Առաջին անգամ եմ հայրենիքում, սիրահարվեցի Հայաստանին. հոլիվուդյան դերասան Մարկո Խան

20/09/2017 schedule18:29

«Կարիբյան ծովի ծովահենները», «10 հազար տարի մ.թ.ա.», «Ճամբար X-Ray» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերում հանդես եկած ազգությամբ հայ դերասան Մարկո Խանն (Խանլյան) առաջին անգամ Հայաստանում է: Հայրենիք է այցելել ‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի հրավերով՝ նախագծի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին մասնակցելու: Մնալու է մոտ 1 շաբաթ, սակայն նախատեսում է վերադառնալ որքան հնարավոր է շուտ: Armtimes.com-ի հետ հարցազրույցում նա խոսեց հայրենիք կատարած այցի, անցած ուղու, հոլիվուդյան հայտնի դերասանների հետ աշխատելու, անձնական կյանքի, ինչպես նաեւ ապագա ծրագրերի մասին:

- Առաջին անգամ եմ այստեղ: Ես իսկապես սիրահարվել եմ Հայաստանին: Զգում եմ, որ տանն եմ, զգացողություն ունեմ, որ վերջապես տուն եկա: Շատ կուզենայի Հայաստանում ապրել: Այս այցը չի բավականացնի, որ կարոտս առնեմ: Նորից եմ գալու գուցե 6 ամիս կամ 1 տարի հետո, որովհետեւ շատ եմ ծանրաբեռնված աշխատանքով: Բայց, երբ ժամանակը գա, Հայաստան եմ գալու, տուն գտնեմ ու ապրեմ այստեղ: Շատ կուզենայի դերասանական դպրոց բացել այստեղ, օգնել կատարելագործել դերասանական վարպետությունը, եւ նպաստել հայկական կինոարտադրության զարգացմանը: Ուզում եմ փորձել դրսից ընկերներ բերել ՝ ռեժիսորներ, սցենարիստներ... որ գան դասախոսություններ կարդան, սովորեցնեն, իրենց փորձը փոխանցեն: Իհարկե դեռ չեմ հասցրել ուսումնասիրել հայկական շուկան, բայց ամերիկանցիներն ասածվածք ունեն, որի միտքը հետեւյալն է. եթե ցանկություն կա, ելք կգտնվի:

- Հայերիս համար մեծ հպարտություն է, երբ տեսնում ենք, որ մեր հայրենակիցը որեւէ հաջողության է հասնում միջազգային ասպարեզում: Առավել եւս, երբ նրա անունը նշվում է հոլիվուդյան ֆիլմերի դերասանների անվան կողքին: Ինչպե՞ս հայտնվեցիք Հոլիվուդում:

- Մինչեւ դերասան դառնալս 12 տարի ռեստորանային բիզնեսով եմ զբաղվել: Հայրիկիս մահից հետո որոշեցի փոխել կյանքս, մի բան անել, որն ինձ համար հաճույք կլիներ, ու երբ ամեն օր արթնանայի՝ գործի գնալու, կիմանայի, որ մի բան եմ անում, որը սիրում եմ: Ինձ համար սա աշխատանք չէ, սեր է: Երբ սկսեցի, ոչ ոքի չէի ճանաչում, ոչ ոք չկար, որ խորհուրդ հարցնեի, օգներ: Մի օր պարզապես մեկն ասաց՝ գնա ֆիլմերում 2-րդ պլանի դերեր կատարիր: Իմ դեմքը շատ տարօրինակ էր ամերիկյան շուկայի համար, հենց գնացի, անմիջապես ասացին՝ արի, մի ֆիլմ կա: Առնոլդ Շվարցնեգերի ֆիլմն էր: Ամերիկյան շուկայում հայտնվելու դժվարությունն այն է, որ պետք է դերասանների միություն մտնես: Առանց դրա չես կարող շատ գործ գտնել: Առանց միության գործեր կան, բայց շատ քիչ են վարձատրում կամ ընդհանրապես չեն վարձատրվում: Ես գրեթե 2 շաբաթվա ընթացքում կարողացա անդամ դառնալ, եւ դա մեծ դռներ բացեց իմ առաջ: Հետո սկսեցի Universal Studios-ում շոուների մասնակցել, որովհետեւ շատ աթլետիկ էի, ավելի լավ մարմին ունեի, քան հիմա (ծիծաղում է): Դա էլ ինձ օգնեց, հետագայում շատ հրավերներ ստացա՝ գովազդների, ֆիլմերի...

- Հետո սկսեցիք նկարահանվել Ջոնի Դեփի, Ռոբերտ Դաունի Կրտսերի, Քրիստին Ստյուարտի եւ հոլիվուդյան այլ հայտնի դերասանների հետ նույն ֆիլմերում:

- Ջոնի Դեփի հետ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում միասին չենք աշխատել: Երբ ես նկարահանվում էի, նա այլ բան էր անում՝ սուրով կռվելու փորձերի էր մասնակցում: Ռոբերտ Դաունի Կրտսերի հետ աշխատելու համար շատ էի ուրախացել, բայց այդ դերը մի փոքր կրճատեցին: Շատ հաճելի մարդ է: Իսկ Քրիստին Ստյուարտի հետ շատ եմ աշխատել: «Ճամբար X-Ray» ֆիլմի հետ կապված, որում միասին նկարահանվել ենք, մի պատմություն կա: Ֆիլմում պետք է նրա երեսին թքեի, բայց մի քանի անգամ հագուստին թքեցի: Ռեժիսորն ասաց, որ անպայման պետք է Քրիստին Ստյուատի երեսին թքեմ: Ասացի՝ ես մինչեւ հիմա ոչ ոքի երեսին չեմ թքել, իսկ այս երիտասարդ աղջիկը կարծես իմ աղջիկը լինի, ես ինչպե՞ս կարող եմ թքել նրա երեսին: Հետո ինքը՝ Քրիստին Ստյուարտը եկավ ձեռքս բռնեց, ասաց՝ ես ուզում եմ, որ դու դա անես, որովհետեւ սցենարով այդպես է: Դրանից հետո մի 2-3 դուբլ երեսին թքեցի, ամեն անգամ գրկում ներողություն էի խնդրում: Դա ինձ համար ավելի դժվար էր, քան ֆիլմում մեկին սպանելը կամ ծեծելը:

- Մարկո Խանլյանից դարձաք Մարկո Խան:

- Անունը կրճատել եմ: Ինձ խորհուրդ տվեցին: Ասացին, որ Հոլիվուդը շատ է սիրում մարդկանց շրջանակների մեջ դնել, եթե հայկական ազգանուն ես ունենում միայն հայի դերեր կստանաս, պարսկական անուն ունես՝ պարսիկի, արաբական անուն՝ արաբի.... բայց երբ Մարկո Խան անունն են տեսնում, չեն հասկանում. Մարկո ավելի շատ եվրոպական, լատինական անուն է, Խան ասիական անուն է, դեմքիս նայում են, մտածում են՝ կարող է մեքսիակցի լինել, հարավամերիկացի, արաբ, պարսիկ... Սա ինձ բավականին օգնել է, որ դերերը հնարավորինս բազմազան լինեն:

- «Կարիբյան ծովի ծովահեններում» թուրքի դեր եք կատարում:

- Լսումների ժամանակ 2 թուրք կային: Երբ տեսան, որ ես նույնպես մասնակցում եմ, կատաղեցին, գիտեին, որ հայ եմ: Ասում էին՝ ես թուրք եմ, թուրքերեն գիտեմ (ծիծաղում է): Ինձ հարցրին՝ ինչ լեզուներ գիտեմ, ասացի՝ հայերեն, պարսկերեն, թուրքերեն մի քանի բառ գիտեմ: Ասացին՝ մի քանի բառ ասա, ասացի ու ստացա դերը: Թուրքը կատաղել էր, որ դերը, որը, իր կարծքով, իրենը պետք է լիներ, ես ստացա:

- «Խոստումը» ֆիլմում էլ եք թուրքի դերում: Ինչու՞ են Ձեզ հաճախ թուրքի դերեր տալիս:

- Ես էլ չգիտեմ (ծիծաղում է): «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմից ինձ հետ կապ հաստատեցին ասացին, որ ֆիլմ է նկարահանվում, որի մասին ոչ ոքի պետք չէ պատմել, քանի որ շատ գաղտնի է: Ասացին, եթե ուզում եմ նկարահանվել, էլեկտրոնային հասցես տամ: Մի քանի օրից դերս ուղարկեցին՝ գյուղապետի կերպարն էր, բավական մեծ դեր էր: Կարդացի ասացի՝ օհո, որ սա ինձ տան, շատ լավ կլինի (ծիծաղում է): Ուղարկեցի նրանց տեսագրությունս, պատասխան եկավ, որ ռեժիսորը շատ է հավանել ինձ, ուզում է, որ անպայման խաղամ: Հետո պայմանագիրը եկավ, որ պետք է թուրքի դերում հանդես գամ: Կարծեցի սխալմունք է: Կապ հասատատեցի, ասացին, որ այս դերն են ուզում տալ: Ասացի՝ ինձ գումար պետք չէ, կարող են չվճարել, ես պարզապես ուզում եմ այդ գործն անել, որովհետեւ իմ ժողովրդի պատմությունն է: Ինձ ասացին, որ արդեն մեկ ուրիշին են հաստատել այդ դերի համար, հիմա կա թուրքի դերը, ու շատ են ուզում, որ կատարեմ: Մտածեցի՝ ոչնչից ավելի լավ է:

- Որպես նախագծի մասնակիցներից մեկը ինչպե՞ս կգնահատեք «Խոստումը» ֆիլմի հաջողությունը համաշխարհային շուկայում:

- Կարծում եմ՝ այնքան էլ հաջողություն չունեցավ: Չգիտեմ՝ ինչու, որովհետեւ բավական մեծ անուններ կային, բավական գումար ծախսվեց: Եթե ինձ հետ մեկը խորհրդակցեր, այլ առաջնորդություն կտայի: Օրինակ, հրեա իրավաբան Ռաֆայել Լեմքինը 1930-ականներին հայերի համար ստեղծեց «ցեղասպանություն» բառը, քանի որ վախենում էր, որ նույնը կարող է իրենց պատահել: Հայերի համար նա գնաց դատարան, եւ ընդունեցին այդ բառը: Կուզենայի՝ այդ մարդու մասին լիներ ֆիլմը, այդպես 2 ցեղասպանությունները կկապվեին, հրեաները կտեսնեին, որ իրենց մասին էլ է խոսվում, ավելի մեծ ուժ կունենար: «Խոստումի» մասսայականությունն ապահովելու համար լավ աշխատեցին, բայց....

- Հասուն տարիքում եք մուտք գործել ֆիլմաշխարհ, դա որքանո՞վ է օգնել կամ վնասել:

- Շատերը կան, որ փոքր հասակից են սկսում: Իմ կարծքով՝ Հոլիվուդը մարդկանց, նրանց աշխարհայացքը շատ է փոխում: Երբ Հոլիվուդ ես մտնում երիտասարդ տարիքում, ավելի մեծերն անընդհատ հոգ են տանում քո մասին, բայց Հոլիվուդից դուրս՝ իրական կյանքում, այդպես չէ, իրական կյանքում անընդհատ քո կողքին ինչ-որ մեկը չկա: Մարդիկ նկատած կլինեն, որ նրանք, ովքեր երիտասարդ տարիքից են սկսել, անձնական կյանքում խնդրներ են ունեցել: Շատ գայթակղություններ կան, մանավանդ երիտասարդների համար, նրանց ուրիշ ձեւերով են օգտագործում, նրանք սկսում են թմրանյութեր օգտագործել.... դժվարություններ կան, մարդը պետք է սրտով եւ մտքով ուժեղ լինի, որ մերժի դրանք: Կարծում եմ՝ ինձ համար մեծ օգուտ էր, որ ես ամուր ոտքերի վրա էի կանգնած, երբ սկսեցի, գիտեի՝ ով եմ, եւ երբ Հոլիվուդ մտա, ոչ ոք չկարողացավ փոխել ինձ կամ շեղել:

- Ո՞ր դերն է ամենակարեւորը կամ շրջադարձայինը եղել Ձեր կարիերայում:

- Ինձ համար ամենակարեւորը «Մ.թ ա. 10 հազար տարի առաջ» ֆիլմում միաչքանի կերպարն էր, քանի որ այն օգնեց, որ ավելի մեծ ֆիլմերում դերեր ստանամ: Ռեժիսորի՝ Ռոլանդ Էմերիքի հետ հիմա էլ ընկերներ ենք: Հետագայում նորից աշխատեցի նրա հետ «2012»-ում, եւ հուսով եմ՝ նորից կաշխատեմ, որովհետեւ շատ ֆիլմեր է նկարահանում՝ ամենաքիչը 100-150 մլն դոլար բյուջեով: Էմոցիոնալ առումով ինձ համար շատ կարեւոր է եղել «Ճամբար X-Ray»-ում կատարած դերը (խմբ. Գուանտանոմոյի բանտում պահվող անձ):

- Ո՞ր դերերից կհրաժարվեք:

- Մանկապիղծների եւ բռնաբարողների: Բանն այն է, որ երբ դերը ստանում ես, պետք է սկսես մտածել այդ մարդու նման, ինչու է այդ մարդը անում դա, իսկ ես երբեք չեմ ուզում մտածել այդ մասին: Չեմ կարծում, որ ինչ-որ պատճառաբանություն կարող է լինել, որ մարդը նման բան անի: Չեմ ուզում ինձ նման մարդու դերում պատկերացնել: Մի 2 անգամ բռնաբարողի դեր են առաջարկել, չեմ համաձայնել:

- Ի՞նչ դերեր կուզենաք խաղալ:

- Կատակերգություններում կուզենամ խաղալ, պատերազմի մասին ֆիլմերում, պատմական ֆիլմերում: Եթե «Վարդանանքի» հիման վրա ֆիլմ պատրաստեն, մեծ սիրով կնկարահանվեմ:

- Հայաստանում Ձեզ համագործակցություն առաջարկել են:

- Դեռ ո՛չ: Չեմ սպասում, բայց շատ կուզեմ նստել ինչ-որ մեկի հետ խոսել, թե ինչ կարող ենք անել, որ հայկական ֆիլմերի մակարդակը բարձրանա, որ կարողանան այլ երկրների հետ մրցակցել: Օրինակ, դրա համար շատ կարեւոր է պատմությունը, սցենարը: Շատ թեմաներ կան: Կարեւորը մարդու երեւակայությունն է, թե ինչպես կարող է գրել դա, որ մարդիկ շատ հավանեն:

- Հիմա ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:

-Ես կոմեդիա եմ գրել Միջին Արեւելքից 4 մարդկանց մասին: Մեկը ոչխար է պահում, մյուսը՝ հավ, մյուսը՝ դաշտեր ունի... երաշտի ու պատերազմի պատճառով ամեն ինչ կորցնում են եւ երազում են ԱՄՆ տեղափոխվել: Հայտնվում է մեկը, ով նրանց խոստանում է օգնել, սրանք շատ են ուրախանում: Մնացածը չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ աշխատանքային վերնագիրն է «Բախտդ բերե՞ց» («Lucky?»): Մեկ այլ նախագիծ էլ ունեմ. հռոմեական ու պարսկական կայսրությունների մասին է: Հռոմեացիներն իշխում էին արեւմուտքում, պարսիկները՝ արեւելքում: Նրանց ուժերն այնքան հավասար էին, որ խուսափում էին պատերազմել: Մի մասը գրել ենք: Մել Գիփսոնի «Քրիսոսի կրքեր» ֆիլմի սցենարի վրա աշխատողներից մեկի հետ ծանոթացա: Երբ նրան բացատրեցի՝ ինչ եմ ուզում, ասաց՝ անպայման ուզում է գրել:

- Բացի ֆիլմերից՝ այլ բանով չեք ուզում անել, օրինակ, կրկին ռեստորանային բիզնեսով զբաղվել:

- Եթե Հայաստան տեղափոխվեմ, կուզեմ դերասանական դպրոց բացել: Եթե կարողանամ համատեղել, կուզենամ նաեւ պիցցայի ռեստորան բացել:

- Աշխատանքային ծանրաբեռնվածության հետ մեկտեղ անձնական կյանքի մասին մտածել հասցնու՞մ եք:

- Ես 4 տարի առաջ ամուսնալուծվեցի, եւ կյանքս այնքան խառն է, որ աշխատում եմ կենտրոնանալ միայն տղայիս ու գործիս վրա: Չեմ ցանկանում ուրիշ մեկին բերել իմ խնդիրների մեջ խառնել, ուրիշներին չեմ ուզում խանգարել: Աստված մեծ է, տեսնենք՝ ապագայում ինչ կլինի: Իսկ տղաս՝ Ալեքսանդրը, 20 տարեկան է: Նա իրեն հայ է զգում: Ամեն տարի, երբ ապրիլի 24-ին փողոց ենք դուրս գալիս, ուղեկցում է ինձ, ինքն էլ է վանկակում՝ պայքար, պայքար մինչեւ վերջ: Հայերեն լավ չի խոսում, բայց հայի սիրտ ունի:

- Ի՞նչ կասեք նրանց, ովքեր ուզում են Հոլիվուդում հայտնվել:

- Նրանք պետք է լավ դպրոց գտնեն, ուսումնասիրեն, իրենց համար ներկայանալու ճիշտ կերպար գտնեն, քանի որ ամենակարեւորը դա է, 1-ինը դա են տեսնում, երբ դռնից ներս ես մտնում: Եթե պատկերդ լավը չեղավ, ուրիշին կգտնեն: Նկատի ունեմ, որ պետք է իմանաս՝ Հոլիվուդը քեզ ինչպես է տեսնում: Ես չեմ կարող գնալ ասել՝ Թոմ Քրուզի նման դերեր եմ ուզում կատարել: Օրինակ, ես գիտեմ, որ իմ դեմքը, իմ արտաքինն այնպիսին է, որ Հոլիվուդն ինձ տեսնում է որպես վատ մարդ: Այդ պատճառով այդպիսի նկարներ եմ ուղարկում, եւ դա բավական օգնում է. պետք է ճանաչես քո շուկան: Հոլիվուդի ճանապարհը շատ դժվար է, բայց եթե մարդն իսկապես ուզում է առաջ գնալ, իրեն այլ ոլորտում չի տեսնում, չի ուզում եւ չի կարող այլ բան անել, պետք է շարունակի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5242 դիտում

Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն

Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը

Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ

Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան

Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ

Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է

Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ

Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ

Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է

Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար

Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ

ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ

Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է

ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ

Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան

«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով

Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան

ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է

Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան

Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան

Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ

Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք

Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ

Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան

Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է