Երևան
12 °C
«Ինձ ճստիկ էին ասում։ Մանկապարտեզում եկել էին մեզ սրսկելու, ես էլ ահավոր վախկոտ էի, մանկապարտեզի դիմաց գերաններ կային շարված իրար վրա, ես վազեցի ու մտա դրանց տակ։ Մնացի այնտեղ այնքան, մինչև գնացին, իմ մանկությունից ու մանկապարտեզից դա եմ հիշում»:
Հոր՝ Արտաշեսի ընտանիքը Ղարսից 14 տարեկանում Բաթումի է գաղթել։ Հետագայում հայրն ամուսնացել է ռուս գեղեցկուհու հետ։ Մորական տատիկը՝ ռուս, պապիկը վրացի էր։
Ես ծնվեցի մաքուր հայ․ Սուսաննա Բաղդասարյան՝ ՀՀ վաստակավոր արտիստ
Սուսաննայի ընտանիքը Բաթումիից Երևան է տեղափոխվել, որտեղ էլ ծնվել է ապագա դերասանուհին։ Երևանից հետո հորը Վանաձորի կղմինդրի գործարանում են աշխատանքի նշանակել։ Արտաշեսը ընտանիքին վերցրել, տեղափոխվել է Վանաձոր։
«Սեփական տուն կառուցեց հայրս այդ բլրի վրա՝ հենց գործարանի մոտ։ Մանկությունս ու պատանեկությունս անցել է այդ գործարանի չորանոցների վրա։ Բարձր չորանոցներ էին, որ կղմինդրները պետք է չորանային, երեխաներով հավաքվում էինք այնտեղ ու խաղում էինք: Ես տանը ռուսերեն չէի խոսում։ Միշտ մայրս նախատում էր, ասում էր՝ պետք է գալու քեզ։ Ոչ թե ես ռուս եմ, դրա համար եմ ասում՝ ռուսերեն խոսիր, այլ քեզ պետք կգա հետո»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է նա:
Այնուհետ հորը նշանակում են դատավոր։ Սուսաննան այդ ընթացքում ավարտում է դպրոցը։
Հայրս որոշեց, որ պետք է գնամ իր ճանապարհով և տարավ իր մոտ նիստերի քարտուղար
Թատրոնն ու Սուսաննան վաղ մանկությունից անծանոթներ չեն եղել։
«Հայրս Բաթումիում, Արա Վրույր կար, մասնակցել է նրա թատերական խմբակին, փոքր եղբայրը դաշնակցական էր, նստեցնում, բաց էին թողնում անընդհատ։ Նա բանտում բեմադրել էր «Քաջ Նազարը», ինքը խաղացել էր Ուստիան։ Այսինքն՝ թատրոնը իմ մանկությունից կար ինձ հետ, ու ես շատ էի սիրում, բայց հայրս որոշեց, որ ես պետք է գնամ իր ճանապարհով։ Տարավ իր մոտ նիստերի քարտուղար»,- ասում է նա:
Դատարանը, սակայն, Սուսաննային չկոփեց։ Այնպես, ինչպես փխրուն ու երկչոտ էր մանկությունից, մնաց նույնը. «Նիստերի ժամանակ, երբ որ դատավճիռը կարդում էր հայրս, կին, մայր, երեխա լաց էին լինում, ես էլ հետները լաց էի լինում, էլ չէի կարողանում արձանագրել, արցունքներս խանգարում էին»։
Լկտի տիպ էր՝ ասաց՝ սելյոդկի պոչ, մի բաժակ արաղ ու էս եղնիկ քարտուղարուհուդ եմ ուզում
Սուսաննան դատարանում 2 ամիս է աշխատել ընդամենը։ Եվ մեկ դեպք հատկապես եղել է ճակատագրական, ու հայրը որոշել է՝ դա իր տեղը չէ։
«Գողերի բանդա կար, ղեկավարին բռնել էին, հայրս դատում էր։ Ասաց՝ վերջին խոսքի իրավունքով ինչ ես խնդրում դատարանից։ Շատ լկտի տիպ էր, ասաց՝ մի հատ սելյոդկի պոչ, մի բաժակ արաղ, մեկ էլ էս եղնիկ քարտուղարուհուդ եմ ուզում։ Հայրս գոռաց՝ դո՛ւրս անմիջապես, ազատե՛ք դատարանի դահլիճը։ Ու հենց էդ իրիկուն ասաց՝ էս քո խելքի բանը չէ, դու պիտի թատրոն գնաս»,- հիշում է նա:
Վանաձորի թատրոնի գլխավոր ռեժիսորի հայրը հոր մոտ թարգմանիչ է եղել։ Սա կարևոր հանգամանք էր, որ ծանոթներ էին. «Վռամը թարգմանիչ էր, հայրս էլ շատ մտերիմ էր, ձեռքս Գիքորի նման բռնած տարավ հանձնեց Սոկրատ Վռամիչին, ասաց՝ աղջիկս սեր ունի։ Դեռ ես էդպես չէի գիտակցում թատրոնը իր խորությամբ, ուղղակի հրապուրանքն էր, սերն էր թատրոնի նկատմամբ։ Ես մինչ այդ էլ բոլոր ներկայացումները գնում, նայում էի։ Տպավորված էի, դերասանուհի կար՝ Լենա Փաշինյանը, բոլոր հերոսուհիների կերպարներում ինքն էր։ Նրա Ռուզանը շատ էր տպավորվել իմ մեջ։ Ու ես ռեժիսորի մոտ արտասանեցի Ռուզանի մենախոսությունը։ Նա վեր կացավ, գնաց տնօրենին բերեց, ասաց՝ մի հատ էլ ասա, աղջիկ ջան։ Մի հատ էլ կրկնեցի, նայեց ու ասաց՝ վաղվանից կգաս թատրոն։ Էդպես ընդունվեցի թատրոն»։
Ծափեր էին, բայց իմը չէին, երազեցի, որ կգա ժամանակը, ես էլ կարժանանամ դրանց
Հատկապես առաջին բեմելն այսօրվա նման է հիշում Սուսաննան։ «Սեր խարդավանք»-ում Սոֆի էր խաղում։
«Թիկունքով կանգնած եմ, վարագույրը բացվում է, և ես պիտի շրջվեմ, ասեմ՝ պահակատեսը վերջացավ, Ֆերդինանտը դեռ չի երևում։ Շրջվեցի, դեռ բերանս չբացած՝ ծափերը պայթեցին։ Միլեդիի դերակատարը շատ թունոտ դերասանուհի էր, էդ աղմուկի մեջ ասաց՝ դատավոր հե՞րդ ա կազմակերպել էս ծափերը։ Գույնս գցեցի, խոսելու ընդունակությունս կորցրի, լավ է, որ ծափերը ուշ դադարեցին, ու ես ինձ հավաքեցի, էդ տեքստը ասացի։ Տեսարանը, որ փակվեց, Սոկրատ Վռամիչը իջավ ներքև ու ասաց՝ իրար մի խառնվեք, էս ծափերը էդ էրեխունը չէին, նրան շփոթել են Լենայի հետ։ Լենան վիրահատությունից և երկար հիվանդությունից հետո վերադարձել էր, ու քաղաքը իմացել էր։ Նրան շատ էին սիրում ու կարծել էին՝ Լենան եմ։ Ես շատ սիրուն էի էն ժամանակ՝ Լենային նման ու որ շրջվել եմ, տեսել են, կարծել են՝ Լենան է, ու դահլիճն ուրախացել է: Ծափեր էին, բայց իմը չէին: Ես երազեցի, որ գուցե կգա ժամանակ, ու ես էլ կարժանանամ էդպիսի ծափերի»,- հիշում է զրուցակիցը:

Ինչպես Վանաձոր հասած ռեժիսորն ու Սուսաննան ամուսնացան. կյանքը շարունակվեց Կապանում
«Ամուսինս ռեժիսոր էր: Եկավ բեմադրություն արեց: Իր դիպլոմայինը մինչև ավարտելը նշանվեցինք, հետո ամուսնացանք: Մի տարի հետո իրեն նշանակեցին Ղափանի թատրոն, ես էլ հետը գնացի»,- ասում է նա:
Կապանում սկսվեց գեղեցկուհի դերասանուհու թատերական վերելքը: Ռեժիսոր ամուսինը սիրում էր և՛ բեմի, և՛ կյանքի կնոջը. «Մխիթար սպարապետում շատ ամաչկոտ էր Մխիթարի դերակատարը։ Կարմրում էր մեր սիրային տեսարաններում: Մի օր ամուսինս ասաց՝ այ Խաչիկ ջան, ամբողջ քաղաքը սիրահարված է Սուսանին, մի հատ ջիգյարով գրկիր: Դու Մխիթար ես, Գոհարին ես գրկելու, Սուսանին չես գրկելու: Այ, ասպիսի մարդ էր ինքը»։
Երեխաները զույգին չխանգարեցին ստեղծագործել: Վարձով բնականում ծնվեցին Սուսաննայի զավակները: Նրանց պահելու հարցում սկսեսրոջ դերը մեծ է եղել. «Խանգարող ոչինչ չկար, հյուրախաղեր էինք ունենում մի ամիս, քառասուն օր: Շատ լավ տարիներ էին: 16 տարի ես աշխատեցի Ղափանի թատրոնում, և մի քիչ նմանություն կար Գյումրիի հանդիսատեսի հետ, նրանք էլ էին շատ անմիջական, թատերասեր»:

Խորեն Աբրահամյանը գոռաց՝ ո՛չ Կիռա, նրանք պետք է ամբողջական կազմով վերադառնան Գյումրու թատրոն
Այս խոսակցությունը Սուսաննա Բաղդասարյանի հիշողություններում անջնջելի հետք է թողել: 1988-ի երկրաշարժին հաջորդած օրերի կարևոր դրվագ է սա:
Մինչ աղետն է դերասանուհին Կապանից տեղափոխվել Գյումրու դրամատիկական: Ասում է՝ նախարարության հրամանով է հասել Գյումրի:
«Ես ոչ մի անգամ չեմ ազատվել, նախարարությունը տեղափոխեց ինձ Ղափան, Ղափանից՝ Գյումրի։ Իհարկե, իմ Գյումրի գալը տնօրենի սրտով չէր: Տնօրենը մտածում էր, որ գլխավոր ռեժիսորն է ինձ բերել, իրենց մեջ կոնֆլիկտ կար, ռեժիսորն էլ մտածում էր՝ տնօրենն է բերել։ Շատ դժվարություններ հաղթահարելով՝ առաջ շարժվեցի: Խորեն Աբրահամյանը ինձ մի օր ասաց՝ գիտես, Սուսան ջան, ես քո նկատմամբ ճակատագրական սխալ պիտի անեի: Ինձ համոզում էին, որ դու պիտանի չես, ազատեմ քեզ, իսկ ես էլ ասացի՝ հլը սպասեք, նոր եմ եկել, մի հատ իմ աչքով տեսնեմ՝ պիտանի՞ է, թե՞ պիտանի չէ, նոր: Ես եթե հանկարծ լսեի ու ազատեի, քո ճակատագիրը պիտի կործանեի: Դրա համար ես անչափ շնորհակալ եմ Խորեն Աբրահամյանին»,- մեզ հետ զրույցում հիշում է Սուսաննան:
88-ի աղետը դերասանուհուն հուսահատության է մատնել: Ասում է՝ չկար թատրոն, չկար և կյանք:

«Երկրաշարժից հետո ինձ թվաց՝ վերջ, իմ կյանքը դադարեց, թատրոնը չի լինելու, և այլևս իմաստ չունի իմ ապրելը: Որ իմացա Խորեն Աբրահամյանը թատրոնի կոլեկտիվը տանում է Երևան, պանսիոնատ, զգացի, որ՝ չէ, թատրոնը չի վերանալու, ես էլի թատրոնում եմ լինելու: Չեմ հիշում՝ ինչ հարցով մտել էի Խորեն Աբրահամյանի կաբինետ, իմ ներկայությամբ խոսում էր Կիրիլ Լավրովի հետ՝ ԽՍՀՄ թատերական գործիչների միության նախագահն էր: Եվ գիտե՞ք՝ ոնց էր խոսում, Լավրովին ոչ թե դիմում էր անուն-հայրանունով, այլ Կիրա, այսինքն՝ էդքան մտերիմ էին: Ու հանկարծ գոռաց՝ ո՛չ Կիրա, դերասաններին չի կարելի ցրել երևանյան թատրոնների վրա, նրանք պետք է իրենց ամբողջական կազմով վերադառնան Գյումրի։ Սա Խորեն Աբրահամյանի հստակ պատասխանն էր Կիրիլ Լավրովին: Նա առաջարկում էր դերասաններին ցրել երևանյան թատրոնների վրա»,- պատմում է Բաղդասարյանը։
Դահլիճից մի տղամարդ բարձր բղավեց՝ էդ թույնը լրիվ չխմես, կեսը պահե, կուդաս ռեժիսորին
Ներկայացումներից մեկի ժամանակ գյումրեցի մի տղամարդու արձագանքն է մեջբերում տիկին Սուսաննան: Ասում է՝ նման անմիջականություն այսօր էլ կա: Դա է դերասանին մշտապես սթափ ու պատասխանատու պահում ամեն քայլում:
88-ին հաջորդած տարիները թատրոնի մութ ու ցուրտ, խավարում դեպի լույսը գնալու դժվար ժամանակահատված էր: Դերասանների հիմնական մասը մնաց Գյումրիում: Որևէ տեղ գնալու մասին չմտածեց նաև Սուսաննան:
«Նախ ես սկեսուր ունեի, որի տղան՝ ամուսինս, 84-ին մահացել էր, և ես չէի կարող նրան թողնել էդպես մենակ գյուղում ու գնալ իմ կյանքը դասավորել: Եվ մնացի, սկսեցի պիեսներ բեմադրել: Էդ բեմադրությունների ընթացքում էստեղ միջանցքում կալարիֆեր էին դնում, վերարկուներով, գլխարկով վազում էինք բեմ մի տեսարան փորձում ու գալիս էինք տաքացնում ձեռքերս, ոտքերս, հետո նորից էինք գնում: Չէր ջեռուցվում շենքը: Նման պայմաններում կոլեկտիվը մնաց, աշխատեց, մինչև որ կամաց-կամաց կարգավորվեց ամեն բան, ու հասանք այսօրվա համբավին»,- ասում է նա:

2024-ին ՀՀ վաստակավոր արտիստը տոնեց ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 60-ամյակները. նա բեմում կլինի երկար ժամանակ
«Ես ինձ գյումրեցի եմ համարում: 6 տարի ապրել եմ Երևանում, 14 տարի ապրել եմ Կիրովականում, 16 տարի՝ Ղափանում, 42 տարի՝ Գյումրիում, և ես ինձ գյումրեցի եմ զգում։ Գյումրին ձգողական ուժ ունի, մի տեսակ մոգական ուժ ունի՝ ոնց որ բեմը, դրա համար ես ինձ զգում եմ Գյումրիում ոնց որ ձուկը ջրում: Այստեղ իմ հոգևորը բավարարված է, դա ամենակարևորն է»,- վստահ է արտիստուհին:
Շիրվանզադեի «Էլի մեկ զոհ»-ում՝ Անանի, Մուրացանի «Ռուզան»-ում՝ Ռուզան, Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ում՝ Գոհար, Ֆլետչերի «Ինչպես կառավարել կնոջը»՝ Մարգարիտա, Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան» ներկայացումում՝ Բեատրիչե, Բոյաջիևի «Մենամարտ»-ում՝ Նազի, Փափազյանի «Ժայռ»-ում՝ Հոռոմսիմ, Աղասարյանի «Հարսանիք թիկունքում»-ում՝ Գորան, «Չար ոգի»-ում՝ Զառնիշան, Ռոբերտ Տոմայի «Ութ սիրագորով կանայք»-ում՝ Օգյուստինա և բազմաթիվայլ դերեր կերտած վաստակավոր դերասանուհին, սակայն, մեկ դեր դեռ երազում է խաղալ. «Մի դեր միայն երազում էի, բայց չհասցրի խաղալ: Դա Հյուգոյի «Լուկրեցիա Բորջա»-ն է, որտեղ ես ուզում էի Լուկրեցիա խաղալ: Ոչ մի թատրոն չի բեմադրել, ես չգիտեմ՝ ինչու»:
Դերասանուհին դեռ ասելիք ունի հանդիսականին ու պարտք՝ բեմին: Վարագույրը փակել չի շտապում: Ասում է՝ երիտասարդ տեսք ունի, նախ որովհետև առօրյա կյանքում գրեթե չի շպարվում, և գլխավորը՝ թատրոնի դրական էներգիան է իր կենսունակության աղբյուրը: Եթե բեմին է, ուրեմն ամեն ինչ լավ է:


«Ես հիշում եմ՝ վերջերս ոտքի կանգնեցի, զգացի, որ գլխապտույտ ունեմ ու կուլիսում կանգնած մտածում էի՝ եթե մտնեմ ու հանկարծ հավասարակշռությունս կորցնեմ, ի՞նչ եմ անելու, կարևոր կերպար եմ էդտեղ խաղում: Ռեպլիկս լսեցի ու մտա բեմ ու էլ չեմ հիշում ո՛չ գլխապտույտ, ո՛չ ոտքիս ցավը: Ես «Սիրո CASTING»-ում պարում եմ գժի նման ու չեմ զգում ոչ մի բան: Պատահել է՝ ատամի ցավ եմ ունեցել սաստիկ, բեմում չեմ զգացել: Բեմը մոգական ուժ ունի: Եթե ես արդեն բեմ չկարողացա մտնել, ուրեմն կդադարի իմ կյանքը հոգևոր իմաստով»,- զրույցը եզրափակում է Սուսաննա Բաղդասարյանը:

Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման. Ալեն Սիմոնյան
Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնի է հայտնվել. տեսանյութ
Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության
Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է ծախսվում․ վարչապետ
«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ». Ադրբեջանի դեսպանը հայերեն է ողջունել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ Հայաստանն արձանագրել է առաջընթաց հանրային կառավարման ուղղություններով. Գրիգորյան
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
Մի քանի ժամ ջուր չի լինի Գորիսի որոշ հասցեներում, Մերձավան համայնքում ու Մալաթիա-Սեբաստիայի մի մասում
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան. լուսանկարներ
Ավտովթար Երևանում. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան
Հեծանվային լուսաբացը Բեռլինում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն ցանկացած տարածաշրջանում հենվում է երկրի վրա, որին համարում է առաջատար․ մեր տարածաշրջանում դա Հայաստանն է
Անդրադարձ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է կոնգրեսական Թոմաս Քենի հետ
Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում է
Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում
TRIPP ուղին, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի բաղադրիչ
Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ
Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը
Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը հանդես են եկել հայտարարություններով. տեսանյութ
Ինչ է ասվում Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում
Փաշինյանն ու Մերցը վերահաստատել են Հայաստան-Գերմանիա բազմամյա բարեկամական և գործընկերային հարաբերությունները
Կոռուպցիայի դեմ պայքարում կա նաև մեկ հանգամանք, որի մասին ոչ մի դասագրքում, ցավոք, մեզ չեն ասում. Վարդապետյան
Գերմանիան աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը. վարչապետ
Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ
Այցը պատմական է. այսօր Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ
Արման Խոջոյանն ու Ռիշան Չոդհրին քննարկել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը
Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների
Հայտնի է՝ ինչի համար է Իշխան Սաղաթելյանը հրավիրվել Քննչական կոմիտե
Վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ. տեսանյութ
ԲՏԱ նախարարն ընդունել է AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչներին
Դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ. վարչապետ. տեսանյութ
Արշակն ինձ ասեց՝ Արմեն, կարող ա «լևի» գնաս, ասեցի՝ ամուսնացած եմ, ասեց՝ հա ինչ անենք, երեցկինը ստեղ չէ
Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է. տեղի է ունեցել Փաշինյան-Շտայնմայեր հանդիպումը
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է. Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում՝ ձյուն
Երևանում թմրանյութ իրացնող 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել. տեսանյութ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բախվել են կցորդիչով բեռնատարներն ու մարդատարը. կա վիրավոր
Գարեգինի շրջապատում «լևի» գնալը կարծես նորմալ է. թող ասեն՝ Կտրիճը ամուսնացա՞ծ է, թե՞ էն բանից է
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT