«Մանկապիղծից» մինչեւ «Բրիտանական կայսրության սպա». Արսեն Վենգեր

20 տարի առաջ՝ 1996 թվականի սեպտեմբերի 30-ին, Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվեց 46-ամյա ֆրանսիացի Արսեն Վենգերը, որի առաջին իսկ հարցազրույցը մեծ սկանդալի վերածվեց: Վերջին տարիներին ոչ ֆուտբոլային երկրում՝ Ճապոնիայում աշխատած, բավական բարձրահասակ (1,91 սմ), չափազանց նիհար, տարօրինակ ու մեծ ակնոց կրող Վենգերը առնվազն տհաճ տպավորություն թողեց բրիտանացի լրագրողների վրա: Առաջին արձագանքը անգլիացիներին անհայտ Վենգերի նկատմամբ շատ-շատերի համար կարող էր ուղղակի դատավճռի վերածվել՝ «ասում են մանկապիղծ է», - նշեցին հասարակության վրա ահռելի ազդեցություն ունեցող լրագրողները:

Բրիտանական հայտնի ռադիոհաղորդավարներից մեկը անգամ եթերով ասաց այս մասին, վստահեցնելով, թե ունի հիմնավոր ապացույցներ՝ լուսանկարներ: «Արսենալի» ղեկավարությունը արդեն զղջում էր Վենգերին նշանակելու համար եւ ինչ-որ չափով կրքերը հանդարտեցնելու նպատակով խորհուրդ տվեց ֆրանսիացուն ուղղակի լռել՝ չպատասխանել լրագրողների ոչ մի հարցի: Բայց Վենգերը այլ կերպ վարվեց. մոտեցավ հավաքված լրագրողների հսկայական բազմությանը եւ ինքը սկսեց հարցեր տալ. «Կարող եք գրել ինչ ցանկանում եք, բայց կարո՞ղ եք ապացուցել»: Ապշած լրագրողները չկարողացան անգամ 1 հարց տալ: Նույն երեկոյան ռադիոմեկնաբանը ստիպված հայտարարեց, որ լուսանկարների պատմությունը իր հորինածն էր եւ ներողություն խնդրեց. հարցը փակված էր, եւ Վենգերը տոնեց Անգլիայում իր առաջին մեծ հաղթանակը՝ առայժմ լրագրողների նկատմամբ:

Ահա այսպես սկսվեց անգլիական ամենահեղինակավոր ակումբներից «Արսենալի» եւ գերմանական արմատներով ֆրանսիացի Արսեն Վենգերի «սիրային» պատմությունը, որը ձգվում է արդեն 20 տարի: Այս ընթացքում Վենգերը եւ իր «Արսենալը» նվաճել են բազմաթիվ մրցանակներ, ցուցադրած դիտարժան, գեղեցիկ խաղի շնորհիվ նվաճել միլիոնավոր ֆուտբոլասերների համակրանքը: Վենգերը դարձել է առաջին արտասահմանցի մարզիչը, որի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, 2003 թվականին արժանացել է «Բրիտանական կայսրության սպա» շքանշանի, 2006-ին էլ նրա անունը գրվել է «Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում»:

1999 թվականին արձանագրվեց աննախադեպ, միգուցե անգամ եզակի դեպք ֆուտբոլի պատմության ընթացքում: «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին», բայց խաղը վերախաղարկվեց... «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի առաջարկով, որը նկատել էր, որ իր թիմը կանոնների խախտմամբ էր խփել հաղթական 2-րդ գոլը: Հանդիպումը վերախաղարկվեց, եւ «Արսենալը» կրկին հաղթեց 2-1 հաշվով: «Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները բարեկիրթ լինեն խաղադաշտում եւ առօրյա կյանքում: Ճապոնիայում «Սումո» մարզաձեւը ուսումնասիրելով՝ կարեւորագույն մի բան հասկացա: Մրցամարտի ավարտից հետո չեք կարող մասնակիցների դեմքերից կռահել հաղթողին. նա ցույց չի տալիս իր զգացմունքները՝ չցանկանալով վիրավորել պարտվողին: Սա անհավատալի փիլիսոփայություն է, որը մշտապես փորձել եմ ներդնել իմ թիմում»,- իր արարքը այսպես էր պարզաբանել Վենգերը:

2001 թվականին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկեց Վենգերին գլխավորել այդ ժամանակ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները կրող Ֆրանսիայի ազգային հավաքականը, 2009-ին ճապոնացիները ֆինանսական առումով անհավատալի առաջարկ արեցին. 2 դեպքերում էլ Վենգերը հրաժարվեց  գայթակղիչ առաջարկներից հանուն «Արսենալի»: 2003-04 թվականներին Վենգերի «Արսենալը» յուրահատուկ ռեկորդի հեղինակ դարձավ. Անգլիայի առաջնությունում թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ չկրելով ոչ մի պարտություն:

Իհարկե, կարելի է տարբեր կարծիքներ ունենալ ֆուտբոլային ակումբի ցուցադրած խաղի եւ արդյունքների «համատեղելիության» մասին՝ մի մասը նախընտրում է ուղղակի գեղեցիկ խաղ, մյուսները՝ մրցանակներ, մի մասն էլ իդեալական տարբերակը՝ այս 2-ի համադրությունը: Վենգերի մոտ առավել լավ ստացվում է այս տարբերակներից առաջինը՝ խաղ ֆուտբոլային գեղագետների համար, ուր ավելի կարեւոր է բուն խաղը եւ ոչ թե արդյունքը: Իհարկե, կարելի է վիճել նման տեսակետի հետ, բայց չհարգել եւ չհիանալ Վենգերի աշխատանքով՝ անհնար է: Կարելի է ասել՝ Վենգերը դեռեւս մնում է մաքուր, ռոմանտիկ ֆուտբոլ «քարոզող» վերջին մարզիչը:

Եթե հնարավոր լիներ հավաքել այս 20 տարիների ընթացքում միայն Վենգերի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ապա կարելի էր տասնյակ ուսուցողական հատորյակներ հրապարակել ֆուտբոլի մասին՝ հատուկ մարզիչների համար: Փորձեմ ներկայացնել այս ընթացքում Վենգերի հնչեցրած հազարավոր արտահայտություններից մի քանիսը, որոնք առավել բնորոշում են ֆրանսիացի մասնագետին: «Ես ֆրանսիացի եմ՝ գերմանացիների հսկայական ազդեցությամբ եւ միգուցե հենց այստեղ է թաքնված իմ խաղային փիլիսոփայությունը: Սիրում եմ խաղային հստակ կառուցվածքը, բայց կարեւորում ֆուտբոլիստների ազատությունը խաղադաշտում... Դեմ չեմ պրագմատիզմին, բայց դեմ եմ, երբ ժամանակ «սպանելու» համար գնդակն անհասցե ուղղակի հեռացնում են... Ֆուտբոլի թիմը նման է գեղեցիկ կնոջ. եթե նրան անընդհատ չես հիշեցնում այդ մասին, նա մոռանում է, որ գեղեցիկ է...»:

«Արսենալը» գլխավորելու 20- ամյակի առիթով նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Վենգերին հարցրել են, թե պատրա՞ստ է գլխավորել առանց մարզչի մնացած Անգլիայի ազգային հավաքականը: «Ինձ համար առաջնային է «Արսենալում» աշխատանքս: Սա իմ թիմն է եւ այդպիսին կմնա ամբողջ կյանքում: Բայց եթե ապագայում ազատ լինեմ, ապա այո, հնարավոր է համաձայնվեմ գլխավորել Անգլիայի ընտրանին: Ֆուտբոլը իմ կիրքն է, եւ ես ցանկանում եմ այսօր ավելի լավ աշխատել, քան երեկ: Հենց այս պատճառով էլ այսօրվա «Արսենալը» տարբերվում է 5 տարի առաջ գոյություն ունեցող «Արսենալից»: Ինչքա՞ն կշարունակվեն իմ եւ «Արսենալի» հարաբերությունները: Այս մասին ապագայի ծրագրեր չեմ կազմում, ես չեմ որոշողը: Բայց առօրյա կյանքում մենք բոլորս ցանկանում ենք, որ սերը հավիտենական լինի», - հայտարարել է Վենգերը:

Նշեմ, որ Վենգերի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո՝ 2017 թվականի ամռանը: «Հավիտենական սիրո» մասին Վենգերի դատողությունը դարձել է անգլիական մամուլի քննարկման առարկան եւ անմիջապես հիշել են տարիներ առաջ ֆրանսիացի մասնագետի թեւավոր դարձած մի արտահայտություն՝ «Յուրաքանչյուրին թվում է, թե աշխարհի ամենագեղեցիկ կինը իր տանն է ապրում», որից հետո ամիսներ անց Վենգերը բաժանվել էր կնոջից:

Իհարկե, դժվար է կանխատեսել. Վենգերը կշարունակի՞ գլխավորել «Արսենալը», առավել եւս, որ ֆրանսիացու մարզչական տաղանդի բազմաթիվ սիրահարներ անգամ համարում են, որ նրա դարաշրջանը լոնդոնյան ակումբի ղեկին ավարտված է: Բայց այսպես կարծել են 10 տարի, 5 տարի առաջ, իսկ Վենգերը շարունակում է մնալ «Արսենալում» եւ ֆուտբոլի իրական գեղագետներին «նվիրել» գեղեցիկ, հարձակվողական, դիտարժան ֆուտբոլ: 

Տպել
1966 դիտում

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի