ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎ ԷՋԵՐԸ

12/10/2013 schedule13:47


Դրանց տարածքները դրվել են այս կամ այն բիզնես նախագծի տակ` ջնջելով պատմության հետքը: Կառուցապատող ընկերությունները որոշ դեպքերում ունեն հուշարձանի քարերը պահպանելու եւ շենքը տեղափոխելու պայմանագիր, սակայն կամ քանդել են շենքը, կամ քարերը տեղափոխել` հետագայում կորցնելով դրանց հետքը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ է ներկայացրել հարուստ նյութեր` Հին Երեւանի ոչնչացման վերաբերյալ: Իսկ ոչնչացված կամ այլանդակված շենքերը շատ են: «Գեներալ-գուբերնատորի տունը, որտեղ հետագայում աշխատել է նաեւ Առաջին հանրապետության կառավարությունը, այսօր դարձել է «Տաշիր պիցցա» (Հանրապետության փողոցում - Գ. Ա: Այստեղ աշխատել են Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, Սարգիս Կասյանը եւ այլ ականավոր գործիչներ: Կաբինետը, որտեղ նստել են Կասյանը, Քաջազնունին, այսօր դարձել է խոհանոց: Մենք ջնջում ենք մեր պատմությունը: Վերջերս 150 հազար դոլար տվեցին մի երգչուհու, չգիտես ինչի համար: Այդ գումարով կարելի էր պատմամշակութային հուշարձան վերանորոգել»,-մեզ հետ զրույցում պատմում է Բաղդասարյանը եւ ներկայացնում այլ պատմություններ:

Ըստ Սեդրակ Բաղդասարյանի, պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը սկսվեց 2000թ.-ից, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցման գործընթացը: Չնայած 2004թ. հրապարակվեց կառավարության 1616-Ն որոշումը` Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին, բայց դա էլ չփրկեց հուշարձանները:

Թումանյան 23 հասցեում էր գտնվում հայտնի գինեգործ Սողոմոնյանի տունը (1890-ական թթ.), որի նկուղային հարկում գործում էր գինու արտադրամաս: Սողոմոնյանը արտադրել է նաեւ կոնյակ, որը 1893 թ.-ին Չիկագոյում ոսկե մեդալ է շահել: 1990-ականներին այս տունը դարձավ ՀՀԿ-ի գրասենյակը, որն ավելի ուշ տեղափոխվեց Մելիք-Ադամյան փողոց եւ մինչ օրս կուսակցության գրասենյակն է: Շենքին հատկացված տարածքն այնքան փոքր ու նեղ էր, որ շենքը ձեւափոխվեց, ռուսերեն «թ» տառի ձեւ ընդունեց: 1,5 հարկանի կառույցը դարձավ եռահարկ, դադարելով հուշարձան լինելուց:

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի համաձայն, հուշարձանը կարելի է տեղափոխել միայն բացառիկ դեպքերում: Իսկ «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան, որը վավերացրել է նաեւ Հայաստանը, հուշարձանի տեղափոխումը թույլատրում է միայն այն դեպքում, եթե դրան փլուզում է սպառնում, ասենք` սողանքից կամ այլ աղետից: Կոնվենցիայի հոդված 4-ը արգելում է քանդել հուշարձանները: Հայաստանն այսպիսով խախտում է միջազգային կոնվենցիայի դրույթները: Ի դեպ, Հայաստանը սույն կոնվենցիան վավերացրել է դեռեւս 5 տարի առաջ` 2008թ.-ին, սակայն մինչ օրս ազգային օրենսդրությունը սրան չի համապատասխանեցնում:

Արամ Մանուկյանի տունը` Արամի 9 հասցեում, «Գլենդել հիլզ» ընկերության կողմից քանդվել է: Ոչնչացված են միջնապատերն ու տանիքը, իսկ երեսապատը, որն իբր պետք է ընկերության պահպանության տակ լիներ, ձյան ու անձրեւի տակ է:

Աֆրիկյանները Երեւանում ունեցել են 4 տուն, որոնցից 1-ը քանդված է, երկրորդն էլ քանդելու ընթացքի մեջ է: Կանգուն է միայն ֆասադային մասը, քարերը համարակալվել են տեղափոխելու համար: Շենքը Տերյան 11-13 հասցեներում է եւ Երեւանի միակ արձանիկներով շենքն է: Տերյան 11-13 հասցեն 2005թ. Երվանդ Զախարյանը ճանաչել է որպես Գլխավոր պողոտայի տարածք եւ տվել «Դվին Հոլդինգ»-ին, որը պետք է այդտեղ կառուցապատման ներդրումային աշխատանքներ իրականացներ` բիզնես ծրագիր: 2010թ. տարածքի սեփականատեր է ճանաչվում «Միլենիում Կոնստրակշենը», որի հիմնադիրներից մեկը նույն «Դվին Հոլդինգն» է:

Արամի փողոցում էին գտնվում մեծահարուստ Թադեւոսյան եղբայրների 4 տները (19-րդ դարի վերջ): Շենքերից երկուսը քանդվել են: 2,5 հարկանի շենքի (Արամի 36) տարածքում, որտեղ 1915թ.-ից եղել է Թադեւոսյանների երշիկի գործարանը: Այս տանն է ապրել Լուսավորության ժողկոմ Ա. Մռավյանը: Հիմա այդ տարածքը վերածվել է աղբանոցի: Այստեղ կառուցապատման իրավունք էր ձեռք բերել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախ շենքերից մեկի ետնամասը քանդեց, կառույցը դարձնելով վթարային: Հետո էլ դիմելով Մշակույթի նախարարությանը, թե` թույլ տվեք քանդեմ, տեղափոխեմ, քարերը տարել է անհայտ ուղղությամբ: «Ես չեմ բացառում, որ Աբրահամյանը քարերը տարել է Մալիշկայում իր համար տուն է սարքել»,-պատմում է Ս. Բաղդասարյանը: Արամի 38 հասցեում ապրել է Ստեփան Շահումյանը: Այս տունը նույնպես քանդել է ՌՀՄ նախագահը:

Նալբանդյան 20ա եւ 20բ հասցեներում (այժմ` Վազգեն Սարգսյան փ.) տեղակայված էին Ջանփոլադյանի թատրոնը եւ Գիլանյանի տունը: Ջանփոլադյանի թատրոնում (1842թ.)` նաեւ հայտնի որպես Սպայի տուն, եղել են նաեւ որմնանկարներ` նույնպես պետության կողմից պահպանվող: 1913թ. այս թատրոնում է տեղի ունեցել «Անուշ» օպերայի երեւանյան պրեմիերան: 1923թ. շենքն ազգայնացվել է եւ որպես ակումբ տրվել կարմիրգվարդիականներին: Մինչեւ 2005-2006թթ. այն եղել է Սպայի տուն: Գիլանյանի տանն (1909-1911թթ.) արտադրվում էր հանքային ջուր եւ լիմոնադ, որը Կառլովի Վարիում ոսկե մեդալ է ստացել: Տունն ունեցել է ամառային տնակներ, որոնցից մեկում 6 տարի ապրել է Խաչատուր Աբովյանը: Գրողի կենսագրության այն հատվածը, որ «նա դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել», վերաբերում է հենց այս հասցեին: Մինչ օրս այս շինություններն ու եւս 6 հուշարձան ընդգրկված են կառավարության կողմից հաստատված ցանկի մեջ եւ իբր դեռ պահպանվում են պետության կողմից, այնինչ, իրականում քանդվել են 2005-06 թթ: Սպայի տան երեսքարերը, ինչպես նաեւ որմնանկարները չեն պահպանվել: Ի դեպ, թատրոնի շենքը գտնվում էր ՊՆ-ի բալանսում եւ քանդվել է Սերժ Սարգսյանի` նախարար եղած տարիներին, այսինքն` նրա գիտությամբ: Հուշարձանի քանդման վերաբերյալ վերջերս մի առիթով Սերժ Սարգսյանն ասել է. «Ինչ է, էդ քոլիկը ես պետք է պահեի՞»:

Բաղդասարյանը Գլխավոր դատախազության կայքից վերբեռնել է մի տեղեկանք, որտեղ դատախազության պետական շահերի վարչությունը հաստատել էր, որ ապօրինի քանդվել են թվով 29 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից ոչ մեկը չի վերականգնվել նոր տեղում: Հետագայում փաստաթուղթը սրբագրվել է: Այնտեղից հանված է նաեւ Սպայի տան մասին տեղեկությունը: Դատախազությունը տեղեկանքով ներկայացրել է փաստ, առանց որեւէ քայլ ձեռնարկելու: Նորմալ երկրում սա կդիտվեր որպես սկանդալ, փաստաթուղթը կներկայացվեր հանրության լայն շրջանակներին: Մեզ մոտ այն սուսուփուս տեղադրվել է կայքում:

Երեկ փորձեցինք տեղեկանալ այս եւ այլ շենքերի երեսաքարերի պահպանման վիճակի մասին: Դրանք պահպանելու պատասխանատվություն ստանձնած ընկերություններին նաեւ խնդրեցինք քարերը լուսանկարելու հնարավորություն տալ: Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունում խոստացան մեր հարցին օրվա ընթացքում պատասխանել, բայց չպատասխանեցին: «Ռենկո Ս.Պ.Ա.» ընկերությունից հայտնեցին, որ այդ հարցով զբաղվում է տեխնիկական տնօրենը, որն այս օրերին գտնվում է Իտալիայում: Ընկերության ճարտարապետն էլ հարցին անտեղյակ էր: Արամի 74 շենքը քանդած «Գապբնակշին» ընկերության հետքերը կորել են: Ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը խարդախության մեղադրանքով ձերբակալված է: Իսկ Բուզանդի 4 եւ 9 հասցեի պահպանությամբ «զբաղվող» «Գլենդել Հիլզի» հեռախոսներին մոտեցող չեղավ:

Կառավարության 2004թ. որոշման մեջ նշված է 14 հուշարձան, որոնք դեռ պիտի «տեղափոխվեն», որոնցից 5-ն արդեն ուղղակի քանդվել է: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի պնդմամբ, շնորհիվ գաղջ կառավարման, մենք այսօր տոնում ենք ոչ թե Էրեբունի-Երեւանի տոնը, այլ` Երեւան սիթիի:
55

555

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի

Գագիկ Աղբալյան

Տպել
486 դիտում

Սերժ Թանկյանը ոգեւորված է, որ կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքերից մեկը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը․ ՔՈ ՍԴ կուսակցություն

Ղրիմի պատկանելիության հարց գոյություն չունի. Պեսկովի պատասխանը Զելենսկիին

Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել․ Նիկոլ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է նախաձեռնել

Երկրում ժողովրդավարություն հաստատելու կարեւոր գործընթացը պիտի անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա

Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են. Նիկոլ Փաշինյան

Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

«Բարսան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ, «Բավարիան» չեմպիոն է 29-րդ անգամ

Պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ. այն մասին է, թե ինչ է դատվորների vetting-ը

2016 թ․-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը հասունացել է․ Փաշինյան

Խնդրում եմ 13։30-ից վերացնել դատարանների արգելափակումը․ անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը. Զրվանդյան