ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված ծրագրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև երաժշտարվեստի ոլորտին, կրթամշակութային, հոբելյանական, ներառական ծրագրերին, որոնք իրականացվել են նախարարության աջակցությամբ: 

«Երաժշտարվեստի ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնցից ուզում եմ առանձնացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Բեթհովենի սիմֆոնիաների» ձայնագրությունը, որն արվել է ամենադժվար օրերին, և, կարծեք, դա մեզ համար կամքի ու ոգու ամրապնդման մի արարողություն էր: Աջակցություններ են եղել նաև կերպարվեստի, պարի ոլորտներին: Այս համատեքստում պետք է նշեմ «SUMMEET» ժամանակակից պարի փառատոնի կարևորությունը, որը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս»,- ասել է նախարարի տեղակալը: 

Կրթամշակութային ծրագրեր

«Ես կարծում եմ, որ մշակույթի և կրթական քաղաքականության համադրման գործում մենք հաջողել ենք առավելագույնս, որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք մշակութային շուկայի փոքրության մասին, կրթված հանդիսատեսի բացակայության մասին, բայց եթե մենք հենց դպրոցական տարիքից չձևավորենք այն գիտակցությունը, որ մշակույթը լուրջ երևույթ է, որ մշակույթով զբաղվելը լուրջ մասնագիտություն է, և եթե չբարձրացնենք մշակութային գործչի հանրային ճանաչելիությունն ու վարկանիշը, մենք չենք կարող լուծել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Արա Խզմալյանը և ներկայացրել մշակութային շուկայի հիմքերի ձևավորմանն ուղղված այն ծրագրերը, որոնք իրականացվել են 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 

Ըստ այդմ՝ հանրակրթական դպրոցների 60 աշակերտ մասնակցել է «Դասարան+Դասական» ծրագրին, իսկ 2022 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկել շուրջ 70 աշակերտի: 

«Քո արվեստը՝ դպրոցում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արվեստագետների և դպրոցականների 30 հանդիպում Երևանում և ՀՀ մարզերում։ Հանդիպումներին մասնակցել են 600 դպրոցի շուրջ 2500 աշակերտ և մանկավարժ։ 2022 թվականին այն ընդլայնվել է, և շուրջ 4000 աշակերտ հնարավորություն կունենա մասնակցելու ծրագրին: 

Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 400 սովորող և ուսուցիչ, իսկ 2022 թվականին ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով 60-65 ուսումնական հաստատություն: 

«Զարդագիր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են հայկական մանրանկարչության վարպետաց դասեր, որոնք բաղկացած են 3 մասից՝ հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված։ Վարպետաց դասն անցկացվել է Գորիս, Կապան քաղաքներում և Արցախի Վանք գյուղում: Ծրագրին մասնակցել են 700 երեխա: Նկարահանվել է «Զարդագիր» հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով։ 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Արվեստասերունդ» նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 30-ը: Կինոմիության մեծ դահլիճում և գործնական աշխատանքների մեծ սրահում իրականացվել է «Անիմացիոն» և «Կինոնկարչության» 32 աշխատարան, որին մասնակցել են հանրակրթական և արվեստի 42 դպրոցների 148 դպրոցականներ: 

 ՀՀ 6 մարզերի 32 համայնքներում գործում են 21 «Արար» կենտրոններ։ Տեղաբնակ 16 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, մանրանկարչություն, գորգագործություն ու կարպետագործություն, խեցեգործություն, քարի և փայտի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են 650-700 աշակերտներ: 

Տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային ծրագրի պատանիները մասնակցել են 18 առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների, ինչպես նաև վարպետության դասեր ստացել աշխարհի լավագույն մասնագետներից։ 

Գեղագիտության ազգային կենտրոնը պետական աջակցությամբ Մեղրիում իրականացրել է լուսանկարչության, վավերագրական կինոյի, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության, գեղարվեստական տպագրության և գրական աշխատանքի վարպետության դասեր: 

Անկախության շրջանում առաջին անգամ տպագրվել է «Արվեստի պատմություն Կերպարվեստ Գիրք I» ուսումնական ձեռնարկը: 2022 թ. նախատեսվում է հրատարակել «Արվեստի պատմություն Կերպարվեստ Գիրք II», ինչպես նաև Հասմիկ Մարկոսյանի «Արվեստի պատմություն Պարարվեստ Գիրք I» ուսումնական ձեռնարկները: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվել է Հայաստանի Հանրապետությունում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին: 

«Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման» ծրագրի շրջանակում 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները համակարգի միջոցով հնարավորություն են ունեցել անվճար այցելելու երեք մշակութային կազմակերպություններ՝ թանգարաններ, թատրոններ, համերգային կազմակերպություններ: 

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող կրթական լավագույն և գրավիչ ծրագրերից մեկը՝ «Դաս Ա»-ն, կլինի շարունակական, և 2022 թվականին կիրականացվի նաև «Դասարվեստ» ծրագիրը: 

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» 

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագիրը մեծ կարևորության նախագիծ է, որի շրջանակում հանրապետության լավագույն մշակութային իրադարձությունները «գնում են» մարզեր և սահմանամերձ համայնքներ: Այս համատեքստում նախարարի տեղակալն արձանագրել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի այցը Սյունիք և Արցախ մայիսին իրականացված «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնի շրջանակում:  

Նշենք, որ փառատոնին մասնակցում էին Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր: Պատանիների մասնակցությամբ Գանձասար վանական համալիրում տեղի է ունեցել պատարագ, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կայացել են հոգևոր համերգներ: Եզրափակիչ համերգները կայացան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում և Կապանի մշակույթի կենտրոնում: «Երգով ու սիրով» փառատոնին մասնակցեց ընդհանուր թվով 350 երեխա: 

«Ծրագրի շրջանակում Երգի պետական թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս քաղաքներում, ՀՀ Տավուշի մարզ Բերդավան, Բերդ քաղաքներում, Ազատամուտ գյուղում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում և Դարբաս գյուղում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին նվիրված համերգներով հանդես են եկել Գորիս ու Կապան քաղաքներում: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդես է եկել Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում, նոյեմբերին էլ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում»,- տեղեկացրել է փոխնախարարը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ հավելելով՝ 2022 թվականին ծրագիրը լինելու է շարունակական: 

Ներառական ծրագրեր

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից արվեստի և մշակութային կրթության ոլորտներում նախարարության աջակցությամբ 2021 թվականին իրականացվել է ներառական 6 նախագիծ. «Կինոդպրոց՝ առանց սահմանների»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը, «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնը, «Ձեռք ձեռքի տված» ծրագիրը, «Միասին» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը, «Նավարկություն» ժամանակակից արվեստի կրթական, ներառական նախագիծը, «1080 ժամ» ցուցահանդեսը: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի ներառական ծրագրերին մասնակցել է հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձ։ Գեղագիտության ազգային կենտրոնում 2021 թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկել են ուսումնական դասընթացներ: «Կողք կողքի» ներառական հանրապետական փառատոնը ընդլայնվել է, և 2022 թ. այն կիրականացվի միջազգային ձևաչափով: 

«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել ներառականության հարթակ և այստեղ կենտրոնացնել ներառական մշակութային նախագծերը գոնե ժամանակակից արվեստի ոլորտում»,- նշել է փոխնախարարը և տեղեկացրել, որ «Գեղագիտության ազգային կենտրոնը» լրջագույն աշխատանք է կատարում ներառական մշակութային կրթական ոլորտում: 

Հոբելյաններ

Հոբելյանական ծրագրերի համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա և Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ օրացույցում»։ 

 «Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թողարկվել է կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնասկավառակը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած միջոցառմամբ մեծ շուքով նշվել է Անրի Վերնոյի 100-ամյակը. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ այն կրկնվել է նաև Երևանում։ Վերնոյի հոբելյանին էր նվիրված նաև կինոժառանգության պահպանման խնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովը։ Տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակների կապակցությամբ։ Տեղի է ունեցել Միքայել Թարիվերդիևի հոբելյանին նվիրված համերգ, որին ներկա էր նաև կոմպոզիտորի այրին: 

Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին ընդառաջ՝ 2020-ից մեկնարկել են օդափոխության համակարգի ամբողջական վերափոխման, արդիականացման աշխատանքները, որոնց համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ։ Պետական աջակցությամբ ամբողջությամբ թարմացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի կայքը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ պատկերասրահի բուն հոբելյանական միջոցառումը կկայանա 2022 թվականին:

Տպել
752 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը