6 նպատակ՝ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Լրամշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ըստ նախարարության, նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են դեռ անցած տարի։ Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ ընթացքը մի փոքր դանդաղել է և իրականացվել առցանց։ Առաջիկա օրերին աշխատանքային խմբի անդամները հնարավորություն կունենան մանրամասն քննարկել նախագիծը, գործողությունների ծրագիրն ու առաջարկների փաթեթը։

«Երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումն ու ընդլայնումը միայն պետական քաղաքականության արդյունք չէ։ Կան կառույցներ, աշխատանքը տարվում է։ Այս ռազմավարության դերը հաջորդ տարիների համար ուղենիշեր սահմանելն է, որոնք կողմնորոշիչ կլինեն և դաշտում աշխատող կառույցների համար, և մեզ համար որպես՝ լիազոր մարմին, և զարգացման գործընկերների համար։

Իհարկե, մենք պիտի հաշվի առնենք երիտասարդության ոլորտի դասական խնդիրները, ինչպես օրինակ՝ մարզերում երիտասարդական կյանքի աշխուժացումը կամ ներուժի բացահայտման, իրացման, հանրային կյանքի տարբեր ոլորտներում մասնակցության հնարավորությունների ընդլայնումը, ինչն, իմ կարծիքով, մարտահրավեր է եղել ոչ միայն նախընթաց տարիներին, այլև տասնամյակներին։ Եվ իհարկե այնպիսի մարտահրավերներ, որոնք առաջ են եկել արդեն պատերազմի և համավարակի հետևանքով։ Այդ բոլոր մարտահրավերները հաշվի առնելով էլ պետք է կազմենք այս ռազմավարությունը»,- նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ շահագրգիռ կառույցներն իրենց ներդրումն են ունենալու ոչ միայն ռազմավարության մշակման, այլև իրականացման գործում․ գործողությունների պլանում ներառված մի շարք ծրագրեր ֆինանսավորելու են այդ կառույցները։

Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը մշակվել է հետազոտական տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով նաև նախորդ՝ 2013-2017 թթ. ռազմավարության վերլուծության և գնահատման արդյունքները։

Երիտասարդական ոլորտի համակարգում և զարգացում, ակտիվ քաղաքացիություն, տնտեսական մասնակցություն, առողջ և ներառված երիտասարդներ, երիտասարդական աշխատանք և կամավորություն, միջազգային գործընկերություն․ սրանք այն 6 նպատակներն են, որոնք նախարարությունը սահմանել է 2021-25 թթ.-ի համար՝ որպես գերակա ուղղություններ։

«Երիտասարդության ոլորտի համակարգումը մինչ այս որևէ ռազմավարությունում ներառված չի եղել։ Ամեն կազմակերպություն իր մանդատի շրջանակներում իրականացրել է իր ծրագրերը։ Հիմա մենք ուզում ենք, որ դա լինի համակարգված և նախարարության ռազմավարությանը համահունչ, ինչը շատ կարևոր է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պետրոսյանը։

Քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթություն, կամավորություն։ ԿԱԶԱ հիմնադրամի քաղաքացիական կրթության ծրագրերի ղեկավար Վահրամ Պետրոսյանը նախարարության հետ համագործակցության լայն շրջանակ է տեսնում։ Ասում է՝ պետք է ճիշտ գնահատենք համավարակի և պատերազմի ազդեցությունները, դասեր քաղենք՝ արդյունավետ օգտագործելով գիտության և տեխնոլոգիաների հնարավորությունները, զարգացնելով ոչ ֆորմալ կրթությունը։

Ռազմավարության նախագիծը լրամշակումից հետո կքննարկվի նաև երիտասարդների հետ։ Թե ինչ ձևաչափով՝ կորոշեն նախարարությունն ու շահագրգիռ կառույցները։ Այդ առաջարկները ևս, ըստ նպատակահարմարության, տեղ կգտնեն ռազմավարության մեջ։

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ռազմավարության նախագիծն ամբողջականացնել մարտ ամսվա ընթացքում, ինչից հետո այն կդրվի հանրային քննարկման e-draft հարթակում։

Ռազմավարության մշակման գործընթացն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Support to Coordination of EU Projects» տեխնիկական աջակցության ծրագրի կողմից