Հայ հանդիսատեսը մտնում է ներկայացման մեջ ու դահլիճում բարձր քննարկում այն, դա էմոցիաների տարափ է. Կարեն Ներսիսյան

Ռեժիսոր Կարեն Ներսիսյանը 2018 թվականի նոյեմբերից զբաղեցնում է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Մինչ այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկն ստանալը Ներսիսյանը երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում:

«Հայկական ժամանակ»-ը Կարեն Ներսիսյանի հետ զրուցել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում թատրոնում ծրագրված եւ իրականացված աշխատանքների, սպասումների, 25 տարի բացակայությունից հետո հայրենիք վերադառնալու եւ այստեղ հաստատվելու մասին:

Պարոն Ներսիսյան, մոտ 5 տարի առաջ, երբ հրավերով եկաք Ռուսական թատրոն, որոշումը շատ հապճեպ էիք կայացրել, սակայն կարծես թե հաջողվել է ադապտանալ եւ մնալ:

- Այս 4,5 տարվա ընթացքում ես անգամ ժամանակ չեմ ունեցել՝ մտածելու՝ արդյոք ճի՞շտ էր գալու որոշումը, թե՞ սխալ: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ. հենց եկա, միանգամից ընկղմվեցի աշխատանքի մեջ: Երբ դու աշխատում ես թատրոնում, ուղղակի չես կարող մտածել որոշակի ժամանակահատվածի համար պլաններ կազմելու եւ հեռանալու մասին, այդպես հնարավոր չէ: Եթե գեղարվեստական ղեկավար ես, աշխատում ես թատրոնում, ամբողջովին պետք է տրվես այդ գործին: Այստեղ ոտք դնելու օրվանից ուղղակի աշխատում եմ առանց մտածելու. թատրոնի ներքին կյանքն այնքան հագեցած է, որ այլ կերպ երեւի հնարավոր էլ չէ: Բացի այն, որ, որպես ռեժիսոր, բեմադրություններ եմ անում, նաեւ հետեւում եմ ու պատասխանատվություն կրում յուրաքանչյուր այն ներկայացման համար, որն այս թատրոնում է բեմադրվում:

Եթե դու գալիս ես թատրոն ու չես սիրահարվում թատրոնին, մարդկանց, որոնց հետ աշխատում ես, ապա անիմաստ է մնալը: Իսկ ես սիրահարված եմ: Պատրաստ եմ հազար անգամ կրկնել, որ երախտապարտ եմ ճակատագրին՝ հայրենիք վերադառնալու նման հնարավորության համար: Անկեղծ կլինեմ՝ նախկինում նման զգացողություններ չեմ ունեցել: Չափահաս դառնալուց հետո մեկնեցի ՌԴ, 20 եւ ավելի տարի գտնվելով տնից (նկատի ունի՝ Հայաստանը -հեղ.) հեռու՝ հարմարվել ու ապրում էի այլ կյանքով: Բայց երբ տեղի ունեցավ վերադարձ տուն, այս թատրոն, որտեղ իմ առաջին քայլերն եմ արել, սկսեցի ամենը սիրել ու գնահատել առավել, քան երբեւէ:

Հիշում եմ, երբ նոր էիք նշանակվել, մեր առաջին հարցազրույցի ժամանակ խոսում էինք թատրոնի տեխնիկական վիճակի մասին, կատակով ասացիք, որ այդ հարցն անգամ քննարկելն է սարսափելի: Այս ժամանակահատվածում ի՞նչ էական փոփոխություններ են եղել տեխնիկական առումով եւ ոչ միայն:

- Ես չեմ կարող ասել, որ հիմա թատրոնը տեխնիկապես հագեցվածության տեսանկյունից իդեալական վիճակում է, բայց այն, որ բավականին մեծ փոփոխություններ ու ձեռքբերումներ են եղել, փաստ է: Թատրոնն արդեն հագեցած է նոր լուսային տեխնիկայով, ունենք հնարավորություն բարձր մակարդակի: Մենք շատ ենք ուզում, որ թարմացվեն նաեւ դահլիճի նստարանները, որովհետեւ այդ նստարաններն իմ տարիքի են, ինձնից էլ՝ մեծ, համենայն դեպս փոքր ժամանակ, երբ ներկայացում դիտելու էինք գալիս, նստում էինք այդ նստարաններին: Պարզ է, որ եթե ես ծերացել եմ, ուրեմն…

Ընդհանուր դահլիճն էլ, մնացած հատվածներն էլ միշտ թարմացվելու կարիք ունեն, դա կարեւոր է, բայց ամենակարեւորը չէ: Ավելի կարեւոր է ներքին, դերասանական էներգետիկան, բայց եթե այն նաեւ փոխլրացվում է տեխնիկական հագեցվածությամբ, հիասքանչ է: Իհարկե, կոռեկտ չի լինի, եթե ես սկսեմ գովել մեր ստեղծագործական ձեռքբերումները, բայց պետք է շեշտեմ, որ դրանք կան ու ակնառու են: Վերջին 4 տարվա ընթացքում 20-ից ավելի նոր ներկայացում ենք բեմադրել: Թատրոնն այսրոպեական մի բան է, դրա համար ես չեմ ուզենա առանձնապես շատ խոսել նախկինում ունեցածի կամ ապագայում սպասվելիքի մասին:

Երկար տարիներ Հայաստանում չէիք եւ եկաք ամենաբուռն ու դրական լիցքերով ժամանակաշրջանում՝ 2018-ի հեղափոխությունից ընդամենը ամիսներ անց: Կարճ ժամանակ անց լրիվ այլ ընթացք ունեցավ ամեն ինչ. իրար հաջորդեցին բացասական իրադարձություններ՝ համավարակ, պատերազմ եւ այլն: Կցանկանայի խոսեինք այդ ընթացքը հաղթահարելու, Ձեր մոտեցման, ստեղծագործական աշխատանքների վրա դրանց ազդեցության մասին:

- Ձեզ մի գաղտնիք եմ ուզում բացել. երբ սկսվեց կորոնավիրուսը, ու համատարած կարանտին հայտարարվեց, բոլորը տանը նստած էին, մենք թաքուն թատրոն էինք գալիս, մեզ մոտ երբեք չփակվեցին թատրոնի դռները: Մի որոշ ժամանակ դրսում էինք ներկայացումներ բեմադրում, որպեսզի մի քանի հոգով միեւնույն ժամանակ չգտնվեինք փակ տարածության մեջ: Այդ ժամանակ ես շատ պատահական հիշեցի Դոն Նիգրոյի 11 նովելներից բաղկացած «Люди. Звери. Обстоятельства.» հրաշալի գործը, ներառեցի դրանում մեր դերասաններին, եւ մոնոներկայացում բեմադրեցինք: Յուրաքանչյուր նովելը ներկայացնելու համար ընդգրկված էին մեկ կամ երկու դերասան: Եվ հենց թույլ տվեցին ներկայացումներ խաղալ, մենք արդեն ունեինք պատրաստի բեմադրություն եւ Երեւանում առաջինն էինք, որ վերաբացվելուց անմիջապես հետո պրեմիերայով հանդես եկանք: Թատրոնը երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է դադարի աշխատել:

- Իսկ 44-օրյա պատերազմի օրերին եւ հետո՞:

- Ինձ ապշեցրել էր այն սարսափելի գիշերվանից (նոյեմբերի 9) հետո տեղի ունեցածը: Պարզ է, որ այդ գիշեր ոչ ոք չէր քնել, իսկ առավոտյան ժամը 11-ին փորձ էր պլանավորված թատրոնում: Մտածեցի, որ հավանական է՝ ոչ ոք էլ չցանկանա գալ, բայց, որպես ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, պարտավոր էի լինել թատրոնում: Առավոտյան գնացի, ու բոլոր դերասանները եկել էին, թատրոնում էին անգամ նրանք, ովքեր այդ օրը զբաղվածություն չունեին: Լիարժեք փորձ չարեցինք. ծխում էինք, լռում, հետո՝ սուրճ խմում, խոսում էինք, հետո՝ լռում ու ծխում: Բոլորին միավորում էր մեկ բան՝ թատրոնը: Այդ օրն առավել քան մենք միասին էինք շնչում, միասին էլ ապրեցինք: Ինչն ինձ այդ օրը զարմացրել էր, ես հետո հասկացա, որ նորմալ երեւույթ է, քանի որ դա պաշտպանական ռեակցիա է. մենք թատրոնում էինք, որպեսզի չխելագարվենք: Եվ ես համաձայն չեմ այն արտահայտության հետ, երբ ասում են՝ «Когда говорят пушки, музы молчат». ինչ-որ առումով երեւի հակառակն է:

Այժմ ՌԴ-ում էլ է իրավիճակը պատերազմական: Այս ընթացքում եղե՞լ է, որ մտածեք, թե ինչ կանեիք, եթե 2018 թվականի հրավերը եղած չլիներ, ու Դուք Հայաստան վերադարձած չլինեիք:

- 25 տարի ես Մոսկվայում ռեժիսոր էի, երբ վերադարձա, բնականաբար, չէի կարող միանգամից խզել բոլոր կապերն այնտեղի հետ: Այս ընթացքում մեր թատրոնի բուռն գործունեության հետ համատեղ նաեւ բեմադրություններ եմ արել Վլադիվոստոկում, Չելյաբինսկում, Վոլգոգրադում, Մոսկվայում… եւ հիմա էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մի քանի առաջարկ ունեմ: Մոսկվայից մեր թատրոն է եկել ու աշխատում երեք դերասան, ձայնային ռեժիսոր, նկարիչ: Եվ շատ-շատերն են մեզ դիմում համատեղ աշխատելու առաջարկով: Հայտնի իրադարձություններով պայմանավորված՝ վերջին մեկ տարում մեր հանդիսատեսի գրեթե 70 տոկոսը ռուսներն են: Եթե այն ժամանակ միայն պրեմիերաներին էր լեփ-լեցուն դահլիճը, այժմ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ է այդպես:

Երբ դերասանները խաղում են բոլորովին այլ հանդիսատեսի համար ու ստանում այլ էներգետիկա, թատրոնը դրանից նոր միս ու արյուն է ստանում, թարմանում: Նոր հանդիսատեսի հետ տվյալ ներկայացումը երկրորդ, երրորդ կյանք է ստանում, եւ հենց դա է պատճառը, որ, չնայած հոգնածություններին ու բազում անհարմարություններին, մենք միշտ ձգտում ենք հյուրախաղերի մեկնել, որովհետեւ դա էներգիայի մի այլ աղբյուր է:

Երբ նոր էիք եկել, ասում էիք՝ դեռ պետք է հասցնեք ուսումնասիրել դերասաններին, ամեն մեկին յուրովի ճանաչել: Դերասանների հետ համագործակցությունը ստացվել է: Հետաքրքիր է, իսկ հայաստանյան հանդիսատեսին հասցրե՞լ եք ճանաչել:

- Մեր հանդիսատեսի հետ կապված բազմաթիվ հումորային պատմություններ ենք ունենում: Չեմ կարող չասել, որ աշխարհի ամենապոզիտիվ հանդիսատեսն ունենք: Մարդիկ, որոնք, իմանալով, որ ներկայացումը սկսվում է ժամը 19:00-ին, գալիս են 19:30-ին, երբեմն՝ 19:40-ին, արդեն չլսված է: Երբեմն ինձ զանգահարում են, ասում՝ երեկոյան 7-ին ի՞նչ ներկայացում ունեք, ենթադրենք, ասում եմ՝ Խանուման է, հարցնում են՝ իսկ 8-ի՞ն, ասում եմ՝ նույնի շարունակությունը (ծիծաղում է):

Ցավոք սրտի 1990-ականներից մնացած որոշ սովորույթներ մեր հանդիսատեսի մոտ այսպես էլ չի վերացել, որից մեկը նաեւ վերարկուները հանելու կուլտուրայի բացակայությունն է: Հաճախ ուշացած գալիս են թաց վերարկուով, մեծ գլխարկով նստում բավականին տաք ու հարմարավետ դահլիճում: Հետո ներկայացման կեսից սկսում են շոգել ու հանել, կողքիններին անհանգստացնելով՝ փորձում այդ թաց վերարկուն տեղավորել նստարանների արանքում: Հաճախ ինքս էլ եմ դահլիճով շրջում ու նախքան ներկայացումը մեր հյուրերի հետ զրուցում, ասում՝ գիտեք, մեր դահլիճը ջեռուցվում է, ունենք բավականին հարմարավետ հանդերձասրահ, կարելի է վերարկուն թողնել այնտեղ եւ այլն: Սրանք նրբություններ են, որոնցից էլ ձեւավորում է թատրոնի մշակույթը:

Մեր հայ հանդիսատեսը նաեւ մի առանձնահատկություն ունի. կարող է շատ էմոցիոնալ մտնել ներկայացման մեջ ու հենց դահլիճում բարձր քննարկել ու վերլուծել իրադարձությունը: Դու տեսնում ես, որ մարդը հատուկ չի անում, այլ պարզապես էմոցիաների տարափ է նրա մոտ: Բայց մի շատ հաճելի բան եմ նկատել՝ մեր հանդիսատեսը առավել ձգտում է գալ լուրջ, խորհելու ու մտորումների տեղիք տվող գործեր նայելու: Այն, որ հայ հանդիսատեսը թատրոնում ուզում է մշակույթ տեսնել, անքննելի է:

Տպել
2693 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ