Այսօր ռեկորդային բարձր է թե կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, թե տոկոսն՝ ըստ արված թեստերի քանակի և թե մահերի թիվը

Այսօր մեր երկրում կորոնավիրուսային երեք հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում գրանցված դեպքերի թիվը, հաստատված դեպքերի տոկոսային հարաբերությունը կատարված թեստերի թվին և մահերի թիվը:

Եթե չհաշվենք վերջին շաբաթվա հետզհետե բարձրացող թվերը (1200-1600 դեպք օրական), ապա կորոնավիրուսի հաստատված դեպքերի ամենաբարձր թվերը մեր երկրում գրանցվել էին հուլիսին՝ 700-800 դեպք օրում: Արդեն հոկտեմբերի 21-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք՝ կատարված 4340 թեստավորումից։ Այսպիսով, դրական է եղել թեստերի 42.3 տոկոսը: Հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցության բարձրակետը՝ 37 տոկոս, գրանցվել էր հուլիսին:

Նախորդ օրվա ընթացքում մահացել է 20 վարակակիր։ Կորոնավիրուսից մահվան ցուցանիշների երկու բարձրակետերը եղել էին հունիսին և հուլիսին՝ 18-ական դեպք մեկ օրում:

Առաջին անգամ մահացողների մեջ է եղել երեխա՝ 16 տարեկան, սակայն նշենք, որ նա ունեցել է ուղեկցող բավական ծանր հիվանդություն՝ ուղեղի չարորակ նորագոյացություն, որի մասնակի հեռացումից հետո չի կարողացել քայլել, խոսել:

Արձանագրվել է, որ առողջացած է 485 մարդ: Այժմ բուժվում է մոտ 18 հազար վարակակիր:

Կորոնավարակակիրների թվի աճն այս պահին մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ առողջապահական ռեսուրսներն անհրաժեշտ է, որ տրամադրվեն առաջին հերթին պատերազմի դաշտից բերվող վիրավոր զինվորներին, հրետակոծվող ու ռմբակոծվող քաղաքներից ու գյուղներից բերվող քաղաքացիական անձանց բուժսպասարկմանը: Պատերազմի պայմաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված որոշումները՝ փակել որոշ բնակավայրեր, չվերագործարկել աշխատանքները որոշակի ոլորտներում և այլն, որոնցով վարակի տարածումն են կանխարգելել մինչ այս, հիմա կարող են հավելել դժվարությունները առաջնագծին պատշաճ սպասարկում ապահովելու առումով:

Ի՞նչ է հնարավոր անել այս մահաբեր պարույրը կտրելու համար, ի՞նչն է դրա հիմնական պատճառը, և ի՞նչ կանխատեսումներ է հնարավոր անել՝ հիմնվելով հաշվարկների վրա. «Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Նրա խոսքով՝ բարձր թվերի պատճառը բնակչության շարժունության բարձրացումն է և հակահամաճարակային կանոններին չհետևելը. իսկ հաստատված դեպքերի մեծ թվից հետևում է, որ առավել շատ հիվանդներ են հայտնվում ծանր վիճակում, և մահանում է, որպես կանոն նրանց որոշ տոկոսը, ինչը մեծ թվերի պարագայում,  ցավոք, առավել մեծ թիվ է: «Իրավիճակն այնպիսին է, որ մենք անդադար կոչեր ենք անում, անդադար խնդրում ենք, հորդորում ենք պահպանել կանոնները՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքները պարբերաբար ախտահանել, որպեսզի մեղմվի այս պատկերը, որպեսզի կարողանանք մեր ողջ ներուժն ուղղել վիրավորներին»,- ասաց նա:

Հարցին, թե ըստ հաշվարկների՝ ինչպիսի դրություն է սպասվում առաջիկա շաբաթներին, Բաբախանյանը պատասխանեց. «Կանխատեսումները լիովին կախված են բնակչության՝ մեր բոլորիս վարքագծից. այս պահին դեռ դեղ չկա, պատվաստում չկա, հնարավոր է միայն կանխարգելել, որի արդյունավետությունը մենք ամռանը տեսել ենք:  Ուրեմն պիտի այդ ամենը հաշվի առնենք: Հիմա մենք իրավունք չունենք թուլանալու»:

Մեր խմբագրությունը բողոք է ստացել, որ հիվանդի վիճակը վատթարացել է ժամանակին հետազոտություններ չանելու և չհոսպիտալացնելու պատճառով։ Այս տեղեկությանն արձագանքելով՝ Լիլիթ Բաբախանյանը չբացառեց թերացման հնարավորությունը, սակայն ընդգծեց. «Բողոքներին կարող ենք արձագանքել, եթե լինի որոշակի հիվանդանոցի կամ որոշակի բժշկի հետ կապված ահազանգ: Բողոքը կարող է լինել առանց անուն-ազգանունի: Եթե կա փաստ, ապա այդ մասին պետք է հաղորդել, որին նոր միայն կարող ենք արձագանքել, հարցը քննել»:

Ենթադրությունը, թե հնարավոր է, որ վիրավորներով ծանրաբեռնված լինելու պատճառով հիմա առողջապահական համակարգը որոշել է հոսպիտալացնել հիվանդներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ Լիլիթ Բաբախանյանը հերքեց. «Հիմա մեզ մոտ հստակ է՝ ո՛ր հիվանդանոցներն են զբաղվում կորոնավիրուսով հիվանդներով, որո՛նք են ընդունում վիրավորներին: Կարող եմ հստակ ասել, որ այն հիվանդանոցները, որ պիտի բուժեն կորոնավիրուսով հիվաններին, շարունակում են իրենց աշխատանքը, ընդունում հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների. նույնկերպ և իրենց աշխատանքն են շարունակում պոլիկլինիկաները, որ մայիսի 28-ից սկսել են հետևել տանը բուժվող կորոնավիրուսով հիվանդներին: Իհարկե, կարող են լինել նաև բացթողումներ, բայց դրանց մասին պետք է հաղորդեն հասցեական, որ դրանք քննվեն»:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների՝ պաշտոնապես հաստատված թիվը մոտենում է 41 միլիոնի, բուժվել է մոտ 28 մլն-ը, մահացել 1.12 մլն-ը: Ժամանակ առ ժամանակ նկատվում է ընդհանուր առմամբ մեկ օրում վարակվածների թվի անկում, սակայն այն հետևողականորեն աճում է. հիմա արդեն մեկ օրում արձանագրվում է շուրջ 350 հազար նոր վարակակիր:

Մեր երկրի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանում այսօր հաստատվել է 331 վարակման նոր դեպք, և կորոնավիրուսից 4 մահվան դեպք: Եվ թեպետ 8 մլն-անոց բնակչությամբ երկրի համար այս թիվը մեծ չէ, սակայն հոկտեմբերի 19-ից փակ են Բաքվի մետրոն, դպրոցները, բուհերը։ Իշխանությունները պահանջել են առանց հատուկ անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

Իհարկե, հիշում ենք, որ կորոնավիրուսի թվերը ոչ միայն առողջապահական ցուցիչներ են աշխարհում, այլև՝ քաղաքական, տնտեսական ու հասարակական գործոններ. տարբեր երկրների իշխանությունները կորոնայով են պայմանավորել բողոքի ակցիաների արգելքները, զբոսաշրջիկներին ընդունելը կամ երկրի սահմանները փակելը, երկրի որոշ հատվածներ փակելը կամ կարանտինային ռեժիմ սահմանելը և այլն: Հասարակական գործիչները բազմիցս դժգոհել են, փաստարկներ են ներկայացրել նմանատիպ որոշումների՝ քաղաքական հիմք ունենալու մասին, իսկ ոստիկանները ցրել են հավաքները, տուգանել մասնակիցներին: Եվ ահա Ադրբեջանում այսօր կորոնավիրուսը, ըստ թալիշ և լեզգի վերլուծաբանների, բնիկ ժողովուրդներին ենթարկեցնելու գործիքներից մեկն է դարձել մարտադաշտում հազարավոր սպանվածների համար բողոքի ցույցերից խուսափելու համար:

Ինչպես երկու օր առաջ նշել էր լեզգի քաղաքական-հասարակական գործիչը «Վոլնա Կասպիա» ալիքով հեռարձակված իր կոչում, Ադրբեջանում արդեն իսկ սկսվել է լեզգիների ցեղասպանություն: Վերլուծաբանները նշում են, որ բնիկ ժողովուրդներին իրավազուրկ պահելը, իսկ պատերազմի ժամանակ առաջնագիծ ուղարկելու մասին բարձրաձայնողներին լռեցնելը Ադրբեջանում այս հանրույթներին փակուղային վիճակում դնելու հստակ քաղաքականություն է: Թալիշ քաղաքական վերլուծաբանն էլ կանխատեսել է, որ կփակվեն իրենց բնակավայրերը, և նույնիսկ պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ իրենք հնարավորություն չեն ունենա գնալ Բաքու և բողոքել. նրա տեղեկություններով՝ անանուն եղբայրական գերեզմանոցներում դիերը «կորցնելը» ավանդույթ է դեռ 90-ականների պատերազմից, և թերևս հենց այդ նպատակով են արդեն իսկ փակվել Բաքվի շրջակա բնակավայրերը, ուր թույլ են տալիս մտնել միայն շտապ օգնության աշխատակիցներին և տեխնիկա տանող մեքենաների վարորդներին:

Հիշեցնենք. Հայաստանում պատերազմի 24-րդ օրն է: Հակառակորդը կորոնավարակն օգտագործում է՝ ըստ իր շահերի: Մեր երկրում առողջապահության համակարգը պայքարում է երկու ճակատով՝ բնակչությանը պարբերաբար ներկայացնելով իրավիճակը թե այս և թե այն տիրույթում. և երկու ճակատում էլ առողջապահական վիճակն օր օրի ծանրանում է: Եվ թիկունքը պարտավոր է օգնել սահմանին ու բժիշկներին՝ գոնե խուսափելով առավել ծանրաբեռնել նրանց: Հարկ է ձգտել չհիվանդանալ ու չվարակել այլոց բոլոր հնարավոր միջոցներով. վստահաբար դա ավելի դժվար չէ, քան մեր առաջնագծի մարտիկների գործը՝ վայրենաբարո թշնամու դեմ օրուգիշեր մարտնչելը:

Տպել
2395 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ