Ռուսաստանը համոզում է Հայաստանին. Լավրովը ԼՂ հարցում դեմ է կտրուկ քայլերին

10/11/2015 schedule01:15

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նալբանդյանի, իսկ ավելի ուշ` նաեւ Սերժ Սարգսյանի հետ մանրակրկիտ քննարկել է Ղարաբաղի հարցը:

Հիշեցնենք, այս տարվա սեպտեմբերին Բաքու կատարած այցի ժամանակ Լավրովը Ադրբեջանին խնդրի արագ կարգավորում էր խոստացել: Իսկ մինչ այդ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ, տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար»: Պաշտոնական Մոսկվան համառորեն փորձում է Ադրբեջանին եւս անդամագրել ԵՏՄ-ին, ինչին պաշտոնական Բաքուն դեմ չէ, սակայն պայման ունի: «Հայաստանի կողմից գրավված տարածքների առկայությունը թույլ չի տալիս մեզ Հայաստանի հետ գտնվել նույն միության կազմում: Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե լինի իրավիճակի կարգավորում, եթե լինի տնտեսական բաղադրիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ո՞վ գիտի՝ ինչ տեղի կունենա վաղը: Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք»,- ուղիղ տեքստով հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հոկտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի օրերին, լրագրողների հետ ունեցած զրույցում: Ու հիմա, փաստորեն, ՌԴ-ն, ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, փորձում է հասնել այդ պայմանի բավարարմանը, եւ Լավրովի այցի հիմնական նպատակը ՀՀ հենց դա է: Այդ մասին հրապարակային հայտարարություն, իհարկե, չեղավ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում, իսկ Լավրովն ընդգծել է, թե հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Լավրովի եւ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն անդրադարձավ անցյալ շաբաթ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցին: «Մենք՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հաստատապես դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում հետեւողական, գործնական եւ համբերատար երկխոսության փոխարեն, փորձեն այս թեման տեղափոխել տարաբնույթ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: Միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք նման հանձնարարություն չի տվել։ Համանախագահները աշխատում են կողմերի պայմանավորվածության հիման վրա, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Լեռնային Ղարաբաղի խնդրում այս եռյակն է հանդիսանում լիազորված միջնորդը, եւ ցանկացած կտրուկ, արմատական գործողություն՝ անկախ այն բանից, թե ով է հեղինակը, միայն վնասում է գործին եւ համանախագահների աշխատանքին, որոնք ակտիվ աշխատում են, ոչ միշտ՝ հրապարակային»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը:

Նա ասաց, թե Ռուսաստանն աջակցում է Երեւանի դիրքորոշմանը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակելու է ջանքերը, որպեսզի հակամարտության կողմերը   փոխադարձ ընդունելի լուծում մշակեն ու հասնեն դրական արդյունքի: Լավրով ու Նալբանդյանը հայտարարեցին, որ բանակցությունների ժամանակ մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անդրադառնալով նույն խայտառակ հակահայ զեկույցին, որով, հիշեցնենք, պահանջվում է հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը, ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներին եւ այլն, Նալբանդյանը հայտարարեց, որ զեկույցի հեղինակը ֆինանսավորվել է ադրբեջանական կազմակերպությունների կողմից: «Կողմնակալության մասին է խոսում այն, որ Ուոլթերն իր պատգամավորական մանդատը լրանալուց երկու օր առաջ հանկարծ որոշեց արագ թխել այդ փաստաթուղթը: Մի մարդ, որը երկար տարիներ եղել է բրիտանական խորհրդարանում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ, որը, բրիտանական մամուլի հրապարակման համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ համապատասխան ֆոնդերից, չէր կարող ունենալ անկողմնակալ դիրքորոշում»,- ասաց Նալբանդյանը:

Նա նույնպես հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխնախագահներին տրված մանդատն է: «Ոչ մի ուրիշ կազմակերպություն կամ կառույց չպետք է այլ քայլեր ձեռնարկի, որոնք կխանգարեն այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»,- հայտարարեց Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարն, ի դեպ, Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսում էր ռուսերեն՝ խախտելով Լեզվի մասին ՀՀ օրենքը, թեեւ ընթացքում համաժամանակյա թարգմանություն կար ապահովված:

Հ.Գ. Ասուլիսում լրագրողներին այդպես էլ թույլ չտրվեց հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը: Նման հնարավորություն ընձեռվել էր ընդամենը երկու լրատվամիջոցի, որոնք, բնականաբար, նախապես փոխհամաձայնեցված հարցեր տվեցին: Մեկն ուղղված էր Լավրովին եւ վերաբերում էր Սիրիայի խնդրին, մյուսն էլ Ուոլթերի հակահայ զեկույցի մասին էր: ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, պահպանում է «լավագույն ավանդույթները»:

Նշենք նաեւ, որ ասուլիսի իր բացման խոսքում Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք զգում ենք մեր դաշնակիցների ուսը: ՀՀ եւ ՌԴ նախագահների պայմանավորվածությունները իրականացվում են, երբեմն գուցե ոչ այնքան արագ, բայց գոհացուցիչ տեմպերով»: Լավրովն ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջխորհրդարանական եւ միջտարածաշրջանային համագործակցությունից:

Տպել
2395 դիտում

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

Ստեփանավանում 81-ամյա կինը ինքնասպան է եղել տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ