«Այստեղ մենք մենակ չենք, այստեղ մենք ընկերներ ունենք, մենք հարազատներ ենք». Գագիկ Ղազարէ

29/10/2019 schedule17:34

Իմ տան բակում բալենի կա: Գարնան գալուստը, պաղ օդի ջերմանալը քաղաքն իր կերպ է ապրում-հետևում, իսկ մեր տանը հետևում ենք մեր միակ բալենու ծաղկելուն: Սկզբում փոքրիկ բողբոջներ է տալիս, հետո դրանք մեծանում են, պայթում են, ու ծառը ծաղկում է` շքեղ, ճերմակ: Ամբողջ տնով երջանկանում ենք: Ծառի բողբոջ տալը, ծաղկելը, ծաղկի պտուղ դառնալն ակնթարթում է լինում, և երջանկությունն էլ ակնթարթում է պատահում:

Ռեժիսոր Գագիկ Ղազարէ.

Անձնական երջանկություն.

Երբ գալիս էին ամառային արձակուրդները, ես փախչում էի պապիս ու տատիս մոտ` Վարդենիկ գյուղ: Մինչև հիմա երբ թեկուզ մեկ օրով գյուղ եմ գնում, հանգստանում եմ, մեծ էներգիա ստացած վերադառնում եմ. գուցե մանկության հուշերն են գալիս ու ինձ թարմացնում, կյանք տալիս: Ցավոք, մեր պատմությունը մի քիչ այլ կերպ դասավորվեց: 1988-ից հետո մենք դրամատիկ դեպքերի միջով անցանք: Գյուղը սմքեց: Վարդենիկը Հայաստանի ամենամեծ գյուղն էր, շատ կենդանի` մշակույթով ու արվեստով ապրող գյուղ էր, որի մշակույթի պալատի բեմում Կարպ Խաչվանքյանի խաղն եմ տեսել: Հետո տրտմություն մտավ մեր մեջ, այդ տրտմությունը մեզնից խլեց սրբազան բաներ: Խորհրդանիշները կորան, երբ մարդիկ գնացին, փողոցները ծերացան, չխնամվեցին, անտարբերության մատնվեցին, սերնդային ահռելի անհավասարակշռություն առաջացավ. իմ սերնդակիցներից մարդ չկար գյուղում, որ իրար պատմեինք մեր ընդհանուր հիշողությունները, ինչու՞ միայն գյուղում` Երևանում էլ...

Ամեն դեպքում, իմ երջանկությունը մեծերիս հիշողություններով է լցված: Պապիկս, որ գրականության ուսուցիչ էր, տանը մեծ գրադարան ուներ: Ինձ համար ֆանտաստիկ մի բան էր, երբ պապս սկսում էր գրադարանը դասավորել ու հաշվել իր գրքերը: Գյուղացիները նրանից գրքեր էին վերցնում, նա գրանցում էր, թե ում ինչ գիրք է տվել, հետո ապրանքագրում էր անում` այդ ամբողջ գրքերը շարում էր իր գյուղական տան մեծ սենյակում և ինձ հանձնարարում էր նոր տետրակում գրանցել հեղինակների անուններն ու գրքերի վերնագրերը: Ես այդ ամբողջն անում էի և առնչվում ինձ անծանոթ անունների հետ: Մտածում էի` «Փաստորեն, ինչքան շատ գրողներ կան աշխարհում, ինչու՞ է պապիկիս համար կարևոր այդ ամբողջը...»: Հետո պապս ինձ թելադրություն էր տալիս: Հանկարծ կարող էր ինձ կանչել, թե` «Արի, ստուգողական աշխատանք պիտի անենք »: Հետո սխալների ուղղումներ էր անում: Երբ գնում էի Երևան, նամակներ էր ինձ գրում ու ասում, որ անպայման պիտի պատասխանեմ: Հաջորդ նամակի հետ ուղարկում էր նաև իմ նամակը` սխալներս ուղղած: Ինձ մոտ մնացել են այդ նամակների մասը: Իսկ տատս շատ կատակասեր և ավելի կյանքի մարդ էր, ձեռներեց մեկն էր տատս: Պապս հաշմանդամ էր, շատ դժվարությունների միջով են անցել: Բայց տատս կարողացել է կազմակերպել կենցաղը, միասին ութ երեխա են մեծացրել: Պապիս հակապատկերն էր տատս: Նա անգամ խրախուսում էր հարևանի ծառից բալ գողանալը: Ու մենք էնքան ենք հարևանի բալենուց գողացել... Հարևանը գալիս էր մեզնից բողոքելու, տատս ընկնում էր մեր ետևից, թե` «Չեք էլ ամաչու՞մ, հըլը որ ձեռս եք ընկել է~...», բայց դույլերն արդեն պահել էր: Տատս տեղով ուրախություն էր: Իմ մանկությունը երջանիկ է անցել սովետմիության դեռ չփլուզված իրականության մեջ: Հետաքրքիր իրականություն էր` հարևանի բալը գողանում էինք, բայց նրա թոռների հետ ընկերություն էինք անում:

Մասնագիտական երջանկություն.

Որևէ գործի ավարտին գուցե հանգիստ ես, բայց դժվար է ասել, թե երջանիկ ես: Պրոցեսն է հետաքրքիր, երբ նոր բաներ ես հայտնաբերում, երբ կարողանում ես արտիստի հետ ստեղծել քո ուզած պատկերը, երբ դու և դերասանը հասկանում եք միմյանց և կիսում եք միմյանց հետ որևէ գաղափար: Մոնտաժային աշխատանքում արտառոց զգացում եմ ապրում, երբ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող պատկերներից կարողանում եմ իմաստ ստանալ: Շատ կարևոր է հաղորդակցությունը` իմ ու պապիս, իմ ու տատիս, իմ ու դերասանի, իմ ու բալենու, իմ ու երեխայիս, իմ ու ընկերներիս, իմ ու կադրի: Համարժեք ու հավասար դիրքերի հաղորդակցությունը, այո, երջանկություն է: Մենակ երջանկություն չկա: Մենակ չես կարող երջանիկ լինել: Ռոբինզոնը պետք է թութակ ունենար, հետո Ռոբինզոնը նաև Ուրբաթ պիտի ունենար: Մենակությունը Ռոբինզոնի համար իսկական կոշմար էր: Ռոբինզոնը թութակի և Ուրբաթի ընկերակցությունից հետո հասկացավ, որ ինքը կղզի ունի: Սկզբում նա չուներ այդ կղզին, թեև այդ նույն կղզու մեջ էր ապրում:

Հանրային երջանկություն.

Խորհրդային տարիներին, երբ դպրոցներում ԽՄԿԿ պատմություն էին անցնում, եկավ նոր պատմության ուսուցիչը և ասաց` «Այդ բոլոր գրքերը դնում եք մի կողմ, հիմա լսեք, թե ինչ կպատմեմ»: Եվ պատմեց հայ ժողովրդի պատմությունը: Սա բացառիկ երևույթ էր խորհրդային տարիներին: 1988-ի շարժումը դեռ չէր սկսվել, իսկ մեր ուսուցիչը մեզ ցույց էր տալիս Ղարաբաղը, Նախիջևանը: Նա, ըստ էության, մի ամբողջ դասարան պատրաստեց 1988-ի համար:  

Եղավ 1988-ը: Ես դպրոցական էի և 15-16 տարեկանում դասադուլ կազմակերպեցի: Ամբողջ դպրոցով իջել էինք Օպերա` միանալու մեր ուսանող եղբայրներին և քույրերին: Հորս հետ էի գնում հանրահավաքի, Օպերայում մի ծառ կար` նրա ստվերում կանգնում էինք: Ահռելի զանգված էր հավաքված, որի մի կաթիլն էլ մենք էինք: Հիշում եմ` այդ հանրահավաքներից մեկի ժամանակ Գորբաչովի նկարը ասֆալտին էր: Խիզախները տրորելով անցան. այդ խիզախներից մեկն էլ ես էի: Ոգևորված պատմեցի պապիս, պապս ասաց` «Դու ի՞նչ գիտես, կողքինդ ո՞վ էր, ինչու՞ ես դու էլ տրորել...»: Սովետի ռեժիմի վախն էր պապիս մեջ: Պապիս ուսուցիչը նկարված է եղել Աղասի Խանջյանի հետ և քանի որ նաև Խանջյանի հետ նամակագրություն էր ունեցել, այդ մարդուն աքսորեցին: Սաներին չաքսորեցին, բայց նրանք համարվեցին ոչ վստահելի մարդիկ: Պապիս ամբողջ կյանքում կասկածում էին, թե դաշնակ է, ժողովրդի թշնամի է: Այդ բոլորն ազդել էր նրա մասնագիտական ու գիտական աճին: Բայց այդ ամենի երբեք չի խոսվել, անգամ ընտանիքի մեջ թեկուզ թաքուն` չի արծարծվել: Պապս, որ այդքան զգուշանում էր 1988-ի շարժման սկզբնական շրջանում, հետո բացվեց, խոսեց, պատմեց:

Արդեն սկսել էին պատերազմական գործողությունները, Երիտասարդական մետրոյի մոտ հավաքագրում էին պատերազմ գնացող տղամարդկանց: Գնացի, դիմում գրեցի: Հարցրին` «Հրացան ունե՞ս», ասացի` Ոչ: Ինձ գրանցեցին, բայց չկանչեցին: Ոգևորությունն ուժեղ էր, հաղթելու կամքը մեծ էր: Անգամ տնտեսական ճգնաժամը չընկճեց մարդկանց: Տրտունջ չկար: Պապս ասում էր` «Այս ամենը անցնելու է, իսկ անկախությունը մնալու է»: Պապս, ինչպես միշտ, ճիշտ էր: Ցավոք, 1988-ի պայքարը խզում ունեցավ, որ ուներ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները` պատերազմ եղավ, երկրաշարժ եղավ... Ստիպված եղանք քաշել 1988-ից հետո չլուծած հարցերի հետևանքները: Ձախողումները շատ էին, և հանրային դեպրեսիաները մթագնում էին հանրային երջանկության պատկերները:

Մինչև հեղափոխության հաղթանակը, երբ ռեժիմի տարիներին 200-300 հոգով հավաքվում էինք բոլոր բողոքի ակցիաների ժամանակ, չգիտակցված երջանկություն կար այդ ամենի մեջ. ամեն բողոքի ակցիայի գնալիս վստահ էի, որ կհանդիպեմ նույն մարդկանց, ովքեր ինձ պես փորձում են դիմադրել ռեժիմին:  Բայց, ի վերջո, բոլոր տեսակի հանրային դիմադրությունները փորձարկվեցին` հանգեցնելով Թավշյա հեղափոխությանը: Դա իսկական երջանկություն էր: Անհավատալի ու մեծ երջանկություն:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Իմ կարծիքով` մարդու համար միայն իր հարազատ երկիրը կարող է դառնալ երջանկության տարածք: Շատ եմ շրջագայել տարբեր երկրներում. երբեք ճամպրուկս չեմ դատարկել ու միշտ ինձ հետ վերցրել եմ իմ տան բանալին այն համոզմունքով, որ պիտի գամ իմ երկիր և բացեմ իմ տան դուռը: Մի ընկեր ունեմ, որ գնացել ու հաստատվել է Մեքսիկայում: Ամռանը Հայաստան եկել էր իր բալիկի հետ: Չի կարողանում մնալ այնտեղ, աշխատում-աշխատում է, որ հնարավորություն ստեղծի ամռանը Հայաստան գալ: Դու կարող ես դժգոհ լինել քո երկրի պայմաններից, կարող ես գնալ ուրիշ երկրում աշխատելու, գուցե լավ վաստակես ուրիշ երկրում և լավ ապրես այնտեղ, գուցե այնտեղ չլինեն բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք մեր երկրում երեկ, այսօր, տա Աստված` վաղը չունենանք` մարդու իրավունքի պաշտպանվածություն, սոցիալական պաշտպանվածություն, իրացվելու հնարավորությունների սղություն: Բայց ոչինչ չի կարող փոխարինել քո ծննդավայրում ապրելու երջանկությանը: Դե, ասենք, թեկուզ նրան, որ այստեղ կարող ես ընկերոջդ տանը զգալ ինչպես քո տանը: Այնտեղ մարդիկ մենակ են, ես այդպես եմ զգացել: Այստեղ մենք մենակ չենք, այստեղ մենք ընկերներ ունենք: Մենք հարազատներ ենք:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1314 դիտում

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին

ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Վարչապետի հայտարարությունը Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Մի անգամ առանց Եվգենի Պետրոսյանից հարցնելու նրա հայկական ազգանունը փոխել են ռուսականի

Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Փրկարար ծառայություն ընդունվողներն անպայման եռամսյա փորձաշրջան պետք է անցնեն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացել են 19%-ով. ՀՀ կառավարություն

Թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՊՆ 2-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները