ԲՀԿ քոչարյանական թեւին փաթեթով պատժելու հարց է բարձրացվել

08/10/2015 schedule10:23

ԲՀԿ-ում խիստ լարված մթնոլորտ է, որն առաջիկայում կարող է ավելի աղմկոտ դրսեւորումներ ստանալ:

Երեկ առավոտյան ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության կենտրոնի 9-րդ տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է ԲՀԿ տարածքային խորհրդի անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Էլինար Վարդանյանի կուսակցության անդամակցության նպատակահարմարության հարցը: Նիստին ներկա են եղել խորհրդի 15 անդամներից 11-ը: Մեր ձեռքի տակ է նիստում ընդունված որոշումը, որտեղ նշված է. «Հիմք ընդունելով ԲՀԿ կանոնադրությունը, կուսակցության տարածքային կազմակերպությունը միջնորդում է կուսակցության քաղաքական խորհրդին՝ Էլինար Վարդանյանի կուսակցական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»: Որոշումն ընդունվել է միաձայն: Ըստ ԲՀԿ կանոնադրության, կուսակցության քաղխորհուրդը պետք է հաստատի կամ մերժի տարածքային կառույցի որոշումը: Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ, եւ տվյալ պարագայում, ըստ էության, անհավանական է, որ քաղխորհուրդը չհաստատի տարածքային կազմակերպության որոշումը: Այսպիսով, կարելի է համարել, որ Էլինար Վարդանյանը հեռացված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից: Որոշման հիմքում ընկած է որպես ԲՀԿ  քաղխորհրդի անդամ՝ կուսակցական աշխատանքները տոտալ բոյկոտելը, խմբակցության նիստերին չմասնակցելը, կուսակցական կազմակերպչական աշխատանքներին որեւէ մասնակցություն չունենալը, մարզային այցերի գնալուց կատեգորիկ հրաժարվելը, զրոյական գործունեությունը որպես կուսակցության անդամ:

Հիշեցնենք, Էլինար Վարդանյանը համարվում է ԲՀԿ-ի քոչարյանական թեւի ներկայացուցիչներից մեկը: Սույն թեւի մյուս անդամները՝ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը ԲՀԿ անդամ չեն: Մենք տեղեկացրել էինք, որ նրանց եւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները այնքան են սրվել, որ դադարել են բոլոր կարգի շփումները:

ԲՀԿ-ն երեկ մեկ այլ որոշում էլ է կայացրել՝ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հետ կանչել միջազգային խորհրդարանական կազմակերպություններից: Մասնավորապես, Էլինար Վարդանյանը հետ է կանչվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմից, իսկ Ստեփան Մարգարյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակության կազմից: ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գրությունը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ արդեն ստացել էր: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Զոհրաբյանը ԱԺ նախագահին խնդրել է չեղյալ չհամարել Էլինար Վարդանյանի գործուղումը Նորվեգիա, ուր նա պետք է մեկնի այսօր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության հետ՝ մասնակցելու Վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:

Երեկ Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասում էր, որ ինքը խմբակցության նիստին ներկա չի եղել, իսկ ավելի ուշ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ: Ուզում եմ նաեւ ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ: Ընտրական օրենսգիրքն այլ լուծում պարզապես չի նախատեսում, եւ խմբակցության մոտեցումները եւ շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաեւ կուսակցության անդամ եմ, եւ չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որեւէ շարքային ԲՀԿ-ականի շահերը կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն, ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով»: Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցությունը «կողմ» քվեարկեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշմանը, սակայն, խմբակցության քոչարյանական թեւը քվեարկությանը չմասնակցեց: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ըստ ԲՀԿ նախագահի, երեկվա որոշումները որեւէ կապ չունեն Սահմանադրության քվեարկության հետ: «Բոլոր փորձերը՝ խնդիրը տեղափոխել Սահմանադրության նախագծի քվեարկության դաշտ, առնվազն կլինեն անպարկեշտ, որովհետեւ այնպես չէ, որ իրենք եկել են եւ քվեարկել են «ոչ» ու դրա համար պատժվում են: Եթե անգամ քվեարկեին «ոչ», դա իրենց սկզբունքային դիրքորոշումն է, ինչը արել է Տիգրան Ուրիխանյանը: Որեւէ մեկը մեր գործընկերներին չէր խանգարում գալ եւ իրենց սկզբունքային դիրքորոշումը քվեարկությամբ հայտնել»,- մեր զրույցում ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ նրանց, այդ թվում եւ իր բացակայությունը սույն քվեարկությունից խմբակցությունը համարել է հարգելի: ԲՀԿ նախագահը վստահեցնում էր, որ 2 օր շարունակ, 5 րոպե պարբերականությամբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը զանգահարել է Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին՝ տեղեկացնելու, որ կուսակցությունում կան խնդիրներ, եւ ի թիվս այլ հարցերի, ցանկանում են քննարկել նաեւ նրանց հարցը: Վերջիններս, սակայն, հեռախոսազանգերին չեն պատասխանել, եւ նիստն անցկացվել է առանց նրանց:

Մեր տեղեկություններով, սույն նիստում հարց է բարձրացվել նաեւ Վարդանյանի ու Մարգարյանի հարցը լուծել փաթեթով՝ նրանց միանգամից հեռացնել նաեւ հանձնաժողովների նախագահների պաշտոններից: Հիշեցնենք, Էլինար Վարդանյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Ստեփան Մարգարյանը՝ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Բայց նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ այս պահին կարծում է, այսքանը բավարար է, իսկ հետագա քայլերը կախված կլինեն իրենց վարքագծից:

ԲՀԿ-ում ակնկալում են, որ Վարդանյանն ու Մարգարյանը ինքնակամ կհրաժարվեն հանձնաժողովների նախագահի պաշտոններից: Բանն այն է, որ նրանց այդ պաշտոններից հեռացնելը բավական մեծ ընթացակարգ է ենթադրում. հարցը պետք է բարձրացվի ԱԺ լիագումար նիստում, այնուհետեւ նոր փակ, գաղտնի քվեարկություն պետք է տեղի ունենա, եւ ԲՀԿ-ում չեն ցանկանում, որ բանը հասնի դրան: Այդուամենայնիվ, ԲՀԿ մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե Վարդանյանն ու Մարգարյանը կամովին չհրաժարվեն սույն պաշտոններից, իրենք են այդ հարցը օրակարգ բերելու:

Տպել
1937 դիտում

Ձերբակալվել է մանկապարտեզի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու կասկածանքով. ՔԿ

Աշխատանքից ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը

Վիժեցում  մայր թատրոնում

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին