ՀՀ պաշտոնը ստանձնելիս Վահագն Խաչատուրյանի ելույթը՝ ամբողջությամբ

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ 

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքից և աղոթքից հետո, նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է ելուոյթի սղագրությունն ամբողջությամբ.

«Մեծարգո վարչապետ,

Վեհափառ Տեր,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգայի ժողովի մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այսպիսի վստահության արժանացնելու համար:

Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն:

Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի:

Ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում  պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ նաև պետության հարատևությունը պայմանավորված են ինստիտուտների կայացվածությամբ: Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս՝ արժեզրկելով, բարոյազրկելով արժեքային այն ամբողջ համակարգը, որը կանխորոշվում է Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով: Արդյունքում պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք:  

Ցանկացած երկրի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի կառավարման համակարգի ընտրությունը: Սակայն պետական կառավարման այս կամ այն համակարգն ինքն իրեն ժողովրդավարություն կամ բռնապետություն չի ծնում, բայց նրանցից յուրաքանչյուրը, միահյուսվելով հասարակական կյանքի այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետ, կարող է հիմք հանդիսանալ մի դեպքում իսկական ժողովրդավարության ձևավորման, մեկ այլ դեպքում՝ բռնապետության հաստատման համար: Այստեղ, իհարկե, իր մեծ դերակատարումն ունի գործող քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակությունն իր գաղափարախոսությամբ, անաչառությամբ, ակտիվ գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի գործունեությունը՝ ուղղված սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից: Այս համակարգում, իհարկե, իր ուրույն տեղն ունի նաև Նախագահի ինստիտուտը, որն ըստ Սահմանադրության հանդիսանում է Պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածների իրադարձություններին անդրադարձը հիմնականում հնարավորություն չի տալիս մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները ստանալ. շատ դեպքերում դա անհնար է, քանի որ իրականությունը գնահատելու համարձակություն չենք ունենում կամ էլ չենք ունեցել: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, օրինակ, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող: Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում, իրենց առավելություններով հանդերձ, ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող:

Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի. 

· իշխանության տարանջատումը,

· օրենքի գերակայությունը,

· զանգվածային լրատվության միջոցների ազատությունը,

· քաղաքական մրցակցությունը,

· իշխանափոխության հնարավորությունը,

· ազատ ընտրությունները:

Մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է Անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու Հայաստանի Հանրապետության գոյությունը: Դրանք ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներն են:

Անտարակույս է այն մտածողության ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր պետք է անցնի իր ճանապարհը, որն էլ բնութագրում  է, թե ինչպիսի հասարակություն է ձևավորված, և կարող է արդյոք այդ հասարակությունը հաղթահարել այն դժվարությունները, որոնք ժամանակի և դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ առաջանում են նրա զարգացման ճանապարհին :

Մենք էլ անկախություն ստանալուց հետո ընտրեցինք զարգացման մեր ուրույն ուղին: Անցած երեսուն և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էր մեր ժողովրդի, հայրենակիցների համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. հավերժ փառք ու պատիվ բոլորին:

Սա իհարկե մեծ ցավ է բոլորիս համար, բայց մյուս կողմից էլ պարտադրանք և հարկադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայն հայությանը՝ վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը, կառավարելի դարձնելու տեղի ունեցող գործընթացները, ստեղծելու և զարգացնելու ժամանակակից և ապագային միտված նոր տնտեսական համակարգ, իր ենթակառուցվածքներով, որը ճանապարհ կհարթի դեպի նոր որակի տնտեսություն՝ թռիչքաձև զարգացման մեծ պոտենցիալով:  

2018թ. թավշյա հեղափոխությունն էլ արդյունք էր նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար շատ-շատերիս, մեր հանրության գերակշռող մասի մոտ: Մինչ հեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների, և դրանք 2018թ. ապրիլին իրականություն դարձան:  Սա էլ հերթական, նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող: Հույսն ու հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն:                                                                   

Այսօր էլ, աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, երբ տնտեսական և սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռևս չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատենք և կերտենք մեր նոր Հայաստանը:

Ի՞նչ է հարկավոր մեզ իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկարային ծրագրերը իրականացնելու ճանապարհին.

· Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն,

· Տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնում, խոչընդոտների վերացում,

· Սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն և պատասխանատվություն,

· Ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, այլ նաև համազգային:

Համոզված եմ՝ բոլորս էլ ունենք մեր պատկերացումները երկրի, պետության, համայն հայության, Արցախի ապագայի մասին: Շատ կարևոր է, թե ի՞նչ Հայաստան ենք մենք ունենալու ապագայում, ինչո՞վ է ներկայանալի լինելու ապագա Հայաստանը: Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով:

Կրկին անդրադառնամ պետական ինստիտուտներին: 

Որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնում եմ, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս: Սակայն կա մի պարզ ճշմարտություն. առանց պետական մյուս ինստիտուտների՝ Ազգային ժողովի, կառավարության, դատական համակարգի հետ սերտ համագործակցության՝ ուղղված ՀՀ Սահմանադրության պահպանմանը, հաջողություն չի կարող լինել:

Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախ և առաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք. առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ:

Համոզված եմ նաև, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ.

· միասին մենք կարող ենք բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում,

· միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է,

· մենք մեր ապագայի համար պարտական ենք մեր հավերժական արժեքների ուժին,

· միայն ազատությունը և ազատ մարդը կարող են երաշխավորը լինել մեր հարատևության, զարգացման, 

· և ի վերջո, մեր շրջապատում, մեր իրականության մեջ կան մարդիկ՝ Երազողներ, ովքեր այսօր կերտում են ավելի լավ վաղվա օրը:

Սա մեր առաջիկա տարիների գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը պետք է դառնա: Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Շատ կարևոր է հատկապես ապագայի հեռանկարի և ապագա անելիքների մասին անդրադարձը: Փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ: Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել:

Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքին, ի շահ մեր պետության, պետք է լծված լինի  նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

Վերջում պարզապես ևս մեկ մեջբերում ՀՀ Սահմանադրությունից, որի հոդված 123-ում գրված է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:

Սա իմ համոզմամբ ամբողջական է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի առաքելությունը, որն էլ պետք է դառնա իմ գործունեության ուղենիշը:

Շնորհակալություն»: 
Տպել
659 դիտում

ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ, անվտանգության խնդիրները լուծում է ռուսական զորախումբը. ՌԴ ԱԳՆ

Հայնի է՝ որքան կլինի իգական սեռի զինծառայողների ծառայության ժամկետն ու պատվովճարը. նախագծի մանրամասները

Նորիկյանը ստանձնել է հրդեհի հետևանքով զոհված 13 զինծառայողների ազգականների՝ որպես տուժողի ներկայացուցչի կարգավիճակը

Կիրականացվի ուսումնական հաստատությունների քարտեզագրում

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը շարունակ աճում է՝ մոտենալով 6 հազարին

Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան հատվածը փակ են բոլոր ավտոմեքենաների համար

Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը. Աննալենա Բերբոք

Օլաֆ Շոլցի խորհրդականն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ համագործակցության և Լաչինի արգելափակման մասին հարցեր

Հալեպի՝ երկրաշարժից տուժած բնակչության մեծամասնությունը գիշերն անցկացնում է ակումբներում ու եկեղեցիներում

Թուրքիա փրկարարներ ուղարկելը քննադատողների թվում առավել ծիծաղելի իրավիճակում են Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցները

Մարդասիրական այս քայլը կարևոր է ոչ միայն թուրք հասարակության, այլև միջազգային հանրության վերաբերմունքի առումով. Արշակյան

Քարաթափում Երևանի Կոնդ թաղամասում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ. տուժել է կայանված մեքենան

Արցախի նախագահն ու պետնախարարը ինչպես և ինչ առաքելությամբ են առանձին-առանձին օրերս այցելել Մոսկվա․ Արման Բաբաջանյան

Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք է կատարել Թուրքիա․ Կարո Փայլան

Փրկարարները հղի կնոջը Նիգավանից տեղափոխել են Ապարանի ԲԿ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ճանապարհել է Թուրքիա և Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին (լուսանկարներ)

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

«44-օրյա պատերազմից հետո հարցն անձամբ բարձրացրել եմ». ռազմական փորձագետը՝ բանակի համազգեստը փոխելու մասին

Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Փոխարժեքների անկում տարադրամի շուկայում․ Կենտրոնական բանկի տվյալներ

Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք. Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

«Երկու դեպքում էլ Հայաստանը ճիշտ է վարվել». Թորոսյանը՝ այժմ և 1999-ին Թուրքիային հումանիտար օգնություն առաջարկելու մասին

Կոյուղին մաքրելու համար 1000-ական դրամ՝ բնակիչներից. Մերձավանի նախկին համայնքապետի վերաբերյալ բողոքները շարունակվում են

Վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը․ դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը (տեսանյութ)

Թռիչքի է պատրաստվում ՀՀ փրկարարական ուժերին Թուրքիա տեղափոխող ինքնաթիռը․ Փաշինյանի հեռախոսազրույցը Էրդողանի հետ

Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետ

Նախնական գնահատականով՝ առողջապահական փաթեթի համար քաղաքացիները տարեկան կվճարեն 150-200 հազար դրամ. մանրամասներ

Ադրբեջանական ագրեսիան խաթարում է խաղաղություն հաստատելու ՀՀ ջանքերը․ Միրզոյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորների հետ

2023 թվականի հունվարին Հայաստան է այցելել 159 հազար 475 զբոսաշրջիկ, նախորդ տարի՝ 94 հազար. Քերոբյանի անդրադարձը

Արսեն Թորոսյանը պատրաստվում է հանդիպել քաղաքացիների հետ. նա հայտնել է օրվա, ժամի և վայրի մասին

Համատեղ ջանքերով կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-խորվաթական փոխգործակցությունը․ Խորվաթիայի ԱԳ նախարար

Վրաստանը մեր քաղաքականությունների համար առաջնահերթություն է, նրա և ԱՄՆ-ի հետ պետք է մշակել ռեգիոնալ խաղաղության նախագծեր

Շվեդիան պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Ամպրոպային ամպը՝ Երևանի արևմուտքում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ ԱԳՆ

Քննարկվում է հումանիտար օգնության փոխանցումն ու փրկարար ծառայության ջոկատների գործուղումը Թուրքիա և Սիրիա․ Միրզոյան

Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները