«Բարձրանալ շա՜տ վերև ու լինել թեթև, ազատ, երջանիկ»

06/05/2020 schedule17:25

«Բարձրանալ շա՜տ վերև ու լինել թեթև, ազատ, երջանիկ»

Կյանքն ինքնին երջանկություն է: Սովորաբար երջանկությունը գնահատում ենք, երբ այն արդեն անցած է լինում, ու երբ դա հասկացել եմ, փորձել եմ հենց այդ պահին բռնել այն ու հենց այդ պահին գիտակցել, թե ինչ կա իմ ձեռքերում: Այսպիսի նուրբ բան ասեմ՝ դերասանը գիտի, որ հիմա բեմ է դուրս գալու և դեր է խաղալու: Մտնում է բեմ, իսկապես բուռն ապրումների մեջ է, իսկական արցունքներով լացում է, բայց հետո մի աչք՝ իր երրորդ աչքը, կողքից իրեն է նայում, թե՝ «Շան տղան ինչ լավ է խաղում...»: Խիստ մասնագիտական դրվագի մասին եմ հիմա խոսում, բայց կյանքն էլ մի շատ սիրուն խաղ է. մեզ դրել են այս «թատրոնի» մեջ, և այս խաղում շատ կարևոր է, որ դու միշտ՝ բոլոր իրավիճակներում կարողանաս երրորդ աչքով քեզ հետևել: Այդ երրորդ աչքը քեզ կօգնի նաև, որ պահի երջանկությունը հասկանաս: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, գուցե այն պատճառով, որ երբ շնորհակալ ես լինում կյանքին, կյանքն էլ քեզ է շնորհակալ լինում: Ես, իրոք, շնորհակալ եմ Աստծուց ու կյանքից: Ինձ թվում է՝ մենք ծնվել ենք, որ կատարելագործվենք ու ավելի լավը դառնանք, ու ես կարծում եմ, որ ամենամեծ երջանկությունը Աստծուն ձգտելն է: Ինչպես է խոտը կանաչում, ինչպես է ծաղիկը բացվում, ինչպես է մարդը երգում՝ այս ամեն ինչի մեջ Աստված կա: Ես երջանիկ եմ, որ ունեմ այդ աչքը՝ տեսնելու և ականջը՝ լսելու համար:

Դերասանուհի Նարինե Գրիգորյան

Անձնական երջանկություն

Հիմա՝ այս պահին, նստած ենք երեքով՝ ես, Սերգեյը, Եվան, որ դեռ փոքր է և քանի դպրոց չի գնում, ազատ ստեղծագործում է. ահա, այս դրվագն ուզում եմ լուսանկարի պես պահել սրտումս ու միշտ հիշել այդ պատկերը՝ որպես երջանկության: Այդպես հիշում եմ այն ընթացքը, երբ Սերգեյի հետ դեռ չէինք ամուսնացել, շատ դժվարություններ կային, բայց մեծ սեր և երջանկություն կար այդ օրերում: Ես գիտեի, որ մի օր սիրելու եմ, մի օր դա լինելու է, և այդ սերն այնքա՜ն մեծ է լինելու, որ գուցե ամեն մեկին տրված չի լինելու այդքան ուժեղ սիրելու ունակությունը: Գիտեի, որ սիրելու եմ մեկ անգամ և ընդմիշտ: Մեկընդմիշտ: Սերը միայն ուրախություն չէ, սերն անպայման ցավ ունի իր հետ: Ինչպես ջուրը, առանց որի կյանք չունենք, հագեցնում է մեզ, բայց կարող է և խեղդել: Դե, պատկերացրեք, թե մեծ սիրո մեջ որքա՜ն ցավեր կան: Բայց որքա՜ն զարմանալի բան է այդ սերը՝ հենց ինքն էլ քեզ օգնում է անցնել այդ ցավերի միջով, հետո բարձրանալ շա՜տ վերև ու փրկվել՝ լինել թեթև, ազատ ու երջանիկ:

Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, թեև պատերազմ էր: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք թաքնվում նկուղներում ալազաններից ու գրադներից, ինչպես հայրիկիս գերի տարան, ինչպես նա եկավ՝ ծեծված և ատամները թափված, բայց, միևնույն է, ես երջանիկ էի, որովհետև մանկությունն արդեն երջանկություն է, որովհետև նաև մեծերը թույլ չեն տալիս, որ դու հասկանաս, թե իրականում ինչքան վատ է ամեն ինչ: Երբ լուր եկավ, որ հայրս գալիս է գերությունից, գնացինք դիմավորելու: Հայրս կաղում էր: Հետո, երբ արդեն ամբողջ գյուղն էր եկել մեր տուն՝ հորս տեսնելու, հարցնում էին՝ «Դե, Կառլե՛ն, պատմիր, ո՞նց է եղել»: Հայրս ուզում էր խոսել, մեկ էլ տեսավ ինձ ու քրոջս՝ դռների մոտ կանգնած, ասաց՝ «Վա՜յ, էնտեղ էնքան լավ անեկդոտ եմ լսել...» ու սկսեց անեկդոտ պատմել, ու ես ահագին ժամանակ վստահ էի, թե պապաս այնտեղ ամբողջ օրը անեկդոտ էր լսում:

Բոլոր երեխաները չէ, որ ինձ պես ուրախ են հիշում պատերազմի տարիները: Այդ տարիների իմ երջանկությունը ծնողներիս շնորհն է, որ պատերազմը խաղ էին դարձրել: Ես մոնոներկայացում ունեմ՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», այդտեղ ես պատմում եմ այդ բոլոր պատմությունները: Այս ներկայացումը շատ միջազգային բեմերում եմ խաղացել, և այն շատ է հուզում հանդիսատեսին: Թվում է՝ խոսվում է մի թեմայի մասին, որ կարող է շատ պաթետիկ հնչել՝ հայրենիք և պատերազմ, բայց դիտանկյունը երեխայի աչքերով է, և ամենաազդեցիկն այն է, որ այդ երեխան շատ ուրախ և շատ անկեղծ է պատմում պատերազմի մասին:

Իմ մանկության լավագույն հիշողությունները տատիկիս տան հետ են կապված, որտեղ միշտ շատ հյուրեր կային, և մենք նրանց համար տոմսեր էինք պատրաստում և ներկայացումներ էինք խաղում:

Հիմա էլ, երբ վերլուծում եմ ստեղծագործությունս, դետալները դնում եմ կողք կողքի, հասկանում եմ, որ այդ փազլները մանկությունից եմ բերել ինձ հետ:      

Մասնագիտական երջանկություն.

Միշտ եմ ասել, որ դերասանի մասնագիտությունն ամենաերջանկաբերն է, որովհետև այն հնարավորություն է տալիս կյանքում լինել ամեն ինչ, ապրել մի քանի կյանք, ապրել բոլոր մասնագիտությունները: Անբացատրելի մոգություն կա այս մասնագիտության մեջ. մտնում ես բեմ, ու եթե այդ օրը միասին եք շնչում հանդիսատեսի հետ, ու եթե կայանում է հանդիսատեսի հետ թռիչքի ակտը, ապա դրանից վեհ, դրանից գեղեցիկ և դրանից երջանիկ բան այս աշխարհում չկա: Ի դեպ, թռիչքի թեման ինձ «հետապնդում» է: Վերջերս թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն էր իր հոդվածներից մեկում նկատել, որ թռիչքի գաղափարը, թռիչքի զգացողությունը ներկա է իմ բոլոր ներկայացումներում: Չգիտեմ՝ ինչու է այդպես, երևի թռիչքը մեզ շատ է պակասում, ու երբ չի կայանում այդ թռիչքը, ինձ շատ դժբախտ և մեղավոր եմ զգում, որ մարդիկ տոմս են առել, եկել են թատրոն, և չի կայացել այն, ինչին երկար պատրաստվել եմ:  

Դերեր կան, որ 5-6 տարի խաղում եմ և զգում եմ, որ կերպարն սկսել է հոգնել: Այդ ժամանակ ես նրան ինչ-որ բան եմ նվիրում՝ նոր զարդեր, նոր զգեստ, իսկ կերպարը ստեղծելու ընթացքում ընդհանրապես ինչ ունեմ՝ նրանն է: Ընդ որում՝ լավագույնը պիտի տաս նրան, որ լավագույնը քաղես: Եղել է, որ նոր կոշիկներս եմ նվիրել իմ կերպարին, որովհետև կոշիկը կերպարային ընդգծման կարևոր շտրիխներից է՝ ինչպես է նա քայլում: Ինչ պետք է, ինչ պակասում է իմ կերպարին՝ տալիս եմ նրան:  

Դերասաններ կան՝ չեն ուզում, որ իրենց երեխան շարունակի դերասանի մասնագիտությունը: Ես շատ եմ ուզում, որ Եվան դառնա դերասանուհի, բայց, իհարկե, երբեք չեմ պարտադրի. Եվան ինչ ուզում է, թող դա էլ լինի, իր ընտրությունն է: Եվ եթե այդ մասնագիտությունը կերջանկացնի նրան այնքան, որքան դերասանությունն է ինձ երջանկացրել, ուրեմն թո՛ղ լինի:

Հանրային երջանկություն.

Ես համարում եմ, որ եթե թատրոնում կարողանում ես հանդիսատեսի հետ թռիչքի ակտ կատարել, դա հանրային երջանկություն է: Երբ հանդիսատեսը հետո պատմում է, որ ներկայացումից հետո մարմնի ցավն անցել է կամ մեղմացել, կամ առավոտյան այնքան զվարթ է արթնացել՝ մի՞թե սա հանրային երջանկություն չէ:

Երջանկություն էր, երբ մեր հին «չխկլիկ» հեռուստացույցից իմացա, որ Շուշին ենք ազատագրել, ինձ թվաց, թե պատերազմն արդեն ավարտվեց, և մենք հաղթել ենք: Աներևակայելի էր, որ Շուշին, այն բարձր քաղաքը, որտեղից եթե մի քար էլ գլորեիր, կարող էիր վնասել Ստեփանակերտին, այն բարձունքը, որտեղից «գրադով» խփում էին, արդեն մերն է: Դրանից հետո թեժ մարտեր եղան, շատ զոհեր եղան, բայց հաղթանակի զգացողությունս անվրեպ էր:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ է այն երկիրը, որտեղ մարդիկ Աստծո տված սկզբունքներով են ապրում: Բոլոր տեսակի հասարակարգերում՝ ստրկատիրական, ֆեոդալական, կոմունիստական, սոցիալիստական, կապիտալիստական, որտեղ մարդը փորձել է կառավարել այլ մարդկանց, գործը գլուխ չի եկել, չի ստացվել, երջանկաբեր չի եղել: Ես, որ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, որքան էլ բոլորին սիրում եմ, երբեմն չի հաջողվում այնպես անել, որ բոլորի համար լավ լինի: Իմ պապն ու հայրն էլ լավ ղեկավարներ են եղել, բայց էլի այնպես չէր, որ բոլորը գոհ էին: Հեղափոխության հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ էլ աներ, ինչպես էլ աներ, միևնույն է, դժգոհության որոշակի ալիք անպայման լինելու էր: Մարդը միշտ ավելին է ուզում կամ միայն իր պատուհանից է նայում, եւ իմ նշած օրինակները արդար, սրտացավ կառավարման փորձից են:

Սովորաբար երբ կառավարման այս կամ այն համակարգում հղում են անում աստվածային խոսքին, հիմնականում մեջտեղից հանում են Աստծուն, ինչպես, օրինակ, կոմունիստական ժամանակներում էր: Մարդակենտրոն հռչակագրերի մասին են հայտարարում, բայց այդ տարածքներում իսպառ բացակայում է սերը մարդու հանդեպ: Այսպիսի ողբերգությունների միջով էլ է անցել մարդկությունը: Հիմա, երբ ողջ մոլորակը կանգնել է համաճարակի փաստի առաջ, գուցե իսկապես ժամանակն է կանգ առնելու, «ռեսթարթ» լինելու, մտածելու՝ ով ենք, ինչ ենք, որտեղից ենք եկել, ուր ենք գնալու: Պարոն Բաբայանը լավ էր ասում, որ այսքան սահմաններ գծեցինք, վերջում մնացինք բնակարանի սահմանների ներսում: Գուցե, իրոք, եկել է աստվածային սկզբունքների մասին մտածելու, դրանք ամեն բջիջով յուրացնելու և երջանիկ հասարակարգ ստեղծելու ժամանակը:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4328 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել