Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռեւերանս է՝ ուղղված Հայաստանին: Այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը եւ Հայաստանի հետ նոր քաղաքականության ձեւավորման հիմք դրեց:

«Ինչքանով հասկանում եմ՝ Հայաստանի հետ նոր քաղաքականության ձեւավորման սկիզբն է դրել (Լավրովը-խմբ.): Խոսքը հավասար գործընկերային հարաբերության մասին է, որը մինչ այժմ չի եղել. եղել է իրավիճակ, երբ ինչպես ուզել են, այնպես է եղել: Հիմա Հայաստանի ընդվզումը, քննադատությունը տեղ է հասել: Մենք քննադատում էինք, որ ոչ թե Ռուսաստանի հետ չհարաբերվենք, այլ որ նա մեզ հետ հարաբերվի հավասարը հավասարի հետ: Պուտինի այցից հետո Լավրովի այցը հենց դրան է միտված: Այս ուղղությամբ նոր քաղաքականություն է մշակվում: Սա մեր պայքարի արդյունքն է եւ ոչ թե նվեր Ռուսաստանից»,- մեր զրույցում կարծիք հայտնեց Շիրինյանը:

Լավրովի երեկվա այցի մյուս կարեւոր մեսիջը թերեւս այն էր, որ ինքը համաձայն է Փաշինյանի առաջարկած բանաձեւին՝ «Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Այստեղ դժվար է վիճել»,- այս բանաձեւի կապակցությամբ երեկ Հայաստանում հայտարարեց Լավրովը:

Լեւոն Շիրինյանի համոզմամբ՝ Փաշինյանի առաջարկած այդ բանաձեւը Ղարաբաղի հարցում անշարժ պատկերացումները շարժում է դեպի դրական ելքի միտում: Նա նաեւ վստահ է, որ Արցախի հարցը վաղուց լուծված է ժողովրդի շնորհիվ, իսկ մնացածը դիվանագիտության հարց է.

«Ալիեւը գիտի, որ այլկերպ հնարավոր չի Արցախի հարցը լուծել, եթե այդ լուծումը մեր եւ Արցախի շահի հետ չի համընկնում: Մենք ասում ենք ինքնորոշում, իրենք ասում են տարածք, տարածքն ու ինքնորոշումը իրար հետ չնույնացող բանաձեւ են եւ դա Ռուսաստանին ձեռնտու է, կռիվը կշարունակեն հավերժ, ինքն էլ կլինի բարեկամ կամ միջամտող»,- ասաց Շիրինյանը:

Մյուս եւ հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ երեկ Լավրովը հղեց՝ հետեւյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երեւանը»:

Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ այնուամենայնիվ հայտնվեցին:

«Ինձ թվում է Քոչարյանին նկատի ուներ: Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել եւ այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է: Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու: Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձեւով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը: Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում եւ նրանք որոշել են «հանձնել» նրան:

Հարցին, թե իրենց ինչի՞ն է պետք հանձնել կամ չհանձնել՝ Շիրինյանը պատասխանեց.

«Ո՞նց ինչին է պետք: Հայ ժողովուրդը զարմացած սպասում է, թե էդ մարդու դատը սկսվելո՞ւ է, թե չէ: Խոսակցություն կա ժողովրդի մեջ, իբրեւ թե ռուսները չեն թողնում, որ նա դատվի, չէ՞. կինը (Բելլա Քոչարյանը-խմբ.) հանդիպում է Պուտինի հետ եւ այլն: Հիմա ուզում են ասել՝ մեզ վրա մի գցեք, դատը անում եք, արեք»:

Թե երբ, որ փուլում է Քոչարյանը Ղարաբաղին դուրս թողել բանակցություններից՝ Շիրինյանի խոսքով դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն փաստաթուղթ չկա, որը կհավաստի կոնկրետ ժամկետը: «Դա ոչ ոք չի կարող ասել ձեզ՝ բացի բանակցողներից»,- ասաց Շիրինյանը:

Երեկվանից Քոչարյանի որոշ համակիրներ վերլուծելով Լավրովի հայտարարությունը՝ գրում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից:

Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց, որ Տեր-Պետրոսյանը չէր կարող լինել: «Լեւոն Տեր- Պետրոսյանի շրջանում նախ գործընթացը խաղաղ էր, այդքան առաջ չէին գնացել: Դրանով իրենք (Քոչարյանը-խմբ.) ուզում են փախչել պատասխանատվությունից: Ես ենթադրում եմ, որ դա Քոչարյանն է եղել: Քիվեստում (2001 թվական, Քիվեստում Արցախի հարցով բանակցություններ-խմբ.) ո՞վ էր բանակցում Ալիեւի հետ երջանիկ ժպիտով: Դա կուլմինացիոն կետ էր, Արցախի ճակատագիրն էր որոշվում, եւ եթե Արցախը բանակցության կողմ էր՝ Արցախի նախագահը նրա կողքին կլիներ: Բայց նկարները նայեք, չկա: Հետեւաբար Քոչարյանն է դուրս թողել Արցախին»:

Վերադառնալով Ռուսաստանի ռեւերանսին՝ Շիրինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հիմա պիտի օգտվեն այս հնարավորությունից եւ Լավրովին ստիպեն խոսքը գործ դարձնել: «Ռուսաստանը մեր երկաթուղին պետք է կարգի բերի: Առանց երկաթուղու մեր տնտեսությունը չի զարգանալու: ՌԴ-ն կոնցեսիոն կառավարման է վերցրել երկաթուղին: Պետք է Ռուսաստանն իր հերթին պատժի իր կոռուպցիոներներին, հայկական կողմը ոչնչացնի իր կոռուպցիոներներին: Երկաթուղին պետք է աշխատի, երկաթուղին շարքային տրանսպորտ չի: Հաջորդը. Հայաստանում ում դեմ քրգործ է հարուցվում, փախչում են Ռուսաստան: Պետք է արգելի Ռուսաստան փախչելը: Ռուսաստանը դառնում է հայ պաշտոնյա գողերի հավաքատեղի: Պիտի ասվի՝ գնացեք Հայաստանի դատարանների հետ հարաբերվեք»,- ընդգծեց քաղաքագետը:

Տպել
5823 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու