Մգացրած ապակիներով մարդկանց հետ սարսափելի դժվար է. 86-ամյա տաքսու վարորդը Կասկադի կոլորիտային կերպարներից է

Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում՝ Կասկադում, գրեթե ամեն օր կարելի է տեսնել սպիտակ եւ չափազանց կոկիկ հագնված պատկառելի մի տղամարդու: Դասական հագուստով, փողկապով, գլխարկով (շլյապա) ու ալեհեր սրածայր բեղերով պապիկն առաջին հայացքից արվեստագետի տպավորություն է թողնում: Տարբերվող ու կոլորիտային պապիկի՝ ով լինելու մասին մտքերը կարող են երկար շարունակվել, եթե նրա զբաղվածությունը չմատնի մի քանի քայլ այն կողմ կայանած տաքսու նշանով սպիտակ մեքենան:

86-ամյա Յուրա Դանիելյանին Կասկադի տարածքում եւ ոչ միայն արդեն շատերն են հասցրել ճանաչել: Ամեն օր առավոտյան 8:30-ից նա այդտեղ է, Թամանյանի արձանի հարեւանությամբ սպասում է պատվերների:

Մեզ տեսնելիս ժպտում է, սիրով համաձայնում խոսել ու հրավիրում իր 16 տարվա ընկերոջ (մեքենայի) մոտ:

«Արի, մեքենայում հով է, ժամանակ էլ դեռ շատ ունենք, մինչեւ 6-ն այստեղ եմ»,- ասում է նա: Հարցին՝ տեսողությո՞ւնն է պատճառը, որ երեկոյան ժամերին չի վարում, Յուրի պապիկն ասում է. «6-ից հետո մեր քաղաքում աշխատելը ծանր է: Մգացրած ապակիներով մարդկանց հետ սարսափելի դժվար է: Պիկ ժամերին ես արդեն տուն եմ գնում: Օր է լինում (վառելիքի փողը հանած)՝ 2000 դրամ է մնում, օր էլ կա՝ անգամ վառելիքի փողը դուրս չի գալիս: Չե՜ն նստում, հեռախոսով կանչում են էդ «Յանդեքս»-ը, «ՋիՋի»-ն ու գնում: Բայց ասեմ՝ ես իմ մի քանի հիմնական ուղեւորներն ունեմ»:

Մի քանի րոպե հետո մոտենում է մի կին (պապիկին ծանոթ ուղեւորներից), որի պատվերով ընդմիջում ենք մեր զրույցը:

86-ամյա պապիկն իր ողջ կյանքում վարորդ է աշխատել: Մի քանի տարի քաղաքային ավտոբուս է վարել, եղել նաեւ բեռնատարի վարորդ, ապա՝ տաքսու: «Մի մասնավոր ընկերությունում էի, հետո տնօրենի գործերը վատացան, մնացի անգործ: Ունեցածս այս մեքենան էր ու կյանքս ընթացքում կուտակած վարորդական փորձառությունս: Դիմում էի տաքսի վարելու համար, հրավիրում էին, բայց հենց լսում էին տարիքս, մերժում էին: Որոշեցի իմ մեքենայով աշխատել»,- պատմում է նա:

Յուրի պապիկը պատմում է, որ քաղաքում մի քանի տարբեր տեղեր կայանելու անհաջող փորձից հետո հանգրվանն առայժմ Կասկադի տարածքում է: «Սկզբում ուր գնում էի, գալիս ու ասում էին՝ հոպար, էս մեր տեղն է: Ամենքի հետ հո չէի կարող վեճի բռնվել: Կասկադում մի փոքր այլ կերպ ստացվեց: Ինձնից բացի, այստեղ մի հոգի էլ կար: Զգում էի՝ իր սրտով էլ չէր իմ հայտնվելը: Որոշել էի, որ հենց ուղեւոր գա, կթողնեմ, որ առաջինն ինքը սպասարկի, հետո, երբ ինքը գնա, հաջորդ ուղեւորին ես կտանեմ: Մի երկու ամիս էդ ձեւով աշխատեցի: Մի օր էլ տեսա՝ ղեկի մոտ նստած է, բայց մի տեսակ դեպի առաջ կքած, տպավորություն էր, որ լավ չի զգում: Մոտեցա, տեսնեմ՝ իրոք լավ չէ: Կանչում եմ Իգնա՜տ, Իգնա՜տ, ջուր, բան բերեցի, դզվեց: Էդ օրվանից հետո մտերմացանք, հետո, որ ուղեւոր էր գալիս, ես իրեն էի ասում՝ տար, ինքը՝ ինձ»,- հիշում է մեր զրուցակիցը:

Յուրի Դանիելյանը 10 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Երեւան: Վայոց ձորի Կեչուտ գյուղից է: «Մենք առանձնապես հնարավորությունների տեր չենք եղել: Սկզբից ունեինք 1 սենյականոց տուն: Մեծացա ու երբ արդեն պիտի ամուսնանայի, կողքից 2-ն էլ ես սարքեցի: Ինչպես հայտնի պատմության մեջ է ասում, տուն շինեցի, երեք զավակ ունեցա...»,- ժպիտով պատմում է Յուրի պապիկը:

Կրտսեր որդին ու դուստրը Մոսկվայում են ապրում, Յուրի Դանիելյանն այստեղ ավագ որդու եւ նրա ընտանիքի հետ է: Ասում է՝ շատ գոհ է, իրեն շատ լավ են նայում: «Հարսիցս էլ անչափ գոհ եմ: Էս սպիտակ վերնաշապիկս տեսնում ես, չէ՞, հիմա երեկոյան տուն կգնամ, կհանեմ, առավոտյան սրա փոխարեն մեկ ուրիշը մաքուր, լվացած, արդուկած կախված կլինի»,- ասում է նա: Անչափ սիրելի 5 թոռներից բացի, նա արդեն նաեւ 1 ծոռ ունի: Ասում է՝ երեխաներն իր ամենամեծ թուլությունն են:

Կասկադի մոտակա մանկապարտեզի փոքրիկներին Յուրի Դանիելյանը հայտնի է որպես կոնֆետ բաժանող պապիկ. «Գալիս-հասնում են մեքենայի մոտ ու ձայն տալիս՝ բարե՜ւ, պապի, մենք եկանք: Բացառված է, որ իրենք գան, ու կոնֆետ չտամ: Ես դրանից անբացատրելի լավ եմ զգում: Էսպիսի մի ասացվածք կա՝ փողոցն անցիր էնտեղով, որտեղից դու բավականություն ես ստանում»:

Յուրի Դանիլեյանի կինը՝ Իդան, արդեն 13 տարի է՝ կողքին չէ, ասում է՝ իրենք էլ չհասկացան, թե դեպքն ինչպես եղավ: «Ճնշման խնդիր ուներ, ոտքերը դնում էինք տաք ջրի մեջ՝ կարգավորում էր: Մի օր էլ գիշերը լավ չէր զգում, երեխեքը քնած էին, որոշեցի չարթնացնել: Տաշտով տաք ջուր տարա, ոտքերը դրեցի մեջը, ես էլ կողքը նստեցի: Շատ հանկարծակի եղավ, չիմացա՝ ինչպես հանգավ»,- պատմում է 86-ամյա պապիկը, ապա տարիքի համեմատ զարմանալի թարմ ու ձիգ ձեռքերով սկսում քրքրել մեքենայի դարակը: Հանելով փոքրիկ կաշվե բլոկնոտը՝ սկսեց կարդալ դրա միջից՝ Իդա, ինչու է անունդ... Իդա: «Ես էլ ունեմ առանձին գրվածքներ, բայց այս մեկը կարծեմ Շիրազինն է»:

Մի քանի բանաստեղծություն ընթերցելուց հետո մտախոհ դեմքով ասում է. «Մենք ինչքա՜ն հանճարներ ունենք: Ողջ աշխարհին ծառայություն ենք մատուցել, գյուտեր արել, բայց այսօր մենք դատարկության մեջ ենք նստած: Խորհրդային իշխանության ժամանակ Հայաստանը երկրորդն էր՝ լավ առումով: Մեր ազգը ուսման ծարավ է, պետությունը վերափոխելու, առողջացնելու համար, մենք պետք է կրթվենք»:

Հարցին՝ գո՞հ է մարդկանց վերաբերմունքից, պատասխանում է. «Մեր ժողովուրդը վատը չէ: Վատ մարդ չի ծնվում: Լույս աշխարհ եկողը ճիշտ դաստիարակվելու դեպքում դառնում է կատարյալ մարդ: Մարդիկ լավն են, ուղղակի որոշներին ժամանակն է փոխել, սոցիալական վիճակն է փոխել, այս պատերազմը: Ժողովուրդը ծանր վիճակում է, բայց մենք կվերկառուցվենք»:

Ասում է՝ չէր կամենա, որ այս տարիքում նման ցավ ապրեր: Ականատեսը լիներ նրա, ինչին մեր պապերն են եղել. «Ազգիս սերուցքը կորսվեց: Առանց այն էլ մենք եղեռն ապրած ազգ ենք: Դպրոցական էի, լսում էինք, որ ողջ աշխարհում 10 միլիոն հայ կա, առ այսօր նույն թիվն է: Մենք չենք աճում, չենք զորանում, ինչ-որ տեղ գուցե մեր սխալն է: Շրջապատած ենք մի ազգությամբ, ավելի շուտ՝ ցեղախմբով, որոնք, դարերով ավերելով, եկել-հասել են այստեղ: Գուցե մեր տարածքները փոքր են, բայց շատ քաղցր են այդ արյունարբուների համար: Մեզ շրջապատող ազգերը մեր լավը չեն ցանկանում, ոչ մի պետություն էլ Հայաստանի հզորանալը չի ուզում: Բայց դրա առաջին մեղավորը մենք ենք»:

Սակայն վստահ է՝ նորից հայ ազգը կհամախմբվի ու կհաղթահարի դժվարությունները. «Մեր ժողովուրդը կարողանում է ապաքինվել: Դրա համար մե՜ծ աշխատանք է պետք կատարել: Պետականորեն, անհատապես, բայց առաջին հերթին մեր երեւելի այրերը պիտի քայլեր ձեռնարկեն, այն մարդիկ, որոնք այսօր երկրի ղեկին են»:

Անդրադառնալով ներկա իրավիճակին, սպասվող արտահերթ ընտրություններին՝ 86-ամյա պապիկն ասում է. «Այս իշխանությանը մենք ենք մեր գլխին բերել, ուրիշին մեղադրելու իրավունք չունենք: Հներն էլ, որ նորից ուզում են գալ, ահավոր են, դրանք չպիտի գան: Լուսնի վրա էլ նոր հայ չունենք, որ իջեցնենք: Էլի էդ եղածների միջից պիտի ջոկենք, բայց թե ում, ոնց, բարդ է շատ»: Նա խիստ կասկածում է, թե ժողովուրդը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Ասում է․ «5000 դրամով ձայն են վաճառել, դրա համար էլ հասել ենք էս օրին: Էլի կանեն, վստահ եմ: Եթե 5 տարով մենք մարդ ենք ընտրում ու 5 հազարի դիմաց մեր ձայնը վաճառում, ես էլ ի՞նչ ասեմ: Մարդ թեկուզ հացի կարոտ լինի, չպիտի վերցնի: Հիշում եմ՝ մեր տան դռան վրա թոռս գրել էր՝ «Մեր ընտրությունը մենք ենք կատարելու, մեզ ոչ ոք չի կարող կարգադրել»: Դա Սերժի ժամանակ էր, էդ ժամանակ ահավոր ընտրակեղծիքներ էին անում, փողեր էին բաժանում»:

Տպել
5939 դիտում

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել