Յուրաքանչյուր անձ նախագահ է, թե ոչ, պետք է պատասխանատու լինի օրենքի առջեւ. Ստաս Նամինի հարցազրույցը ՀԺ-ին

«Հայկական ժամանակի» հարցերին պատասխանում է կոմպոզիտոր, ռեժիսոր, հայազգի ռուսաստանաբնակ արվեստագետ Ստաս Նամինը:

- Պարոն Նամին, Ձեր անունը նշված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով հայտարարության տակ: Բժիշկ, Ձեր ընկեր Վահան Վարդապետյանի միջոցով դուք փոխանցել էիք, որ շոկի մեջ եք, որեւէ նամակի տակ չեք ստորագրել: Այդ դեպքում ինչպե՞ս է Ձեր անունը հայտնվել ստորագրությունների ցանկում: Պահանջելո՞ւ եք հեռացնել:

- Կարծում եմ, դա պատահական թյուրիմացություն է, քանի որ երբ ինձ ուղարկեցին նամակի տեքստը, ես դրա հետ չհամաձայնեցի ու չստորագրեցի այն: Սովորաբար չեմ ստորագրում նման կոլեկտիվ նամակներ, առավել եւս՝ այս իրավիճակում, քանի որ Մոսկվայում եմ ապրում ու Հայաստանում տիրող իրավիճակին ու հարցի էությանը այնքան էլ լավ չեմ տիրապետում: Կարող եմ միայն ասել, որ յուրաքանչյուր անձ, անկախ իր պաշտոնից՝ նախագահ է, թե ոչ, հայտնի դեմք է, թե շարքային քաղաքացի, բոլորը հավասարապես պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատու լինեն օրենքի առջեւ: Դա ցանկացած քաղաքակիրթ ժողովրդավար երկրի սկզբունքն է, ինչպիսին այսօր հավակնում է դառնալ Հայաստանը: Ինձ համար միշտ տարօրինակ ու անհասկանալի էր, որ պատգամավորներն ու որոշ այլ պետական ու ընտրովի պաշտոնյաները օրենքի առջեւ անձեռնմխելիություն ունեն: Կարծում եմ, հենց այդ մարդիկ մյուսներից առավել պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատվություն կրեն դրա առջեւ, քանի որ իշխանությունը նրանց ձեռքերում է, եւ հաճախ դա դրդում է խախտումների:

Դա վերաբերում է նաեւ նախկին նախագահ Քոչարյանին: Բայց շատ կարեւոր է, որ չլինի պարզունակ անձնական հաշվեհարդար. պետք է լինի ազնիվ ու արդար օրինական դատավարություն:

- 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Դուք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էիք տվել զգույշ լինել, գիտակցել ռիսկի գործոնը, որովհետեւ այն մարդիկ, որոնցից վերցվում է ժողովրդից խլվածը՝ կարող են չհարմարվել կատարվածի հետ: Ձեր կարծիքով, իրականացե՞լ է Ձեր այս կանխատեսումը:

- Տարօրինակ հարց է: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է, բայց վտանգն, ըստ իս, չի վերացել:

- Ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանի մասին ի՞նչ եք լսում: Ի՞նչ կարծիք ունեք իրականացվող փոփոխությունների մասին:

- Մեզ մոտ այնքան էլ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Բայց ինձ հասնող տեղեկությունները միշտ չէ, որ միանշանակ են: Ըստ իս, ընդդիմադիր կամ հեղափոխական լինելը ինչ-որ տեղ մասնագիտություն է, որը ոչ մի առնչություն չունի պետական ստեղծարար գործունեության հետ: Պետության ղեկավար լինելը ահռելի պատասխանատվություն է, որը ենթադրում է թե երկրաքաղաքական ռազմավարության իմաստություն, թե տնտեսության զարգացման մտածված հայեցակարգ, թե հսկայական փորձ, գիտելիք ու յուրահատուկ տաղանդ պահանջող շատ այլ բաներ: Ընդ որում, միայնակ մարդը ցանկացած դեպքում չի կարող ամեն ինչը կառավարել, եւ իր կողքին պետք է ունենա բոլոր ոլորտների փորձառու գերմասնագետներ: Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այդպիսի պրոֆեսիոնալների թիմ հավաքել: Այդ իմաստով շատ կարեւոր է, որ առաջնորդը չխուսափի իր կողքին ուժեղ ու խելացի մարդիկ ունենալուց: Հայ ազգը պատմականորեն ոչ միայն ապացուցել է իր յուրահատուկ կարողությունները կյանքի բոլոր բնագավառներում, այլեւ այսօր եւս Հայաստանում եւ ամբողջ աշխարհում առկա են բարձր մակարդակի տաղանդներ ու մասնագետներ, որոնք արժանի են այսպես կոչված պետխորհրդի վերնախավը կազմելու, որի հավաքման գործում իմ օգնությունն էի առաջարկել Փաշինյանին ավելի քան մեկ տարի առաջ: Կարծում եմ, նմանատիպ պետխորհուրդը պետք է կազմված լինի ինքնուրույն, լիարժեք ու ինքնաբավ անձնավորություններից: Իսկ նրանց միավորողը, առաջին հերթին, պետք է լինի հայրենասիրությունը եւ սերը Հայաստանի հանդեպ: Նրանք իրենց աշխատանքի համար գումարներ չէին ստանալու եւ օրենսդիր իրավունքներով օժտված չէին լինի, բայց կանոնավոր կերպով կհավաքվեին, քննարկելով ու որոշումներ կայացնելով պետության կարեւորագույն հարցերի շուրջ: Ըստ իս, ճիշտ որոշումներ կայացնելու համար բավական է, որ դա լինի մի խորհրդակցական մարմին, որը կգլխավորի վարչապետը: Համոզված եմ, որ առանց տարբեր բնագավառներում համաշխարհային մակարդակի մասնագետներից կազմված նմանօրինակ խորհրդի՝ սկսած տնտեսությունից, արդյունաբերությունից ու գյուղատնտեսությունից մինչեւ գիտությունը, մշակույթը, բժշկությունը, կրթությունը եւ այլն, դժվար կլինի Հայաստանը դուրս բերել այն տնտեսական փակուղուց, որում այն հայտնվել է վերջին քսան տարվա ընթացքում: Դժվար կլինի իսկապես շարժվել առաջընթացի ճանապարհով, ինչպես դա անում են, օրինակ, Սինգապուրն ու Իսրայելը, որոնք եւս Հայաստանի պես քիչ բնական պաշարներ ու, մեղմ ասած, իրենց շրջապատող քիչ բարեկամներ ունեն:

Եթե խոսենք տնտեսության մասին, ապա պետք է խոստովանենք, որ Խորհրդային Միությունը Հայաստանում հզոր բազա էր ստեղծել վերջինիս զարգացման համար: Դա ե՛ւ ատոմակայանն է, որն այսօր գործում է իր հզորության մեկ երրորդով, եւ էլեկտրոնային համակարգչային ոլորտը, քիմիան, մեքենաշինությունը, գործիքաշինությունը, դեղագործական արդյունաբերությունը եւ շատ այլ ոլորտներ, որոնք ժամանակակից բարձր զարգացած երկրների տնտեսության հիմքն են: Այդ ամենը քանդվել ու թալանվել է վերջին քսան տարվա ընթացքում: Իսկ օդանավակայանների ու քաղաքացիական ավիաչվերթների խտությամբ Հայաստանը Խորհրդային Միության առաջատարն էր, ինչն ապահովում էր բնակչության անհավանական շարժունակությունը, այսինքն՝ նաեւ մարդկանց տնտեսական ակտիվությունը: Այդ ամենը վերականգնելու եւ կրկին գործարկելու համար հսկայական աշխատանք ու մասնագիտական մոտեցում է պահանջվում: Պետք է հասկանանք, որ տնտեսության զարգացման համար բավական չէ պարզապես ազնիվ լինել ու չթալանել: Ներդրումներ ներգրավելու համար պետք են մասնագիտորեն հաշվարկված նախագծեր ու ծրագրեր, որոնք ներդրողներին կհամոզեն ներդրումների եկամտաբերության հարցում: Պետք է անցում կատարել արդեն նոր մակարդակում տնտեսության նախագծային կառավարմանը եւ վերջինիս հզորության վերականգնմանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իրական զարգացման համար դեռ շատ սկզբունքորեն կարեւոր գործեր կան անելու:

- Պարոն Նամին, Դուք մարդկանց հետաքրքրում եք տարբեր «կերպարներում»՝ որպես երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսորՁեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ արվեստը Ձեզ համար խաղ է, «պետք է մի բանով զբաղվես»: Ձեզ ավելի շատ այս պահին ո՞ր կերպարում եք լավ զգում, ինչի՞ վրա եք աշխատում:

- Ես այնքան էլ լավ չեմ հասկանում ձեր հարցը, քանի որ ընդամենը մի կերպար ունեմ: Իսկ այն, որ կյանքում տարբեր գործերով եմ զբաղվում՝ դա ոչ երկերեսանիություն է, ոչ էլ տարբեր կերպարներ: Պարզապես շատերի համար դժվար է դա գիտակցել, քանի որ մարդիկ սովորաբար որեւէ մի գործով են զբաղվում: Ամենից լավ զգում եմ ինձ այն ժամանակ, երբ զբաղվում եմ այն ամենով, ինչ սիրում եմ, եւ հաճույք եմ ստանում, ձգտելով իմ բոլոր գործերում հասնել համաշխարհային մակարդակի: Դա յուրօրինակ մի խաղ է, սեփական ամբիցիաների բավարարում, որը կյանքում բոլորովին պարտադիր չէ: Ինձ համար արվեստի տարբեր ուղղությունները կարծես տարբեր լեզուներ լինեն, որոնցով փորձում եմ ցույց տալ գեղեցկությունն այնպիսին, ինչպիսին որ ես եմ այն տեսնում: Մեծ հաշվով, ցանկացած արվեստ խաղ եմ համարում նաեւ այն պատճառով, որ ինձ համար այն, ըստ էության, երկրորդական է՝ իրական կյանքին համեմատ: Չէ՞ որ բոլորը երջանկության են ձգտում, իսկ այն արվեստի մեջ չէ, այլ հենց կյանքի. արվեստը կարող է միայն լրացնել այն: Կարծում եմ, արվեստը մարդու հոգու ուսումնասիրության յուրօրինակ մի մեխանիզմ է, եւ «տարբեր լեզուները» թույլ են տալիս այն տարբեր կողմերից տեսնել ու ներթափանցել հոգու խորքերը: Բայց նաեւ կարելի է ընդհանրապես արվեստով չզբաղվել, պարզապես մարդավարի ապրել՝ սիրով ու երջանկությամբ, թեպետ դա էլ է արվեստ:

- Դուք բավական մտերիմ եք եղել մաեստրո Օհան Դուրյանի հետ: Մի առիթով ասել եք, որ Օհան Դուրյանն ուներ սիմֆոնիա գրելու հստակ համակարգ (սխեմա) եւ այն Ձեզ է փոխանցել: Արդյո՞ք մինչեւ հիմա ուղեկցում է Ձեզ նրա «սխեման», օգնում այդ ուղղությամբ աշխատանքներում:

- Օհան Դուրյանը համաշխարհային մակարդակի մեծ երաժիշտ է, միաժամանակ՝ նաեւ մաքրագույն հոգի ու ազնիվ սիրտ ունեցող մարդ: Ինձ նրա հետ ծանոթացրել էր իմ ընկեր Վահան Վարդապետյանը՝ 2001 թ. Մոսկվայում: Դա այն ժամանակ էր, երբ մաեստրոյին դուրս էին արել Երեւանի օպերային թատրոնից: Օհան Դուրյանը 1999 թ. ցմահ նշանակվել էր Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար (ինչպես Զուբին Մետան՝ Իսրայելում): Այդպիսով գնահատվել էր նրա ահռելի ներդրումը համաշխարհային երաժշտության մեջ ու մաեստրոյի նկատմամբ ժողովրդական սերը: Այդ նշանակումը կատարվել էր Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հրամանով, իսկ նրանց մահից հետո Օհան Դուրյանը հեռացվել էր ու ստիպված էր լքել Հայաստանը: Բնականաբար, ես նրան անմիջապես առաջարկեցի դառնալ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, որը ստեղծել էի 1980 թ.: Մի շարք համերգներ ունեցանք Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ու Չայկովսկու դահլիճում, եւ Մոսկվան պայթել էր նրա ապշեցուցիչ տաղանդին ծափահարելիս: Նա ղեկավարել է ամենաբարդ ստեղծագործությունները, այդ թվում՝ Բերլիոզի, Դեբյուսիի, Բրամսի եւ այլ դասականների՝ առանց պարտիտուրաների, անգիր: Ես այն տարիներին նոր էի սկսել սիմֆոնիկ երաժշտությամբ զբաղվել եւ գրել էի «Աշունը Պետերբուրգում» սյուիտը: Եվ նա, լսելով այն, ինձ համոզում էր լրջորեն զբաղվել սիմֆոնիայով: Չունենալով կոնսերվատորիայի հիմքային կրթություն, ես դրա մասին չէի էլ երազում: Բայց նա պատմել էր ինձ սիմֆոնիա ստեղծելու իր հեղինակային համակարգի մասին: Ծանոթանալով այդ համակարգին, որոշեցի փորձել: Ճիշտ է, իրականում իմ առաջին սիմֆոնիան սկսել էի 2014 թ., բայց, անշուշտ, դրանով հենց նրան եմ պարտական: Նրա հեռանալուց մի քանի տարի առաջ Վահանի հետ նրա մասին մի ֆիլմ նկարահանեցինք, որտեղ Վալերի Գերգիեւն ու այլ մեծ երաժիշտներ խոսում էին նրա՝ որպես համաշխարհային մեծության մասին: Ֆիլմի պրեմիերան Երեւանում էր: Ներկա էր ողջ վերնախավը, այդ թվում՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը եւ այն ժամանակ ձեր թերթի խմբագիր ու երիտասարդների սիրելի Փաշինյանը: Բայց այդ իրադարձությունը ամբողջությամբ անտեսվել էր ՀՀ իշխանության կողմից, որն այն ժամանակ գլխավորում էր Քոչարյանը: Օհան Դուրյանը, տեսնելով կոռուպցիան ու այն տարիների իշխանության ապօրինությունները, մինչեւ իր վերջին օրերը պայքարում էր դրա դեմ, բացահայտ ասում այն ամենը, ինչ մտածում էր: Բնականաբար, հենց դա էր պատճառը, որ 2000-ականներին ՀՀ իշխանությունները նրան չէին ընդունում ու խտրական վերաբերմունք էին ցուցաբերում: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ Երեւանում կտեղադրվի նրա արձանը:

- Գեղեցկություն եւ սեր. սրանք, ըստ Ձեզ, այն երկու բաներն են, որոնցից բացի կյանքում ոչինչ գոյություն չունի: Դուք 68 տարեկան եք եւ ստեղծագործական պատկառելի ճանապարհ եք անցել արդեն: Հետաքրքիր է՝ այդ ճանապարհն անցած մարդու համար ի՞նչ է գեղեցկությունը եւ ի՞նչ սերը:

- Ես իսկապես կարծում եմ, որ դա է կյանքում ամենակարեւորը: Երեւի հնարավոր չէ բացատրել, թե ինչ է գեղեցկությունը եւ ինչ է սերը, քանի որ դրանք աստվածային կամ առեղծվածային հասկացություններ են: Ես, ինչպես եւ մյուսները, երեւի դա ինտուիտիվ եմ զգում: Բայց հենց գեղեցկությունն ու սերն են մարդուն տալիս այն երջանկությունը, որին բոլորը ձգտում են:

Կարծում եմ, պետք է սովորենք այնպես ապրել, որ սիրտը լինի սիրով լի եւ բաց գեղեցկության համար: Սա է երջանկության միակ ճանապարհը: Մնացածը, մեծ հաշվով, ոչ մի արժեք չունի:

Տպել
4816 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին