Ցանկացած պահի թվային արժույթներից ցանկացածի արժեքը կարող է դառնալ 0, շուկան շատ ռիսկային է. Զաքարյան

Աշխարհում վերջին տարիներին մեծ տարածում են գտել թվային արժույթները՝ բիթքոինը, էթերիումը, լայթքոինը եւ այլն: Դրանց տարածումից հետո վերջին շրջանում էլ ավելի են ավելացել թվային արժույթների տեսակները: Սակայն ասել, թե բոլոր արժույթները կկարողանան բիթքոինի հաջողությունը գրանցել՝ դժվար է. ռիսկայնությունն այս շուկայում մեծ է, իսկ կարգավորումներ գրեթե չկան: Նշենք, որ ներկայումս 1 բիթքոինը գերազանցում է 37 հազար դոլարը:

Մյուս կողմից համեմատաբար քիչ ռիսկային, սակայն տարածված է նաեւ բորսաների միջոցով տարբեր ընկերությունների արժեթղթեր ձեռք բերելը: Այստեղ ամեն ինչ հստակ է, տատանումները սովորաբար մեծ չեն լինում: Ըստ էության, ո՛չ թվային արժույթը, ո՛չ բորսաներից արժեթղթեր ձեռք բերելը Հայաստանում մեծ տարածում չունեն, սա ինչ-որ տեղ պահպանողական լինելու, մյուս կողմից ֆինանսական գրագիտության ոչ այնքան բարձր մակարդակով է պայմանավորված:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ֆինանսիստ Կարեն Զաքարյանի հետ:

- Պարո՛ն Զաքարյան, որպես ֆինանսիստ ի՞նչ կարծիք ունեք թվային արժույթների մասին:

- Դրանց հիմքում դրված նորարարական տեխնոլոգիաները միանշանակ ընդունելի են, բայց այն ինչ կատարվում է թվային արժույթների շուկայում՝ վերաբերմունքը միանշանակ չէ: Շատ կարեւոր է, որ այն ակտիվները, որոնք գնվում եւ վաճառվում են, հետո չպարզվի, որ որեւէ իրավական պաշտպանություն չունեցող գործիքներ են ու մարդիկ խաբվել են այդտեղ ներդրումներ անելով: Այս պահին Հայաստանում թվային ակտիվները որեւէ ձեւով իրավական պաշտպանություն չունեն եւ այդ թերությունը պետք է շտկել: Օրինակ՝ Ռուսաստանում այս տարվա հունվարի 1-ից թվային ֆինանսական ակտիվների, թվային արժույթների մասին օրենք է ուժի մեջ մտել, որտեղ այս հարաբերությունները կարգավորված են: Աշխարհում փորձ կա միավորելու ավանդական ֆինանսական գործիքներն ու թվային ֆինանսական ակտիվները, օրինակ՝ արժեթղթերի թոքենիզացիայի միջոցով, եւ արժի, որ դա մեզ մոտ էլ դիտարկվի։

- Օրեցօր աճում են թվային արժույթները, այս շուկան ըստ ձեզ ապագայում պոտենցիալ ունի՞ շարունակելու, թե՞ ռիսկայնությունը մեծ է:

- Իրականում ցանկացած ընկերություն կարող է թողարկել իր «արժույթը», դա այդ ընկերության բաժնետոմսն է: Բաժնետոմսերի թողարկմամբ ընկերությունը մեծ հաշվով թողարկում է իր սեփական արժույթը, որը կարող է օգտագործվել տարբեր տիպի գործարքներ կատարելու համար: Օրինակ՝ ընկերությունը կարող է իր աշխատակիցների պարգեւավճարները տալ բաժնետոմսերի տեսքով, կամ սեփական բաժնետոմսերն օգտագործել որպես օրինական վճարամիջոց այլ ընկերություն ձեռքբերելու համար, երբ դրամական վճարման փոխարեն վճարումը կատարվում է բաժնետոմսերով:

Այսինքն՝ այն ինչն այսօր կատարվում է թվային արժույթների հետ, պարզեցված կարգով կրկնում է այն ընթացակարգը, որը կա ֆինանսական շուկայում: Ինչ-որ մեկը թողարկում է իր թվային արժույթը, բայց ի տարբերություն բաժնետոմսերի, այդ թվային արժույթը ոչնչով երաշխավորված չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս պրոցեսը պետք է կարգավորվի, որպեսզի ներդրումները պաշտպանություն ունենան: Թվային արժույթների շուկան շատ ռիսկային է եւ ինչքան հնարավոր է գումար աշխատել, նույնքան էլ հնարավոր է ամբողջությամբ կորցնել ներդրածը: Երբ թվային արժույթների գները բարձրանում են բոլորը ոգեւորված խոսում են դրա մասին, բայց երբ իջնում են՝ քչերն են անդրադառնում դրա հետեւանքով կրած կորուստներին: Ավանդական ֆինանսական շուկաներում ռիսկերը շատ ավելի կարգավորված են եւ այստեղ գործում են իրավական պաշտպանության բոլոր մեխանիզմները:

- Հայաստանն այս առումով որքանո՞վ է ակտիվ. այստեղ թվային արժույթ ձեռք բերողներ շա՞տ կան:

- Կարծում եմ, մենք մի քիչ հետ ենք ընկնում աշխարհից՝ նորարարությունների ընդունման հարցում, ինչը մեր դեպքում շռայլություն է: Եթե ուզում ենք աշխարհի զարգացվածության մակարդակից հետ չընկնել ու շանս ունենանք հասնելու առաջատար երկրներին, ապա պետք է լինենք նորարարություններն ընդունող առաջամարտիկների թվում, այսինքն՝ անենք այն, ինչն իրենք դեռ նոր են անում: Հնարավորությունները նույնն են, բայց մենք հապաղում ենք, սպասում ենք ամբողջ աշխարհն ընդունի, փորձարկի եւ տեսնենք, որ ամեն ինչ ապահով է, հետո մենք նույնը կրկնօրինակենք: Մենք այսպես երբեք առաջանցիկ տեմպերով չենք զարգանա, քանի որ նոր տեխնոլոգիաների ընձեռած թռիչքաձեւ աճի օգուտը ստանում են դրանց ավելի վաղ ներառողները, իսկ պարզ եւ ուշացած կրկնօրինակողները ստանում են միայն նվազագույն սահմանային արդյունքը։ Մենք երբեմն այնքան ենք ուշանում նույնիսկ կրկնօրինակելուց, որ դա անում ենք այն ժամանակ, երբ աշխարհն արդեն սկսում է դրանից հրաժարվել ավելի նորարարական բաներ ընդունելու համար։

- Շատ է խոսվում, որ թվային արժույթները օգտագործվում են փողերի լվացման համար: Կա՞ն նման տեղեկություններ:

- Իրականում օրինակ՝ բիթքոինի անանուն  լինելը նպաստում է կեղտոտ փողերով գործարքների ֆինանսավորմանը: Բայց ամեն դեպքում դա եւս հնարավոր է կարգավորել:

- Շատերը բիթքոինի արձանագրած հաջողություններից հետո այլ արժույթների մեջ են գումարներ ներդնում՝ հույս ունենալով նմանատիպ հաջողություն ունենալ: Ըստ ձեզ կարո՞ղ է ինչ-որ արժույթ դարձյալ կրկնել բիթքոինի հաջողությունները եւ հասնել նման բարձր ցուցանիշի:

- Այդ արժույթների աճը շատ սպեկուլյատիվ է, համենայնդեպս ներկա պայմաններում, երբ դրանք որեւէ կերպ երաշխավորված կամ պաշտպանված չեն: Ես ուզում եմ նաեւ ձեր միջոցով զգուշացնել ընթերցողներին, որ այդ ամենը  շատ ռիսկային է: Ցանկացած պահի այդ արժույթներից ցանկացածի արժեքը կարող է դառնալ 0, որեւէ երաշխիք չկա: Այն մարդիկ, ովքեր մտնում են այդ գործարքների մեջ՝ շատ մեծ ռիսկի են գնում՝ նույնիսկ ավելի մեծ ռիսկի, քան կազինոյում է: Կազինոյում ամեն դեպքում այնպիսի հավանականություն չկա, որ խաղադրույքը երբեք չի աշխատի, իսկ այստեղ կա հավանականություն, որ գումարը կարող ես կորցնել եւ դրա համար որեւէ մեկը կարող է պատասխանատվության չենթարկվել:

Օրինակ՝ մի քանի ամիս առաջ «Տեսլա» ընկերությունը հայտարարեց, որ 1.5 մլրդ դոլարի ներդրումներ է արել բիթքոինում, որից հետո բիթքոինի գինը մեծ աճ գրանցեց, բայց հիմա դրա գինն այնքան է ընկել, որ ոչ միայն այդ գործարքից «Տեսլա»-ի ունեցած ողջ եկամուտն է զրոյացրել, այլեւ ընկերության առաջին եռամսյակում գրանցած շահույթը: Այսինքն՝ դա կարող է ինչպես եկամուտներ բերել, այնպես էլ շատ խորը ֆինանսական անդունդը նետել ե՛ւ մարդկանց ե՛ւ ընկերություններին:

- Պարո՛ն Զաքարյան, առցանց հարթակում հնարավորություններ կան նաեւ միջազգային բորսաներով արժեթղթեր ձեռք բերելու: Սրանց մասին ի՞նչ կարծիք ունեք, որքանո՞վ են ռիսկային:

- Այդ գործընթացը պետք է վստահել միայն լիցենզավորված ընկերություններին՝ բանկերին եւ ներդրումային ընկերություններին: Ես մեր բնակչությանը հորդորում եմ միայն այդ ընկերությունների միջոցով սպասարկվեն, որպեսզի ստանան պատշաճ որակի ծառայություն, իսկ որ ամենակարեւորն է՝ այդ ամենը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

- Առհասարակ Հայաստանում դասական բիզնեսներին են սովոր. եկամտաբերության տեսանկյունից բորսաներով արժեթղթեր ձեռք բերելը որքանո՞վ է ձեռնտու:

- Մարդկանց զգալի մասը ցանկանում է բիզնեսի ստեղծած արդյունքից օգտվել, օրինակ՝ մասնակցել այդ ընկերության շահույթի բաշխմանը, բայց որեւէ ձեւով հետաքրքրված չէ այդ բիզնեսի առօրյա կառավարման մեջ մտնելով: Ենթադրենք՝ մարդը հասկանում է, որ օրգանական գյուղատնտեսությունը շահավետ ուղղություն է եւ ցանկանում է այդ ուղղության աճից եկամուտ ունենալ, բայց նա կարող է որեւէ ձեւով հետաքրքրված չլինել հող գնելով կամ գյուղատնտեսությամբ զբաղվելով: Այս դեպքում կարելի է գնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերության բաժնետոմս կամ ներդրումային ֆոնդի փայ, որն իր հերթին ներդրումներ է կատարում օրգանական գյուղատնտեսության մեջ։

Հայաստանում այդ շուկան դեռեւս նոր է սկսել զարգանալ: Մեր քաղաքացիները կարող են միջազգային խոշոր ցանկացած ընկերության, ինչպես նաեւ մեր բորսայում ցուցակված հայկական ընկերությունների բաժնետեր դառնալ դիմելով մեր ներդրումային ընկերությունների եւ բանկերին, եւ եթե այդ ընկերությունները մեծ աճ են գրանցում, ապա բաժնետերը եւս մեծ եկամուտ է ստանում: Ներկա պայմաններում արժեթղթերում ներդրումներն, ի տարբերություն թվային արժույթների, շատ ավելի ապահով եւ պաշտպանված են, իսկ ռիսկերն էլ՝ կարգավորված:

- Ֆինանսական գրագիտության առումով անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ պետական մարմինները հանրությանը թվային արժույթների եւ բորսաների վերաբերյալ մանրամասներ ներկայացնեն:

- Ֆինանսական գրագիտության հարցը շատ լուրջ է մեր երկրում: Զարգացած երկրներում մարդկանց զգալի մասն արդեն փորձ ունի ֆինանսական գործիքներից օգտվելու, բայց մեզ մոտ նույնիսկ կարող են լինել պետական պաշտոնյաներ, որոնք ֆինանսական գրագիտության հարցում շատ բաների չեն տիրապետում: Խոսքն այն մասին չէ, որ այդ մարդիկ կրթություն չունեն, պարզապես՝ ֆինանսական գրագիտությունն ու ընդհանրապես գրագիտությունը տարբեր բաներ են: Մարդը պետք է կյանքում գոնե մեկ անգամ պարտատոմս գնի, որպեսզի հասկանա, թե դա ինչ գործիք է, ինչով է տարբերվում ավանդից եւ, օրինակ, ինչ հարկման առաձնահատկություններ կան: Այս առումով շատ աշխատանքներ կան տանելու, Կենտրոնական բանկն էլ ունի ֆինանսական կրթության ռազմավարություն: Կարծում եմ, այստեղ մեր աշխատանքներն ավելի ակտիվացնելու կարիք կա:

- Պարո՛ն Զաքարյան, թվային արժույթների եւ բորսաների շուկաներից Հայաստանը շա՞տ հետ է: Քայլեր պե՞տք է ձեռնարկել, թե պահպանողական մոտեցումն ավելի ճիշտ է:

- Պահպանողական մոտեցումը մեզ համար արդարացված չէ: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Մաո Ցզեդունի խոսքերը, որն ասել է՝ «Պասիվությունը մահացու է մեզ համար, մեր նպատակը թշնամուն պասիվ դարձնելն է»: Հիմա մեր պասիվությունը մեզ համար մահացու է, պետք է շատ ակտիվ լինենք, հատկապես, երբ ակնհայտ է, որ շատ հետ ենք աշխարհից. այստեղ դանդաղկոտությունն աններելի է: Պետք է առաջ շարժվենք եւ օգտվենք նաև տեխնոլոգիական բեկման հնարավորություններից:

Տպել
2726 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ