Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք միասին կվերականգնենք այն. վարչապետի այցը Արմավիր (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:

Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ և շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:



Բոլոր այն համայնքներում, որտեղ հանդիպում ենք ունենում, պանթեոն այց ենք կատարում անպայման, սկսում ենք հանդիպումը հիշատակի արարողությամբ, և մտածում եմ, թե ի վերջո ինչ պետք է անենք մենք մեր նահատակների համար, ինչպես պետք է ապրենք և ինչպես պետք է գործենք, որպեսզի արժանի լինենք նրանց հիշատակին: Եվ ինչքան մտածում եմ՝ այլ պատասխան, քան հետևյալը չեմ գտնում. մենք պետք է կառուցենք իսկապես հզոր, ազատ, երջանիկ երկիր, մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, մենք պետք է Արցախը նորովի կառուցենք: Բայց դրա համար, որպեսզի մեր նահատակների հիշատակի առաջ ազնիվ լինենք, մենք պետք է նաև հետահայաց հասկանանք՝ ի վերջո ինչն ենք սխալ արել վերջին 30 տարիների ընթացքում: Ի վերջո 21-րդ դար է, և մենք անցնում ենք գյուղերով, որտեղ բարեկեցության արտահայտություն որպես այդպիսին չկա: Կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատեր, գույներից զրկված տներ, շենքեր: Եվ սա առանձին վերցրած գյուղի պրոբլեմ չէ, այդպես Հայաստանում ամենուր է: Այսինքն՝ մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, ըստ էության, Հայաստանում համայնքները նույն վիճակի են:

Հիմնական պատճառն ի՞նչն է, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ես վիճակագրությունը նայում եմ, այսօր Հայաստանում գոյություն ունեցող 444 հազար հեկտար հողերի կեսը՝ 49 տոկոսը, ընդհանրապես չի մշակվում: Այսինքն՝ մեր երկրի վարելահողերի կեսը չի մշակվում, մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը ջուր չունի, ջրին հասանելիություն չունի, ոռոգման ջրին հասանելիություն չունի: Մինչդեռ մեր երկրում, մեր լեռնաշխարհում տարեկան այնքան ջուր է գոյանում, որ մեր կարիքները ոչ միայն կբավարարեր, այլև մենք ջրի շատ մեծ ավելցուկ կունենայինք: Մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել: Մենք բոլորս, դուք առաջին հերթին գնացել եք բազմաթիվ զոհողությունների՝ հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բանակի: Բայց այսօր մեր արձանագրումն ի՞նչ է, որ մեր այդ զոհողությունները չեն օգտագործվել այնպես և չեն ներդրվել այնպես, որ մենք այսօր այս վիճակի առաջ չկանգնենք: 30 տարվա ընթացքում, ցավոք, հաղթանակների մասին խոսելով, մեր թիկունքում պարտություններ են հյուսվել, պարտություններ են կառուցվել: Մենք այսօր պետք է այս հարցի և այս պրոբլեմի լուծումը տանք:

Դուք տեսաք պատերազմից հետո ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Պարզվեց, որ պատերազմի այդ պահին 5000 մարդ կա, որ պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր: Պարզվեց, որ Հայաստանում քաղաքական գործիչներ կան, ովքեր պատերազմի ընթացքում զանգում էին, իրենց ասելով, գեներալներին, ոչ թե ասում էին՝ գնացեք և հակառակորդին հաղթեք, ասում էին՝ եկեք Երևանում իշխանության հարցը լուծեք: Որովհետև Ղարաբաղի հարցը ոմանց համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ իշխանություն տալու-առնելու միջոց: Շատ լավ, Ղարաբաղի հարցն իշխանություն առնելու միջոց էր, բայց այդ իշխանություն առնելուց հետո ի՞նչ արվեց Հայաստանի հետ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում վարելահողերի կեսը լինի անմշակ, ինչո՞ւ Հայաստանում այսօր պետք է լինեն դպրոցներ, որոնք չունենան ջեռուցում, որոնք չունենան աթոռ, որոնք չունենան սեղան, ինչի՞ պետք է այսօր Հայաստանում լինի ուսուցիչ, որը կստանա 30 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինչո՞ւ Հայաստանում պետք է աղքատությունը շարունակի մնալ այն նույն պրոբլեմը:

Մեր ամենամեծ հարգանքը մեր նահատակների առաջ կլինի այն, որ մենք այս պրոբլեմները լուծենք: Մենք պետք է Հայաստանում ունենանք բարեկեցիկ գյուղեր, բարեկեցիկ քաղաքներ, բարեկեցիկ ընտանիքներ և ապագային հավատացող ժողովուրդ: Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այդ հավատը: Առաջին հերթին կրթության միջոցով: Այո՛, այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: Հետևյալ պայմանն ենք կապում՝ այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն՝ նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա: Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, մենք հնարավորություն կտանք, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո, լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այդքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան: Սա նշանակում է՝ մեր երեխաներն ավելի հուսալի գիտելիք կունենան: Մեր այսօրվա հավաքին էլի երեխաներ են մասնակցում, երեխաներ, այդ ո՞նց են ձեզ բերել այստեղ, ճիշտը ասեք, հո չե՞ն ասել, որ եթե չգաք՝ վատ գնահատականներ կդնենք, այս կանենք, այն կանենք, կտանենք ոստիկանության բաժին, քրեական գործ կհարուցենք ձեր դեմ: Իսկ ինչի՞ եք եկել, հետաքրքիր է:



Երեխաներ ջան, ողջունում եմ ձեզ, անկեղծ ասած շատ են քննադատում, որ մեր հավաքներին երեխաներ են մասնակցում, բայց ես իրականում հպարտ եմ դրանով, որովհետև դա ամենակարևորն է, որովհետև այն ինչ մենք խոսում ենք, մենք խոսում ենք ապագայի մասին և մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին ամենակարևոր խոսակցությունը երեխաների հետ է և երեխաների մասին է:

Այսօր ամենակարևոր հարցերից մեկը, որի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել, հետևյալն է, որ այո՛, մեր նահատակները նաև իրենց իսկ երեխաների, մեր բոլորի երեխաների ապագայի համար են ընկել, և մենք պետք է ամեն ինչ անենք և կանենք, որ նրանց զոհողություններն իզուր չլինեն: Նրանք ընկել են, որ հայ ժողովուրդը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Արցախը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Հայաստանը կանգուն մնա, նրանք ընկել են, որ այս երեխաների ապագան կանգուն մնա: Եվ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ ոմանք մեր նահատակների արյունն էժանագին քաղաքական մանրադրամ դարձրած, քաղաքական վաճառականի նման փորձեն առևտրի առարկա դարձնել: Եվ եկեք խոստանանք, որ դա թույլ չենք տալու, ժողովուրդ, մենք դա թույլ չենք տալու:



Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է:

Այդ հարցերում պետք է խոստովանեմ, որ ունենք որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից, տեսեք՝ 2018 թվականին, երբ ձեր կողմից բերվել ենք իշխանության, խոստացել ենք, որ յուրաքանչյուրին տալու ենք հնարավորություն, յուրաքանչյուրին տալու ենք շանս:

Այո՛, այդ շանսը շատերը չարաշահել են, և ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը: Այո՛, ժողովուրդը մեզ մեղադրում է, որ մենք այսօր նրանց այդ պատժի հանգրվանին չենք հասցրել, բայց ես ձեզ ուզում եմ նաև հետևյալն ասել՝ մեր կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել՝ 2020 թվականին այդ կորոնավիրուսը և պատերազմը: 2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Բայց մենք այսօր իրար հետ դեմ-դիմաց կանգնած ենք, ու դա առաջին հերթին ձեր շնորհիվ, ժողովուրդ: Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք:

Ուզում եմ նաև ուրիշ բան ասել՝ այսքան արհավիրքների միջով անցել ենք, վերջին 5 ամսում Հայաստանում տեսեք ինչեր են տեղի ունեցել, բայց Հայաստանի ներսում մի կրակոց չի հնչել: Այս առումով էլ մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ երկիր է, որովհետև դուք չեք գտնի որևէ ուրիշ երկիր, որ այսպիսի պատերազմից, այսպիսի աղետից հետո հնարավոր լիներ ունենալ այսպիսի իրավիճակ, երբ մի կրակոց չի հնչել, երբ մի զոհ չի եղել: Սա առաջին հերթին էլի ձեր շնորհիվ:

Ձեզանից ներողություն եմ խնդրում նրա համար, որ սկսած մեր անկախության առաջին տարիներից ամբողջ բեռը եղել է ժողովրդի վրա, ամեն ինչը հենված է եղել ժողովրդի վրա: Եվ մենք այս ընթացքում չենք կարողացել, ցավոք, ձևավորել ինստիտուտներ, որոնք ժողովրդի սոցիալական անվտանգությունը կապահովեն, ֆիզիկական անվտանգությունը կապահովեն, բարոյական ու հոգեբանական անվտանգությունը կապահովեն: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է:



Դատարանի պրոբլեմն ի՞նչ պրոբլեմ է՝ դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում: Օրինակ, Արագած գյուղում էլ ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ գայլերը, ժողովրդի մեջից էին ասում, ուզում են նորից գան իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրենք գայլ են՝ մենք էլ գելխեղդ ենք: Այնպես, որ թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա:

Բայց ապագայի մասին ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ աշխատանքն այն միակ գործիքն է, որով մենք մեր խնդիրը պետք է լուծենք, բայց աշխատանքն էլ պետք է արդար լինի:

Ժողովրդի, գյուղացու չարչարանքն արդյունք չի տալիս, չի տալիս այն ցանկալի արդյունքը, որ պետք է տա: Ի՞նչն է սրա պատճառը, որովհետև երևի մենք, կառավարությունը բավարար չափով գյուղացու կողքին չենք կանգնում: Այսօր չի կարող այդպես լինել, որ երկրի վարելահողերի կեսը չմշակվի: Երբ մենք խորանում ենք նաև պատճառների մեջ, թե ինչի գյուղատնտեսությունն արդյունավետ չէ, մենք հետևյալ պրոբլեմի առաջ էլ ենք գալիս, որ մեր երկրում, այո, հողը սեփականաշնորհվեց, շատ լավ է, բայց այդ հողը, սեփականաշնորհման ձևը, տեսքը, պրոբլեմներ է ստեղծել, որի առաջ այսօր մեր գյուղատնտեսությունը կանգնած է: Ի՞նչն է այդ պրոբլեմը. հողերը շատ կտրտված են, հողերը շատ փոքր են, հողն ինչքան փոքր է, այդքան անարդյունավետ է: Բազմաթիվ գյուղերում մարդը, ենթադրենք, 3 տեղ, ընդհանուր առմամբ 1.5 հեկտար հող ունի, մի հատն այստեղ է, մի հատը 5 կիլոմետր այն կողմ, երրորդը 10 կիլոմետր այն կողմ: Այդ նույն մարդը մինչև այդ հողից այն հող պտտվում, գալիս է՝ կրկնակի, եռակի է ծախսում:



Եվ մենք պետք է այս խնդիրները լուծենք: Ո՞նց՝ գիտելիքով: Նաև պետք է կարողանանք հողերը խոշորացնել, որպեսզի մեծ կտորներ լինեն: Պետք է գյուղացիներին քաջալերենք: Խոշորացման ձևերից մեկը ո՞րն է՝ գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը: Պետք է քաջալերենք, որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել: Օրինակ՝ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ են չէ՞ խոսում կոլխոզների մասին: Ասում են՝ կոլխոզների նման լավ ինստիտուտները քանդեցին: Ճի՞շտ է, կա՞ այդպիսի տեսակետ: Բայց հիմա մենք ուզում ենք այնպես անել, որ դուք իրար հետ համատեղ տնտեսություններ ձևավորեք, իրար հետ կառավարեք, պետությունն էլ ձեզ ապահովի էժան ֆինանսական միջոցներով, որպեսզի կարողանաք ավելի խոշոր հողեր մշակել, որպեսզի ավելի մեծ արդյունք ձևավորեք, որպեսզի կարողանաք ձեր ջանքերը մեկտեղել: Բայց սրա համար, իհարկե, ամենակարևոր խնդիրն ապահովելն է վստահությունը երկրի ապագայի և անվտանգության նկատմամբ:


Մեզ համար շատ կարևոր թեմա է Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին: Այո՛, դատական իշխանությունների մասին արդեն խոսեցի, այդ պրոցեսը գնացել է և անխուսափելիորեն կավարտվի: Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը:

Բայց մյուս կողմից մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի խաղաղությունը: Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից և այլ դիտանկյունից նայենք մեր տարածաշրջանին: Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ: Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի:

Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: Այո՛, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե՝ նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որպեսզի ուրիշները նույնպես այդպես վարվեն: Որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչ մի բան չենք շահի: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա: Եվ մենք, այո՛, այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով: Եվ մենք այս տարածաշրջանում մեր հայրենիքը, Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք:

Էլի եմ ասում, շատ-շատ երազանքներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ: Բայց մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր իրականությանը, մեր ամեն փողոցին: Մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր ամեն քառակուսի մետրին:

Մեր ոտքի տակ գտնվող ամեն քառակուսի մետրը պետք է մեր երազանքների օբյեկտ լինի: Որովհետև, եկեք տեսնենք, մենք երեսուն տարվա ընթացքում մեր երազանքներն ինչպես ենք իրականություն դարձրել: Ցավոք, մենք մեր երազանքներն իրականություն չենք դարձրել, որովհետև մեր երազանքներն իրականության հետ քիչ են կապ ունեցել: Ես խնդրում եմ՝ եկեք, մենք մեր երազանքները կապենք իրականության հետ, այ կոնկրետ այս երեխաների հետ: Մեր երեխաների ոչ թե վաղվա օրվա հետ, 10-15 տարվա, եկեք մեր երազանքներն սկսենք իրականացնել վաղվանից, մյուս շաբաթվանից, մյուս ամսվանից: Եվ մեր երազանքների օբյեկտը պետք է մեր երեխաները լինեն, ովքեր պետք է ստանան լավ կրթություն, ովքեր պետք է ապրեն արդար երկրում, ովքեր պետք է պաշտպանված լինեն և ովքեր պետք է իմանան, որ ունեն բոլորի նման հավասար հնարավորություն՝ կապ չունի, իրենք պաշտոնյայի ընտանիքից են, օլիգարխի ընտանիքից են, թե շարքային քաղաքացու, այսպես ասած, ընտանիքից են: Իրենք պետք է իմանան, որ ունեն նույն հնարավորությունը, իսկ դրա համար նրանք պետք է ստանան կրթություն: Դրա համար ես պատահական չնշեցի, որ մենք առաջինը ուսուցիչների աշխատավարձից պետք է սկսենք և պետք է ապահովենք, որ մեր երեխաները պատշաճ կրթություն ստանան, որի արդյունքում կարողանան պատշաճ մասնագիտացում և պատշաճ աշխատավարձ ստանալ:



Մեր երկրի արդյունաբերությունը պետք է զարգանա: Այսօր, տեսեք, դուք բախվում եք այդ խնդրի հետ: Մեր ամբողջ տնտեսությունը, առավել ևս՝ գյուղատնտեսությունը կախված է մի ճանապարհից՝ Վերին Լարսից: Հիմա 600-ից ավելի մեքենա է կանգնած Վերին Լարսում եղանակային պայմանների պատճառով: Չի կարող մի երկիրն ունենալ միայն մի ճանապարհ: Այո՛, մենք այս ամեն ինչից պետք է նաև կարողանանք նոր ուժով, ուժեղացած ու հաղթած դուրս գալ: Դրա համար մենք պետք է լինենք ավելի խորագետ: Այո՛, մեր երկիրը պետք է երկաթուղի ունենա, որովհետև առանց երկաթուղու մեր տնտեսությունը չի լինի այնպիսի հզոր, ինչպիսին մենք ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում: Իսկ հզոր տնտեսությունը ի՞նչ է նշանակում: Նշանակում է այս երեխաների համար մասնագիտացման ամենատարբեր հնարավորություններ, նշանակում է բարձր վարձատրվող ինժեներ, բարձր վարձատրվող ագրոնոմ, բարձր վարձատրվող ամենատարբեր մասնագետ: Մենք գիտության ֆինանսավորումն ենք արդեն ավելացնում: Մենք ընդունել ենք Բարձրագույն ուսումնական կրթության և գիտության մասին օրենքը, որովհետև մենք պետք է կենտրոնանաք մեր երեխաների ապագան կառուցելու վրա: Իսկ դրա համար շատ կարևոր մի նախապայման կա՝ դա արդարությունն է, մեր երկրում արդարության հաստատումը:



Այո՛, մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր մարդիկ շարունակաբար պահանջում են, որպեսզի Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: Եվ սա մարդկանց պահանջն է: Բայց գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ. այսօրվա դրությամբ Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են: Բայց ի՞նչ պարզվեց: Նաև, ցավոք, տեսեք, այդ պետական ապարատի աշխատավարձերի մասին այդքան խոսվում է, չէ՞: Մեր երկրում այս ընթացքում այնպիսի պրոբլեմներ են բացահայտվել, որ, օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս: Այսինքն, այսօր, որ մենք շատ դեպքերում խոսում ենք պետական ապարատում աշխատավարձի բարձրացման մասին, շահարկում են, ասում են՝ տեսեք, փոխանակ ժողովրդի կարիքները բավարարեն, պետական համակարգում աշխատավարձ են բարձրացնում: Նաև սրա համար ենք բարձրացնում, որ ձեր այդ պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենանք: Որովհետև, այո՛, 400 000 դրամ կամ 300 000 դրամ ստացող քննիչին ասում են՝ դուրս արի, արի փաստաբան դարձի, արի մեր փաստաբանական թիմ, 5 անգամ ավելի քեզ փող կտանք: Եվ շատ դեպքերում քննչական մարմինների ղեկավարներն ինձ ասում են՝ զոռով ենք պահում այդ քննիչներին:

Մենք պետք է շարունակենք պայքարել այս իրողությունները հաղթահարելու համար: Եվ ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ: Սա ձեր շատ մեծ մեծահոգության մասին է վկայում:

Տեսեք ժողովուրդ, այս պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ համար ստեղծեցին անհրաժեշտություն, որ մենք նորից գանք և ժողովրդից ստացած մանդատը վերահաստատենք կամ չվերահաստատենք: Դա ձեր կամքից է կախված: Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա, այսպես ասած, այս ամբողջ գործընթացը ռեսթարթի ենթարկելու միակ ձևն է: էլի եմ ասում, շատ է խոսվում նրա մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության: Եվ ձեր խնդիրն է, մեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին: Սա է առաջիկա մեր խնդիրը: Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք:


Կրկին, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար: Մենք սխալներ, այո՛, գործել ենք: Մենք սխալներ գործել ենք, և պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն այդ սխալների համար: Բայց եթե այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն մենք նաև կստանձնենք այդ պարտավորությունը, ժողովուրդ ջան:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եվ այնքան հպարտ և ուրախ եմ, որ այսքանից հետո տենց հզոր եք, տենց հաղթական եք, տենց դուխով եք: Եվ դա ունի մեկ պատճառ՝ այո, այս պատերազմում մեր ժողովուրդը չի հաղթել, եթե պարտվել ենք, ես եմ պարտվել, պարտությունն ինձ թող լինի, հաղթանակը ձեզ: Դուք հաղթել եք, հաղթում եք և պիտի հաղթեք: Եվ ես խոստանում եմ, որ իմ կյանքն ամբողջությամբ նվիրված է եղել, նվիրված է և նվիրված է լինելու ձեր հաղթանակին:



Շնորհակալ եմ շատ»:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և կատարել մոմավառություն:

Տպել
1405 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր