Հեքիաթ կորոնավիրուսի թեմայով՝ 6-11 տարեկան երեխաների համար․ ծնողներին այն առաջարկում է ԱՀԿ-ն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում երեկ հրապարակվել է «Դու իմ հերոսն ես» հեքիաթը, որ պատմում է, թե ինչպես կարելի է հաղթել կորոնավիրուսին: Նկարազարդ այս հեքիաթը նախատեսված է 6-11 տարեկան երեխաների համար:

Նշվում է, որ հեքիաթը մշակվել է Մտավոր առողջության եւ հոգեբանական անհետաձգելի աջակցության հարցերով միջգերատեսչական մշտական հանձնաժողովի տեղեկատու խմբի ջանքերով: Հեքիաթը պատրաստելիս համաշխարհային հարցում է անցկացվել արաբերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Պատմությունը վերջնական ձեւակերպվել է այս նախագծի մասին 104 երկրի 1700 ծնողների, խնամակալների, ուսուցիչների եւ երեխաների կարծիքները լսելուց հետո՝ կարանտինային պայմաններում նրանց գտած լուծումները, նրանց մատնանշած խնդիրները հաշվի առնելով: Որպես տեքստի եւ նկարազարդման հեղինակ՝ նշված է Հելեն Փեթակը: Կայքում այս հեքիաթը դրված է ոչ միայն անգլերեն, այլեւ՝ արաբերեն, չինարեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն:

Ներկայացնենք այն նաեւ հայերեն. գուցե լավ առիթ է՝ ձայն տաք Ձեր փոքրիկին, նստեցնեք Ձեր ծնկներին, եւ ընթերցեք այս նկարազարդ հեքիաթը նրա հետ՝ դյուրացնելով տանը մնալու անհրաժեշտությանը համակերպվելն ու հերոսական ոգեղենությամբ զինվելով՝ ընդդեմ վարակի տարածման:

«Դու իմ հերոսն ես»

Սառայի համար իր մայրիկը հերոս է, քանի որ ամենալավ մայրիկն է եւ աշխարհի ամենալավ գիտնականը: Բայց նույնիսկ Սառայի մայրիկը չի կարողանում գտնել կորոնավիրուսի դեմ դեղը:

«Ինչի՞ նման է այդ կորոնավիրուսը»,- մայրիկին հարցրեց Սառան:

«COVID-19-ի կամ կորոնավիրուսի մասնիկները մեզ համար այնքան փոքր են, որ անտեսանելի են,-պատասխանեց մայրիկը,- բայց տարածվում են, երբ հիվանդ մարդիկ հազում կամ փռշտում են: Դրանք կպչում են մարդկանց կամ իրերին, ու փոխանցվում ուրիշներին: Հիվանդ մարդիկ տանջվում են՝ հազում, դժվարանում շնչել»:

«Ուրեմն, մենք չե՞նք կարող պայքարել դրա դեմ, քանի որ չենք կարողանում այն տեսնել»,- հարցրեց Սառան:

«Մենք կարող ենք պայքարել դրա դեմ,- ասաց մայրիկը,- եւ դրա ձեւը մեկն է. դու պիտի ապահով լինես, Սառա, վիրուսից հեռու: Վիրուսն ամեն տեսակի մարդկանց էլ կպչում է, բայց դրա դեմ կարող են պայքարել բոլորը: Երեխաներն էլ հատուկ ձեւով կարող են օգնել․ պետք է վիրուսից հեռու՝ ապահով մնան, և դա անեն բոլորիս համար: Ինձ շատ է պետք, որ դու իմ հերոսը լինես»:

Սառան պառկեց քնելու, բայց իրեն ընդհանրապես հերոս չէր զգում. նեղված էր: Նա ուզում էր գնալ դպրոց, բայց դպրոցը փակվել էր: Ուզում էր տեսնել իր ընկերներին, բայց դա անվտանգ չէր: Սառան ուզում էր այնպես անել, որ կորոնավիրուսը դադարի վախ տարածել իր աշխարհում:

«Հերոսներն ունեն գերբնական զորություններ,- ասաց նա ինքն իրեն՝ փակելով աչուկները,- բա ե՞ս ինչ ունեմ»:

Հանկարծ մթության մեջ մի մեղմ ձայնը շշնջաց նրա անունը:

«Ո՞վ կա այդտեղ»,- շշուկով արձագանքեց Սառան:

«Քեզ ի՞նչ է պետք հերոս լինելու համար, Սառա»,- հարցրեց ձայնը:

«Ինձ պետք է գտնել մի հնար, որ աշխարհի բոլոր երեխաներն իմանան՝ ինչպես պաշտպանել իրենց, որպեսզի նրանք պաշտպանեն բոլորին... »,- ասաց Սառան:

«Ի՞նչ կուզես, որ անեմ»,- հարցրեց ձայնը:

«Ինձ պետք է մի բան, որը կարող է թռչել ... եւ ունի հզոր ձայն ... եւ կարող է օգնել»:

Լուսնի լույսի տակ ուրվագծվեց մի զարմանալի արարած:

 

«Դու ի՞նչ ես»,- զարմացավ Սառան:

«Ես Արիոն եմ»,- հնչեց պատասխանը:

«Ես կյանքումս Արիո չէի տեսել»,- ասաց Սառան:

«Ես միշտ էստեղ եմ եղել,- ասաց Արիոն,- ես գալիս եմ քո սրտից»:

«Եթե ես քեզ ունեմ… ուրեմն կարող եմ աշխարհի բոլոր փոքրիկներին պատմել կորոնավիրուսի մասին,- ասաց Սառան,- ես կարող եմ հերոս լինել: Բայց սպասիր, Արիո, շուրջը կորոնավիրուս է, ճամփորդելը վտանգավոր չէ՞»:

«Միայն ինձ հետ, Սառա,- ասաց Արիոն,- ինձ հետ քեզ ոչ մի վտանգ չի սպառնում»:

 

Սառան ցատկեց Արիոյի մեջքին, եւ նրանք միասին դուրս թռան ննջարանի պատուհանից՝ դեպի գիշերային երկինք: Թռան դեպի աստղերն ու բարեւ արեցին լուսնին:

Արեւի ծագելուն պես նրանք վայրէջք կատարեցին մի գեղեցիկ անապատում, ուր բուրգեր կային: Մի խումբ երեխաներ խաղում էին մոտերքում: Նրանք ուրախ-ուրախ վեր ցատկեցին եւ ձեռքով արեցին Սառային ու Արիոյին:

 

«Բարի գալուստ, ես Սալեմն եմ,- բացականչեց տղաներից մեկը,- այստեղ ի՞նչ եք անում: Կներեք, մենք չենք կարող մոտ գալ, մենք պետք է ամենաքիչը մեկ մետր հեռու մնանք»:

«Մենք էլ հենց այդ պատճառով ենք այստեղ»,- բացականչեց Սառան,- ես Սառան եմ, իսկ նա Արիոն է: Իսկ դուք գիտե՞ք, որ երեխաները կարող են հեռու պահել իրենց հարեւաններին, ընկերներին, ծնողներին, պապիկներին ու տատիկներին կորոնավիրուսից: Մենք բոլորս պետք է… »

«Լվանանք մեր ձեռքերը օճառով եւ ջրով»,- արձագանքեց Սալեմը ժպիտով,- մենք գիտենք, Սառա: Նաեւ, երբ հիվանդանում ենք, հազում ենք արմունկների վրա, եւ մարդկանց ոչ թե ձեռքով ենք բարեւում, այլ ձեռքով ենք անում: Ու փորձում ենք մնալ տանը, բայց մենք ապրում ենք շատ մարդաշատ քաղաքում… այստեղ ոչ բոլորն են մնում տանը»:

«Հըմ, միգուցե ես կարող եմ այդ առումով օգնել», - ասաց Արիոն:- նրանք չեն կարող տեսնել կորոնավիրուսը, բայց ... նրանք կարող են տեսնել ինձ: Ցատկեք մեջքիս, բայց նստեք թեւերիս. այդպես առնվազն մեկ մետր հեռու կլինեք իրարից»:

 

Արիոն թռավ դեպի երկինք՝ Սալեմին ու Սառային թեւերին առած: Նա թռավ դեպի քաղաք ու սկսեց մռնչալ եւ երգել: Այնքան բարձր, որ փողոցում խաղացող երեխաները լսեն։ Այդ ժամանակ Սալեմը գոչեց. «Գնացեք, պատմեք ձեր ընտանիքներին, որ ավելի անվտանգ է ներսում մնալը: Մենք կարող ենք հոգ տանել միմյանցից մասին՝ տանը մնալով»:

Մարդիկ, իրենց տեսածից զարմացած, իրար նայեցին ու համաձայնեցին գնալ իրենց տները:

Արիոն սլացավ երկնքով: Սալեմն ուրախ բացականչեց: Նրանց կողքով՝ ամպերի միջով մի ինքնաթիռ էր անցնում. ուղեւորները վախեցած նայեցին նրանց:

 

«Մարդիկ պիտի դադարեն ճանապարհորդել, գոնե առայժմ», - ասաց Սալեմը: «Սահմանները ողջ աշխարհում փակվում են, եւ մենք բոլորս պետք է մնանք այնտեղ, որտեղ որ ենք եւ այն մարդկանց հետ, ում սիրում ենք»:

«Այնքան բան է փոխվել,- ասաց Սառան,- երբեմն դա ինձ վախեցնում է»:

«Երբ շատ բան է փոխվում, ես էլ եմ վախենում ու շփոթվում, Սառա,- ասաց Արիոն,- երբ վախենում եմ, ես շատ դանդաղ եմ շնչում եւ կրակ եմ արտաշնչում»:

Եվ Արիոն մի հսկայական հրեգունդ արտաշնչեց:

«Իսկ ինչպե՞ս եք դուք հանգստանում, երբ վախենում եք»,- նրանց հարցրեց Արիոն:

«Ես սիրում եմ մտածել մեկի մասին, ում հետ ինձ ապահով եմ զգում»,- ասաց Սառան:

«Ես էլ: Ինձ թվում է, բոլոր մարդիկ, որ ինձ ապահովության զգացում են տալիս, իմ տատիկին ու պապիկին են նման,- ասաց Սալեմը,- կարոտել եմ նրանց: Չեմ կարող գրկել նրանց, որովհետեւ կարող է՝ կորոնավիրուս փոխանցեմ: Սովորաբար, մենք նրանց հանդիպում էինք ամեն շաբաթ, բայց հիմա՝ չէ, քանի որ պիտի նրանց վիրուսից հեռու պահենք»:

«Իսկ իրենց զանգել կարո՞ղ ես»,- հարցրեց Սառան:

«Դե այո,- ասաց Սալեմը,- նրանք ինձ ամեն օր զանգում են, եւ ես պատմում եմ այն ամենի մասին, որ անում ենք տանը: Դրանից ես ավելի լավ եմ զգում, նրանք էլ են լավ զգում»:

«Դե բնական է, կարոտում ենք մեր սիրելի մարդկանց, ում հիմա չենք կարող տեսնել,- ասաց Արիոն,- բայց դա էլ ցույց է տալիս՝ ինչքան ենք մտածում նրանց մասին: Ձեզ ավելի լավ կզգա՞ք, որ այլ հերոսների էլ հանդիպենք»:

«Այո, այո, խնդրում ենք»,- բացականչեցին Սառան ու Սալեմը:

«Հրաշալի է, իմ ընկեր Սաշան առանձնահատուկ գերբնական ուժ ունի,- ասաց Արիոն,- գնացինք»:

 

Այսպես, նրանք սլացան ցած ու իջան մի գյուղի մոտ: Տներից մեկի մոտ մի աղջիկ կար. ծաղիկ էր քաղում: Երբ տեսավ Արիոյին՝ երեխաները թեւերին, բարձր ծիծաղեց:

«Արիո,- կանչեց,- նվազագույնը մի մետր հեռու պիտի մնանք իրարից, այնպես որ ես քեզ գրկիկ եմ ուղարկում: Այստեղ ի՞նչ եք անում»:

«Ես գրկիկդ զգացի, հենց այդ մասին ասացիր, Սաշա,- պատասխանեց Արիոն,- բառերով մեր հոգատարությունը փոխանցելու համար խելքս գնում է, ու մեր գործերով էլ: Ես ուզում եմ՝ ընկերներս տեսնեն քո գերուժը»:

«Ի՞նչ գերուժ»,- հարցրեց Սառան:

«Այն պահից, ինչ քո ընտանիքը հիվանդացել է, դու տանից տեղ չես գնացել, որ հանգիստ լինես, որ կորոնավիրուս ոչ մեկին չես փոխանցել»,- ասաց Արիոն:

«Այո, հայրիկս էր, նա իր ննջարանում էր մնում, մինչեւ որ լրիվ լավացավ»,- ասաց Սաշան:

 

«Բայց դա սարսափելի չէր. մենք միասին խաղում էինք, թխվածքներ պատրաստում, պարտեզում զբոսնում, սեղան նստում բոլորով: Եղբորս հետ թռչկոտում, պարում էինք: Գրքեր էինք կարդում, ես շարունակում էի դաս անել. դպրոցն էլ կարոտել եմ: Տանը մնալը սկզբում տարօրինակ էր, բայց հիմա նորմալ է»:

«Միշտ չի, որ հեշտ էր, Սաշա,- ասաց Արիոն,- սիրելիներիդ հետ տանը մնալով՝ դու քեզ համար զբաղմունք ես գտնում. այ դրա՛ համար, դու իմ հերոսն ես»:

«Իսկ կռիվ անո՞ւմ եք ընտանիքում»,- հարցրեց Սալեմը:

«Հա, անում ենք,- ասաց Սաշան, - պիտի ահավոր համբերատար լինենք, ահավոր հասկացող, եւ ամենաարագը՝ «կներես» ասելու գործում: Դա, իրոք, գերուժ է, որովհետեւ այդպես կարող ենք մեզ եւ մյուսներին ավելի լավ զգալու հնարավորություն տալ: Ես սիրում եմ երգել ու պարել: Եվ կարող եմ երբեմն այստեղ կանչել իմ ընկերներին…»:

«Բայց Արիո, ի՞նչ անեն նրանք, որ տնից հեռու են կամ պարտեզ չունեն»,- հարցրեց Սառան:

«Դա լուրջ հարց է,- ասաց Արիոն,- արի գնանք, նրանց գտնենք»:

 

Եվ նրանք հրաժեշտ տվեցին Սաշային ու շարունակեցին ճանապարհը: Օդը կտրուկ տաքացավ, երբ սկսեցին վայրէջք կատարել ծովերով շրջապատված կղզում:

 

Մի ճամբար տեսան այստեղ: Մի աղջիկ, նրանց նկատելով, ձեռքով արեց:

«Բարեւ, Արիո: Այնքան ուրախ եմ, որ նորից տեսա քեզ,- բացականչեց նա,- մենք փորձում ենք նվազագույնը մի մետր հեռու մնալ իրարից, այնպես որ այստեղից կխոսեմ քեզ հետ: Բայց ինձ համար շատ հաճելի է ծանոթանալ ընկերներիդ հետ: Անունս Լեյլա է»:

«Բարեւ, Լեյլա: Ես Սառան եմ, իսկ նա Սալեմն է: Կարծես դուք էլ փորձում եք պաշտպանվել կորոնավիրուսից: Ուրիշ ի՞նչ եք անում»:

«Լվանում ենք մեր ձեռքերը օճառով ու ջրով»,- ասաց Լեյլան:

«Հազալիս արմունկո՞վ եք փակում բերանը»,- հարցրեց Սալեմը:

«Ինչպե՞ս, ցույց կտա՞ս»,- խնդրեց Լեյլան: Սալեմը ցույց տվեց:

«Մենք փորձում ենք համարձակ լինել,- ասաց Լեյլան,- բայց մի բան ինձ անհանգստացնում է: Կարո՞ղ եմ այդ մասին ձեզ հետ խոսել: Լսել եմ, որ մեկը հիվանդացել է եւ մահացել: Ճի՞շտ է, որ մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսից»:

 

Արիոն հառաչեց եւ հսկայական ոտքերը ծալելով՝ նստեց:

«Այո, իմ հերոսներ,- ասաց Արիոն,- տարօրինակ է, բայց ոմանք կարող է ոչ մի տկարություն չզգան, ոմանք՝ շատ վատ զգան, ոմանք էլ՝ մահանան: Դրա համար էլ բոլորս պիտի ավելի հոգատար լինենք տատիկ-պապիկների նկատմամբ, եւ նրանց նկատմամբ, որ այլ հիվանդություններ ունեն, քանի որ նրանք կարող է շատ ծանր հիվանդանան: Երբեմն, երբ շատ ենք վախենում կամ վտանգ ենք զգում, օգնում է ապահով մի տեղի մասին մտածելը: Կցանկանա՞ք հիմա միասին փորձենք»:

«Այո»,- ասացին բոլորը, եւ Արիոն խնդրեց նրանց փակել աչքերն ու երազել մի այնպիսի տեղի մասին, ուր իրենց ապահով են զգում:

«Հիշեք մի տեղ կամ ժամանակ, երբ ձեզ ապահով էիք զգում»,- ասաց Արիոն:

Հետո Արիոն հարցրեց, թե ինչ են նրանք տեսնում, ինչ են զգում, նույնիսկ՝ ինչ բույր կա իրենց ապահով վայրում: Հարցրեց՝ կա՞ մեկը, ում կցանկանային հրավիրել իրենց ապահով վայրը, եւ ի՞նչ կխոսեին նրա հետ:

«Դուք կարող եք ձեր ապահով վայրը գնալ, երբ ձեզ տխուր ու վախեցած զգաք,- ասաց Արիոն,- սա կլինի ձեր գերուժը, եւ դուք կարող եք այդ մասին պատմել ձեր ընկերերին ու հարազատներին: Եվ հիշեք, ես ձեր մասին հոգ եմ տանում, եւ ձեր մասին հոգ են տանում շատերը: Դա ձեզ կօգնի»:

 

«Մենք կարող ենք իրար մասին հոգ տանել»,- ասաց Լեյլան:

«Ճիշտ է,- ասաց Արիոն,- կարող ենք իրար մասին հոգ տանել՝ ուր էլ որ լինենք: Կուզե՞ս մեզ հետ գալ. մեր վերջին ճամփորդությունն է»:

Լեյլան որոշեց ճամփորդել Արիոյի եւ իր նոր ընկերների հետ: Սառան ուրախացավ, որ Լեյլան միացավ իրենց, քանի որ նա գիտեր, որ երբեմն մենք պիտի միմյանց աջակցենք: Նրանք թռչում էին հանդարտ, ու թեպետ չէին խոսում, բայց Լեյլան զգում էր, որ իր ընկերների հոգատարությունը:

 

Հեռվում ուրվագծվեցին ձյունապատ լեռները, եւ Արիոն վայրէջք կատարեց մի փոքրիկ քաղաքում: Երեխաներ էին խաղում գետակում:

«Արիո»,- բացականչեց մեկը՝ թափահարելով ձեռքերը:

«Բարեւ, Քիմ,- պատասխանեց Արիոն, ու դառնալով իր թեւերից իջնող ընկերներին՝ ասաց,- ես ուղղակի ցանկանում եմ ձեզ ծանոթացնել իմ ընկերների հետ, որ կորոնավիրուսով վարակվել են ու լավացել»:

«Իսկ դա ինչպե՞ս էր»,- հարցրեց Սալեմը:

«Հազում էի ու երբեմն սաստիկ շոգում, նաեւ շատ հոգնած էի զգում եւ մի քանի օր բոլորովին չէի ուզում խաղալ,- ասաց Քիմը,- բայց ես շատ քնեցի, իսկ իմ ընտանիքն ինձ խնամում էր: Շատերիս ծնողները եւ տատիկ-պապիկները ստիպված էին հիվանդանոցում պառկել: Բուժքույրերն ու բժիշկները շատ բարի էին: Հետո էլ մեզ մոտ բոլորը նրանց օգնում էին: Մի քանի շաբաթ հետո մենք նորից լավ էինք»:

«Ես Քիմի ընկերն եմ,- ասաց մի ուրիշ փոքրիկ,- երբ Քիմը կորոնավիրուսով հիվանդացավ, մենք հո չդադարեցինք ընկերներ լինել: Չնայած որ չէինք տեսնվում,  ես միշտ մտածում էի նրա մասին: Եվ շատ ուրախ եմ, որ կարող ենք կրկին միասին խաղալ»:

«Երբեմն որպես ընկեր՝ մեր ամենակարեւոր անելիքը միմյանց պաշտպանելն է,- ասաց Արիոն,- նույնիսկ եթե դա իրարից հեռու մնալով պիտի լինի»:

 

«Մենք կարող ենք այդ ամենը միմյանց համար անել»,- ասաց Լեյլան:

«Եվ մի օր նորից կկարողանանք միասին խաղալ եւ սովորականի պես դպրոց գնալ»,- ասաց Սալեմը:

Արդեն տուն գնալու ժամանակն էր. ժամանակն էր, որ Սառան հրաժեշտ տար նոր ընկերներին: Նրանք միմյանց խոստացան, որ երբեք-երբեք չեն մոռանա իրար եւ այն արկածները, որոնց միջով միասին անցան:

Սառան տխրեց, որ չեն հանդիպելու, բայց հետո հիշեց՝ ինչ էր ասել Քիմի ընկերը՝ միայն այն, որ դու չես տեսնում քո մտերիմներին, չի նշանակում, որ դու չես սիրում նրանց:

Արիոն նրանց հետ տարավ իրենց տները, ու նստեց Սառայի կողքին՝ սպասելով, որ քնի:

«Իսկ կարո՞ղ ենք վաղն էլ շրջել»,- հարցրեց Սառան:

«Չէ, Սառա, հիմա ժամանակն է, որ դու տանը լինես՝ քո ընտանիքի հետ»,- ասաց Արիոն,- հիշիր մեր պատմությունը. դու կարող ես պաշտպանել քո սիրելիներին ձեռքերդ լվանալով ու տանը մնալով: Ես երբեք քեզնից չեմ հեռանա: Ու կարող ես միշտ ինձ հետ լինել, երբ գնաս քո ապահով վայրը»:

«Դու իմ հերոսն ես»,- շշնջաց Սառան:

«Դու էլ իմ հերոսն ես, Սառա: Դու հերոսն ես բոլոր նրանց, ովքեր սիրում են քեզ»,- ասաց Արիոն:

Սառան քնեց, իսկ երբ առավոտյան արթնացավ, Արիոն գնացել էր: Եվ Սառան գնաց իր ապահով վայրը՝ նրա հետ խոսելու: Իսկ հետո վեր կացավ ու նկարեց այն ամենն, ինչ տեսել էր ու սովորել իրենց ճամփորդության ժամանակ: Նա վազեց իր մայրիկի մոտ ու իր նկարները ցույց տվեց նրան:

«Մամ, մենք կարող ենք բոլորին օգնել, որ ապահով լինեն,- ասաց նա,- իմ արկածների ժամանակ ես այնքա՜ն հերոսների հանդիպեցի»:

«Ախ, իմ խելոք Սառա, ճիշտ ես,- ասաց մայրիկը:

«Այնքան շատ հերոսներ կան, որ օգնում են մարդկանց կորոնավիրուսից հեռու մնալ, նաեւ բժիշկներն ու բուժքույրերը: Բայց դու ինձ էլի կհիշեցնես, որ մենք բոլորս կարող ենք հերոս լինել. բոլորս, ամեն օր: Իսկ իմ ամենամեծ հերոս դու ես»:

Հ․Գ․ Ինչպես եւ պահանջվում է ԱՀԿ-ի կայքում, նշում ենք, որ այս թարգմանությունը չի կատարվել Մտավոր առողջության եւ հոգեբանական անհետաձգելի աջակցության հարցերով Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի (IASC) կողմից, այն չի կարող հրատարակվել եւ տարածվել շահույթ ստանալու նպատակով:

Տպել
2967 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին