«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

Մանկաբույժ, ընտանեկան բժիշկ Անահիտ Նալբանդյանը տեղեկատվական ֆլեշմոբեր է կազմակերպում՝ առողջապահական տարաբնույթ խնդիրների մասին իրազեկելով քաղաքացիներին, նրանց միջոցով էլ՝ այլոց: Թեպետ հիմա առողջապահական խնդիրներից խոսվում է անդադար եւ ամենուր, սակայն մտերիմ մարդկանց ու երեխաների միջոցով փոխանցվող ուղերձները, ըստ 20 տարվա մանկաբույժի, շատ ավելի արդյունավետ են:

Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի բժշկական ամբուլատորիայի ֆեյսբուքյան էջում տեղադրվում են իրազեկող հոլովակներ, լուսանկարներ, համայնքի բնակիչների հետ կազմակերպվում են թեմատիկ հանդիպում-դասընթացներ՝ մայրության դպրոց, հայրիկների հետ ծխախոտի վնասների քննարկում, հիմա էլ «Ինչու պատվաստվել» լուսանկարների շարքն է, իսկ շուտով կլինի «Ինչու պիտի դիմակ կրես» ակցիան: Նկատենք, որ Օձունի կազմում են ընդգկված նաեւ հարակից Ամոջ եւ Այգեհատ գյուղերը:

«Առաջինը մարտ-ապրիլ ամիսներին անցկացված «Մնա՛ տանը» ակցիան էր,- պատմում է մանկաբույժը,- երբ Օձունի ամբուլատորիայի ֆեյսբուքյան էջում սկսեցինք պարբերաբար տեղադրել երեխաների հորդորները մեծերին, որ տանը մնալով՝ հեռու մնան վարակից»:

Իսկ հետո Անահիտ Նալբանդյանը նկատել է, որ ծնողների հետ պետք է հավելյալ աշխատանք տանել, որպեսզի նրանք չխուսափեն կորոնավիրուսի տարածման պայմաններում երեխաներին ամբուլատորիա բերելուց. «Մեկ անգամ որ գալիս են, տեսնում են, թե ինչպես են այստեղ պահվում բոլոր կանոնները, այլեւս համոզելու կարիք չի լինում, բայց առաջին անգամ գալու համար պետք էր զանգել, զրուցել»: Բժշկուհին նաեւ տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես են իրենք պահպանում հիգիենայի կանոնները՝ հավելյալ վստահություն ներշնչելու համար. «Ֆեյսբուքյան էջում տեսահոլովակով ներկայացրինք, թե ինչպես ենք աշխատում վարակի տարածման կանխարգելման համար, ինչպես են պահվում կանոնները, որպեսզի ծնողները տեսնեն եւ համոզված լինեն, որ վարակի կանխարգելման համար արվում է ամեն բան»:

Եվ երկրորդ ակցիայով՝ երեխաների լուսանկարների միջոցով, նա հիշեցրել է ծնողներին երեխաների պլանային պատվաստումների կարեւորության մասին: Առողջ, անուշիկ փոքրիկների լուսանկարները վերացնում են ցանկացած տագնապ: «Պատվաստվիր, որ առողջ լինես»,  «Պատվաստվի՛ր, որ կանխարգելենք հիվանդությունները». այսպիսի ուղերձ են փոխանցում երեխաների պարզած փոքրիկ պաստառները:

Օձունի բժշկական ամբուլատորիան սպասարկում է հինգ գյուղի 5300 բնակչի, որից մոտ 1200-ը՝ երեխաներ: Ֆեյսբուքյան էջի հետեւորդների մեջ շատ են նաեւ նրանք, որ այս տեղամասից չեն. «Մենք ավելի քան 96 տոկոսով կատարել ենք այս շրջանում նախատեսված պլանային պատվաստումները: Բայց քանի որ հիմա շատ են հնչում հորդորներ՝ չխուսափել պլանային պատվաստումներից, մտածեցինք այս ակցիան էլ անենք, որ ուրիշ տեղամասերի բնակիչներն էլ տեսնեն: Ծնողները մասնակցեցին մեծ ոգեւորությամբ, մայրիկները նշում էին, թե ինչու են երեխաներին բերել պատվաստման, վստահության մասին էին խոսում, հետո էլ տեսանյութով հրապարակվեցին երեխաների լուսանկարները՝ ուղերձներով: Ոմանք էլ, որ չէին հասցրել ուղարկել լուսանկարները նախքան հոլովակը պատրաստելը, իրենց անունով հրապարակում էին մեր էջում. ոգեւորությունը մեծ էր»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ողջ աշխարհում այս օրերին ծնողները մտավախություն ունեն, որ երեխային բուժկենտրոն տանելն անվտանգ չէ, քանի որ բժիշկները հիվանդների հետ են շփվում, ռիսկային գոտում են, եւ պատվաստվելու գնալով՝ կարող են վերադառնալ կորոնավիրուսով՝ Անահիտ Նալբանդյանն ասաց. «Կոնկրետ մեր ծնողները անվտանգությանն ուղղված մեր աշխատանքները տեսնում են ֆեյսբուքյան էջով, գիտեն, որ պատվաստումների հատուկ օր ու ժամ է նշանակվում: Այսինքն՝ այն ընթացքում, որ կատարվում են պրոֆիլակտիկ պատվաստումներ, հիվանդներ ամբուլատորիա չեն մտնում, նրանց մուտքն արգելվում է: Մենք էլ կրում ենք այն հագուստը, որ միայն երեխաների հետ շփվելիս ենք կրում, նաեւ պաշտպանիչ վահանակներով- դիմակներով ենք: Այդ ամենը տեսնող, մի անգամ մեզ մոտ եկող ծնողների հետ մենք այլեւս ոչ մի խնդիր չենք ունենում: Եվ ես չեմ կարծում, որ այս շրջանում կլինի մի բուժամբուլատորիա, որ չի պահպանի անվտանգության կանոնները պատվաստումներ կատարելիս, այնպես որ խորհուրդ կտամ ծնողներին վստահել իրենց բժիշկներին եւ չխուսափել երեխաներին տանել պատվաստման»:

Մյուս տարածված մտավախությունն այն է, որ պատվաստումը սովորաբար թուլացնում է երեխայի իմունային համակարգը եւ պատվաստմանը հաջորդող օրերին մեծանում է հավանականությունը, որ նա կվարակվի. բժշկուհու հավաստմամբ՝ այդպես մտածել պետք չէ. «Մենք երեխաներ ունենք, որ մարտ ամսին սկսել են պատվաստումը, դա այն ժամանակն էր, երբ կորոնավիրուսի տարածումը սկսվեց, եւ հիմա արդեն ավարտեցին իրենց երրորդ պատվաստումը: Ռիսկի մեծացման այդ դիտարկման հետ համամիտ չեմ, երեխայի օրգանիզմն, այո, պատվաստումից հետո ակտիվորեն աշխատում է իմունիտետ ձեռք բերելու ուղղությամբ, բայց եթե բուժհիմնարկը սանիտարական բոլոր կանոնները պահում է, ապա երեխային վտանգ չի սպառնում: Եթե ծնողը կրում է դիմակ, պահպանում է սոցիալական հեռավորություն ուրիշներից, մաքուր է պահում ձեռքերը, ինքը մտավախության տեղ չունի: Ուղղակի ինքը պիտի պահի այդ պայմանները, ինքը պիտի հյուրեր չընդունի, հյուր չգնա, ծնունդների չմասնակցի, հարսանիքների ու թաղումների չմասնակցի, եւ երեխան խնդիր չի ունենա: Մարտ ամսից մինչեւ մեր օրերը մեր կատարած որեւէ պատվաստում բարդությամբ կամ այլ խնդրով չի ուղեկցվել, որեւէ երեխա հետպատվաստումային խնդիր չի ունեցել»,- ընդգծեց նա:

Պլանային պատվաստումներից խուսափելը, ըստ 20 տարվա մանկաբույժի, ճիշտ չէ նաեւ հանրային առողջության տեսակետից. «Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները միշտ կատարվել են բարձր մակարդակի վրա, մենք պոլիոմելիթից ազատ գոտի ենք ճանաչվել, մեզ մոտ տարածում չունեն տարբեր հիվանդություններ, մենք չունենք դիֆթերիա, պատվաստվող հիվանդություններից ոչ մեկի պիկ չենք ունենում: Խորհուրդ կտամ այս ընթացքում ստանալ բոլոր պատվաստումները, որ երեխաներն ունենան իմուն համակարգ այնպես, որ դիմակայեն այդ բոլոր վարակներին»:

Շատ են ծնողները, որ ոչ թե դեմ են պատվաստումներին, այլ նախատեսում են հետաձգել դրանք մինչեւ ավելի անվտանգ ժամանակներ: Մինչդեռ Անահիտ Նալբանդյանի դիտարկմամբ՝ հետաձգել երեխաների պատվաստումը մինչեւ կորոնավիրուսի համավարակի ցանկալի ավարտը՝ մեկ-երկու տարով, նշանակում է այդ ժամանակահատվածում երեխաներին անպաշտպան թողնել այս վարակների դեմ:

Տպել
1278 դիտում

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ