Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

 

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (TRACECA) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ Բաքու մեկնած պատվիրակությունը նախօրեին վերադարձել է Երեւան: 

Ու չնայած միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստի ընթացքում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ Հայաստանից մեկնած պատվիրակների (ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյան եւ ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյան) անվտանգությունը Ադրբեջանում ապահովված է եղել 24-ժամյա ռեժիմով: Այդ մասին երեկ մեր զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը.

- Պարոն Սիմոնյան, ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը եւ զգացողությունը Բաքվում: Ձեր անվտանգության առումով մտավախություն ունեի՞ք:

- Պետք է ասեմ, որ անվտանգության առումով շատ բարձր մակարդակի էր ամեն ինչ կազմակերպված: Հենց օդանավակայանից մեզ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ դիմավորեցին: Մենք կանգ էինք առել «Հիլթոն» հյուրանոցում. 24-ժամյա ռեժիմով մեր համարի մոտ հերթապահում էին, վերահսկում մեր ամեն քայլը: Մինչ մեկնելը մենք նոտա էինք ստացել իրենց անվտանգության աշխատակիցների կողմից, որ մեր անվտանգությունը ապահովվելու է. իհարկե ամեն ինչ կարող էր լինել, բայց ամեն ինչ լավ անցավ:

- Լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպ է տեղի ունեցել ձեր եւ ադրբեջանցի մասնակիցների  միջեւ:

- Նիստը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին. ամեն երկրին մոտ 5 րոպե էր հատկացված, որպեսզի ներկայացնեն, թե TRACECA-ն ինչ է տվել իրենց, ինչ խնդիրներ կան: Տրամադրված ժամանակի շրջանակներում ես բարձրացրի նախատեսվող միջոցառումների հարցը, թե ինչու է օրակարգում ներառված այցելություն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ, ինչ կապ ունի դա TRACECA-ի օրակարգի հետ: Այսինքն՝ խոսեցի կառույցի էֆեկտիվության մասին՝ ընդգծելով, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել այն բարձրացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում խոսեցի նաեւ այն մասին, որ Եվրախորհուրդը ժամանակին ֆինանսավորում էր այդ կառույցը, հիմա ֆինանսավորում չկա: Հարցրի՝ արդյո՞ք չէր լինի բեռնափոխադրումների այն ծավալը, որ գոյություն ունի այդ կառույցի անդամ երկրների միջեւ, եթե չլինի TRACECA-ն: Այսինքն ո՞րն է TRACECA-ի դերը այդ բեռնափոխադրումների ծավալների մեջ:

Ինձ արձագանքեց Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, բայց ոչ թե անմիջապես, այլ այն ժամանակ, երբ բոլորը իրենց ելույթները ավարտեցին: Այդ ընթացքում երեւի տեքստ պատրաստեցին, բերեցին դրեցին Ջաբարովի դիմաց, ինքն էլ սկսեց խոսել: Ջաբարովը ՀՀ պատվիրակությանը  հրավիրեց այցելել նաեւ Հեյդար Ալիեւի կենտրոն, շատ նոր բաներ իմանալ Իրեւանի (Երեւանի) խանության եւ հիմնադրման պատմության մասին։ Այս անգամ չասացին, որ Երեւանը ադրբեջանական ծագում ունի: Ասաց նաեւ, թե իբր մենք դժգոհ ենք օրակարգից, որովհետեւ առաջին անգամ ենք տեսել Բաքուն եւ զարմացած ենք:

- Ի՞նչ նկատի ուներ: Ինչի՞ց էիք զարմացել:

 - Դե, նկատի ուներ երեւի, որ քաղաքում շինարարություն է գնում, լուրջ գումարներ են ներդրվում: Իհարկե կենտրոնական հատվածը, որտեղ մենք կանգ էինք առել, եվրոպական քաղաքներին համահունչ կառուցված էր, բավականին գեղեցիկ քաղաք էր, բայց դա մեր բարձրացրած խնդրի հետ կապ չուներ: Մենք խոսում էինք այն մասին, թե ինչու են քաղաքականացնում այդ նիստը, իրենք իրենց պատասխանով հաստատեցին, որ մեր բարձրացրած խնդիրը գոյություն ունի:

- Ի վերջո գնացի՞ք պատվո հուղարկավորության պուրակ:

- Ոչ, մենք չգնացինք:

- Միայն դո՞ւք բոյկոտեցիք:

- Այո, ուրիշ բոյկոտողներ չկային: Այդ նույն օրը երեկոյան պլանավորված էր նաեւ ընթրիք Ադրբեջանի կառավարության կողմից, դրան մասնակցելուց մենք նույնպես հրաժարվեցինք՝ չնայած անվտանգության աշխատակիցները (որոնց հետ էր նաեւ իրենց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը), փորձում էին այնպես անել, որ գոնե 5-10 րոպեով մտնենք:

- Ինչո՞ւ էիք դեմ պատվո հուղարկավորության պուրակ գնալուն:

- Նախ ծրագրում գրված չէր, որ գնալու ենք, երկրորդն էլ ինչո՞ւ պիտի գնայինք. այդ կազմակերպությունը զուտ տրանսպորտային հարցերով կազմակերպություն է եւ մեր այցը քաղաքականացնելը, դրան քաղաքական երանգ տալը մեզ համար անընդունելի էր: 2018-ի կարծեմ մարտին Հայաստանում անցկացվեց TRACECA-ի նիստը, որին ադրբեջանական պատվիրակությունը եւս մասնակցեց: Նույնն է, թե մենք ծրագրում ներառեինք օրինակ Ծիծեռնակաբերդի պանթեոն այցելություն, բայց նման բան չի եղել, որովհետեւ դա պարզապես չի տեղավորվում TRACECA-ի տրամաբանության մեջ:

- Ձեր այդ բոյկոտը որեւէ կերպ ազդե՞ց այցի ընթացքի վրա, հետո ինչպե՞ս շարունակվեց նիստը:

- Չէ, որեւէ կերպ չազդեց: Իհարկե ադրբեջանցիները վրդովված էին, թարս ու շիտակ նայում էին մեր կողմ՝ ջղային աչքերով, բայց նիստի վրա չազդեց:

- Պարոն Սիմոնյան, եթե անդրադառնանք նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումների  բովանդակությանը. ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք, որ կարեւոր եք համարում:

- Քննարկված հարցերը վերաբերում էին տարբեր կազմակերպությունների հետ հուշագրեր կնքելուն: Որոշվեց, որ մյուս TRACECA-ն անցկացնենք 2021 թ. ապրիլին՝ Բուլղարիայում: Որոշվեց նաեւ, որ մյուս տարի ֆինանսական աուդիտ անցկացնող երկրների շարքում ենք լինելու. ամեն տարի 3 երկրների ներկայացուցիչներ ֆինանսական աուդիտ են անում: Դա մեզ համար լավ շանս է այդ կառույցի ֆինանսական սխեման հասկանալու եւ ծախսերը օպտիմալացնելու համար: Կառույցի գլխավոր քարտուղար ընտրեցինք: Թեկնածուներ առաջադրվել էին Ռումինիայի, Ղազախստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Գլխավոր քարտուղար ընտրվեց Ղազախստանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia)-ն տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ.։ Դրա նպատակը Եվրոպայից Սեւ ծովով, Կովկասով եւ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Սա հնագույն Մետաքսի ճանապարհի վերածննդի յուրօրինակ փորձ է։  Աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչներ։

Տպել
2418 դիտում

Փոխել նախագահի ընտրվելու կարգը, ընտրելու իրավունքի շեմը 18 տարեկանից իջեցնել 17. Իոաննիսյանը հետաքրքիր առաջարկներ ունի

«Էրեբունի պլազա» հյուրանոց զինված ներխուժած անձը վնասազերծվել է. Աշոտ Ահարոնյան

«Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած զինված անձը բանակցությունների արդյունքում հանձնել է ինքնաձիգը. ոստիկանություն

«էրեբունի պլազա» հյուրանոցին մոտենալ չի թույլատրվում նաեւ այդտեղ գործող մանկապարտեզի երեխաների ծնողներին

Հայկական թիմի նախկին ֆուտբոլիստը խաղացել է «Բարսելոնայի» դեմ

Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր

Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը եւ հետեւել են այդ մտքերին` փորելով քայլեր ձեռնարկել. Գրիգորյան

«Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքում լարված իրավիճակ է. ահազանգ է ստացվել կրակոցներ հնչելու մասին (լուսանկարներ)

Վրաստանը և Ադրբեջանը ստորագրել են 2020 թվականի երկկողմ համագործակցության պլանը

Հայ ֆուտբոլիստների «գրոհ» Ղազախստանի առաջնության վրա, որն է պատճառը

«Բելլաջիո» ռեստորանում կռիվ է եղել. միմյանց ուղղությամբ նետել են շշեր, բաժակներ, հայհոյել իրար

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ բողոքելով հէկերի կառուցման դեմ. նա գնում է բանակցությունների

Դատարանը քննում է Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը

Կարեն Խաչատրյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Ցավով եմ նշում, որ «Լուսավոր Հայաստան»-ը ուղղակի խցանվել է անցյալում. Լենա Նազարյան

Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը առհասարակ կարգելվի 2022-ից

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանելու որոշումը դատարանն անօրինական ճանաչեց

Բացահայտվել է անցած տարի Չեխովի փողոցում կատարված բնակարանային գողությունը

Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդին