«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

04/07/2020 schedule19:00

Երջանկության մասին մտածում ես, երբ այն չկա: Ինչպես երբ փող չկա` սկսում ես անհանգստանալ: Իմ երջանկությունը միշտ ինձ հետ է: Ես չեմ ունենում պահեր, որ մտածեմ` «Վայ, գնաց »: Միշտ լավ եմ: Տարօրինակ է, բայց էդպես է: Իհարկե, ծանր պահեր լինում են, իհարկե, դու կորցնում ես քեզ ինչ-որ պահի, քեզ թվում է` էլ չի դզվելու ոչինչ, բայց դա քեզ չի խանգարում լինել էն մարդը, որը երջանիկ մարդ է ծնվել: Հենց ծնված լինելու փաստը երջանկություն է: Կարող էիր և չծնվել: Մինչև այդ պահը հազարավոր դեպքեր կարող էին լինել, որ էլ չլինեիր: Եթե անգամ լիներ էդ դեպքը, միևնույն է, երջանիկ ես, որովհետև արդեն տեսել ես էս աշխարհը:

Մուլտիպլիկատոր Նարարա Մուրադյան

Անձնական երջանկություն.

Գուցե տարօրինակ կթվա, բայց երբ առավոտյան նայում եմ, թե ինչպես են կանաչ խոտերը շարժվում թեթև քամուց, այդ տեսարանն ինձ անսահման երջանկացնում է:

Երեխաներիս` զույգ տղաներիս և աղջկաս անհատականությունը նորից ու նորից ճանաչելն է երջանկություն: Հաճելի է տեսնել, թե որքան տարբեր են երեխաներդ: Ընդհանրապես, տարբերությունները միշտ հետաքրքիր են:

Կենդանիների հետ շփվելիս եմ երջանիկ: Տանը երկու կատու ու մեկ շուն եմ պահում: Մեր երջանկության նախկին աղբյուրը Գոդոն էր, որը, ցավոք, մահացավ: Բայց Շուշիկը` մեր նոր շունն էլ է լավը: Տղա շունիկ է` աղվեսի նման փրչոտ ու գազարագույն: Շուշիկը երջանիկ է, երբ մեզ տեսնում է: Կատուներն, իհարկե, այդպիսին չեն, նրանց համար մեկ է` դու կաս, չկաս: Բայց դա էլ է ուրախացնում, որ իրենք կախում չունեն քեզնից, ինքնաբավ են: Մաքսիկը` տղա կատուս, տարիքով փոքր է և իրեն լուրջ է պահում` հաճախ չի գալիս գիրկդ: Իսկ Սիպուկը` աղջիկ կատուն, անընդհատ մեզ կպած է: Նա չբեր, շատ սիրուն կին կատու է: Տղաներս էին գտել արտադրամասում` շատ կեղտոտ ու արդեն վթարի ենթարկված: Կիսամեռ էր, երբ բերեցին: Մի կերպ հետ բերեցինք: Շուշիկը, Մաքսիկն ու Սիպուկը նորմալ ապրում են իրար հետ մի տան մեջ: Էնպես չի, որ իրար գրկած քնում են: Նույնիսկ երկու կատուներն իրար գրկած չեն քնում: Մաքսը դրսում սիրուհի ունի: Հենց պատուհանը բացում եմ, էդ աղջիկը վազելով գալիս է պատուհանի մոտ, կարծում է` Մաքսիկը կերևա կամ կիջնի: Հետո ինձ տեսնում, հիասթափվում է: Մի խոսքով, կենդանիներն ինձ մեծ ուրախություն են պարգևում, համարյա երջանկության աստիճանի: Նրանք շատ անկեղծ են իրենց վերաբերմունքի մեջ: Էդպիսին մեկ էլ երեխաներն են ու ծերունիները:

Մասնագիտական երջանկություն.

Ամենամեծ երջանկությունն աշխատանքն է: Այն ընթացքը, երբ դեռ չգիտես ինչ ես անելու, բայց ձեռքերդ արդեն նկարում են: Ես մատներով եմ նկարում` յուղաներկով, ապակու վրա: Վերջին մուլտս այդպես եմ նկարել: Դա մեծագույն երջանկություն է` ինչպես երեխա ժամանակ ցեխով խաղալը: Ընդհանրապես, մանկության ժամանակ ինչից հաճույք եմ ստացել, աշխատում եմ ունենալ հիմա էլ: Թող ցեխի փոխարեն յուղաներկ լինի: Բայց այն զգացողությունը, որ մատներով ինչ-որ բան ես ստեղծում, ինձ շատ մեծ հաճույք է պատճառում: Ու կարևոր է, որ նախօրոք ծրագրած չլինես էդ գործը, այլապես գործն արդեն դառնում է պարտք: Պիտի հանկարծակի  խթան լինի, ու դու սկսես էդ գործն անել: Հետո դա սցենարի է վերածվում, ինչն էլ նոր ֆիլմի հիմք է դառնում: Մուլտ նկարելիս երբեք որևէ երեխայի մասին չեմ մտածում և ոչ էլ մուլտը նվիրում եմ որևէ կոնկրետ երեխայի, ինչպես երեխան խաղալիս ինչ-որ մեկի համար չի խաղում և ոչ էլ իր խաղը նվիրում է որևէ մեկին: Մուլտ նկարելը խաղ է, մեծ խաղ: Խաղալիս դու մենակ ես: Դրա համար էլ ես մենակ եմ նկարում ֆիլմերը, չեմ կարողանում խումբ ստեղծել: Դա էնքան էլ լավ չի, որովհետև, օրինակ, հրաշալի անմիատորներ կան: Բայց ինձ համար դժվար կլինի աշխատել ուրիշի հետ, որովհետև անելու ընթացքում եմ պատկերացնում շարժումը, հասկանում, թե ով է հերոսը:

Շատ սիրում եմ Տովե Յանսոնի «Տոնածառը» պատմվածքի հիման վրա նկարած «Ամանորը» մուլտի հերոսի կերպարին` փոքրիկ Մյուին: Չար, կարելի է նույնիսկ ասել` չարակամ աղջիկ է, որ հազարից մեկ է բարի գործ արել, ինչի համար Նյուն տխրում է, որ այդպիսի թուլություն է թույլ տվել իրեն: Մյուին սիրում եմ, որովհետև նա քաջություն ունի մտածելու, որ ինքը չար է ու վերջ: Նա իրեն թույլ է տալիս լինելու այնպիսին, ինչպիսին կա: Ընդհանրապես, Տովե Յանսոնի կերպարներին սիրում եմ:

«Բալետը» մուլտում հերոսը վերջում ժպտում է: Տղաս ասաց` «Էս տիպը չէր կարող ժպտալ»: Եվ ճիշտ էր ասում: Ես այդ ժեստն արեցի, որ հասցնեմ այն միտքը, թե հերոսը, այնուամենայնիվ, ինչ-որ բան հասկացավ: Բայց, փաստորեն, զգայուն դիտողը հասկանում է, որ այդպես չի լինում, զգում է, որ տվյալ հատվածում հեղինակը կուլ է գնացել ընդհանուրի կամ հենց իր ցանկությանը, որ այդպես լինի, ոչ թե` ինչպիսին կլիներ այդ մարդն իսկապես: Այն պահից սկսած, երբ փորձում ես հասկանալի լինել, ինչ-որ փոքրիկ կեղծ նոտա է մտնում ֆիլմի մեջ: Դա հենց կոմպրոմիսն է: Աշխատում եմ նման բաներ չանել կամ այնպիսի սյուժեներ վերցնել, որ նման խնդիր չառաջանա: Օրինակ, «Ֆիրդուսն» ամբողջությամբ հիշողություն է: Արել եմ այն, ինչ հիշել եմ` 55 տարի առաջվա պատմություն եմ պատմել: Իսկ հիշողությունը զտիչներ ունի` հիշում ես էն, ինչ հաճելի է հիշել: Երեխաներն աշխատում են մոռանալ իրենց կյանքի մութ կողմերը, ու մնում է պայծառ մի պատմություն: Դու չես խաբում, դու այդպես ես հիշում:  

Հանրային երջանկություն.

Եթե էս անգամ էլ չստացվի էս ազգին պոկել ցեխից, հնարավորություն տալ աշխարհը տեսնել, աշխարհն ընկալել ազգային, տնային փոքր վիճակներից դուրս, շատ-շատ ծանր հետևանքներ կլինեն: Հենց հիմա մեծ կռիվ է, որովհետև շատերը դեմ են աշխարհն ընդհանուր տեսնելուն, կյանքին վերևից նայելուն: Նկարիչներին սովորեցնում են պատկերին ընդհանուր նայել, նկարը դետալներից չսկսել, տեսնել, թե որտեղ է լույսը, որտեղ` ստվերը: Եթե միայն ստվերից ես սկսում, այն մուգ է ստացվում, և լույսի մատիտը չի գտնվում: Լույսից ստվերի անցումը շատ կարևոր է:

2018-ին հանրային երջանկությունը այնքան մեծ էր, որ բարձրացել էր, վերևում էր: Այդպիսի ապրումներ վաղուց չէինք ունեցել և հույս էլ չկար, թե նորից կապրենք: Արդեն շատ էինք մանրացել: 2018-ի հեղափոխության օրերի հաճույքը շատ մեծ էր և այն մինչև հիմա էլ կա: Ես չեմ ընկճվել, հուսահատության պահեր չեմ ունենում: Այն օրերի ուրախությունը դեռ իմ մեջ է: Դեռ չկա այն օրերի երջանկությանը հավասար վատը: Ու ես հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Ես միայն Հայաստանում եմ ինձ ամբողջական զգում: Ինձ թվում է` Իտալիայում էլ ինձ լավ կզգայի: Հռոմը, էդքան մռայլ տեղեր ունենալով հանդերձ, ունի շատ ջերմ կենտրոն: Ընդհանրապես, ծովն է ինձ երջանկացնում: Ծովափին ու անտառին մոտ ապրեղ մարդիկ ավելի հանգիստ ու երջանիկ են: Կապույտի ու կանաչի առատությունը խաղաղություն է բերում, շատ խնդիրներ մոռացվում են: Ափսոս, մենք Սևանից բացի ուրիշ ափ չունենք:

Երջանկության համար հարաբերությունները պիտի լինեն ընկերական, և մարդիկ պիտի միմյանցից տարբեր լինեն, որ ձանձրալի չլինի: Չեմ սիրում, երբ բոլորը նույն օրենքով, նույն ձևով խոսելով ապրում են: Տարբերություններն ինձ ոգևորում են, ստեղծագործելու նյութ են տալիս: Չնայած ծովը միապաղաղ է, բայց էնպիսի փոթորիկ կարող է անել` ամեն ինչ խառնելով, սրբել-տանելով: Ա'յ, էդպիսի մարդկանց էլ եմ սիրում, որ հանգիստ ապրում են, մեկ էլ անսպասելի կպոռթկան: Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է:         

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1547 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան