Երեկ կամրջից նետվել սպառնացած երիտասարդը այդ քայլին դիմել է 10 անգամ. նա ներկայացնում է իր պատմությունն ու դրդապատճառը

Երեւանի «Հաղթանակ» կամրջից երեկ՝ մայիսի 17-ին, իրեն ցած նետել սպառնացած երիտասարդն արդեն 10 եւ ավելի անգամներ է նման քայլի դիմում: 24-ամյա Ռազմիկն ինքն էլ է հաշիվը կորցրել, թե սա որերորդ դեպքն էր, երբ հերթական անգամ հայտնվել էր կամրջի բազրիքից այն կողմ:

Ռազմիկը, սակայն, իր այդ քայլն ամենեւին էլ ինքնասպանության փորձ չի որակում, ասում է՝ իրականում կյանքին վերջ տալու նպատակով կամրջի վտանգավոր հատվածում հայտնվածին ընդամենը մեկ վայրկյանը բավարար կլիներ՝ դա անելու համար: Սա պարզապես բողոքի ձայնը լսելի դարձնելու իր տարբերակն է:

Նա մոտ մեկ ամիս առաջ էր կրկին նման փորձ արել, դարձյալ՝ նույն կամրջի վրա. անցել էր մյուս կողմը, կառչել բազրիքից ու պահանջել, որ իրեն մոտենա Կառավարության որեւէ ներկայացուցիչ:

Այն ժամանակ մասամբ ուզածին հասնելով՝ երիտասարդը համաձայնել էր բազրիքից այս կողմ անցնել: Երեկ էլ տղայի հետ բավական երկար ժամանակ բանակցում էին ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հոգեբան Միհրդատ Մադաթյանի աջակցությամբ ի վերջո հաջողվեց Ռազմիկին համոզել, որ հետ գա: Ոստիկանական մեքենայով նրան տեղափոխեցին կենտրոնական բաժին: Երկու ժամից ավելի այստեղ հարցաքննվելուց, հոգեբանական զրույցներից հետո Ռազմիկը կրկին ազատության մեջ էր:

Դուրս գալուց հետո նա համաձայնեց զրուցել մեզ հետ, պատմել իր պատմությունն ու պարբերաբար կամրջի վրա հայտնվելու պատճառների մասին խոսել:

Ռազմիկը մանկատան սան է: Արդեն մի քանի ամիս է՝ անօթեւան է: Ասում է՝ պետության աջակցությամբ Քանաքեռի նախկին հանրակացարանում ձեռք բերած բնակարանը հրդեհվել է, պատկան մարմիններին այդպես էլ չի հաջողվել պարզել պատճառը: Իսկ առանց նորոգման այնտեղ այլեւս ապրել հնարավոր չէ, ու հաճախ գիշերները դրսում է լուսացնում:

Մանկատնից հեռանալուց հետո երիտասարդ տղան իրեն անպաշտպան է զգում: Խնդրում է՝ պետությունն օգնի, որ գոնե աշխատանք գտնի, քանի որ իր բախտն այդ հարցում կարծես թե այնքան էլ չի բերում՝ չնայած բազմաթիվ տեղերում հասցրել է աշխատել: Ինչպես ինքն է թվարկում, բանվորի աշխատանք է կատարել, շինարարություն արել, մատուցող է եղել պիցերիաներում ու սրճարաններում, բայց դրանցից ոչ մեկը մշտական աշխատանք չի դարձել, որովհետեւ մեկը սեզոնային էր, մյուսը փակվեց կորոնավիրուսի հետեւանքով, հաջորդում ղեկավարությունը փոխվեց՝ իր հետ բերելով աշխատողների նոր կազմ:

24-ամյա երիտասարդը նաեւ Արցախյան վերջին պատերազմին է մասնակցել: Վերադարձել է Երեւան, գրեթե մեկ ամիս ապրել պետության հատկացրած կացարանում, սակայն մի օր էլ գործից վերադարձել ու հայտնաբերել է հանրակացարանի իր սենյակն այրված: Սենյակը, որտեղ ապրել է Ռազմիկը մինչեւ անօթեւան դառնալը, դարձյալ բողոքի ճանապարհով ու համառ պայքարի միջոցով էր ստացել: Հրդեհվելուց հետո մեկ ամիս բնակարան է վարձակալել, սակայն դրան էլ հաջորդել է աշխատանք կորցնելը: Չկարողանալով տան վարձավճարը տալ՝ Ռազմիկը ստիպված լքել է այն:

Դրանից հետո ամեն ինչ ավելի է բարդացել, մի քանի օր մանկատան ընկերներից մեկի տանն է ապրել, ապա՝ մյուսի, սակայն, ինչպես ինքն է ասում, դա էլ հավերժ տեւել հո չի կարող, նրանց շատ նեղություն պատճառել չի ցանկանում: Ընկերների տանը մնալու ընթացքում մի քանի տեղ կրկին փորձել է աշխատանք գտնել, այդ թվում՝ մատուցողի, սակայն չի հաջողվել. «Մի քանի տեղ գնացի, հագուկապիս նայելով՝ չընդունեցին, ասացին՝ չեմ համապատասխանում»:

Ռազմիկը գիտակցում է, որ եթե կամրջից նետվելու սպառնալիքի ազդեցությամբ իր սոցիալական խնդիրները լուծվեն, դա կնշանակի, որ բազմաթիվ մարդիկ ուղեւորվելու են դեպի կամուրջ՝ իրենց մանրումեծ հարցերն այդպես լուծելու:

Ռազմիկն ընդգծում է՝ ինքը չի խնդրում, որ իր բնակարանը վերանորոգեն, չի սպասում որեւէ նյութական աջակցության: Ընդամենը ուզում է աշխատանք, որից չի խուսափում եւ որը գտնել չի կարողանում: Ասում է՝ պարբերաբար, երբ սպառնացել է նետվել կամրջից, տարբեր խոստումներ է ստացել, որոնք, սակայն, անմիջապես էլ մոռացվել են: Երիտասարդն ուշադրություն է հրավիրում մարդու հոգեբանական այն վիճակի վրա, որ երբ նրան խոստանում են որեւէ բան ու չեն անում, ավելի է ձգտում դրան:

«Եթե ստացվի, որ ինձ այսօր էլ խաբեցին, էլի եմ այդ քայլին գնալու: Երբ կամրջի այն կողմում էի, մի հոգեբան մոտեցավ, խոսեց, ասաց, որ կլուծեն աշխատանքիս հարցը: Համաձայնվեցի, կամրջի «ռեշոտկից» անցա էն կողմ, ձեռք սեղմեցինք, ասաց, որ վիզիտկա կտա, բայց մինչեւ ինձ նստեցրին շտապօգնության մեքենան, ճնշումս չափեցին, նայեցի, էդ մարդը էլ չկար: Երկու շաբաթ առաջ, երբ էլի կամուրջ էի գնացել ու անցել մյուս կողմը, չեմ հիշում՝ պատգամավորներից ով էր, մոտեցավ, խոստացավ, որ բոլոր հարցերը կլուծեն: Միասին եկանք կառավարական 3-րդ շենք: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ասաց, որ այրված բնակարանն իրենք կվերանորոգեն: Դրանք զուտ խոսքեր էին: Բայց ես իրենց չէի ասում՝ փող տվեք կամ դուք սարքեք: Չէ՛: Աշխատանք տրամադրեն՝ կամաց-կամաց ես կաշխատեմ, կանեմ, իմ ձեռքից նման գործեր էլ գալիս են, ես կարող եմ: Էն սենյակն էլ, որ ԲԳՎ-ի (բնակարանի գնման վկայագրի) միջոցով տվել էին, բացառության կարգով էին տվել, ինձ չէին տալիս, դրա համար էի բողոքում»:

Ռազմիկը պարզաբանում է, որ ԲԳՎ իրեն չէր հասնում, քանի որ 18 տարին մանկատանը չի լրացել. «18 տարեկանդ պիտի մանկատանը լրացած լինի, բայց իմն այդպես չէր, քանի որ 15-ում Գավառի մանկատնից տեղափոխվել եմ Երեւան՝ գիշերօթիկ դպրոց: Էնպես չէ՝ ես գնացել, իմ ծնողների հետ եմ ապրել: Սպորտիս համար ինձ տեղափոխել էին այստեղ: Ֆուտբոլով ու քիգբոքսինգով եմ զբաղվել: Բայց ֆուտբոլը թողեցի, որովհետեւ կռիվ էի արել ու դրա պատճառով մի տարի անչափահասների գաղութում անցկացրի: Կարծում եմ՝ ամեն մարդու հետ էլ կարող է նման մի դժբախտություն լինել: Դժբախտություն եմ համարում, որ այդ մեկ տարին ես անազատության մեջ եղա: Եթե այդ մեկ տարին գաղութում չլինեի, գուցե կյանքումս շատ բան այլ կերպ լիներ: Դրանից հետո թողեցի սպորտը... Ու մի բան էլ եմ ուզում ասել, տեսեք՝ հիմա ես շատ նեղ դրության մեջ եմ, բայց երբեք մտքովս չի անցել դիմել ամենահեշտ քայլին՝ գողություն անել, որովհետեւ ավելի լավ է՝ ազատության մեջ լինես, թեկուզ՝ շատ բաներից զուրկ»:

Ռազմիկը գիտի՝ ովքեր են ծնողները, բայց նրանցից վիրավորված է եւ շփումներ ու մտերմություն չի փնտրում: Ասում է՝ ծնողները բաժանվել են, ինքը հայտնվել է մանկատանը: Հիմա նրանցից ամեն մեկն իր ընտանիքն է կազմել.

«3 տարեկան եմ եղել, երբ ինձ Գավառի մանկատուն են տարել: Ծնողներիս մասին տեղեկություն ունեմ, գիտեմ՝ իրենք ովքեր են, որտեղ են հիմա, բայց չեմ շփվում: Հիմա արդեն 24 տարեկան եմ, ճիշտ է՝ էլի բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցնում, բայց իրենք ինձ փոքր ժամանակ էին պետք: Մորական կողմս Երեւանում է ապրում, հայրականը՝ Արտաշատում: Չեմ ուզում իրենց հետ որեւէ կապ ունենալ, ոչ էլ՝ իրենց բարեկամների»:

Իսկ մանկատանն անցկացրած տարիները Ռազմիկը ջերմությամբ է հիշում:

«Տնօրենն ամեն երեխու յուրովի է նայել: Հիմա այդ տնօրենը տարիքի պատճառով դուրս է գալու, դե մենք էլ շրջանավարտներով անհանգստացած ենք, թե ով պիտի մեր տնօրենի փոխարեն գա, որ իրա նման լավ նայի երեխեքին: Շատ լավ մարդ է, իր երեխեքի նման նայում էր մեզ: Ինքը մեզ հայր էր, իսկ դայակները՝ մայր»:

Ռազմիկը նկատում է, որ մանկատնից դուրս եկած, բանակ զորակոչված երիտասարդի կյանքում դրանից հետո անորոշության մի փուլ է սկսվում, երբ պետությունը նրա նկատմամբ որեւէ պարտավորություն այլեւս չունի, իսկ մարդը պատրաստ չէ նոր իրավիճակին ու մարտահրավերներին:

«Մանկատան տղայի 18 տարին լրանում է, գնում է բանակ: Բայց զորացրվելուց հետո նա այս աշխարհում մենակ է լինում: Պետությունը 18 տարեկանից հետո տղայից ձեռք է քաշում, իսկ աղջիկներին ուղարկում են Էջմիածին՝ «Մեր տուն» կազմակերպություն, նրանք այնտեղ սովորում են ու հիմնականը, երեւի մի 90 տոկոսը, այնտեղից էլ՝ ամուսնանում: Տղաների դեպքում այդ խնդիրներն ավելի բարդ են: Նայեք, եթե ծնող լինի գլխիդ, թեւ ու թիկունք է: Ծնողդ խորհուրդ կտա, թե ինչ անես: Հարազատի կարիք ես զգում»:

Ռազմիկը հիմա միայն ընկերներ ունի, որոնք մանկատան շրջանավարտներն են: «Իրենք են ինձ շատ հարցերում օգնում: Բայց նրանք էլ մեծ հնարավորություններ չունեն»,- փաստում է:

Մեր զրույցից հետո մենք բաժանվեցինք, ու Ռազմիկը գնաց դեպի անհայտություն՝ առանց բջջային հեռախոսի, առանց ոչնչի՝ միայնակ ամբողջ աշխարհում՝ իր չլուծված խնդիրներով ու բազմաթիվ անպատասխան հարցերով:

Տպել
3772 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին