Մեկուսացման միջոցառումները ազդել եւ ազդում մեր ամենօրյա սովորությունների վրա. հետեւանքները դեռ կերեւան

Կարանտին, սոցիալական հեռավորություն, տնից աշխատել, խանութ գնալ դիմակով, երեկոն ընկերների հետ անցկացնել zoom-ով. այս ամենն ամբողջովին փոխել է մեր օրվա սովորական ռիթմը, եւ սա միայն սկիզբն է այն մեծ փոփոխությունների, որ դեռ տեղի են ունենալու յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր հանրույթում. սոցիոլոգիական հետազոտություններին ծանոթանալով՝ եզրահանգել է BBC- ն:

Սահմանափակումների հինգ փուլերը

Ավստրալիայի հոգեբանական ասոցիացիայի ղեկավար Մարիա Քոլինզն իր հոդվածում նշել է հինգ հիմնական փուլ, որոնցով անցնում են մարդիկ կարանտինի կամ ինքնամեկուսացման պայմաններում: Այս նոր սանդղակը փոքր-ինչ տարբերվում է վիշտն ընդունելու ավանդական փուլերի սանդղակից, որ 1969-ին դոկտոր Էլիզաբեթ Կուբլեր-Ռոսսն է սահմանել՝ «ժխտում, զայրույթ, սակարկություն, ընկճախտ՝ դեպրեսիա, ընդունում»:

Կորոնավիրուսային մեկուսացման փուլերը, ըստ Քոլինզի, այսպիսին են՝ «անվստահություն (մերժում), զայրույթ, տխրություն, ընդունում եւ հույս»:

Առաջին փուլը մեզանից շատերն ապրել են մարտ ամսվա երկրորդ կեսում. այս ընթացքում մարդիկ, ինչպես Քոլինզն է նշում, պարզապես հրաժարվել են ընդունել այն փաստը, որ նրանց պետք է կտրուկ փոխել իրենց սովորությունները եւ սահմանափակել իրենց կյանքը իրենց համար անտեսանելի պատճառով:

Հաջորդիվ, անվստահությունը փոխարինվում է զայրույթով, երբ ակնհայտ է դառնում, որ սովորական ապրելակերպն այլեւս չկա, եւ դուք այդ առումով չեք կարող անել ոչինչ՝ ընդհանրապես ոչինչ: Ընդհանուր առմամբ, այս փուլը եւս արդեն անցել են մեկուսացված եւ մեկուսացած մարդիկ:

Տխրության երրորդ փուլն ակնհայտ կլինի, երբ մտաբերեք, ինչպես էիք պատուհանից նայում դատարկ (իսկ սովորաբար մարդաշատ) փողոցին, ինչպես էիք անցնում անորոշ ժամանակով փակված խանութների մոտով եւ սոցիալական ցանցերում տեսնում, որ կորոնավիրուսը՝ մինչ այդ վերացական մի բան, հարվածել էր ձեր ծանոթներից մեկին:

Մերի Քոլինզի սանդղակով՝ մեզանից շատերն այժմ «ընդունելու» փուլում են. սովորական են դարձել նոր ամենօրյա ծեսերը: «Մենք հասել ենք այն կետին, երբ մենք ընդունում ենք նոր իրականությունը եւ համակերպվում ենք դրա հետ անկախ նրանից՝ դա տնից աշխատանքն է, թե մեր երեխաների դպրոցական կրթությունը: Կամ էլ մենք վերապրել ենք աշխատանքից հեռացվելու բոլոր հետեւանքները եւ այժմ սպասում ենք իշխանությունների աջակցությանը»,- գրել է նա:

Հինգերորդ փուլը՝ լավատեսությունը, սկսվում է կարանտինային միջոցառումների թուլացումից: «Ընդունման փուլում նյարդային համակարգը կայունանում է, որից հետո օրգանիզմը սկսում է արտազատել ադրենալին, մարդիկ դառնում են ավելի ստեղծագործ, աշխատանքն՝ առավել արդյունավետ, ռացիոնալ մտածողությունը սկսում է լավ գործել»,- բացատրել է Քոլինսը:

Այնուամենայնիվ, սահմանափակումների ամբողջական չեղարկումը դեռ հեռու է, եւ ճգնաժամի հետեւանքները կզգացվեն դեռ տարիներ շարունակ, եւ դա արդեն ազդել է եւ անխուսափելիորեն կազդի մեր ամենօրյա վարքի վրա:

Աղքատներն ու բոհեմականները. ո՞վ է անցնում արգելքների վրայով

Սոցիոլոգները, հոգեբանները, սոցիալական մարդաբանները եւ մարդկային գործունեության տարբեր ոլորտներ ուսումնասիրող այլ գիտնականներ այժմ ընդունում են, որ հիմա մեծ ուսումնասիրության ամենասկզբում են միայն: Բացի այդ, իրենց ուսումնասիրության տիրույթում առկա իրադարձությունները կատարվում են հենց հիմա, եւ բոլոր փորձագետները ազատ գործունեության նույնքան սահմանափակումներ ունեն, որքան բոլորը, ովքեր մեկուսացման մեջ են (իրենք էլ հետազոտության օբյեկտ կարող են լինել): Եվ շատ-շատ հարցերի պատասխաններ դեռ գոյություն չունեն. կան միայն նախնական դիտարկումներ:

Օրինակ՝ բոլոր երկրներում էլ խախտվում են սահմանափակումները կարգավորող կանոնները: Ոստիկաններն արձագանքում են նախազգուշացումներով եւ տուգանքներով: Սոցիոլոգ, Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Բիկբովն ասում է, որ մարդկանց երկու տեսակ կա, որ խախտումներն անում են գիտակցաբար: «Բուրժուական (հարուստների) թաղամասերում մարդիկ ոչ միայն դուրս են գալիս սնունդ գնելու, այլեւ կանգնում են խմբերով ու զրուցում: Եվ սա հետաքրքիր է»,- ասում է Բիկբովը՝ հավելելով, որ ավելի շատ կարգապահություն եւ գիտակցություն հնարավոր է ակնկալել միայն կրթված հասարակություններից:

Վայելքով մեռնելու ազատությունն ու իրավունքը

Ըստ նրա, կանոններն անտեսելը հատկապես նկատելի է ավելի բարձր տարիքային խմբում. մարդիկ նորից ու նորից անում են իրենց՝ վաղուց սովորություն դարձած գործողությունները. օրինակ, գնում են հացաբուլկեղենի խանութ՝ մի սովորական կրուասան գնելու: Ու բացարձակապես անհրաժեշտ չեն համարում հեռավորություն պահել միմյանցից:

Սոցիոլոգը սա անվանում է «վայելքով մեռնելու ազատություն» եւ հիշում է, թե ինչպես էին ոմանք իրենց պահում 2015-ին սրճարաններում եւ ռեստորաններում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո. ֆրանսերեն նրանց կոչում են «բուրժուա բոհեմականներ»: Նրանք կազմակերպեցին մի ամբողջ արշավ, որպեսզի  մարդիկ, հաշվի չառնելով նոր հարձակումների վտանգը, շարունակեն գնալ ռեստորաններ: «Վտանգը չանտեսելը եւ կենսակերպի փոփոխությունը մարդկանց կողմից ընկալվում են՝ որպես իրենց բուրժուական ինքնությունը կորցնելու սպառնալիք»,- ասում է Բիկբովը:

Երկրորդ խումբը խոշոր քաղաքների աղքատ արվարձանների բնակիչներ են, եւ նրանց հիասթափությունն այլ պատճառներ ունի: Նրանք կողպված են իրենց բազմաբնակարան շենքերում՝ վաստակելու հնարավորությունից զրկված: Եվ նրանք լսում են իրենց կյանքը սահմանափակելու միջոցների մասին ոչ թե բժիշկներից, այլ՝ իշխանություններից կամ ոստիկանությունից, որոնց հետ նրանք գտնվում են մշտական թշնամական հարաբերություններում:

Եվ հետեւաբար, եթե անգամ միջոցառումները ողջամիտ են, աղքատները չեն ցանկանում դրանք պահել՝ պարզապես որպես բողոք այն մարդկանց դեմ, ովքեր, սովորական կյանքում, անընդհատ ինչ-որ բան են արգելում իրենց, մահակներով ծեծում են եւ ձերբակալում խախտումների համար:

Վտանգված է ձեռքսեղմումի մշակույթը

Մոսկվայի սոցիալական եւ տնտեսական գիտությունների բարձրագույն «Շանինկա» դպրոցի հիմնարար սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Վիկտոր Վախշտայնն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մեր ամենօրյա կյանքում անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ, եւ հայտնվում են նոր ծեսեր:

«Ընդամենը քսան տարի առաջ եթե տեսնեինք մարդ, ով փողոցով քայլելիս բարձրաձայն խոսում է ու ժեստերով վերաբերմունք արտահայտում, մենք ուղղակի զգուշորեն կշրջանցեինք նրան հեռվից: Հիմա մենք պարզապես հասկանում ենք, որ նա օգտագործում է անլար ականջակալերով հեռախոս: Կամ հիմա, երբ մենք սրճարանից դուրս ենք գալիս ծխելու, ինչ-որ ձեւով ցույց ենք տալիս մատուցողին, որ չենք պատրաստվում հեռանալ առանց վճարելու. թողնում ենք մեր հագուստը, բարձրացնում ձեռքներումս պահած ծխախոտը: Երբ սրճարանում հնարավոր էր ծխել, նման ծեսերի կարիք ուղղակի չկար»,- նշել է նա:

Վտանգված է, նրա խոսքով, ձեռքսեղմումի մշակույթը: Արեւմուտքում այն շատ կարեւոր չէ, բավական է պարզապես «ողջույն» ասել, բայց շատ երկրներում դա ամենօրյա փոխհարաբերությունների կարեւոր բաղադրիչ է: Եվ նույնիսկ եթե մարդիկ գիտակցում են, որ անհրաժեշտ է պահպանել հեռավորություն, կա վարակվելու հավանականություն եւ դրա պատճառով է, որ զրուցակիցներն իրար ձեռք չեն սեղմում, ապա միեւնույնն է բացասական նստվածք մնում է: Մնում է զգացողություն, որ ի վերջո, նրանք չեն կատարել մի կարեւոր՝ միմյանց նկատմամբ հարգանքի եւ լավ հարաբերությունների խորհրդանիշ-ծես:

Ինչպես է պետք տոպրակը տանել զբոսանքի  

Հանդիպումների մշակույթը, ըստ Վախշտայնի, նույնպես փոխվում է հիմա եւ փոխվում է մեծապես: Զրուցակիցներն անձնական հանդիպումներից գերադասելի են համարում տեսազանգերով խոսելը: Եվ երբ սահմանափակումներն  ավելի քիչ լինեն, եւ սրճարանները վերսկսեն աշխատանքը, շատերը միեւնույնն է կշարունակեն իրենց փոխգործակցությունն առցանց տարբերակով:

Նախկին ծեսերին անմիջապես փոխարինում են նորերը: Նույնիսկ փողոցով քայլելն է նոր ձեւով: Քիչ են մեքենաները, եւ մարդիկ ավելի անվրդով-հանգիստ են փողոց անցնում: Փողոցում պետք է լինել միայն «անհրաժեշտաբար», եւ չտուգանվելու համար մարդիկ «տոպրակ են ման տալիս», ինչպես զբոսանքի կտանեին շանը: Որոշակի սուպերմարկետի լոգոյով տոպրակը ցուցադրաբար պահելով՝ նրանք կարծես ընդգծում են, որ տանից դուրս են եկել անհրաժեշտ գնումներ կատարելու համար, եւ իրենց արածի մեջ կանոնների որեւէ խախտում չկա:

Նույնիսկ «zoom երեկույթների» ժամանակ, երբ ընկերները կամ գործընկերները տեսակապով միասին ժամանակ են անցկացնում, ձեւավորվում են նոր ծեսեր: Վախշտայնը հիշում է իր ուսանողների «խմելու խաղը»: Եթե երեկույթի մասնակիցներից մեկի կադրում հայտնվում է ընտանի կենդանի, ապա նա պիտի մի կում խմի: Եթե ինտերնետ-կապը կորչում է`էլի մի կում: Եթե երեկույթի ընթացքում մտերիմներից կամ հարազատներից մեկն է միջամտում, ապա պետք է երկու կում խմի: Իսկ եթե սիրելին պատահաբար կադրում հայտնվի կիսամերկ, ապա խոշոր ումպերով պիտի դատարկի բաժակը:

Առցանց երեկույթներ, անծանոթների հուղարկավորություններին գնալ

Հնդկական Colive ստատափն օգնում է իր հաճախորդներին գտնել իրենց առաջին անկախ կեցավայրերը: Խոսքը ժամանակակից բնակարանների մասին է՝ այլոց հետ ընդհանուր խոհանոցով, առանձին սենյակներով: Colive-ը խոսել է այն մասին, թե ինչ է փոխվել իր հաճախորդների կյանքում, որ հիմնականում ուսանողներ կամ համալսարանի շրջանավարտներ են:

 

Նախ, նրանք զրկվել են իրենց սիրելի ձեռքսեղմումներից ու գրկախառնություններից. դրանք փոխարինվել են միայն «բարեւ» ասելով: Փոխվել է նրանց սննդակարգը. եթե նախկինում նախընտրում էին փողոցային էժան սնունդը, ապա այժմ այն անհետացել է`փակ են սրճարաններն ու ռեստորանները: Իհարկե, տանից դուրս ընկերական շփումը դադարել է: Երիտասարդները սկսել են ավելի շատ օգտագործել հեռախոս եւ վիդեո ծառայություններ: Եվ նրանց շատ է զայրացնում հանգստյան օրերը նախկինի պես անցկացնելու հնարավորություն չունենալը:

Բրիտանական Legal & General ներդրումային եւ ապահովագրական ընկերությունը պատրաստել է զեկույց (երկու հազար մարդու հետազոտության հիման վրա), որից հետեւում է, որ սահմանափակումների ընդունվելուց հետո մարդկանց ծախսերը կարելի է դիտարկել հիմնականում չորս ենթախմբում՝ սնունդ, ալկոհոլ, առցանց զվարճանք եւ հոբբիներ: Սրանց վրա մարդիկ հիմա ծախսում են 10%-ով ավելի, քան մինչ կարանտինային միջոցառումների ներդրումն էր՝ շաբաթական միջինը 107 ֆունտ:

Մարտ ամսից, սակայն, սպառողական ընդհանուր ծախսերը Բրիտանիայում նվազել են 31.9 միլիարդ ֆունտով: Շատերը կրճատում են ծախսերը, նույնիսկ, եթե ամբողջությամբ պահպանվել է իրենց գործն ու աշխատավարձը: Երեկոյան ժամերին գրասենյակի աշխատողները սովորաբար խմորեղեն էին պատվիրում. հիմա նման պատվերների արժեքը հասել է զրոյի: Չեն գործում ֆիթնես մարզադահլիճները:

Legal & General-ի ուսումնասիրության համաձայն՝ միջին հաշվով մարդիկ սկսել են 20 րոպե ավելի շատ վազել այգում, մոտ 2 ժամ ավելի շատ նայել հեռուստացույց, վիդեո զանգերին տրամադրել`շաբաթական 2 ժամ ավելի:

 

New Post Leader բրիտանական տարածաշրջանային հրատարակությունը մեջբերում է Hyperoptic ինտերնետ-մատակարարի անցկացրած հարցման արդյունքները. կազմակերպությունը պարզել է երկրի բնակիչների կարանտինային գործունեության «թոփ-հիսնյակը»: Առաջին երեք տեղում են հեռուստատեսային շոուներ դիտելը, առցանց գնումները եւ հարազատների հետ տեսազանգերը: Հիսնյակի մեջտեղում են վիրտուալ ուղեւորությունը կենդանաբանական այգի, ընկերների հետ միասին ֆիլմ դիտելը (յուրաքանչյուրը իր բնակարանում), իսկ 49-րդ եւ 50-րդ տեղում (ով զարմանք) օտար մարդկանց հարսանիքներ ու թաղումներ դիտելը՝ հեռակա մասնակցելն է:

Սպասվում է ընդհանուր քանդվել-հավաքվել

Առօրյա կյանքի վրա կարանտինային միջոցառումների հետեւանքները լինելու են թե հսկայական, թե անկանխատեսելի:

Նյու Ջերսի քոլեջի մարդաբանության պրոֆեսոր Ջորջ Լիդերը Sapiens ամսագրի իր հոդվածում գրում է, որ կարանտինը եւ սոցիալական հեռավորության կանոնը հարված են քաղաքակրթության հիմքերին, քանի որ ողջ էվոլյուցիայի ընթացքում մարդիկ, ընդհակառակը, հավաքվել-համախմբվել են աճի եւ զարգացման համար:

Հետեւելով ալկոհոլի սպառման ծավալներին՝ բրիտանացի բժիշկներն ակնկալում են լյարդի հիվանդությունների պայթյունաձեւ աճ: Նրանց անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ մարդիկ սովորություն են ձեռք բերել ալկոհոլ ընդունել նախքան առցանց աշխատանքային օրվա ավարտը:

Անհետացող ծես՝ գործընկերներով ճաշելը

ԱՄՆ ԶԼՄ-ները անհանգստացած են, որ համավարակը կհանգեցնի անհավասարության եւ դրանից բխող բախումների աճի: The Washington Post-ը վկայակոչում է այն վիճակագրությունը, որ ասիական արմատներով ամերիկացիների 37%-ը եւ սպիտակ բնակչության 30%-ը հնարավորություն ունեն աշխատել տնից: Միեւնույն ժամանակ աֆրո-ամերիկացիների միայն 20%-ը եւ իսպանական ծագմամբ ամերիկացիների 16%-ն ունեն այդ հնարավորությունը: Պարբերականը նշում է, որ երկրորդ առավել ուժգին կհարվածեն թե գործազրկությունը եւ թե վարակը, քանի որ նրանց գործը առեւտրի ոլորտում է՝ կյանքի համար առավել ռիսկային պայմաններում:

«Արդյո՞ք այս տենդենցը կշարունակվի, արդյո՞ք աշխատողները կցանկանան շարունակել աշխատել տնից եւ փոխել իրենց սովորական կյանքը»,- հարցեր է բարձրացնում սոցիոլոգ Ալեքսանդր Բիկբովը: Նա նշել է, որ մի անհետացող ծես էլ գործընկերներով ճաշելն էր, մինչդեռ հիմա, ըստ նրա, համագործակցությունների ուսումնասիրությամբ զբաղվող մի ընկերություն կարանտինային հանրույթի հետազոտություն է արել եւ պարզել, որ տնից աշխատող մարդկանց մեկ երրորդը նույնիսկ չի կարողանում կազմակերպել սովորական ընդմիջում սնվելու համար, մինչդեռ աշխատավայրում դա ստացվում էր:

Անհամապատասխան տներ ու կրթություն

Բրիտանական Legal & General-ի գործադիր տնօրեն Նայջլ Ուիլսոնն ասել է, որ մոտ ժամանակներս ճարտարապետները տների եւ բնակարանների նախագծման նոր գաղափար են ներկայացնելու, որոնցում հաշվի առնված կլինի ողջ օրը տանն անցկացնելու՝ տանն ապրելու եւ աշխատելու հանգամանքը:

Վիկտոր Վախշթայնը նշել է, որ առցանց կրթության գաղափարն իրեն չի արդարացրել. «Այն նույն մարդիկ, ովքեր ասում էին, որ հիմա դրա կատարյալ ժամանակն է, փոխել են իրենց կարծիքը եւ այժմ վստահ են, որ պարզապես անհնար էր ավելի մեծ հարված հասցնել առցանց կրթությանը»: Նրա խոսքով՝ բազմաթիվ գործոններ են տապալում այն՝ սկսած ինտերնետ կապի որակից մինչեւ այն փաստը, որ որոշ ուսուցիչներ շատ անհարմար են համարել առանց լսարանի աշխատել, եւ արգելել են ուսանողներին անջատել տեսակապը:

Ալեքսանդր Բիկբովն ասել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ սոցիալական հեռավորություն պահելու պահանջը չեղարկվի, մարդիկ անխուսափելիորեն շարունակելու են վախենալ միմյանցից եւ չեն մոտենալու առանց անհրաժեշտության: Փոխվելու է մեծ քաղաքների կենսակերպը. ակտիվ, հարաբերվող, դրսում շփվող, ժամանակ անցկացնող, հարաշարժ քաղաքներն այլ ռիթմով են սկսելու ապրել:

«Սկզբում կլինի ամբողջական կազմալուծում, հետո կսկսվի առօրյա իրավիճակների աստիճանական վերստին կազմավորում»,- ասել է գիտնականը:

Տպել
2454 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին