Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 1)

14/01/2015 schedule09:41

1997թ. մարտին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու հրամանագիր ստորագրեց: Սա մի որոշում էր, որ Հայաստանի քաղաքական դաշտի վրա սառը ցնցուղի ազդեցություն թողեց:

Անկախության 7-րդ տարին էր, եւ երկրի քաղաքական դաշտը հեռու էր կայացած լինելուց: 1996թ. նախագահական ընտրությունները քաղաքական դաշտի բյուրեղացման նշաններ ցույց տվեցին. ձեւավորվում էր նոր ընդդիմություն, ի դեմս ԱԺՄ-ի եւ դաշնակից ուժերի՝ Վազգեն Մանուկյանի լիդերությամբ, բավական ուժեղ էր հին ընդդիմությունը, ի դեմս Սերգեյ Բադալյանի ղեկավարած Կոմունիստական կուսակցության, եւ կար իշխող «Հանրապետություն» միավորումը, որտեղ կենտրոնացել էր իշխող ՀՀՇ-ն՝ իր արբանյակ կուսակցություններով, գումարած «Շամիրամ» կուսակցությունը, որը նույնպես տեղ ուներ ԱԺ-ում:

1996-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը եւ նույն թվականի սեպտեմբերի 26-ի դեպքերը, երբ ԱԺ տարածք մտած ցուցարարների դեմ ուժ կիրառվեց, ճգնաժամ առաջացրեցին ընդդիմադիր դաշտում:

Իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչները ԱԺ սեպտեմբերի 27-ի նիստում, Ազգային ժողովի դահլիճում ծեծի ենթարկեցին ԱԺՄ-ի մի շարք պատգամավորների: Շավարշ Քոչարյանը ծեծի ենթարկվեց հենց ամբիոնում ելույթ ունենալիս, Դավիթ Վարդանյանին բառիս բուն իմաստով քացու տակ տվեցին ԱԺ միջանցքում: Պարույր Հայրիկյանը ԱԺ նիստում իրեն դրսեւորեց որպես ամենավերջին վախկոտ, Վազգեն Մանուկյանը ընդհատակ էր անցել, մի շարք ակտիվիստներ բանտում էին, բանտում էին ՀՅԴ-ի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը:

Սեպտեմբերի 26-ի իրադարձությունների ժամանակ, երբ ընդդիմության ցուցարարները մուտք էին գործել ԱԺ տարածք, ծեծի էին ենթարկվել նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը: Մինչեւ 1996-ը Բաբկեն Արարքցյանը համարվում էր իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո: Բայց 96-ի դեպքերը նշանավորեցին ուժային կառույցների ղեկավարների՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի եւ ՊՆախարար Վազգեն Սարգսյանի ազդեցության մեծացումը: Միակ քաղաքական դեմքը, որ կարող էր հակակշռել Սարգսյանին եւ Սիրադեղյանին՝ Բաբկեն Արարքցյանն էր (չհաշված, իհարկե, Լ. Տեր-Պետրոսյանին): Վարչապետ Հրանտ Բագրատյանը վաղուց արդեն վարկաբեկված էր՝ առաջին հերթին ներիշխանական հակասությունների պատճառով: Ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Վանո Սիրադեղյանը երիտասարդ վարչապետին լուրջ չէին ընդունում, եւ այս վերաբերմունքը անարգել ի ցույց էին դնում:

Երկու խարիզմատիկ գործիչների, ուժային ղեկավարների այս պահվածքը Բագրատյանի շուրջ ստեղծել էր մի մթնոլորտ, որ կույրին էլ տեսանելի էր. նրա վարչապետության օրերը հաշված են: Թուլանում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը: Դեռ քիչ էր, որ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել էին, ինչը շոկ էր ժողովրդավարական արժեքների հռչակումով իշխանության եկած քաղաքական թիմի համար, Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ էր նախագահ ընտրվել, եւ իշխանության ներսում կար պայմանավորվածություն, որ նա երրորդ անգամ նախագահի թեկնածու չի առաջադրվելու: 

Այս պայմանավորվածությունը, սակայն, դե յուրե այնքան էլ հիմնավորված չէր, ավելի ճիշտ՝ իրավական երկաթյա երաշխիքներ չուներ: Նման պայմանավորվածություն իշխող վերնախավում ձեռք էր բերվել 1995-ին ՀՀ Սահմանադրության ընդունման շուրջ բարձր մակարդակի քննարկումների ժամանակ: Հենց Սահմանադրության մեջ արձանագրվեց, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Բայց Սահմանադրությունն ընդունվել էր 1995-ին: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել, դրանից հետո ընտրվել էր մեկ անգամ: Իսկ Սահմանադրությունը հետադարձ ուժ չուներ: Այսինքն՝ դե յուրե Տեր-Պետրոսյանը կարող էր երրորդ անգամ անընդմեջ ընտրվել նախագահ: Բայց քանի որ Սահմանադրության տեքստը նախագահին անսահմանափակ իշխանություն էր տալիս եւ սա մտահոգում էր իշխանության բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչների, 1995-ին Տեր-Պետրոսյանը ստիպված էր եղել պարտավորվել, որ 2001-ի հերթական նախագահական ընտրություններում չի առաջադրվելու՝ իրեն հսկայածավալ լիազորություններ տվող Սահմանադրության ընդունումը չձախողելու համար:

Նման պայմանավորվածության գոյության մասին վկայել է նաեւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը՝ դեռեւս 1996-ին հայտարարելով, որ 2001թ. նախագահական ընտրություններում չի առաջադրվելու, քանի որ օրենքը նման հնարավորություն չի տալիս: 

Այս իրավիճակում պարզից էլ պարզ էր, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդամենը երեք մարդ կա, ով կարող է լինել նախագահի իշխանության թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն. Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան: Չի բացառվում՝ հենց սրա հետ էր կապված 1996 թվականի նախագահական ընտրությունների ձախողումը: 96-ին Բաբկեն Արարքցյանը Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր, եւ իշխանության մյուս թեւերը կարող էին մտածել, որ բարեհաջող ընտրությունները կմեծացնեն Արարքցյանի ազդեցությունը: Մյուս կողմից՝ գործող վարչապետ Հրանտ Բագրատյանը հասկանում էր, որ ընտրություններից հետո ինքը չի մնալու վարչապետի պաշտոնում եւ ուրեմն, նրա համար մեկ էր, թե ինչպես կավարտվեն այդ ընտրությունները: Իշխանության մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ Էդվարդ Եգորյանը, դուրս էր մղվել այսպես կոչված «պոլիտբյուրոյից», այսինքն՝ որոշումներ կայացնող իշխանական վերնախավից, եւ ուրեմն՝ նույնպես լծված չէր Տեր-Պետրոսյանի վերընտրության գործին:

Պատասխանատվությունը մնացել էր քաղաքական երեք հսկաների՝ Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի ուսերին, բայց նրանք ունեին ռազմավարական հեռանկարի արմատական հակասություններ: Հետեւանքը եղավ 1996-ի նախագահական ընտրությունների ձախողումը:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, վաղուց գիտեր իր երեք հենասյուների հակասությունների եւ դրանց պարբերական խորացման մասին: Գիտեր նաեւ, որ այդ հակասությունները կապվում են 2001թ. նախագահական հերթական ընտրությունների հետ: Եւ ուրեմն, պրագմատիկ քաղաքական գործիչ լինելով՝ նա պիտի գիտակցեր, որ առանց այդ խորքային հակասություններին լուծում տալու 1996թ. նախագահական ընտրությունները դառնում են ռիսկային: Իրավիճակից էր բխում, որ նա 1996-ի նախագահական ընտրություններից առաջ իշխանության անցումային պլան քննարկի եւ համաձայնեցնի Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի հետ: 1996-2001թթ. ինչ-որ միջանկյալ տարբերակ, որ ընդունելի կլինի բոլոր երեքի համար: Սա երկրում կայունություն ապահովելու միակ երաշխիքը կարող էր լինել, եւ Տեր-Պետրոսյանը դա գիտեր: Բայց գնալ նման լուծման՝ կնշանակեր իսկապես փոխանցել իշխանությունը, իսկապես հեռանալ իշխանությունից, գոնե առժամանակ: Արդյո՞ք 1996-ի Տեր-Պետրոսյանը ուներ նման մտադրություն, արդյո՞ք նա անկեղծորեն ուզում էր փոխանցել իշխանությունը: Այս հարցի պատասխանը տալիս է ինքը՝ առաջին նախագահը, 1997-ի սեպտեմբերի 26-ի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի այդ հարցուպատասխանը արժե ներկայացնել ամբողջությամբ.

Հարցը հնչեցնում է «ՀայFM» ռադիոկայանի լրագրող Վարդան Վարդանյանը - Պարոն նախագահ, Ձեր այն հայտարարությունից հետո, երբ ասացիք, որ 2001-ի նախագահական ընտրություններին չեք առաջադրվի, քանի որ այդ հնարավորությունը չի ընձեռում օրենքը, այդ հայտարարությունից հետո հեռուստաելույթում Սամվել Գեւորգյանն ասաց, որ դեռ միանշանակ չէ եւ պետք է պարզել, թե օրենքը հնարավորություն տալի՞ս է, թե ոչ: Այլ քաղաքական գործիչներ էլ նման ակնարկներ արեցին: Հարցս հետեւյալն է՝ 2001թ. նախագահական ընտրություններին չմասնակցելու Ձեր վճիռը վերջնակա՞ն է, թե հնարավոր են այլ տարբերակներ: Մասնավորապես՝ Դուք կդիմե՞ք Սահմանադրական դատարան օրենքին համապատասխանությունը վճռելու համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը - Ոչ. ես չեմ դիմի Սահմանադրական դատարան: Միայն եթե ազգովին խնդրեք, այդ ժամանակ կառաջադրվեմ:

Այս պատասխանը ժամանակին անասելի աղմուկ առաջացրեց: Ընդդիմությունն ու մամուլը դատափետում էին գործող նախագահի ցինիզմը, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի դնել խնդրարկուի վիճակում: Ոչ ոք հարց չտվեց. իսկ գուցե սա ոչ թե լեզվական ցինիզմ է, այլ Տեր-Պետրոսյանի վերջին տարիների, առաջիկա եւ հետագա տարիների գործունեության հիմնական լեյտմոտիվ:

Ի՞նչ էր, ըստ էության, ասում Տեր-Պետրոսյանը. ասում էր, որ նախագահական հերթական ընտրություններում չի առաջադրվի, բայց եւ ասում էր, որ կառաջադրվի ֆորս մաժորի դեպքում: Համաձայնեք՝ ազգովի խնդրելու մասին հայտարարությունը, ըստ էության, ֆորս մաժորի պայման է: Վերադառնանք, ուրեմն, 96 թվական եւ փորձենք հասկանալ, թե ո՞րն էր Տեր-Պետրոսյանի պլան A-ն, այսինքն՝ հիմնական նպատակադրումը. 2001-ին իշխանությունից հեռանա՞լը, թե՞ իշխանությունը պահպանելը: Նա ուզում էր հեռանա՞լ իշխանությունից, թե՞ ստեղծել մի անհասկանալի ֆորս մաժոր, երբ 2001-ին բոլորը իրեն կխնդրեն չհեռանալ:

Եթե նպատակը իշխանությունից հեռանալն էր, ուրեմն նա պետք է սկսեր «ժառանգորդ» օպերացիայի իրականացումը, այսինքն՝ կողմնորոշվեր, թե ներքաղաքական երեք հսկաներից ո՞ր մեկի վրա է խաղադրույք անում, ո՞ւմ է տեսնում իշխանության առաջին դեմքի դերում՝ Բաբկեն Արարքցյանի՞ն, Վանո Սիրադեղյանի՞ն, թե՞ Վազգեն Սարգսյանին: Իսկ գուցե մեկ ուրիշի՞: Եթե ուրիշի, ուրեմն նրա թեկնածությունը գոնե նախնական պետք է համաձայնեցնի իշխանության ամենաազդեցիկ երեք դեմքերի՝ Արարքցյանի, Սիրադեղյանի, Սարգսյանի հետ: Կամ թեկուզ ինչ-որ որոշում կայացնի, որովհետեւ ունի ցանկացած որոշում կայացնելու ռեալ իշխանություն:

Նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը կայացնում է որոշումը: Նա ՆԳ նախարարի պաշտոնից ազատում է Վանո Սիրադեղյանին եւ նրան նշանակում Երեւանի քաղաքապետ: Այս ֆոնին կայացնում է առաջին աբսուրդ որոշումը՝ միավորում է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունները եւ նախարար նշանակում Սերժ Սարգսյանին, ով մինչ այդ Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավարն էր: Հաջորդ, ավելի աբսուրդ որոշումը հետեւյալն էր. Հրանտ Բագրատյանի փոխարեն վարչապետ է նշանակում Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի քաղաքական կյանքում անհայտ, Հայաստանի քաղաքական համակարգի հետ կապ չունեցող Արմեն Սարգսյանին:

Ի՞նչ էր նշանակում այս ամենը 2001թ. նախագահական ընտրությունների ֆոնին: Այս որոշումներով նա թուլացնում էր Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին: Եթե ՆԳ նախարարությունը պահպաներ նախկին կառուցվածքը եւ նախարար նշանակվեր ցանկացած մեկը, երկար ժամանակ չէր կարողանալու դուրս գալ Վանո Սիրադեղյանի ստվերից: Սիրադեղյանը քաղաքական լծակներով, գումարած Երեւանի քաղաքապետի լծակները, շարունակելու էր իր տիրապետության տակ պահել ՆԳՆ-ն: Բայց Տեր-Պետրոսյանը ՆԳՆ-ն տալիս է Ազգային անվտանգության գործող ղեկավար Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ԱԱ համակարգը օգտագործելով՝ ՆԳՆ-ն դուրս քաշի Վանո Սիրադեղյանի տակից: Միով բանիվ՝ ՆԳՆ-ի եւ ԱԱ-ի միացումով ստեղծում է նոր ուժային սուպերնախարարություն, որով թուլացնում է ՊՆախարարության, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի ազդեցությունը: Իսկ նախագահական ձախողված ընտրություններից եւ սեպտեմբերի 26-ի ծեծից հետո Բաբկեն Արարքցյանի ազդեցությունը առանց այն էլ նվազել էր:

Տեր-Պետրոսյանը, այսպիսով, ուժգին հարվածներ է հասցնում նախագահի երեք պոտենցիալ թեկնածուներից երկուսին եւ որեւէ կերպ աջակցություն ցույց չի տալիս երրորդին, ում հեղինակությունը էականորեն սասանվել էր:

Ու՞մ էր, ուրեմն, նա պատրաստում որպես իշխանության պոտենցիալ ժառանգորդ: Արմեն Սարգսյանի՞ն. պրագմատիկ քաղաքական գործիչ լինելով՝ Տեր-Պետրոսյանը չէր կարող չհասկանալ, որ Սարգսյանը ներքաղաքական համակարգում ոչ մի դաշնակից եւ հենարան չունի, որ նա ընդամենը քավության նոխազ կարող է լինել եւ ուրիշ ոչինչ: Տեր-Պետրոսյանը Սարգսյանին վարչապետ էր նշանակել որպես բուֆեր կամ մարիոնետ օգտագործելու, նրանով երեք հսկաների ազդեցությունը թուլացնելու համար: Նա չէր կարող նրան դիտարկել որպես ժառանգորդ՝ հենց թեկուզ նման սցենարի ռեալության բացակայության պատճառով:

ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՞ն: Սա ավելի անհավանական տարբերակ է, որովհետեւ մի քանի տարի ՊՆ, ԱԱ նախարար աշխատելով՝ Սերժ Սարգսյանը իրեն դրսեւորել էր որպես ամորֆ, հլու կատարող, առանց ամբիցիաների մի մարդ, ով պատրաստ է շարունակ լինել աննկատ: Սերժ Սարգսյանի հենց այս հատկություններն էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին գրավում էին: Սարգսյանը նրան հարկավոր էր ընդամենը Սիրադեղյանի եւ Սարգսյանի ազդեցության մեծացումը կանխելու համար: Եւ շատ շուտով Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը ստացան առաջին լրջագույն հարվածը: Ակնհայտորեն՝ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված դաբրոյով եւ Ազգային անվտանգության նախարարության ջանքերով հանրային շրջանառության մեջ դրվեց մի վիդեոկասետ, որտեղ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը 1996-ի սեպտեմբերի 26-ից մի քանի օր անց քեֆ էին անում գեներալ Մանվել Գրիգորյանի տանը: Այդ տեսաերիզում Սիրադեղյանն ու Սարգսյանը խոսում էին 1996թ. նախագահական ընտրություններին հաջորդած բախումների մասին եւ անում հայտարարություններ, որ հատուկ են ոչ թե քաղաքական գործիչների, այլ զինվորական պուտչիստների: Թե որքանո՞վ էր այդ խմած խոսակցությունն արտահայտում այդ գործիչների քաղաքական էությունը՝ ուրիշ հարց է, բայց այս տեսաերիզի տարածումը անասելի հարված հասցրեց նրանց հեղինակությունը:

Ա. Սմբատյան

շարունակելի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31484 դիտում

Կեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան

ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան

Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ

Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ

ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել

Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում

Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են

Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան

5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա

ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ

ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին

ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը

Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը

Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան

Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց

Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան

Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև

«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ

Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ

Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ

Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան