«Այս ֆիլմը Հայաստանի պարային հիմնն է»․ Ռիմա Պիպոյանի «Ել» ֆիլմը մեկ ամսում միջազգային 3 մրցանակի է արժանացել

Պարուսույց, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի հեղինակած «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը հունվարին միջազգային տարբեր փառատոններում արժանացել է միանգամից երեք մրցանակի։ Հանդիսատեսի համար առայժմ հասանելի է կարճամետրաժ ֆիլմի միայն անոնսը։

Հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում այն արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իտալական Vesuvius International Film Ֆեստ փառատոնում «Լավագույն ռեժիսոր» եւ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակների:

«Հայկական ժամանակի» հետ զրուցում Ռիմա Պիպոյանը պատմել է «ԵԼ» ֆիլմի ստեղծման յուրօրինակ գաղափարի, ֆիլմում իր կերպարի մասին։

- Ռիմա, ձեր հեղինակած «ԵԼ» ֆիլմի գրանցած արդյունքները սկզբի համար բավականին խոստումնալից են, լայն հանրության համար երբ հասանելի կլինի աշխատանքի ամբողջական տարբերակը։

- Ֆիլմը դեռ ներկայացված է տարբեր փառատոնների, այդ իսկ պատճառով դեռ հասանելի չէ հանդիսատեսին: Իսկապես, ուրախությամբ պիտի նշեմ, որ ինձ բազում դրական ու հիացական կարծիքներ են գալիս տարբեր փառատոններից։ «Ել» ֆիլմի նկարահանման վերջին օրը համընկավ պատերազմը սկսվելու առաջին օրվա հետ: Իսկ ֆիլմի նախնական աշխատանքները սկսվել էին դեռ հուլիս ամսին: Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի թեման բացարձակ հեռու է պատերազմի կամ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Այնպես ստացվեց, որ ֆիլմի մասին մենք խոսեցինք պատերազմի ավարտից հետո ու բոլորի մոտ իմ կերպարը ասոցացվեց պատերազմի հետ: Նույնիսկ Բելառուսի հեռուստաընկերությունը, երբ անդրադարձ կատարեց ֆիլմին նշեց, որ ըստ երեւույթին ինձ վրա ազդել են Հայաստանում կատարվող իրադարձությունները եւ բավական հետաքրքիր ու խոր վերլուծություն ներկայացրեցին ֆիլմում կատարած իմ խորեոգրաֆիայի վերաբերյալ: Այս առիթով իմ ընկեր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Արտյոմ Շոշինը ֆիլմը դիտելուց հետո նշեց. «Այս ֆիլմը Հայաստանի պարային հիմնն է․ Ռիմա, դու կարծես մարգարե լինես»: Նրա կարծիքով՝ ես կանխատեսել էի պատերազմը ամիսներ առաջ, երբ դեռ նոր-նոր էի սկսում աշխատանքը ֆիլմի գաղափարի վրա: Փաստորեն…

- Իսկ իրականում ինչի մասին է «ԵԼ»-ը։ Եվ ո՞րն է այն ասելիքը, որը նպատակ եք ունեցել ֆիլմի միջոցով աշխարհին պատմելու։

- Ֆիլմը մարդու ներսում ներքին բեւեռների պայքարի մասին է եւ այն հարաբերության, երբ մարդը երես առ երես կանգնում է արտաքին աշխարհի առջեւ, որը լի է հակադրություններով: Իսկ հաղթանակի զգացողությունը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ մարդ հաղթահարում է ինքն իրեն: Մարդ պետք է ընդունի իրեն այնպեսին, ինչպիսին կա եւ իր թերությունները դարձնի իր ուժը: Ֆիլմում այս բոլոր թեմաների մասին խոսել եմ բացառապես շարժման միջոցով՝ համադրելով հայ ճարտարապետությունն ու երաժշտությունը: Ֆիլմում հնչում է Կոմիտասի մշակմամբ «Ել, ել» երգը, որն իմ ամենասիրելի գործերից է: Եվ հույս ունեմ, որ այս գործին իմ հետագա բեմադրություններում կրկին առիթ կունենամ անդրադառնալու: Սա իմ առաջին ֆիլմն է եւ պետք է խոստովանեմ, որ չնայած կարճամետրաժ լինելուն՝ այն քրտնաջան աշխատանք պահանջեց: Ֆիլմի նկարահանման առաջին օրը, որը սկսվել էր առավոտյան ժամը 05:00-ին ու տեւեց մինչեւ արեւամուտ՝ 20:00-ն, ողջ ընթացքում կրկնում էի՝ բեմ եմ ուզում, բեմ եմ ուզում։

- Ամեն դեպքում ձեզ բեմն ավելի հոգեհարազատ է, ճի՞շտ է։

- Բեմում ամբողջ էներգիադ ես ներդնում միանգամից, մեկ անգամ ես պարում ու, որպես խրախուսանք, ծափահարությունների արժանանում։ Բայց այդ ծափերը, բեմից եկող էներգետիկան կարծես մոռացնել է տալիս նախապես ու ընթացքում եղած բոլոր դժվարությունները, վերալիցքավորում է քեզ։ Իսկ այստեղ մեկ դուբլը 30 անգամ կրկնում ես ու «լրիվ ոտք», որ հետո ամենահաջող տարբերակն ընտրես: Օրվա երկրորդ կեսին մարմինս էլ չէի զգում՝ փոշոտ, կեղտոտ ու վիրավոր: Այստեղ լրիվ տեղին է ասել՝ «Արվեստը զոհեր է պահանջում» (ծիծաղում է, հեղ․): Ի դեպ, ֆիլմի գաղափարը ներկայացրել էի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջազգային կազմակերպությունների, այն հավանության էր արժանացել, որից հետո նրանք ֆինանսավորեցին ու ֆիլմը կյանքի կոչեցի: Այն նախատեսել էի նկարել Կոմիտասի թանգարան ինստիտուտում, ու մեզ պետք էր պետական գերատեսչություններից մեկից թույլտվություն ստանալ: Ցավոք ոչ մի հաստատություն չարձագանքեց, ու ստիպված եղանք նկարահանման վայրը տեղափոխել այլ տեղ: Շնորհակալություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանին, որ սիրով եւ մեծ պատրաստակամությամբ աջակցեց նախագծին: Երեւանում Գյոթե Ինստիտուտը մեզ միացավ ֆիլմի ստեղծման երկրորդ փուլում ու պարզապես փրկեց նախագիծն իր փոքր, բայց տեղին ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմը իրականացվել է Contemporary Dance and Experimental Art փառատոնի շրջանակներում: Մեզ աջակցել է նաև Հայաստանի պետական կամերային երգչախումը՝ տրամադրելով «Ել, ել» երգի կատարման իրենց տարբերակը: Սրանք այն հաստատությունների ու մարդկանց անուններն են, որ ուզում եմ անպայման նշել։

- Կորոնավիրուսի ու մեր երկրին պատուհասած չարաբաստիկ պատերազմի հետեւանքով կանգ էր առել նաեւ մշակութային կյանքը կարծես նոր- նոր են արվեստի գործիչները վերադարձել իրենց գործունեությանը։ Ինչ եք կարծում՝ ստացվո՞ւմ է։ Ինքներդ ինչ բարդությունների եք հանդիպում այս ընթացքում։

- Դաժան էր այս ամենը, դաժան: Վատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել այն, ինչ բոլորիս հետ կատարվեց: Երկար ժամանակ խելքի չէի գալիս: Հետո որոշեցի ինձ անջատել իրականությունից, այլապես զգում էի որ կխելագարվեմ: Հիմա ես վերադարձել եմ ակտիվ գործունեությանս, չնայած պանդեմիայի պատճառով գրեթե բոլոր արտասահմանյան հրավերներս հետաձգվել են կամ չեղարկվել: Իմ փոխարեն հիմա ֆիլմն է շրջագայում։ Այս առումով ֆիլմը շահավետ է, բայց երբեք չի փոխարինի կենդանի արվեստին: Քանի որ հիմնական իմ ստեղծագործական գործունեությունն արտասահմանում է, կարող եմ նշել, որ ոլորտը մինչեւ այսօր գրեթե մեռած է: Պարարվեստը երեւի ամենաշատը տուժեց այս վարակից: Երբ նոր էր վարակը տարածվել եւ սկսեց կարանտինը՝ արվեստագետները փորձեցին ինքնարտահայտման այլընտրանքային միջոցներ գտնել: Ցավոք, ջրի երես դուրս եկան ճկուն ուղեղով, բայց ոչ այնքան տաղանդավոր մարդիկ… Ինչեւէ, սա խոսելու առանձին մի մեծ ու ցավոտ թեմա է: Արժեքների վերարժեւորման մի յուրօրինակ փուլ սկսվեց: Իսկ պատերազմի ժամանակ ամեն ինչ մեռած էր՝ մեր հոգիներն էին մեռած: Իսկ հիմա, ճիշտն ասած, ընդհանուր պատկերի մասին վաղ է խոսել: Կարծես թե սկսում է ոլորտն ակտիվանալ, բայց թե ո՞ւր է գնում ու ինչի՞ կհասնի, կտեսնենք: Ես միշտ դրական կողմով եմ փորձում նայել։

- Ամեն դեպքում հիմա էլ Հայաստանի համար պակաս ծանր ու դժվարին օրեր չեն, ո՞րն է այս ընթացքում եղել (նաեւ հիմա ո՞րն է) ձեր ստեղծագործելու ու առաջ նայելու մոտիվացիան։

- Ստեղծագործող մարդուն ոչինչ չի կանգնեցնում: Ինձ անգամ մի կաթիլ ջուրը կարող է ոգեշնչել նորից ապրելու ու ստեղծագործելու համար: Եթե Հայաստանի համար հիմա ծանր ու դժվար օրեր են, ապա իմ արվեստի համար միշտ են այդ ծանր օրերը եղել: Այս ծանր տարում Պարարվեստի պետական քոլեջում իմ առաջարկած նոր ծրագրով, քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանի հետ համատեղ ուժերով, բացվեց «Մոդեռն պար» բաժինը, որը կարծում եմ բացառիկ երեւույթ է տարածաշրջանում: Վերջապես մենք առաջին անգամ կունենաք այս պարային ուղղության մեջ կրթություն ստացած պարողների: Ծրագիրը կազմելիս բազմաթիվ արտասահմանյան հաստատությունների հետ եմ կապվել եւ ուսումնասիրել նրանց ուսումնական պլանն ու մեթոդները: Արդյունքում ստացվել է շատ հետաքրքիր ու բազմազան ծրագիր, որ նույնիսկ ես մեծ հաճույքով կսովորեի: Ցավոք, կորոնավարակով պայմանավորված դասերն այս պահին ոչ լիարժեք են ընթանում: Իհարկե այս ամենը մի կողմ դրած, ես առաջին հերթին ստեղծագործող եմ ու, ցավոք, դեռ պայմաններ չեն ստեղծվում Հայաստանում լիարժեք ստեղծագործելու համար՝ չնայած իմ մշակած բազմաթիվ նախագծերի: Ուրախ եմ, որ արտասահմանում գնահատեցին ու շարունակում են գնահատել եւ աջակցել ինձ, այլապես այստեղ լրիվ անտեսված կլինեի: Կուզենայի, որ իմ երկիրը կարողանա ճիշտ գնահատել եւ օգտագործել իմ ներուժը, մեր նման մարդկանց ներուժը, որոնք աշխարհին ասելիք ունեն, ցույց տալու ու մեր մշակույթի մասին պատմելու կարողություն ունեն։

- Մեր երկրում, բացի արտաքին թշնամու վտանգից, ներքաղաքական գերլարված վիճակ է, բողոքի ցույցեր եւ այլն։ Այս մթնոլորտում ստացվո՞ւմ է կենտրոնանալ։ Ինչպե՞ս։

- Ինձ հեռու եմ պահում այդ ամենից: Ինձ համար կարեւոր են համամարդկային եւ մնայուն արժեքները: Չնայած, ինչքան էլ ինձ հեռու պահեմ, մեկ է՝ այդ լարված վիճակները ինչ-որ կերպ իրենց ազդեցությունն են ունենում հոգեվիճակիդ վրա: 2020թ.-ի փետրվար ամսին, երբ սահմանները բաց էին, ես իմ ծրագիրը ներկայացնելու համար մասնակցում էի Բաթումիում կոնֆերանսի: Ծանոթացա ադրբեջանցի մասնակիցների հետ, որոնց հետ միասին փորձում էի ծրագրեր մշակել՝ կենտրոնում դնելով մարդուն ու արվեստը: Պատերազմը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ… Հիմա ես գլխիկոր իմ գործն եմ անում ու փորձում այն լավ անել:

- Ընդհանուր զարգացումներին հետեւո՞ւմ եք, ինչպիսին է կատարվածի վերաբերյալ ձեր կարծիքը։

- Ամեն օր աներեւակայելի նորությունների ենք ականատես լինում: Սարսափելի է: Միգուցե սա ինչ-որ նորի սկիզբ լինի: Ամեն դեպքում, մենք ուղղակի իրավունք չունենք թուլանալ: Նոր ժամանակները նոր օրենքներ են պահանջում: Եկել է կիրթ մարդու, հաստատուն ու ուժեղ անհատի ժամանակը: Պետք է առաջ նայել ու գործել:

  «ԵԼ» պարային ֆիլմի անոնսը

Տպել
3585 դիտում

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան