Նրան գրկել-փաթաթվել էին տիգրանակերտցի երեխաները. Սևան Աթաօղլուն՝ Թուրքիայում դուդուկի վարպետի շրջագայությունների մասին

Այս օրերին աշխարհի չորս ծագերում, ինչպես նաև Թուրքիայում մեծ ակնածանքով են հիշում ծիրանափողի վարպետին․ նա բոլորի Ջիվան Գասպարյանն էր, նրա մեղեդին բազմալեզու էր՝ միաձուլվում էր յուրաքանչուրի հոգուն, վեր էր նույնիսկ քաղաքականությունից։ Երբ Վարպետն իբրև հյուր-երաժիշտ հրավիրվել էր մասնակցելու Ստամբուլում կայանալիք մի համերգի՝ բացօթյա համերգասրահը բերնեբերան լցվել էր նախևառաջ Մեծն Ջիվանի շնորհիվ, քանի որ բոլորը՝ հայ, թուրք, քուրդ, հույն շտապում էին լսել հայկական ծիրանափողի վարպետի կատարումները։ Նրա մահվան լուրը արագորեն տարածվեց Թուրքիայում․ թուրքական «NTV» հեռուստաընկերությամբ հնչեց Ջիվանի զուլալ ձայնը՝ «Մայրի՛կ, իմ անուշի՛կ մայրիկ․․»:

Ջիվան Գասպարյանի՝ Թուրքիա կատարած շրջագայությանը մեզ հետ զրույցում անդրադառնում է պոլսահայ մշակութային գործիչ, լրագրող Սևան Աթաօղլուն։ Վարպետի մասին խոսելիս նա ընդգծում է «Ջիվան Գասպարյանն այն երաժիշտն է, որը դուդուկի երաժշտությունը բարձրացրեց աշխարհահռչակ երաժշտության բարձրության՝ ժողովրդական երաժշտությունից դուդուկի նվագը հասցնելով դասական երաժշտության՝ դուդուկը դարձնելով նաև այդ ընտանիքի գործիքը»։

217411117_4365636886791233_54139466477735165_n.jpg (47 KB)

Երևան, ձախից՝ Հասան Սալթըքը, իսկ աջից՝ Սևան Աթաօղլուն Վարպետի հետ

- Հարգելի՛ Սևան, Ջիվան Գասպարյանի՝ Թուրքիա կատարած այցն ի՞նչ մթնոլորտ, տրամադրություն և հանդիպումներ ստեղծեց պոլսահայ համայնքում և համայնքից դուրս։ Եվ ինչպե՞ս ստացվեց, որ դուք նրան ընկերակցեցիք։

-Ջիվան Գասպարյանն առաջին անգամ Ստամբուլի երաժշտասերներին ներկայացավ 2000 թվականին՝ Ստամբուլի ջազ փառատոնի շրջանակներում՝ նվագակցելով հանրահայտ երաժիշտ Անդրեաս Վոլլանվայդերին։ Վարպետն այդ երեկոյի ամենահայտնի աստղն էր, որովհետև Ստամբուլի երաժշտասերները տարբեր առիթներով արդեն ծանոթ էին վերջինիս արվեստին, ուստի կարոտով էին սպասում նրա դուդուկի հնչյուններին։ Ավելին՝ համերգի վերջում շռնդալից ծափերով ևս մեկ կատարում պահանջեցին. վարպետը կատարեց հայկական ժողովրդական ստեղծագործություն։ Ահա այդ օրվանից էլ սկսվեցին Մեծ երաժշտի ընկերային հանդիպումներն ու ծանոթությունները Թուրքիայում։ Ես՝ իբրև «Ակօս» թերթի լրագրող և լուսանկարիչ, հենց այդ օրը ծանոթացա Վարպետ Ջիվանի հետ և նրանից հարցազրույց վերցրի, որից հետո էլ ընկերակցեցի նրան իր բոլոր հյուրախաղերի ընթացքում (այն հաջողակն էի, որին վստահվել էր այդ գործը)։ Այդ համերգին էր Ջիվան Գասպարյանը ծանոթացել Ստամբուլի՝ «Kalan Müzik» ձայնագրման ստուդիայի տնօրեն, պրոդյուսեր Հասան Սալթըքի հետ, որը հետագայում դարձավ նրա մտերիմ ընկեր-բարեկամը, և միասին երկար ճանապարհ անցան։

Ջիվան Գասպարյանի և պոլսահայ համայնքի բարեկամությունը սկսվեց պոլսահայ հայտնի «Սայաթ-Նովա» երգչախմբի կազմակերպած խնջույքում, որը տեղի էր ունեցել Ստամբուլի Սբ․ Երից Մանկանց եկեղեցու պարտեզում՝ շուրջ 250 հյուրերի մասնակցությամբ։ Հրավիրյալների մեջ էին Թուրքիայի հայտնի «Kardeş Türküler» երաժշտական խումբը, թուրքական ժողովրդական երաժշտության հայտնի անուններ՝ Իսմայիլ Դեմիրջիօղլուն, Էրքան Օղուրը, պրոդյուսեր Հասան Սալթըքը, պոլսահայ մամուլի խմբագիրներ, մտավորականներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Խնջույքին միասին էին լազերն ու  քուրդերը, հայերն ու թուրքերը։ Հնչեցին տարբեր լեզուներով երգեր՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի նվագակցությամբ․ նա իր մեղեդիով ու քաղցր ձայնով հագեցրեց այդ միջավայրը։

Հիշարժան է նաև 2004 թվականին Անկարայի «ODTÜ» համալսարանի շրջանավարտների միության կազմակերպած բացօթյա համերգը՝ «Ջիվան Գասպարյանն ու իր քառյակը» խորագրով։ Երբ հասանք Անկարա, նկատեցինք, որ համերգի մեր սրահը զարդարված էր ծաղկեփնջերով․ յուրաքանչյուրի վրա հայ ընտանիքի անուն էր գրված՝ շնորհակալության և հաջողության մաղթանքներով։ Վարպետն ու ես շվարեցինք, հետո պարզվեց,  որ Անկարայում կա հայ կաթողիկե շատ փոքր  համայնք, որոնք իմացել էին Ջիվան Գասպարյանի Անկարայում տեղի ունենալիք համերգի մասին և բաց չէին թողել նրա հետ հանդիպելու առիթը։ Բացօթյա դահլիճի գրեթե կեսը Անկարայի հայերն էին՝ երիտասարդներից մինչև ավագ սերունդ։ Համերգի վերջում նրանք ծանոթացան Վարպետի հետ․ Անկարայի հայ համայնքը կարոտ էր նման միջավայրի և երաժշտության։ Անմոռանալի ապրումներ էին․․․

217452279_383968903072420_6999209426235401002_n.jpg (56 KB)

Ստամբուլ, Ջիվան Գասպարյան, Էրքան Օղուր և ընկերներ

- Թուրք երաժշտասերներն ու հանրությունը ինչպե՞ս ընդունեցին հայկական դուդուկը՝ Ջիվանի դուդուկի նվագը, ա՛յն Ջիվանի, որը մշեցու թոռ է և իր պատմությունն ունի այս հողում։

- Այսպիսի հանրահռչակ հայ առաջին անգամ էր ներկայանում Թուրքիայի հանրության առաջ։ Շատ հայ երգիչներ էին եկել Թուրքիա, սակայն նրանց ելույթները սահմանափակվել էին ներհամայնքային շրջանակներում։ Առաջին անգամ հայը՝ հայաստանցին, աշխարհահռչակ աստղը հյուրընկալվել էր Թուրքիայում․ սա շատ կարևոր էր թե՛ Ջիվան Գասպարյանի, և թե՛ այդ օրերին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների աշխուժացման առումով։ Թուրք երաժիշտների հետ աստիճանաբար մտերմություն սկսվեց։ Նախևառաջ պետք է նշել դուդուկահար Էրթան Թեքինի անունը, որը մինչ այդ նամակներով կապ էր հաստատել Գասպարյանի հետ և ուզում էր դառնալ նրա աշակերտը։ Վարպետն ինձ պատմեց, որ թուրք դուդուկահարը շատ է ուզում իր հետ ծանոթանալ, սակայն Էրթանի հետ հանդիպումը ավելի ուշ տեղի ունեցավ․ Ջիվան Գասպարյանը իր հետ բերած դուդուկը փոխանցեց Հասան Սալթըքին, որպեսզի վերջինս իր անունից նվիրի էրթանին։ Հետագայում Ջիվան Գասպարյանը 2 անգամ Գյումրիի դուդուկի միջազգային փառատոնին հրավիրեց Թեքինին, որը բեմ բարձրացավ Վարպետի նվիրած դուդուկով։

2000-2006 թթ․-ին ժողովրդական երաժշտության ասպարեզի թուրք և քուրդ երաժիշտները միշտ գալիս էին Վարպետ Ջիվանի հյուրանոց կամ համերգի վերջում անպայման դռան առջև սպասում էին, որպեսզի ամեն մանրուք սովորեին նրանից, խորհուրդները լսեին (նույնիսկ «ղամիշներ» էին ուզում)։ Նրա  յուրաքանչյուր բառ ու փորձառություն շատ կարևոր էր նրանց համար։ Հետաքրքրական է, որ անգամ սովորական երաժիշտները, որոնք Թուրքիայում հայտնի չեն, մեկը մյուսի հետևից գալիս էին նրա հետ ծանոթանալու, ծարավ էին նրա խորհուրդներին, նրա աջը համբուրելուն․ Ստամբուլում երաժիշտները առավոտից իրիկուն նրա շուրջն էին պտտվում։

Թուրքիայի երաժիշտների համար ոչ թե՝ «հայերը և Հայաստանը մեզ մտերիմ են», «100-ամյա ընկերություն» կամ հակառակը, այլ դրանից դուրս՝ երաժշտական ասպարեզում Ջիվան Գասպարյանը շատ լուրջ ընդունվեց և այստեղ դարձավ մի աստղ, որը պարզ փողային գործիքը ծառայեցրեց համաշխարհային արվեստին և դարձրեց լայնածավալ երաժշտացանկի տերը։ Խոստովանենք, որ Թուրքիայում նրան ավելի շատ որպես հայ ժողովրդական երաժշտության ներկայացուցիչ ընդունեցին։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի, որտեղ Ջիվանի աստղը փայլում էր դասական երաժշտության երկնակամարում՝ Թուրքիայում միջավայրն այլ էր․ թուրք երաժիշտների հետ համատեղ համերգներին այդ հանրության սիրելի երգերով էր ներկայանում՝ «Սարի աղջիկ», «Դլե յաման», «Սարերի հովին մեռնեմ»․․․

- Վարպետը Ստամբուլում նույնիսկ ձայնասկավառակ թողարկեց թուրք երաժիշտ Էրքան Օղուրի հետ։ Կպատմե՞ք այդ մասին։

- Երջանկահիշատակ դերսիմցի պրոդյուսեր Հասան Սալթըքը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մտերիմն էր։ Նա ծանոթ էր նաև հայ երաժշտությանը և ցանկանում էր տարբեր քաղաքների հայկական ստղծագործությունները ներկայացնել իր ընկերության՝ «Kalan Müzik»-ի ստորագրությամբ։ Երբ առաջին անգամ Ստամբուլի բացօթյա թատրոնի համերգին հանդիպեց Վարպետին, առաջարկեց Թուրքիայի ժողովրդական երաժիշտ  Էրքան Օղուրի հետ համատեղ «Fuad» ալբոմը ձայնագրել (ծրագիրը պատրաստ էր)։ Տեղեկացնեմ, որ Էրքան Օղուրն ու Ջիվան Գասպարյանը Ստամբուլի բացօթյա դահլիճում մեծ համերգ ունեցան․ դահլիճը լեփ-լեցուն էր և լայն արձագանք ունեցավ Թուրքիայում և հեռարձակվեց հանրային հեռուստաընկերությամբ։ Ջիվան Գասպարյանն ու Էրքան Օղուրը հրավիրվեցին տարբեր հեռուստածրագրերի։ Երկու հայտնի աստղերը հայտնվեցին կողք կողքի և սիրվեցին, իսկ «Fuad» ալբոմը հայտնվեց եվրոպական և ամերիկյան շուկայում՝ մեծ ընդունելություն գտնելով ամենուր։

- Ստամբուլ-Բաթման-Երևան ճանապարհն ի՞նչ պատմություն ունեցավ։

-Թուրքիայի համերգներից և «Fuad» ձայնասկավառակից հետո Վարպետի համբավը հասավ մինչև Քրդաստան՝ հեռավոր Անատոլիայի ափերը (պատմական Հայաստան)։ 2000 թվականների սկզբին թուրք-քրդական հաշտության երկխոսությունն էր ընթանում, որի առիթով Բաթմանի Հասանքեյֆ բերդաքաղաքում՝ Տիգրիս գետի ափին բացօթյա մեծ փառատոն էր անցկացվում։ Գասպարյանը հրավիրված էր այդ փառատոնին և պետք է ներկայանար քուրդ ժողովրդի առջև։ Մենք ինքնաթիռով նախևառաջ հասանք Տիգրանակերտ՝ Գասպարյանի մայրական կողմի պապերի ծննդավայր․ այն ժամանակ Սուրբ Կիրակոսը վերնորոգված չէր, և եկեղեցու ավերակները տեսնելով՝ շատ հուզվեց․ հանեց դուդուկն ու նվագեց «Տեր ողորմյան»։ Նրան գրկել-փաթաթվել էին տիգրանակերտցի երեխաները․․․

218185340_546685463022324_8353526444851263037_n.jpg (55 KB)

Տիգրանակերտ, Վարպետը Սբ. Կիրակոս եկեղեցում տիգրանակերտցի երեխաների հետ

Տիգրանակերտից մեքենայով ուղևորվեցինք դեպի Բաթման, որտեղ դրամատիկ գիշեր ապրեցինք։ Ճանապարհին մտահոգ էր՝ ինչպես պիտի ստեղծվի երկխոսության մթնոլորտը թուրքերի և քրդերի հետ, չէ՞ որ պատմություն ունենք նրանց հետ․․․ Այսպիսի մտքերով հասանք Բաթման՝ Հասանքեյֆի Տիգրիս գետի ափերը։ Երբ մեքենայից իջանք, արդեն մութ էր։ Բացօթյա համերգը գիշերը ուշ ժամերին պետք է տեղի ունենար։ Մեծ բազմություն էր սպասում համերգին, սպասում էին ոչ միայն Վարպետին, այլև՝ հայտնի թուրք փոփ և ժողովրդական երաժշտության աստղերին։ Շատ մեծ հավաք էր։ Երբ մեքենայից իջանք, նկատեցի, որ ժողովրդի միջից մեծ խումբ՝ 100 հոգուց ավելի վազելով դեպի մեզ են գալիս։ Վարպետ Ջիվանը մտահոգվեց՝ ի՞նչ է կատարվում։ Կարծեցինք՝ հարձակվում են։ Ի զարմանս մեզ՝ 2 րոպեի ընթացքում այդ խումբը՝ փոքրեր, երիտասարդներ մեկ գծի վրա շարվեցին և սկսեցին համբուրել Վարպետի ձեռքերը՝ թուրքերենով ու քրդերենով բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնելով նրան։ Ջիվան Գասպարյանին Վարպետ Ջիվան էին ասում․․․ Վարպետն ու հայաստանցի երաժիշտները պատահածից ապշել էին։

Համերգից առաջ՝ մամլո ասուլիսին պարզվեց, որ քրդերը Հայաստանի հանրային ռադիոյի քրդերեն հաղորդումների մշտական ունկնդիրներն են։ Այդ հաղորդումների ընթացքում հաճախ էին հնչում Ջիվան Գասպարյանի դուդուկի մեղեդիները, որոնք շատ հարազատ էին դարձել նրանց։  Մենք ականատես եղանք այդ ամենին։ Բոլոր թուրք երաժիշտները մի կողմ, Ջիվանը փոփ աստղի պես ընդունվեց։ Նրանք ասում էին՝ մենք ինչպես կարող ենք մոռանալ Վարպետին, նա մեր հարազատն է․ երկար տարիներ սպասեցինք մեր մեծ հայրիկին։ Եվ հիմա մեր շնորհակալությունները հայտնելու օրն է։

Երբ Ջիվան Գասպարյանն իմացավ, որ իր երաժշտությունը ծանոթ է նրանց, հարցրեց, թե՝ ո՞ր մեղեդիները լավ գիտեն և կցանկանան, որ այդ գիշեր նվագի։ Համերգի ընդհանուր ծրագիրը ըստ այդմ էլ փոփոխության ենթարկվեց։ Լուսնյակ գիշերվա՝ 50-60 հազար մարդկանց առջև բաց երկնքի տակ համերգը անմոռանալի դարձավ և՛ Վարպետի, և՛ բոլոր ներկաների համար։

Հայաստանի հանրային ռադիոյի քրդական հաղորդումները Ջիվան Գասպարյանին և Թուրքիայի իր պրոդյուսեր Հասան Սալթըքին ավելի մտերմացրին։ Նա վերջինիս հյուրընկալեց Երևանում և ծանոթացրեց Երևանի ռադիոյի տնօրենության հետ։ Հանրային ռադիոն և «Kalan Müzik»-ը ծրագիր պատրաստեցին, որը նաև պետք է Թուրքիայում ներկայացվեր, սակայն դժբախտաբար Հասան Սալթըքը վերջերս հանկարծամահ եղավ։ Նրանց կիսատ թողած գործերը այժմ սպասում են իրենց ընկերներին, զավակներին։ Թող այդ ծրագրերը իրականացվեն՝ ի հիշատակ Ջիվան Գասպարյանի և Հասան Սալթըքի։

218253855_994818274623520_9213756440053197_n.jpg (39 KB)

Ջիվան Գասպարյան և Հասան Սալթըք

Լուսանկարները՝ Սևան Աթաօղլուի և «Kalan Müzik»-ի արխիվից

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

 

Տպել
210 դիտում

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին