Երևան
12 °C
Կինոռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը նեղ աստիճանավանդակում միկրոֆոնը մեկնում է ռոյալի տակ ճկռած բեռնակիրներին ու իբրև լրագրող հարցնում. «Խնդրեմ` երկու խոսք սոցիալիստական երջանկության մասին»:
Սա վաղամեռիկ ռեժիսորին վերագրվող նրա ընկերների պատմած բազմաթիվ հանաքներից մեկն է: Նույնիսկ երիտասարդները երևի տեսած կլինեն «3+2»` խորհրդային ժամանակների համար քաղաքականապես անշառ նրա ֆիլմը: Աստիճանավանդակում համերգային, խոշոր դաշնամուրը բարձրացնողներին տրված հարցի էֆեկտը կարելի է պատկերացնել, մասնավորապես բեռնակիրների կատարմամբ:
Ինչևիցե, եթե հիմա հարցը հնչում է, ուրեմն կա կամ ենթադրվում է, որ կա դրա տեղն ու ժամանակը, հնարավորությունը` դաշնամուրով կամ` առանց: Պետք է ասել` բարեբախտաբա՞ր: Առավել ևս, որ անծանոթներ չենք աստիճանների վրա, չասենք` ռոյալի...
Բայց գուցե հարցը ոչ թե որոշ չափով արդեն տաք տեղից է գալիս, այլ հենց երջանկության համար տարածություն բացելու համար է առաջ նետվում: Առաջ է նետվում ասես Իթաքացու վահանը` որպես ոտք դնելու տեղ օտարի ափին, ոչ`գետնին, առաջինը ցատկելով վրան` յուրայինների առաջխաղացման արգելքը հաղթահարելու հնարամտությամբ:
Բանն այստեղ ձախ կամ աջ ոգով որևէ նվաճողական կռիվը չէ` լինի տարածքի, ժամանակի, միջոցների կամ արդյունքների համար, այլ պարզապես այն, թե ի՞նչ հավակնություն կարող ենք ունենալ այս հարցի առնչությամբ լրագրական շարքում տպվելիք տեքստից, ի՞նչ ակնկալիք` խոստում:
Երբ Ջեյմս Լիփթոնը Նյու Յորքի «Արտիստ ստուդիոյի» իր հեղինակային հաղորդաշարում հյուրընկալել էր հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմի Լի Ջոնսին, հարցրեց, թե ինչպես է, որ արտիստը և' դերասանական հաջողակ կարիերա, և' բազմանդամ համերաշխ ընտանիք ունի, և' պատկառելի կարողություն` ռանչո Տեքսասում, ձիեր և այլն. կարծես բոլոր առումով միանգամայն հաջողակ է: Թոմի Լի Ջոնսը պատասխանում է, որ սովորել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշով համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում և ներգրավված է եղել ռեգբիի թիմում, որին վիճակվել է խաղալ պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոնների հետ, և այդ խաղը, չլսված բան, ավարտվել է իրենց ուսանողական թիմի հաղթանակով: «Այդ ժամանակ ես բերանքսիվայր փռվեցի գետնին ու ընդունեցի, որ խոտը կանաչ է և երկինքը` կապույտ»,- ասաց Թոմի Լին:
Այդժամ տեղի ունեցավ սկզբունքային-արմատական համաձայնություն: Այսպիսի հաստատման պարագայում մարդը հոժար է աշխարհին` իր բոլոր հմայքներով և արհավիրքներով, որովհետև արդեն դա հենց իր աշխարհն է: Նախապես ճապաղ, եթե ոչ թշնամական թվացող աշխարհին, գոյությանը այլևս կողքից չի նայում, այլ` լիիրավ մասնակից է: Նա Քիփլինգի գայլուկների պես կարող է բացականչել, որ ընդունում է կռիվը, ընդունում աննախադեպ բազմաչափ ընկալվող գոյության և' խերը, և' շառը: Կյանքի ողբերգականությունն այլևս ոչինչ չի հերքում: Հաստատման հաստատումը չի ուշանում: Ճանաչումն ու սերը հաջորդում են իրար: Այս դիրքն ու ընթացքը բոլորովին տարբեր են, քան բացասման բացասումը, որ բաժին է ընկնում մեկ այլ պերսոնաժի: Պատահական չէ, որ վերջինս երջանկությունն ու երջանկության ձգտումը անվայել է համարում` գերադասելով ազատագրական հանձնառությունը, այնինչ հաստատված հաստատումը նման խնդիր չունի արարումի մեջ, որը հաճախ կարող է զուգակցվել ապաշխարումի հորդորով` ուղղված բացասման տարերքին:
Լիպտոնի հարցում ենթադրվող բավարարվածության ու գոհունակության գիտակցումը անմիջապես չեմ նույնացնում երջանկությանը, բայց կրկնակի հաստատումը, որքան էլ պաթետիկ, այնուամենայնիվ, երջանկության համար վճռական պարագա է` ի տարբերություն ավելի համեստ պայմանի, որը մի երեխա, ի պատասխան երջանկության մասին հարցի, պատկերացնում է այսպես. «Երջանկություն է, եթե ատամդ չի ցավում»:
«Ատամի չցավալը» համարենք երջանկության մինիմալ շեմը: Հոգսի թեթևացումն ընկալվում է որպես երջանկաբույր պատեհություն: Իսկ Թոմի Լի Ջոնսի հոժարությունը նախախնամության շնորհից է սերում` չի կապվում կարիքի, ցավի բացակայության, որևէ պակասի հետ: Պատահական չէ, որ բացասող ոգին հենց միայն տառապանքի հետ հակադրության մեջ է պատկերացնում բերկրանքը: Առաջինն, իհարկե, շատ ավելին է, քան երբ «ատամը չի ցավում», առավել ևս, որ «ատամը» սկզբունքորեն միշտ է ցավում, պարզապես հարցն այն է, թե այդ «ատամը» քեզնից ինչքան հեռու է տվյալ պահին: Չափի հարց է. խալխի հոգսով խոժոռ, դարդիման կեցվածքը` հավերժ մտահոգ, թե ում համար է հնչում զանգը, կասկածելի է որոշ իմաստով, հատկապես, երբ բաց դաշնամուրի առաջ ես: Ուստա, չալե' Ձոնն Ուրախության:
Այնումենայնիվ, ավելի հրատապ մի տարվածություն, մի առաջնահերթություն ետին պլան է մղում անգամ անտանելի թվացող «ատամնացավը»: Մարտավարական կամ ռազմավարական հաշվարկները արվում են փաստերի ու ինքնությունների հիման վրա: Իսկ հաստատումը սերում է բերկրանքից: Հաստատումը ինքնությանը վերագրելը խարդախություն է և տանում է բռնության:
Ճարտարապետ Միսակ Խոստիկյան.
Անձնական երջանկություն.
«Есть минуты, когда не тревожит
Роковая нас жизни гроза.
Кто-то на́ плечи руки положит,
Кто-то ясно заглянет в глаза…
И мгновенно житейское канет,
Словно в тёмную пропасть без дна.
И над пропастью медленно встанет
Семицветной дугой тишина…
И напев заглушённый и юный
В затаённой затронет тиши
Усыплённые жизнию струны
Напряженной, как арфа, души…»:
Բլոկի այս բանաստեղծությունը որսում է անծանոթին որպես ծանոթ դիմավորող հայացքը, ժեստը, որը հպանցիկ է և չպարտավորեցնող` որպես զեփյուռի մեղմ հաբույր: Ճանաչում ես անծանոթին առանց հարցի: Ոչ ոք չի իմանա այս գողացված երջանկության մասին: Չեմ խոսի հիմա ծանոթին որպես անծանոթ ընդունելու կարևորության` երջանկավետ հարգանքի մասին:
Մի տեսարան կա, որ նկարագրել եմ «Զանգվի բարդույթ» գործում. հերոսն ստիպված է գիշերն անցկացնել ձյան մեջ կորած ծայրամասային մի կայարանում` բետոնին գամված մի կոշտ նստարանի վրա, գնչուների հարևանությամբ, որոնց վերագրվող անցանկալի հակումները չէր կարելի բացառել: Երկաթգծերն ամբողջովին թաղված են ձյան մեջ, երթևեկություն չկա: Եվ հանկարծ ձյան մեջ բացվող արևի կաթում իր համար էլ անսպասելի անսահման երջանկություն է զգում:
Երջանկությունը որպես ապրում կարող է շատ պատահական իրադարձություններում լինել` բոլորովին անսպասելի հանգամանքներում, մեկուսի:
Խոսում էի երջանկությունից` սկզբում որպես գոհացում, բավարարվածություն, հիմա` զգացական ապրում, բայց, իհարկե, կա նաև երջանկության այլ` անտիկ պատկերացում, ըստ որի մարդն ինքը չէ, որ կարող է գիտակցել իր իսկ երջանիկ լինել-չլինելը. այդ մասին վստահ կարող են ասել միայն ետմահու` նայած, թե ինչպիսին էր այդ մարդու կյանքը համայնքի աչքին:
Չէի ուզի այստեղ ավելի խրվել փիլիսոփայության պատմությունից երջանկության հետ կապված անխուսափելի «ջենթլմենական հավաքածուի» մեջ:
Մասնագիտական երջանկություն.
Երջանկություն է, երբ գործի բերմամբ մի խնդրի հետ ես առնչվում, որը քեզ իրոք հետաքրքիր է:
Երբ այցելում ես արդեն իրականացված մի նախագիծ, և «թակարդը», որն ուրիշի համար էիր պատրաստել, ինքդ ես ընկնում: Այսինքն, դու տեսնում ես, որ մտքով հաշվարկած հորինվածքային ինտրիգը զգայական մակարդակով ազդում է հենց քեզ վրա, դու ընկնում ես այդ խաղի տպավորության մեջ. սա նշանակում է, որ գործդ ստացվել է, և ահագին ուրախանալու առիթ է: Ի տարբերություն սրանց` կան գործեր, որոնք զուտ կոնցեպտուալ բնույթ, բավարարման մտավոր որակ ունեն և առանձնապես չեն առնչվում զգայական ապրումին: Երջանկություն է, որ հետաքրքրությունների համար պահանջվող գինը համապատասխան է կարողություններին և խնդիրների դրվածքը` մտավոր հորիզոնին:
Որպես ուսանողների հետ շփվող` կարող եմ ասել, որ մասնագիտական գիտելիքներ ստանալուց առավել էական է այն անուղղակի ուղերձը, որ Գոյությունը շատ ավելին է, քան մեր ամենաշռայլ պատկերացումները դրա մասին: Եվ օրվա ճնշումների, տարաբախտությունների մեջ հավատի հարցը հանգում է արժանի լինելուն այն Իրադարձությանը, որին մասնակցում ենք` անկախ, այսպես ասեմ` «ատամի ցավի» ուժգնությունից:
Իհարկե, դժվարանում եմ առարկել, որ ուսանողների հաջողությունները մի առանձին կայֆ են վարժապետի համար /այս բառն եմ օգտագործում, որ անտեղի պաթոս չվերագրեմ դաս տալու անհույս գործին-Մ.Խ./, երբեմն` ավելի մեծ կայֆ են, քան աշխատանքային սեփական որևէ հաջողություն, հատկապես, եթե դա նրանց անձնական հեռանկարի փոփոխության հնարավորություն է տալիս: Ուրախանալ հեռվից`չշփոթելով և միշտ ի մտի ունենալով, որ դա հենց նրանց հաջողությունն է:
Մասնագիտական անդրազգային արկածախնդրությունը թարմ արյուն է ենթադրում: Շատ պատրանքներ չունեմ վարժապետի, այսինքն`սկզբունքորեն ամենաջանասեր ուսանող լինելու պարտականություն ստանձնածի արդյունավետության վերաբերյալ, ոչ էլ` առանձին նախագծողի: Վճռորոշ են հաստատություններն ու դրանցում տիրող մթնոլորտը, եթե չանդրադառնանանք հանրությանը ավելի լայն առումով:
Երևանի ճարտարապետական նկարագիրը, խոստովանենք, ցավոք վայրէջք է ապրում թերևս յոթանասունականների կեսերից սկսած, բացառությամբ հատուկենտ հաջողությունների կամ ընդունելի իրականացումների: Մի բան է, երբ թշվառությունն ամենուր բիրտ հետքեր է թողնում ճարտարապետական երբեմնի վայելուչ մարմնավորումների, միջավայրի վրա, մեկ այլ` թերևս ավելի անմխիթար բան, երբ հենց այդ թշվառությունն է արդեն սկսում հանդերձավորվել ներկայացուցչական հավակնությամբ:
Ինչևիցե, մեծ կայֆ` երջանկություն է, երբ ունես ուսանող, գործընկեր կամ պատվիրատու, որի հետ հնարավոր է արտասովոր շեմի կոմունիկացիա ունենալ և' թեմաների, խնդիրների, և' մտքի մտերմիկության աստիճանի առումով: Սա հազվադեպ պատահող երջանկություն է, ավելի շուտ` մաղթանք, քանի դեռ ասպարեզից չի սղվել մասնագիտությունը:
Հանրային երջանկություն.
Հանրային երջանկությունը` իբրև հավաքական խանդավառ ապրում, էներգետիկ պարպումների հետ է կապված, երբ փոփոխվում են հանրային կյանքի ինչ-ինչ կառուցվածքներ, որոնք ուղղորդում էին առօրյան: Երբ ճեղքվում են հաստատությունները, մեծ էներգիաներ են անջատվում, որ հաճախ էյֆորիկ զգացողություններով են առաջացնում: Այդ ատեն ձերբազատվում են նաև ուրվականներ, որոնց այցելությունից չեն խուսափել նաև Բուլեի, Լեդուի կամ Թամանյանի պես մեծերը` նախքան իրենց հերթին անհանգիստ ու տիրական ուրվական դառնալը: Բայց էյֆորիան և խանդավառությունը պղտոր էներգիաներ են`մի տեսակ թեթևության բերկրանք, որի ժամանակ հանգամանքներով ընկճված մարդկանց համար անգամ անկարելիության պատնեշներն են տրոհվում: Իհարկե, այդ զգացողությունը կարճ է տևում նոր համակարգերի, նոր հաստատությունների կայացման ընթացքում, և կյանքը մտնում է հուն, որի ռեժիմը բնավ ավելի թեթև չի լինում, քան նախորդողը: Եվ այդ փոփոխություններին մասնակցությունն այն գիտակցությամբ, որ այդ ուրախությունը պոռթկալու է և մարի, ահա, այդ գիտակցությունը թույլ է տալիս վայելել հանրային ուրախության ալիքները ներքնապես` միաժամանակ հնարավորինս սթափ մնալով հետևելու դրանց փոխակերպմանը: Ի դեպ, այդ հրճվանքը զգայականորեն կարծես բազմապատկում է շրջակայքի տարածականությունը` եռաչափ պլաստիկան օպտիկական իմաստով, այնպես, ինչպես մարմնապես սիրելի անձն է կարծես ավելի եռաչափ ներկայանում սիրեցյալի աչքին մնացյալի համեմատ, կամ` փայլուն դերասանն ավելի շոշափելի հանդիսատեսի աչքին անգամ էկրանից:
Որևէ իրականացվող կառույցի միջոցով, վերջին հաշվով, լեգիտիմացվում են այդ ընթացքում առկա հանգամանքները, ներառյալ` նաև այդ ընթացքում գործող իշխանությունները: Պատահական չէ, որ քաղաքական-քաղաքացիական պայքարը հաճախ դիմում է անցյալի ճարտա-շինարարական իրականացումների պահպանմանը, հենվում դրանց վրա` որպես կայացման այլընտրանքային զորության: Քանի որ, ըստ էության, անցյալի կառույցները առերևույթ պարտական չեն հանրային ներկա հարաբերություններին, դրանք վկայում են նախորդող գերակա կամքի, իշխանության, իրականության առկայությունը, ուրեմն` դրանով իսկ նաև այլի հնարավորությունը: Ներկան հարցի տակ են առնում, հակադրվում են նաև ուտոպիաներն ու դեռ չիրականացած նախագծերը: Բայց սրանց կյանքի կոչումը օրակարգ մտցնելը պակաս հրապուրիչ է թվում նշված շարժումների համար, հատկապես, եթե վաղեմի են` անկախ դրանց հանդգնության թափից ու մասշտաբից: Նյութականացածն ավելի զորեղ մագնիս է այստեղ` ներկայում, քան նախագիծը` ապագան: Չէ՞ որ դրանք դուրս են մնացել, սղվել են ժամանակի վայրիվերումներում: Ժառանգորդության խզման հետ դրանց զորությունը սասանվել է: Այս պայմաններում արվող նախագծերը հում ու խամ են դուրս գալիս, սովորաբար` հետադեմ: Անցյալը գերակշռում է` անգամ ավիրված, իսկ գալիքը, ըստ այդմ, վերածվում է դրա տնազի` փոխարինելով իր ավերածը: Սա, ավաղ, տարածվում է ամենատարբեր կրթական և սոցիալական մակարդակներում`գերակայում է: Եթե անառարկելիորեն ներկային դիմակայում ենք անցյալին դիմելով ապագայի համար, ապա դա չպետք է սահմանափակվի միայն նյութական ժառանգության հոգածությամբ: Ժառանգորդությունը, ինչպես նաև եղածի գիտակցումը, տեղի է ունենում նախկին ծրագրերին, երևակայությանը անդրադառնալով` ոչ պարզ հերքմամբ, անտեսմամբ, միայն մասունքներ հսկելով: Առանց ժառանգորդության չի կարող լինել հանրային երջանկություն` հասկացված ուրիշ կերպ, քան էյֆորիկ հրճվանքը: Անցյալի ուսումնասիրությունը ապրանքագրում չէ և ջանք է պահանջում, որ չդառնա ինքնանպատակ անգամ առ ժամանակ, այլապես կկեղծվի և, վերջ ի վերջո, կշրջվի, կշահարկվի հեղինակային կամ կարգավիճակի հավակնությունների համար:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Ներկայում որոշակի կերպ` գիտականորեն հասկացված «երջանկությունը» մտցվում է ընկերային կյանքը նկարագրող չափելի պարամետրերի մեջ. նոբելյան մրցանակակիր հոգեբան Կանհեմանի ներդրումը հատկապես նշանակալից է դրանում: Այդ հաշվարկները, որտեղ երջանկությունը ոչ թե փիլիսոփայական ասպարեզի քննարկման նյութ է, այլ զուտ կյանքը կազմակերպելու, տնտեսական քաղաքականություններ ծրագրելու, վարելու հարց, իմ հետաքրքրության մեջ չեն առանձնապես` մասնագիտական տեսանկյունից, չհաշված արհեստական միջավայրի ազդեցությանը վերաբերող համապատասխան հետազոտությունները: Այս հարցազրույցի սահմաններում այլևս դժվար կլինի անդրադառնալ նաև Քանաքարայի «Ոսկե քաղաքին»: Խնդիրը շուտով բարեբեր խոսքը մակաբույծ աղմուկից հիմնավոր զատելն է անգամ մի տեքստում` «երկրի» համար, ուր առավելագույն ամենատարբեր էակները երաշխավորված հնարավորություն ունենան առաջին հերթին հենց լինելու, ինչպես նաև շանսեր` հոժար լինելու, որ հստակ իմաստով խոտը` կանաչ ու երկինքը կապույտ է: Առնվազն գեղանկարիչները, այդ պարագայում հուսամ, անմիջապես առարկեն: Իրավացիորեն: Ի դեպ, ի՞նչ գույների են խոտն ու երկինքը հիմա:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում
Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ
Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան
Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել
Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն
Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ
Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք «Կրթվելը նորաձև է» արշավը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել Վանաձորից
Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան
ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան
Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ
Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի
Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր
Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ
ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել
Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են
Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան
5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա
ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ
ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին
ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը
Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը
Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT