Չեմ սպասել 80-ին, 81-ին, այն ինքն է իմ դուռը ծեծել ու ասել՝ խելք հավաքիր, մի 20, 30 տարի էլ ապրես՝ լավ կանես. Մաթեւոսյան

Ժողովրդական եւ աշուղական, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն անզուգական կատարող Ռուբեն Մաթեւոսյանը երեկ տոնում էր ծննդյան 81-ամյակը, թեեւ ժողովրդական արտիստը բազմիցս է ասել, որ իր ծննդյան ստույգ օրը դեկտեմբերի 12-ն է: Պարզապես անձնագրում հունվարի 12 են գրել, եւ արդեն 8 տասնամյակ է նրան շնորհավորում եւ բարեմաղթանքներ են հղում հենց հունվարի 12-ին:

ՀՀ ժողովրդական արտիստի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Մաթեւոսյան, երեկ դարձաք 81 տարեկան: Շնորհավորում ենք Ձեզ: Ինչո՞վ տարբերվեց Ձեր այս տարեդարձը մյուս տարեդարձներից, ինչպե՞ս տոնեցիք:

- Զարմանալի է, ես երբեք ինձ 80 տարեկան չեմ պատկերացնում, երեւի մի պարզ բանի համար, որովհետեւ «Ռուբեն Մաթեւոսյան» հասկացությունը, այդ անուն-ազգանունն ինձ համար եւ ընդհանրապես հանդիսատեսի համար, որն ինձ ճանաչում եւ սիրում է, 60 տարեկան է: 60 տարի է՝ ես երգում եմ եւ համարում եմ, որ իբրեւ Ռուբեն Մաթեւոսյան եւս 60 տարեկան եմ. այդ գաղափարն ինձ շատ ավյունով է պահում: Չեմ ընդունում, որ ես 81 տարեկան եմ, պարզապես մտածում եմ, որ տարիներ են, գումարվում, ինչ-որ մի տարի են քեզ նվիրում: Չեմ սպասել 80-ին, 81-ին, այն ինքն է իմ դուռը ծեծել ու ասել, որ արդեն այդ տարիքի ես, խելք հավաքիր եւ եթե մի 20-30 տարի էլ ապրես, լա՛վ կանես: Ասել է՝ ունես թոռներ, որոնց գալիք ապագան պիտի տեսնես, իսկ գալիքը մեկ-երկու տարի չէ, շատ պիտի ապրես: Կուզենամ, որ մի քիչ էլ ապրեմ, այնպես ապրեմ, ինչպես մինչ օրս եմ ապրել: Չեմ ուզում ավելին ոչինչ, ոչ էլ՝ պակաս:

- 60 տարի առաջ, երբ նոր-նոր Ձեր քայլերը կատարում էիք դեպի երգարվեստ, դեպի բեմ, հավատո՞ւմ էիք Ձեր հաջողություններին եւ որ դառնալու եք այսքան ճանաչված եւ սիրելի արտիստ:

- Եթե մինչեւ հիմա ապրել եմ երգի համար, շարունակությունը դարձյալ երգին նվիրված պիտի լինի՝ հայ երգին: Գուցե ի վերուստ է այդ հրամանը, չգիտեմ, բայց ներքին այդպիսի զգացողություն ունեմ: Այսքան տարիներ բեմում մնալով՝ ես ոչ թե պարտադրել եմ իմ երգը, այլ հանդիսատեսը, լսելով այն, հասկացավ, որ ինչ-որ մի տեղ ես ազնիվ եմ, երբեք չեմ դավաճանել հայ երգը: Իմ արվեստում կուզեմ ոչ թե ես հարատեւեմ, այլ հայ երգը: Անչափ ուրախ եմ, որ հիմնապաշարում հարյուրավոր երգերի ձայնագրություններ եմ թողել: Կարծում եմ՝ զարմանալի չի հնչի՝ ես հիմա էլ եմ ձայնագրվում:

- 81-ամյա Ձեր բարձրությունից, երբ հայացք եք ձգում անցած ճանապարհին, որո՞նք եք համարում այն արժեքավոր ձեռքբերումները, որոնց ցանկացել եք հասած լինել Ձեր հենց այս տարիքում:

- Ես երջանիկ մարդ եմ, Աստված ինձ երբեք չի լքում: Ապրում եմ հավատով՝ հավատում եմ ինձ, իմ ընտանիքին, իմ հայրենիքին: Սիրում-պաշտում եմ իմ աշխատանքը: Հրաշալի է, երբ երգի կողքին կա նաեւ մի այլ գիտակցություն, անհրաժեշտություն. Մարտին Վարդազարյանի հետ մենք վարում ենք «15 րոպեն քիչ է» հաղորդումը, իսկ դա պարտադրանք է մեր հոգուն ու գիտակցությանը, քանզի մենք ծանոթացնում ենք հայ մշակույթի գործիչներին, լավագույններին: Ես Աստծուն խնդրել եմ, որ մի փոքր ավելի շատ կյանք տա, որովհետեւ ասելու շատ բան ունեմ. գիտակցությունս տեղն է, մտածողությունս՝ առավել եւս: 80-ն ի՞նչ է, թիվ է ընդամենը. մարդ միշտ պիտի մտածի այդպես եւ հիշի, որ կա նաեւ 90, 100...: 60 տարիների աշխատանքն ինձ գոհունակություն է պատճառել ոչ թե զուտ երգելու համար, այլ նրա, որ ես երգել եմ երգեր, որոնք երբեւէ մեր հասարակությունը չէր լսել, այսինքն՝ առաջին կատարողն եմ եղել: Շատ ուրախ եմ, որ Հանրային ռադիոն պիտի նշի իմ 81-ամյակը: Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեծ համերգ են կազմակերպում, կնոջս ծննդյան օրն էլ հենց այդ օրն է. ասել եմ, որ այդ երեկոն նաեւ իրեն եմ նվիրում: 

- Մաեստրո, մենք գիտենք, որ արտիստների կյանքն անցնում է խիստ զբաղվածության պայմաններում. շրջագայություններ, հյուրախաղեր: Անընդհատ ընտանիքից հեռու գտնվելով՝ ինչպե՞ս եք հասցրել նաեւ լինել ամուսին, հայր, պապիկ, արդյոք դա չի՞ հարուցել Ձեր սիրելիների դժգոհությունները:

- Բոլորովին չի հարուցել: Շատ երկար տարիներ տղաս ինձ հետ է աշխատել, միասին շրջագայությունների ենք մասնակցել, երբեմն նաեւ դստերս եմ հետս տարել, քանի որ մենակ չեմ սիրում մնալ: Այդ ծախսերն ու ամեն ինչ ինքս եմ հոգացել: Պատահել է, որ ինձ ընկերակցել է կինս: Իսկ երբ մեկնել եմ հեռու երկրներ, գրեթե ամեն օր այնպես եմ արել, որ գոնե հեռախոսով իրար ձայն լսենք, որպեսզի նրանք ոչ թե մտածեն, որ ես պարզապես կամ, այլ անընդհատ մտածում եմ իրենց մասին: Փորձել եմ թոռնիկներիս համար լինել լավ պապիկ, զավակներիս համար՝ նվիրյալ ծնող, կնոջս համար՝ միշտ հաճելի ամուսին: Կուզեմ, որ միշտ այդպես լինի: Մեր ընտանիքում չկա իմ ու քո, կա «մեր» հասկացությունը, որը շատ ճիշտ է մշակված: Որդիս ունի 3 զավակ, դուստրս՝ 2, ես տարբերություն չեմ դնում. 5-ն էլ իմ թոռներն են:

- Այսպիսի մի տարածված կարծրատիպ կա, որ բեմից, էկրաններից երեւացող մարդիկ ապրում են ապահովված եւ բարվոք կյանքով, այնինչ հաճախ հենց արտիստներն են դժգոհում, որ քիչ են վարձատրվում: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են ձեւավորվում այս կարծրատիպերը: Արդյոք եթերից մշտապես խնամված երեւա՞լն է պատճառը:

- Իմ սոցիալական դրությունը ես երբեք խնդիր չեմ դարձրել, փորձել եմ ինքս լուծել, շատ դեպքերում հաջողվել է, շատ դեպքերում՝ ոչ: Սակայն շատ ուրախ եմ հիմա, որ հանգիստ եմ, ունեմ իմ անկյունը, իմ աշխատանքը, որն ինձ թույլ չի տա իմ աստիճանից իջնել իբրեւ մարդ: Երբեմն սոցիալական այնքան ծանր դրություն կարող է առաջանալ, որը մարդուն դրդի կատարել գործողություններ կամ այնպիսի կյանք վարել, որը հարիր չէ ո՛չ նրան, ո՛չ նրա պատվին: Ուրախ եմ, որ կյանքումս վայրիվերումներ շատ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է բեմում կոկիկ, խնամված երեւալուն, ապա դա պարտավոր է ցանկացած արտիստ: Երբ բեմ ես բարձրանում, պիտի ամեն ինչ տեղը լինի՝ սանրվածքը, դիմագծերը, հագուստը: Բեմը չի սիրում փնթիություն: Ես երկար տարիներ սովորական կոստյում եմ հագել, բայց, իհարկե, բեմական: Այդ կոստյումն առօրյա կյանքում երբեք չեմ հագել: Շատ հաճախ է լինում, որ մարդն այդ մեկ կոստյումն է ունենում, սակայն այնքան խնամքով է պահում, որ դա հիասքանչ է երեւում: Մաքրասիրությունը սոցիալապես ապահովության հետ այնքան էլ կապ չունի. դա մարդու էությունն է: Եթե մարդը փնթի է հագնված, նրա երգն էլ փնթի կլինի, եթե կոկիկ է, բնականաբար, մտածում է յուրաքանչյուր ֆրազան ճիշտ երգելու մասին:

- Ժամանակին ժողովրդական երգ լսողները համարվում էին առաջադեմ մարդիկ: Ինչ եք կարծում՝ այժմ երիտասարդները սիրո՞ւմ են ժողովրդական, աշուղական երգեր, թե՞ ժամանակները փոխվել են եւ փոխվել են նաեւ նախասիրությունները:

- Կարծում եմ՝ սիրում են, ես դա նկատում եմ, զգում եմ ու գոհունակության գնահատանքի եմ արժանացնում: Հատկապես ուրախանում եմ, երբ երիտասարդների շրջանում եմ նկատում սեր դեպի ժողովրդական երգը, իսկ դա նշանակում է, որ նրանց մեջ ապրում է իսկական հայը: Ուրախ եմ, որ մեր ժողովրդական, գուսանական երգերն ապրում են մինչեւ օրս, դրանք ժողովրդի շուրթերին են: Այսօր, երբ հեռուստատեսությամբ այդ երգերն եմ լսում (կապ չունի, թե կատարողն ով է, կամ դա լավ է, վատ է, սարսափելի է, հրաշք է, ոչինչ չեմ գնահատի, պարզապես երեւույթի մասին կասեմ), այն հրաշալի է: Եթե այդ մարդիկ երգում են, ուրեմն այդ երգով տարված են, սիրում են: Հայ երգը մեր նկարագիրն է, մարդն առաջին հերթին պիտի գնահատի ազգայինը, այդ ազգայինի միջոցով էլ առնչվի համաշխարհայինին:

- Համաձա՞յն եք, որ հայկական ստեղծագործություններում առավել շատ թախիծն է գերակշռում:

- Գուցե տխրություն կա, բայց այն հրաշալի է: Չարենցը, երբ գովերգում է Հայաստանը, ասում է՝ «լացակումած լա՜րն եմ սիրում»: Այո՛, «լացակումած լար» պիտի լինի. այն պատմությունը, որը մենք ենք ապրել՝ հզոր հայրենիքից դարձել մի բուռ, լացակումած չէ՞, բա ի՛նչ է: Ինչպես կարող է մարդն այդքանից հետո չպոռթկա ու չասի՝ ես կամ: «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան». կուզեմ, որ ձախորդ օրերը գնան չմնան: Ես հիմա խուսափում եմ այդ երգը երգելուց, որովհետեւ կարծես թե հիշեցնում եմ, որ ձախորդ օրեր են: Ձախորդ օրերը կգնան, չգնան էլ՝ զոռով կքշենք:

- Մաեստրո, երբեւէ մտածել եք՝ արդյոք ինչպե՞ս կդասավորվեր Ձեր կյանքը, եթե դրանում չլիներ արվեստը:

- Ես ուրախ եմ, որ երգիչ եմ, որովհետեւ այլ կերպ իմ զգացողությունները երբեք չէի կարողանա արտահայտել, նվիրել իմ արվեստը սիրողներին: Եթե արվեստով չզբաղվեի, շատ կուզենայի գնացք վարել, որովհետեւ այդ անցնող ճանապարհը նախ առաջինը ես կտեսնեի, հետո կլիներ պարտավորություն, որ իմ հետեւից քարշ եմ տալիս վագոններ, որտեղ հարյուրավոր մարդիկ են նստած, եւ նրանց ես պիտի տեղ հասցնեմ: Ընտանիք կազմելիս ինձ կատակով ասում էին՝ լավ է, որ կինդ հոգեբույժ է՝ դու երգով կբուժես, նա էլ՝ բժշկությամբ:

Տպել
5089 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)