կյանքը կարգավորել: Պիտի սովորենք Աստծուց տրված չքնաղ բնությունը չաղտոտել, չփչացնել, պիտի սիրենք մեր գողտրիկ երկիրը: Հայաստանը դրախտի տեղն է, և այստեղ մարդիկ պիտի ապրեն ինչպես դրախտում…

Դաժան փորձությունների միջով անցանք, սակայն բարեբախտաբար ժողովրդի նկարագիրն ընդհանուր առմամբ չխաթարվեց: Առօրյայում կարող ենք ականատես լինել անհաշվենկատ բարության, ուշադրության, ջերմության հարյուրավոր դեպքերի: Հայաստանը լավ երկիր է: Ուղղակի չենք կարողանում այնպես անել, որ մեր ժողովուրդն իր երկրում լավ ապրի: Նախկին իշխանավորներն օտարի նման անզուսպ թալանել ու քանդել են երկիրը: Այնինչ, եթե մի քիչ բարոյականություն ունենային, «իրենց կես օրվա ճամփեն» խաղաղ կանցնեին ու կգնային. կհասկանային, որ եթե շուրջդ բարօր վիճակ չէ, չես կարող երջանիկ լինել: Հայտնի խոսք կա` աղքատ հասարակության մեջ հարուստ լինելն անբարոյականություն է:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4756 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա