Կարծո՞ւմ եք՝ երկու մշակույթի գործիչ ասի, Ալիևն էլ՝ ասելու է՝ ձեզ էի սպասում, միջանցքը բացելու եմ իմ սրտի պես․ Միլիտոնյան

Մշակույթը կարող է զենք դառնալ, երբ կրակող զենքերից արձակվող փամփուշտներն այլեւս ի վիճակի չլինեն հասնել թիրախին։ Մշակույթը միաժամանակ կարող է վահան ու սաղավարտ դառնալ՝ պաշտպանելով թիրախները դեպի իրենց ուղղված փամփուշտներից։ Մշակութային գործիչների ասելիքն ու գործողությունները նույնպես կարող են ավելի նշանակալից ու ազդեցիկ լինել համամարդկային խնդիրներ առաջ քաշելիս եւ լուծել փորձելիս, քան դրանք առաջ քաշվեն քաղաքական գործիչների կամ դիվանագետների լեզվով ու գործողություններով։

44-օրյա պատերազմի օրերին Իսրայելի հայտնի մտավորականները կոչ էին արել իրենց կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։ Հայտարարությունը ստորագրել էին մի շարք պրոֆեսորներ, մասնավորապես՝ Բենիամին Կեդարը, Մայքլ Սթոունը, Ռեուվեն Ամիտաինը եւ այլք։  

2021 թ․ մարտին էլ Լատվիայի Հանրապետության մի շարք արվեստագետներ, մտավորականներ ու մշակութային գործիչներ, «հավատալով մարդկային արժեքների կարեւորությանը եւ միանալով մեր լիտվացի գործընկերներին», կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների եւ գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաեւ Ղարաբաղյան վերջին պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ սպանված եւ զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: 

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալ այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հաղթահարմանը»,- շեշտել էին գործիչները։

Սուրբ Ծննդյան տոների նախօրեին էլ ավելի քան 200 ֆրանսիացի մտավորական, գրողներ եւ արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել էին համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության ուղղությամբ։

Հոդվածի հեղինակների շարքում էին հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը եւ Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ եւ այլք։

Արդեն 40 օրից ավել է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, սակայն հայաստանյան մշակութային էլիտան, մտավորականությունն ընդհանրապես իր բողոքի, կարեկցանքի կամ աջակցության կոլեկտիվ, միասնական խոսքը չի շտապում հղել մի դեպքում միջանցքի փակման հեղինակներին, մյուս դեպքում փակման հետեւանքով տուժածներին ու տառապանք կրողներին։

Մինչդեռ 2019-ին Հայաստանի եւ ՌԴ մշակույթի 60-ից ավելի գործիչներ, որոնց թվում էին երգչուհի Շուշան Պետրոսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը, դերասանուհի, հեռուստահաղորդավար, գրող Սաթի Սպիվակովան, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հանդես էին եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Այս եւ այլ վաստակավոր ու կոչումնավոր անձինք, որոնք մեկ մարդու համար հայտարարություն էին տարածել, «լռության ուխտ» են հայտարարել Լաչինի միջանցքի փակվելուց հետո, ինչի հետեւանքով 120 հազար արցախցու սպառնում է հումանիտար աղետ։ Նման միասնական հայտարարություն նրանք մինչ օրս չեն տարածել։

Թերեւս «կոմերիտուհի, սպորտսմենուհի, գեղեցկուհի» Նազենի Հովհաննիսյանն է «թրենդի» մեջ եւ մեկումեջ հանդես է գալիս թեմային առնչվող ինստագրամյան աղեկտուր «սթորիներով»։  

Լաչինի միջանցքի փակման թեմայով դեկտեմբերի 16-ին մի քանի տողանոց կոչով է հանդես եկել ՀՀ ստեղծագործական միություններից մեկը՝ Հայաստանի գրողների միությունը՝ մասնավորապես հայտարարելով․ «Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները եւ երկրները իրենց ձայնն են բարձրացնում այս անմարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ։ Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները գտնվում են ծանր սոցիալտնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակում։ Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ եւ կարիք ունեն բուժօգնության եւ աջակցության։ Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին եւ ակնկալում նրանց ձայնի ուժգին ալիքը։ Այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին. Աստված հեռու պահի նման «բնապահպաններից»։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ՝ պարզելու՝ աշխարհի մտավորական հանրությունն արձագանքե՞լ է իրենց կոչին։  

«Իսպանացի հայտնի գրող, մեծ հայասեր Գոնսալո Գուարչը, օրինակ, զգուշավոր արձագանք էր հնչեցրել, թե՝ ցավում ենք, միմյանց հետ լեզու գտեք եւ այլն։ Այսինքն՝ այս տիպի հոգեբանությամբ են մարդիկ հարցին մոտենում։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է, չէ՞, միջանցքի փակման մասին, բոլորը տեսնում-լսում են. չէ՞։ Է՜, եթե որեւէ երկրի մտավորականի սիրտը ցավի եւ արձագանքելու մտադրություն ունենա, կարձագանքի։ Ես այսօր որեւէ մեկից մեղադրող ճառեր ակնկալելը մի քիչ ռոմանտիկ եմ համարում, պետք չէ սպասել արտասահմանցի գրողներից նման տեքստեր»,- ասում է ՀԳՄ նախագահը՝ հավելելով՝ եթե ազդեցիկ քաղաքական կենտրոնների խոսքը չի անցնում Ալիեւի մոտ, ապա գրողների, մշակույթի գործիչների խոսքի ազդեցության առումով պետք չէ մեծ հույսեր փայփայել։  

- Գուցե ՀԳՄ-ն եւ մյուս ստեղծագործական միությունները փորձեն հանրային դիվանագիտության շրջանակներում հարցին լուծում տալ․ համատեղ հայտարարությամբ, կոչով դիմեն Ադրբեջանի մտավորականությանը, այսպես ասած՝ մշակութային երկխոսություն սկսեն՝ պահանջելով, որ վերջիններս ազդեն իրենց նախագահի վրա եւ ստիպեն վերջ տալ հակամարդկային գործողությանը՝ միջանցքի փակմանը։ Իրատեսական համարո՞ւմ եք նման նախաձեռնությունը։

- Սա իրատեսական չէ։ Նրանցից մեկը ժամանակին գեղարվեստական մի գործ էր գրել, մեջը մի քիչ հայկական թեմատիկա էր մտցրել՝ խոսելով Նախիջեւանի մասին, հայերին բարի լույսի ներքո էր ներկայացրել։ Այդ մարդուն տարիներով հալածանքների ենթարկեցին, տնային բանտարկության դատապարտեցին։ Հիմա իրենցից, հատկապես Ադրբեջանում ապրող, ստեղծագործող մտավորականներից ակնկալել նման բան, որ կարող են ազդել Ալիեւի վրա, ես չեմ պատկերացնում։

Եթե դուք հավատում եք, ուրեմն խորը հավատ ունեք Ալիեւի մարդկային կերպարի հանդեպ։ Ես եւ այլ գրողներ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում ինչ ասես՝ գրում ենք Ալիեւի մասին, բայց այդ գիրը նման է նրան, որ կանգնես ու շնաձկան դեմ գիրք կարդաս։ Այս մարդը քաղաքական ռնգեղջյուրի պես իրենն է առաջ քշում։ ՄԱԿ-ը պակա՞ս ազդեցիկ մարմին է, ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն եւ մյուս միջազգային կառույցները ինչու պակա՞ս ազդեցիկ կառույցներ են, ՌԴ-ից են դիմում, որ պետք է բացել միջանցքը, լսո՞ւմ է, անո՞ւմ է։ Դուք հույս ունեք, որ այսքանին արհամարհելուց հետո լսելու է իր երկրի մտավորականների՞ն։ Ասենք՝ երկու մշակույթի գործիչ մտերմիկ ոճով ինչ-որ բան են ասելու, ինքն էլ սիրտը բացելու է, ասի՝ վա՜յ, ձեզ էի սպասում եւ այժմ Լաչինի միջանցքը բացելու եմ իմ սրտի պես․․․ Ասում են, գրում են, բայց իր էությունն իմացողը, նրա բռնակալական, դաժան հաշվարկների մասին իմացողները գիտեն, որ իրենց խոսքը չի անցնելու։ Ես ուրախ եմ, սիրելիս, որ դուք այդ հավատն ունեք ձեր մեջ։

- Ես, այո, հավատում եմ մշակութային լեզվի զորությանը։

- Հավատացեք, բայց իմացեք, որ կան մարդ կոչվածի տեսակներ, որոնք ընդհանրապես սիրային, գեղեցիկ բառեր շատ տհաճությամբ են լսում։ Մենք ամիսուկես է՝ այս պրոցեսի մեջ ենք, ես օրերս խոսել եմ նաեւ Ֆրանսիական ռադիոյի հայկական ձայնով եւ ներկայացրել ասելիքս։ Միջանցքի փակումը քաղաքական հաշվարկի հետեւանք է, եւ օգտագործելով աշխարհում տիրող այս քաոսային իրավիճակը՝ Ալիեւը հաշվարկել է, որ իր վրա ո՛չ ռուսը կարող է ազդել, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Եվրոպան։ Նավթ ու գազ ունի, ծախում է, նրանց սիրտն էլ փափկեցնում է։ Էդ գազն ու նավթն ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան մարդկանց ցավերը, հոգսերը, տանջանքները, խաղաղության եւ սթափության կոչերը։ Սա աշխարհի ցավն է ու ողբերգությունը, միայն մեր ցավը չէ, երբ Ալիեւի նմաններին թույլ են տալիս հանգիստ ու ազատ անել այն, ինչն արվում է մասնավորապես Լաչինի միջանցքի դեպքում։ 

Հ․Գ․ Արցախցի գրող Կիմ Գաբրիելյանն ու Արցախի գրողների միության նախագահի որդին միջանցքի փակման հետեւանքով չէին կարողանում վերադառնալ Ստեփանակերտ։ Տեղեկացանք, որ Կ․ Գաբրիելյանն օրերս կարողացել է հասնել Արցախ։ 

Հեղինե Մանուկյան

Տպել
1224 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է