Հանցավոր կյանքով ապրում են լավ մարդիկ. Նորատուսցի Արայի ռեպլիկը՝ դատախազին

ՀՀ ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի շաբաթ է չեն կարողանում բերման ենթարկել քրեական հեղինակություն համարվող բանգլադեշցի Վիրաբիկ մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին: Վերջինս 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հանդիսանում է որպես վկա:

Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրել էր դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը սույն սպանության գործով նիստին դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը ստացել է պատասխան, համաձայն որի ոստիկանության աշխատակիցները այցելել են Վիրաբ Գասպարյանի բնակարան՝ նրան հայտնաբերելու եւ բերման ենթարկելու համար, սակայն այցելությամբ պարզվել է, որ Գասպարյանը բացակայում է բնակության վայրից: Ըստ նրա հոր՝ որդին բացակայում է Երեւան քաղաքից եւ գտնվում է Արցախում: Հայրը որդու վերադարձի վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել: Թե երբվանից է Վիրաբ Գասպարյանը գտնվում Արցախում, ոստիկաններն այդպես էլ արձանագրության մեջ չեն նշել:

Նույն հաջողությամբ ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել նաեւ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ, քրեական հեղինակություն համարվող Սարգիս Հախանումյանի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին: Եթե մի դեպքում Հախանումյանը գտնվում էր Կապանում, ապա այս դեպքում հայտնի չէր, թե որտե՞ղ է եւ ինչո՞ւ բերման չի ենթարկվել դատարան:   

Ըստ գործի նյութերի՝ բանգլադեշցի Վիրաբիկը եղել է դեպքի վայրում, սակայն սպանությունից առաջ այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, մեկ այլ քրեական հեղինակություն Զապի միջոցով հանցանքի վայրից հեռացրել է նրան: Իսկ Դավիթ Հախանումյանը եղել է դեպքի վայրից քիչ հեռու:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Արամ Պետրոսյանը, նրա հարցաքննությունը տեւեց մոտ 2 ժամ: Վերջինս դեպքի օրը որովայնի հրազենային վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա քրեական գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ է ունեցել, սակայն նախաքննության ընթացքում զրկվել է այդ կարգավիճակից, թե ինչ պատճառով՝ հայտնի չէ:

Դատարանի հարցին ի պատասխան՝ Արամ Պետրոսյանն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին), որի հետ ոչ թե ընկերություն է արել, այլ՝ «ախպերություն»: Այս վկան դեպքի վայրը, այսինքն՝ գեղեցկության սրահին կից նկուղը համարել է «իրենց տունը», որտեղ հաճախ են հավաքվել: Արամ Պետրոսյանը դատարանում հակասական ցուցմունքներ տվեց դեպքի հանգամանքների վերաբերյալ: Պարզվեց, որ սա առաջին դեպքը չէ, վերջինս նախաքննության ընթացքում իրար հակասող ցուցմունքներ է տվել: Մասնավորապես, նախաքննության ընթացքում  Արամ Պետրոսյանը 3 անգամ ցուցմունք է տվել եւ երեք անգամ դեպքի վայրում գտնված անձանց քանակի վերաբերյալ իրարամերժ տվյալներ հայտնել: Առաջին ցուցմունքում նա հայտնել է, որ դեպքի վայրում 15-20 հոգի է եղել, 2-րդ ցուցմունքում նշել է, որ այնտեղ 7-8 անձ է եղել, իսկ 3-րդ ցուցմունքում արդեն մարդկանց քանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել. նա հայտնել է, որ այնտեղ 3-4 հոգի էին: Դատավորի ճշտող հարցին, թե ո՞րն է պատճառը, վկան ասաց՝ «նարկոզը»:

Այսօր էլ վկան դատարանում պարբերաբար «հուզվում էր», այդպես էր համենայնդպես արձանագրել նախագահող դատավորը, ինչի պատճառով էլ նրան մի քանի անգամ հարցնում էր, թե արդյոք նա որեւէ մեկի ներկայությունից կաշկանդվո՞ւմ է, նրան որեւէ մեկը ճնշե՞լ, կամ վախեցրե՞լ է, թե՝ ոչ, վկան, սակայն, բացասական պատասխան տվեց, բայց եւ շարունակեց տարաբնույթ պատասխաններ հնչեցնել: Իսկ մինչ ցուցմունք տալը, երբ դատավորը պարզաբանեց նրա իրավունքներն ու պարտականությունները եւ նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության մասին, վկան արձագանքեց. «այսինքն՝ էլի կասկածվում եմ հա՞ հանցագործության մեջ»: Նելլի Բաղդասարյանը պարզաբանեց, որ դա նախազգուշացում էր:

Արամ Պետրոսյանը պատմեց, որ դեպքից մի քանի օր առաջ՝ «8-ին, 9-ին կամ 10-ին հստակ չի հիշում», զրուցել է Գեղամի հետ, վերջինս հայտնել է, նրան, որ Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը խնդրել է բասարցիներից մեկից (խոսքը Վարդենիսցի Վահագնի մասին է,-Տ.Խ.) վերցնել պարտքը` 2 հազար դոլարը: Նրա խոսքով, Ճըվճվ Արոյի ընկերը` Մուշեղ Մուշեղյանը, ավելի ուշ  պնդել է, թե բասարցին ոչ թե 2 հազար, այլ՝ 20 հազար դոլար է պարտք:

«Դեպքից մի չորս օր առաջ նստած ենք եղել, Գեղամն ասաց, որ փողի հետ կապված խնդիր կա, մեկը Ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան, ինչ-որ մեկը  ինքնասիրության հարց ա սարքել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Անհասկանալի իրավիճակ էր դարձել: Դեպքի նախորդ օրը՝ նոյեմբերի 12-ին գնացի էլի իմ տուն (նկուղ), Գեղամն ասեց՝ ախպեր, էսի (նկատի ունի Մուշեղին) ոնց որ շատ ա ընկել մեր հետեւից, էս էլ ասեցի՝ բեր մի հատ զանգեմ հետը խոսամ: Զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք, խոսանք, ես գտնում եմ, որ 2 չպիտի տա, 20 պիտի տա: Իրա խոսալը գիտեք ինչ ձեւի էր, ագրեսիվ՝ ապեր ջան լսում ես ընգեր քեզ ինչ եմ ասում, ուրեմն սենց»,- պատմեց նա:

Վկան նշեց, որ հաջորդ օրը զանգել  եւ գնացել է Մուշեղ Մուշեղյանի հետ հանդիպման. «Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր, Բանգլադեշ եմ, արի ստեղ կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել, երկու ավտոյով: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն (նկուղային տունը), արի նստենք մեր տան մեջ, տեսնենք ինչ ենք անում, բացատրեցի հասցեն (վկան, ի դեպ, այս հասցեն բացատրեց նաեւ դատարանում): Նստած սեղանի կողքը խաղ էի խաղում, մեկ էլ ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, ոնց որ քացով տար դուռը ջարդեր, արհամարհական վիճակ, ոնց որ տրամադրված լիներ: Գեւորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` ապեր, խի՞ էս տենց ջարդում,  մեր տան դուռն ա: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, Գեւորիկն ասեց՝ դու էս ինձ ասելու ես՝ ոնց անեմ ու սկսեց միանգամից մեր քրֆել, Գեւորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր մարդկանց հետ վատ վարվի, ձեռը գցեց հետեւը, զենքը հանեց ու Գեւորի ուղղությամբ կրակեց: Գեւորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարետի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թեւիս տակ ուժեղ ցավ զգացի, ընկել եմ գետնին ու բան չեմ հիշում: Հետո Գեղամի ձայնը լսեցի, ասում էր` օգնեք, օգնեք Արամին, խփել են, հետո Գոռիկը՝ Գեղամի տղան, խփում էր ինձ, որ ուշքս չգնա: Գոռն ու Անժելը՝ Գեղամի կինը, օգնեցին՝ տեղափոխեցին մեքենան»,-պատմեց նա: Վկայի խոսքով՝ կրակոցի հետեւանքով վնասվել են իր կենսական նշանակության օրգանները: Վիրավորվելուց հետո 6 անգամ կորցրել է գիտակցությունը: Դատախազի հարցին, թե իրեն ո՞ր հիվանդանոց են տեղափոխել, վկան միայն հիվանդանոցի անվան «Սուրբը» հիշեց: Նշենք, որ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Ես համարյա մեռած եմ եղել: Հիվանդանոցում ընտանիքիս ասել են, եթե 3 օր մնա՝ կապրի, եթե չէ՝ կմեռնի»,- ասաց նա եւ հիշեց, որ հիվանդանոցում աչքերը բացելուն պես տեսել է, որ կողքը պառկած է Մուշեղը, որի վրա լացում էին: «Կողքս պառկած էր, աչքերս բացի, տեսա` կողքս ա: Հելա տոնածառի խաղալիքի նման ութ հատ շլանգ էր դուրս եկել վրիցս, նենց էր կրակել` սիրտ, թոք, լյարդ, սաղ իրար էին խառնվել: Հետո լսել եմ, որ մահացել են Մուշեղն էլ, Գեւորիկն էլ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է վկան նկարագրում միայն հանգուցյալների՝ սպանված Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործողությունները, վկան պատասխանեց, որ միայն իրենց է հասցրել տեսնել:

Հարցին, թե ինչո՞ւ է միայն ինքը պատասխանել Մուշեղ Մուշեղյանի գործողություններին, ծխախոտը նետել նրա վրա, վկան պատասխանեց. «Որովհետեւ մարդուն ուտում էր»:

Դատարանի հարցին` ինչո՞վ է պայմանավորված նախաքննության ընթացքում տված հակասական ցուցմունքները, վկան պատասխանեց. «Փորձել եմ նախաքննությանն օգնել, իմ ընկերն անմեղ է, բռնել նստացրել են»:

Մեղադրող դատախազը երբ  փորձում էր հստակեցնել վկայի ցուցմունքները, թե պարտքի վերաբերյալ ով ում է դիմել, նա, դիմելով դատախազին, ասաց. «դուք դիմել ասելով, ի՞նչ նկատի ունեք»: Ի պատասխան դատախազը պարզաբանեց. «Դիմել ասելով՝ կարելի է հասկանալ խնդրել է կամ աբրաշատ ա եղել»:

Դատախազների միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վկան՝ նախաքննության ընթացքում տուժողի կարգավիճակ ունեցող անձը, մի քանի անգամ լրացուցիչ ցուցմունք է տվել: Ըստ նախաքննական ցուցմունքի` 2016թ. նոյեմբերի 13-ին Գեղամի վարսավիրանոցի դիմաց վկան մի քանի անծանոթ անձ է տեսել, որից հետո մտել է նկուղային հարկ:

«Ես անմիջապես մտա նկուղային սենյակ, դռան մոտ չհասած՝ Գեղամի ձայնը լսեցի, մտնելով ներս` տեսա 25-20 անձի: Ճանաչեցի Աբոյին (վարսավիր), Գեւորիկին, Գեղամին, որը մեր բակից էր: Լսեցի տարբեր տեսակի հայհոյանքներ, տեսա, որ մի տղա (խոսքը Մուշեղ Մուշեղյանի մասին է) վազեց դեպի դուռը: Գեւորգը եւ մի քանի անծանոթներ հարվածում էին նրան, հետո էդ տղան սկսեց կրակել, հետո փորիս հատվածում ուժեղ ցավեր զգացի, էլ բան չեմ հիշում: Ուշքի եկա, տեսա, որ սեւ ակնոցով մարդիկ Գեւորիկին ու Մուշեղին դուրս տարան, ինձ ոչ ոք չէր օգնում: Հետո Գեղամի կինը ինձ օգնեց: Հետո հիվանդանոցում Մուշեղին եմ տեսել` կողքիս պառկած, ինչ-որ մարդիկ լացում էին վրան»:

Նախաքննական լրացուցիչ ցուցմունքում նույն հանգամանքի վերաբերյալ վկան պատմել է. «Տաքսիից իջա, տեսա, որ գեղեցկության սրահի մոտակայքում 15-20 անձ է հավաքված եղել: Մտնելով նկուղային սենյակ, տեսա 7-8 հոգի, տեսա Գոռիկին, Գեւորգին, որքանով տպավորվել է՝ տեսել եմ Արմանին եւ Արսենին: Գոռին հարցրի` Գեղամը որտեղ է, Գոռն ասաց` հիմա կգա: Շքամուտքի մոտից մտավ Մուշեղը` ուժեղ դուռը բացելով: Գեւորգն ասաց` ինչ ես անում արա, Մուշեղն էլ ասաց` դու պիտի ասես ինչ անե՞մ, որից հետո հնչեցին հայհոյանքներ: Հետո Մուշեղը հանեց զենքը եւ կրակեց Գեւորգին, որից հետո դանակով Գեւորգը հարվածեց նրան: Այդ ժամանակ ես ծխախոտի տուփը վերցրի ու նետեցի Մուշեղի ուղղությամբ, նա էլ իմ վրա կրակեց»:

Հարցին` նախկինում հայտնել է, թե տեսել է` ինչպես է Պետրոս Իսրայելյանը դեպքից մի քանի րոպե առաջ բազմոցի մոտ նստած զրուցել Մուշեղ Մուշեղյանի հետ, վկան կրկին հիշեցրեց իր «նարկոզի» մասին: Նա մեկ հերքեց իր նախաքննական ցուցմունքները, մեկ հաստատեց: Դատարանը ստիպված եղավ կրկին հարցնել, թե նա որեւէ մեկի ներկայությունից կաշկանդվո՞ւմ է, ի վերջո ո՞ր ցուցմունքները հիմք ընդունի դատարանը, վկան ասաց , թե չի  կաշկանդվում: Իսկ թե ինչու է ի սկզբանե սխալ տեղեկություններ հայտնել, վկան ասաց, որ դա վախի արդյունք է եղել, վախեցել է, թե իրեն կհամարեն միջադեպի մասնակից՝ կասկածյալ:

Դատախազի այն դիտարկմանը, թե Արա Վարդանյանի հարցը դարձել էր ձեր հա՞րցը, վկան խուսափողական պատասխան տվեց: Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի այն հարցին, թե Մուշեղ Մուշեղյանն ինչ տպավորություն էր թողնում, արդյոք ապրո՞ւմ էր հանցավոր կյանքով, վկան այս հարցին միանգամից պատասխան տվեց. «Հա բա ոնց»:

Երբ մեղադրող դատախազը փորձեց հստակեցնել, թե ո՞ր մարդիկ են ապրում հանցավոր կյանքով, դահլիճում ներկա քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի եղբայրը՝ Արա Բանդուրյանը ռեպլիկի կարգով ասաց. «Լավ մարդիկ»: Նրա պատասխանը, սակայն, մեղադրողները չլսեցին, քանի որ գտնվում էին ապակիներից այն կողմ:

Վկայի ցուցմունքից հետո դատարանը հրապարակեց դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանի կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի ցուցմունքները: Նա դատարան գրություն է ուղարկել՝ նշելով, որ չի ցանկանում գալ դատարան, հոգեպես ծանր վիճակում է գտնվում, ուստի խնդրում է հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:  Նա քննիչին հայտնել է, որ Մուշեղ Մուշեղյանի հետ ամուսնացել է 2000 թ-ին, ունեն մեկ տղա՝ 15 տարեկան: Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը անհատ ձեռներեցներ են եղել, Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումի տակ տաղավարներ են ունեցել: Նարինե Հովհաննիսյանը պատմել է, որ դեպքի նախորդ օրը ամուսինն առավոտյան տանից դուրս է եկել, ասել, որ ընկերների հետ է լինելու եւ այդ օրը տուն չի գալու: Քննիչի հարցին ի պատասխան տուժողի իրավահաջորդն ասել է, որ ամուսինը որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել եւ տեղյակ չի եղել՝ նա թշնամիներ ուներ, թե ոչ: Քննիչի հրապարակած անուններից նա միայն ճանաչել է Նորատուսցի Ալիկին եւ «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանին, որոնց հետ Մուշեղյանը ժամանակին ընկերներ է եղել: Նա ասել է, որ Մուշեղը ծանոթ էր նաեւ Արա Վարդայանին՝ Ճըվճվ Արոյին, որի հետ ծանոթացել էին Ղրիմում:

Սույն գործով հաջորդ դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին ժամը 14:00-ին: Գործով մնացել է հարցաքննել Վիրաբ Գասպարյանին, Դավիթ Հախանումյանին եւ Ռուբեն Խաչատրյանին:

Տպել
11363 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում