Հուսով ենք, որ նոր կառավարությունը մեզ հետ լիարժեքորեն կհամագործակցի. Պյոտր Սվիտալսկի

17/09/2016 schedule15:00

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունում է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության ձեռք բերած նոր համաձայնությունը եւ հույս հայտնում, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նոր կառավարությունը կհամագործակցեն իրենց հետ:

- Պարոն դեսպան, ձեզ հայտնի է, որ օգոստոսի 29-ին չեղյալ համարվեցին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները,  ու սեպտեմբերի 13-ին իշխանության եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ ստորագրվեց փոփոխությունների նոր համաձայնագիր: Ի՞նչ կարծիք ունեք այս գործընթացների նկատմամբ:

- Ցավալի է, իհարկե, որ հնարավոր չեղավ իրականացնել նախկինում համաձայնեցրած դրույթները: Բայց այս պահին մենք ունենք նոր համաձայնագիր, եւ կարծում եմ, այդ առումով սեպտեմբերի 13-ը շատ լավ օր էր Հայաստանի համար: Շատ կարեւոր իրադարձություն է ՀՀ-ի համար այն, որ նոր համաձայնագիրը ստորագրվեց 2017թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, եւ այն ստորագրվեց իշխանական կոալիցիայի ու ընդդիմության կողմից քաղաքացիական հասարակության հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Այս նոր համաձայնության կարեւորությունը բազմակողմանի է, եւ այն առաջին հերթին կծառայի որպես ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման միջոց: Կարծում եմ, այն ՀՀ հանրությանն ուղղված շատ հզոր ազդակ է այն մասին, որ հաջորդ ընտրությունները կարտահայտեն իրենց կարծիքն ու ցանկությունը: Եվ շատ կարեւոր է, որ հաջորդ ընտրություններն անցկացվեն ազատ ու արդար մթնոլորտում, ու կարողանան հետագա բարեփոխումների համար կայուն քաղաքական հիմք հանդիսանալ:

Այս նոր համաձայնության երկրորդ կարեւորագույն նշանակությունն այն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարող են արդյունավետ երկխոսություն ծավալել: Ի վերջո, թե նախորդ համաձայնագիրը, թե այս երկրորդը աննախադեպ էին ոչ միայն ՀՀ-ի ու տարածաշրջանի, այլեւ արեւելյան հարևանության երկրների համար: Այն աննախադեպ երեւույթ էր նաեւ եվրոպական իրականության համար: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե բոլոր երկրներում ինչ մեծ է ընդդիմության եւ իշխանության միջեւ տարաձայնությունը: Եվ Հայաստանն այս առումով լավ օրինակ է ներկայացնում՝ ցույց տալու, որ չնայած խորը քաղաքական տարաձայնություններին՝ կարելի է նստել սեղանի շուրջ ու քննարկել հարցեր, որոնք կարեւոր են հասարակության ապագայի համար: Սա չափազանց կարեւոր է ՀՀ-ի համար, քանի որ այդպիսով կարող է ապացուցել, որ ունի հասուն քաղաքական մշակույթ եւ արեւելյան հարեւանության երկրների համար օրինակ ծառայել: Եվ այդպիսով զարմանալի չէ, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ողջունեցին համաձայնագրի ստորագրումը:

- Իշխանության ներկայացուցիչները, հղում անելով Վենետիկի հանձնաժողովին, հաճախ են հայտարարում, թե ստորագրված ցուցակների հրապարակումը ոտնահարում է ընտրողի գաղտնիության իրավունքը: Հիմա, փաստորեն, դեմ են գնում իրենց եւ Վենետիկի հանձնաժողովի սկզբունքին: Արդյոք իշխանության եւ ընդդիմության միջեւ կնքված համաձայնագիրն այդքան կարեւո՞ր է թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, որ այդ սկզբունքն արդեն էական չէ:

- Նախ պետք է հասկանալ, որ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման առումով միջազգային փորձը շատ տարբեր է: Կան երկրներ, որտեղ այդ ցուցակների հրապարակումն ընդունված է: Կան երկրներ, որտեղ նման ցուցակները տրամադրվում են անհրաժեշտության դեպքում: Որպես պաշտոնյա, որն ավելի քան տասը տարի աշխատել է Եվրոպայի խորհրդում՝ կարող եմ ասել, որ այդ համակարգում գոյություն չունի որեւէ դրույթ կամ պարտավորություն, թե ցուցակների հրապարակումը գաղտնիության իրավունքի խախտում է: Վենետիկի հանձնաժողովի կարծիքները կամ առաջարկությունները խորհրդատվական բնույթ ունեն: Եվ նրանք մշակվում են ըստ առանձին դեպքերի: Այն շատ դրույթները, որոնք առկա են այս քաղաքական համաձայնագրում, ըստ իս առանձնահատուկ են եւ որոշ առումով՝ անգամ արտառոց, բայց դրանց հիմնական նպատակը ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է: Մի քանի տարի անց, երբ ՀՀ-ն արդեն ընտրությունների անցկացման հաստատուն փորձ ձեռք բերի, թերեւս նման միջոցառումների անցկացման անհրաժեշտություն չլինի: Բայց քանի որ նախորդ ընտրությունները պարուրված էին հակասություններով, և կային հայտարարություններ, թե անցկացվել են ոչ արդար, ոչ էլ թափանցիկ եւ ոչ ազատ մթնոլորտում, այդ պատճառով այս համաձայնագիրը եւ ընտրությունները ՀՀ-ի համար ունեն ռազմավարական կարեւոր նշանակություն: Եվ ես վստահ եմ, որ ընտրական գործընթացների շահագրգիռ կողմերը կանեն ամեն ինչ, որ կյանքի կոչվեն այս համաձայնագրի դրույթները, ու ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրանա: Իմ կողմից կարող եմ հավելել, որ ԵՄ-ն պատրաստ է բավականին լուրջ ֆինանսական աջակցություն տրամադրել այս գործընթացների իրականացման համար:

- ԱԺ-ում հայտարարվեց, որ այս համաձայնագրով նախատեսված փոփոխությունների համար անհրաժեշտ 9 մլն դոլարն արդեն ապահովված է:

- Կարող եմ հաստատել, որ ԵՄ-ն կտրամադրի անհրաժեշտ գումարի մեծ մասը: Բայց կլինի ֆինանսական աջակցություն այլ դոնորների՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի կողմից:

- Ձեր կարծիքով, ձեռք բերված համաձայնությունները բավարա՞ր են արդար ընտրություններ անցկացնելու համար, թե՞ եթե իշխանությունները քաղաքական կամք չդրսեւորեն, դրանք կմնան ընդամենը թղթի վրա ընդունված դրույթներ:

- Մեծ հույս ունեմ, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի եւ կհանդիսանալու է մի գործընթացի սկիզբը: Ինչպես գիտեք, այն պարունակում է դրույթներ, որտեղ նշված է, թե մասնակիցները կշարունակեն երկխոսությունը և համաձայնության կգան այլ հարցերի շուրջ, որոնց ուղղությամբ նրանց կարծիքները տարբեր են: Որոշ առումով ես համոզված եմ, որ այս համաձայնագիրը ՀՀ-ի համար նոր սկիզբ կհանդիսանա: Եվ վստահ եմ, որ բոլոր մասնակիցները՝ իշխանությունն ու ընդդիմությունը, առաջնորդվելով ՀՀ բարձրագույն շահի գիտակցումով՝ ամեն ինչ կանեն, որ այն իրականություն դառնա: Եվ այս գործընթացը թույլ կտա, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունն ավելի ամուր ու արդյունավետ դառնա:

- Ընդդիմության, նաեւ հանրության մեջ կա կարծիք, թե ընտրակեղծիքներ անելու պատճառ են հանդիսանում նաեւ դրանց նկատմամբ միջազգային կազմակերպությունների մեղմ գնահատականները: Միջազգային կառույցներն ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն այս անգամ՝ կրկի՞ն կշարունակեն նույն մեղմ գնահատականները, թե՞ առաջիկա ընտրությունների նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում կորդեգրվի: Հատկապես որ այն ռազմավարական համարեցիք:

- Միջազգային դիտորդ կազմակերպությունների կողմից գնահատականները կարեւոր են: ՀՀ վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի առաջարկությունները շատ կարեւոր էին եւ խորհուրդ էին տալիս, թե ինչպես բարելավել ընտրությունները: Բայց միջազգային դիտորդների առաջարկությունները ոչ միայն ՀՀ-ի, այլեւ ցանկացած երկրի պարագայում պետք է հաշվի առնվեն այլ բաղադրիչների հետ միասին: ՀՀ-ի դեպքում շատ կարեւոր է վստահված անձանց, տեղական դիտորդական կազմակերպությունների եւ մամուլի գործունեությունը, քանի որ նշված բաղադրիչների հավաքականությունը կօգնի ստանալ ընտրությունների անցկացման վերաբերյալ լիարժեք պատկեր: ՀՀ-ն պետք է քաղաքացիական հասարակության նկատմամբ հասուն մոտեցում ցուցաբերի, միջազգային դիտորդներն ի վիճակի չեն փոխարինել քաղհասարակության ակտիվ գործունեությանը: Քաղաքացիական ակտիվությունն իր մեջ շատ տարրեր է պարունակում՝ առաջին հերթին մասնակցություն ընտրություններին ու քվեարկությանը: Իսկ ստորագրված համաձայնությունն ու դրանից բխող գործողությունները քաղաքացիներին հնարավորություն կտան վստահություն ձեռք բերել եւ մասնակցել քվեարկությանը:

- Պարոն դեսպան, Հայաստանում նոր վարչապետ նշանակվեց, կփոխվի նաեւ կառավարությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից եւ ի՞նչ շեշտադրումներ կանեք նրա գործունեության նկատմամբ:

- Առաջիկա ամիսների համար մեր օրակարգը շատ հագեցած է: Մենք լիահույս ենք, որ այն իրականացնելու համար կհամագործակցենք նոր կառավարության հետ: Առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ մենք պետք է շարունակենք քննարկումներն այն ուղղությամբ, թե ինչպիսին պետք է լինի ԵՄ աջակցության փաթեթը մինչեւ 2020թ.: Երկկողմ հարաբերությունների համար մեկ այլ կարեւոր փաստաթուղթ է գործընկերության առաջնահերթությունները: Մեզ անհրաժեշտ է նաեւ առաջիկայում ավարտին հասցնել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, եւ հուսով ենք, որ նոր կառավարությունը մեզ հետ լիարժեքորեն կհամագործակցի այս նպատակներն իրականացնելու համար: Ես գոհունակությամբ եմ վերաբերում Ազգային ժողովում նոր վարչապետի այն հայտարարությանը, թե կշարունակեն իրականացնել նախորդ կառավարության մշակած եւ որոշակի տեսքի բերած բարեփոխումների ծրագիրը: Իսկ մենք պատրաստ ենք աջակցել ու շարունակել համագործակցությունը հատկապես այն ուղղություններով, որոնք վերաբերում են բիզնես միջավայրի բարելավմանը, պատշաճ կառավարմանը՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: ԵՄ-ն ՀՀ-ում չունի գաղտնի օրակարգ, մեր հիմնական նպատակն է աջակցել ՀՀ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը, քանի որ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը, ինչպես նաև հարևանության երկրները լինեն զարգացած, դիմակայուն գործընկերներ:

Տպել
3408 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են