Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Ինչպես այսօր հայտնել են նախագահական նստավայրից, այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում է նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում:
Սարգսյանը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:
Սերժ Սարգսյանը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Նա նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Սերժ Սարգսյանի ելույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում` «Կրթությունը և մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով
Հարգարժա´ն նախագահ Ռայֆ, հարգելի´դասախոսներ և գիտնականներ, «Լույս» հիմնադրամի սիրելի´ կրթաթոշակառուներ և շրջանավարտներ,
Իհարկե, Ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջատար բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Շնորհակալ եմ, որ ինձ և իմ գործընկերներին հյուրընկալում եք այսօր: Ձեր ինստիտուտը՝ դասավանդման հարուստ ավանդույթներով, նորարարական գաղափարներով և նվաճումներով, իր ծանրակշիռ ավանդն է բերում ողջ մարդկության զարգացման գործին:
Հատկանշական է, որ իր գոյության 155 տարիների ընթացքում այն ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլև վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի: Այդ են վկայում ձեր կատարած բազմաթիվ հայտնագործությունները, արձանագրած հաջողությունները, նվաճած Նոբելյան մրցանակները:
Իմիջիայլոց, շատ ուրախ եմ, որ այսօր ինստիտուտի նախագահը հույս հայտնեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտներից որևէ մեկը անպայման արժանանալու է Նոբելյան մրցանակի: Պարոն Նուբար Աֆեյանը վկա է:
Շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը վերածվում է կիրառելի ծրագրերի, որոնցից այսօր օգտվում է ողջ աշխարհը: Անչափ ուրախ եմ, որ միայն վերջին տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ հայ ուսանողներ նույնպես դարձել են այս մեծ ընտանիքի անդամ:
Տեխնոլոգիական լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները տպավորիչ են: Ինքս այսօր դրա ականատեսը եղա: Անշուշտ, ինձ համար շատ զարմանալի էր և ուսանելի: Կարևոր է, որ լսում ես շատ բաների մասին, բայց մի բան է լսել, մեկ այլ բան` սեփական աչքով տեսնել: Ի դեպ, ինստիտուտի «Լեգո» ուսուցման լաբորատորիայի մեթոդաբանությամբ Երևանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի նպատակն է երեխաների և երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումն ու նրանց մրցունակության բարձրացումը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության և միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես` Սիմոր Փափերթը և Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության և ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ և էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին:
Հարգելի´ բարեկամներ, այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական և քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը և հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:
Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության:
Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ երբեք կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:
Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:
Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:
Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:
Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաև մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաև հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին:
Հարգելի´ գիտնականներ, այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:
Սակայն դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:
Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարևանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու:
Ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների և գիտական մշակումների մասին քննարկումներում և նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:
Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:
Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձևավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե:
3 միլիոնանոց Հայաստանի համար սա չափազանց բարձր ցուցանիշ է, և որպեսզի կարողանանք համեմատել, ասեմ, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը շահել է 4, իսկ Վրաստանը՝ 8 մեդալ:
Նման արդյունքներ ենք ունեցել և նախորդող տարիներին՝ 2014 թվականին Հայաստանի աշակերտները ստացել են 19, 2013 թվականին՝ 15, 2012 թվականին՝ 16 մեդալ: Ես իսկապես շատ եմ հպարտանում մեր աշակերտներով և հուսով եմ, որ նրանք գիտելիքով առանձնանալու այս գեղեցիկ տեմպը շարունակելու են պահպանել:
Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու և պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները և հայ դպրության հարուստ ավանդույթները` հիմնված մեր ազգային արժեքների վրա: Այս տարի առաջին անգամ հայ շրջանավարտները հայերենով կհանձնեն «Արարատյան բակալավրիատ»-ի միջազգային քննությունները Հայաստանում:
Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միևնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձևերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը:
Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում: Մեր հայրենակիցների ձեռքբերումները հայրենիքից դուրս նաև մեր ձեռքբերումներն են, իսկ նրանց հեղինակությունը՝ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման կարևոր գործոն:
Միևնույն ժամանակ հետագա կյանքը ցույց տվեց, որ «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում և ներգրավվում Հայաստանի զարգացման գործում: Սա արդեն իրականությունն է:
Այսօր այստեղ ներկա են այս պահին ԱՄՆ-ի առաջնակարգ բուհերում սովորող մեր երիտասարդները: Ուրախ եմ բոլորիդ տեսնելու լավ տրամադրությամբ և նպատակադրված հայացքներով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում այն կարևոր գործում, որը այսօր դուք եք անում: Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաև ձեզնից յուրաքանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որևէ հայաստանյան նախաձեռնության մեջ և ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ:
Իմիջիայլոց, մենք Հայաստանում արդեն տևական ժամանակ իրականացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի միջոցով շուկայականից էապես ցածր գնով և մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքներին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան բնակարան ձեռքբերելու հնարավորություն ենք տալիս: Հիշեք խնդրեմ, որ այդ ծրագրի պատասխանատուները միշտ ձեզ են սպասում և ուսումն ավարտելուց հետո առաջինը հենց այդ գրասենյակ պետք է այցելեք Երևանում:
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր մենք աշխատում ենք նաև համալսարան-գիտություն-աշխատաշուկա սահուն փոխլրացնող մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ամերիկահայ գիտնականների տպավորիչ բանակի այն տասնյակ ներկայացուցիչներին, ովքեր արձագանքելով իմ հրավերին, ողջ երկրից հավաքվեցին այս դահլիճում: Վստահ եմ, որ դուք չեք զղջում և ինձ պես ոգևորվում եք «Լույսի» ներկայիս կրթաթոշակառուների ու շրջանավարտների հաջողություններով: Ես համոզված եմ, որ այս հանդիպումը երկարատև և գործնական կապերի ձևավորման մեկնարկ է: Ձեզնից շատերը սերտ փոխգործակցություն չունեն ավանդական հայկական կառույցների, կուսակցությունների, երբեմն անգամ` համայնքների հետ: Հուսով եմ, որ այս ձևաչափով շփումները կարող են պարբերական դառնալ և հիմք դնել ձեր ամենօրյա և փոխշահավետ համագործակցությանը` ամերիկահայ գիտ-նականների ոչ պաշտոնական յուրատեսակ ցանց ձևավորելով:
Այս հանդիպումը հատկանշական է նաև Հայաստանի և արտասահմանյան բուհերի միջև սերտ համագործակցություն ծավալելու առումով: Այսօր խոսելով ինստիտուտի նախագահի հետ, հրավիրեցի նրան Հայաստան, ինչին ի պատասխան նա ասաց, որ շատ երջանիկ կլինի, եթե ժամանակ գտնի ու գա Հայաստան: Կարծում եմ, նրա գալով էլ մեր կապերը այս առաջնակարգ հաստատության հետ կամրապնդվեն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է:
Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը` համագործակցելով աշխարհի առաջատար բուհերի հետ: Եվ այստեղ, իհարկե, մենք ակնկալում ենք բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են այս գործում օգտակար լինել:
2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: Ուրախ կլինենք, եթե ձեր ինստիտուտի ներկայացուցիչները ևս մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ հատուկ նշել դոկտոր Նուբար Աֆեյանի անունը: Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները շատ փայլուն և բարձր մակարդակով անցկացնելու համար: Պարո՛ն Աֆեյան, ուզում եմ Ձեզ և Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, և այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում:
Շատ շնորհակալ եմ այս ջերմ մթնոլորտի, ձեր խոսքերի և ձեր ոգևորության համար: Եվ ձեզ բոլորիդ մաղթում եմ մտքի նոր թռիչքներ, որովհետև մտքի թռիչքներով է, որ դուք ապահովում եք ձեր բաժինը մարդկության զարգացման գործում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ենթադրենք՝ Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ին, տեսնում ենք այնտեղ մզկիթ, ինչպիսի՞ն կլինի մեր ռեակցիան. Փաշինյան
90-ականներից բնակարան ստանալու հերթում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը
Կալուգացի օլիգարխի թիմի կաշառքների ձայնագրությունները հավակնում են դառնալ ավելի երկար, քան «Սանտա Բարբարան» էր
Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ
Ինչքան շատ են ընտրակաշառք բաժանելիս բռնվում, այնքան շատ են ախմախ բաներ խոսում. Ռուբինյան
Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալու պետական այցով. Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ օրակարգով է նա ժամանում
Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել, մեծ իրադարձություն է և ոչ միայն ֆուտբոլային իմաստով. Փաշինյան
ՀՀ կառավարությունը վավերացրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Մարդկանց ուզում են դարձնել իրենց թուլափայից կախված հնազանդ հպատակներ. Կոնջորյան
5-10 մլն ստռոյկի համար պետք ա, իրանց համար էդ մի բաժակ ջուր ա. ընտրություններին առնչվող նոր ձայնագրություն
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Գյումրիի հրապարակում կմասնակցի հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող համերգի
Մասնագիտական քննարկում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքների վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ հայերին չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ տեսանյութ
Ինչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին
Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև
ԿԳՄՍՆ-ն վերջին զանգի կապակցությամբ շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ մարզպետարաններ
«Կոլա-պերաշկի» գործով ձերբակալված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխելը, սնունդը
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ծոծրակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի, մեծապատիվ մուրացկաննե՛ր․ Կոնջորյան
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Բարի գալուստ Փարիզում Հայաստանի նոր տուն․ Ֆրանսիայում բացվել է ՀՀ դեսպանությունը
Ձեզ ոչինչ չի փրկելու՝ ո՛չ ձեր ամեն օր ուժեղացող վայնասունը, ո՛չ էլ ձեր փողերը․ Թորոսյան
Կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք է բաժանում թաղային խուժանը, որը ժամանակին ծառայում էր ՀՀԿ-ին․ Չախոյան
ՔԿՀ այցելած փաստաբանը նոթբուքում 7 հեռախոս է թաքցրել․ Մինասյանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության
Կալուգացի ուժեղ տղա, ամոթ ունենաք՝ էդ շալվարները չեք բաժանի, դուք կհագնեք, կամ ի՞նչ բառապաշար է՝ որձ թոռ
Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին․ տեսանյութ
Կանդազը էդ ի՞նչ ծանր հրետանի է. հո օդից չենք ասում՝ պատերազմ է լինելու. Եղոյանը մանրամասնում է. տեսանյութ
Իսկապե՞ս, նաև «Երևանյան երկխոսությո՞ւնն» եք ծրագրել․ Ժան-Նոել Բարոն՝ Արարատ Միրզոյանին․ տեսանյութ
Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ է տեղի ունեցել
Այլանդակ բարքերի ծնունդ են, ուղնուծուծով մաֆիոզ, ուզում են պատերազմ հրահրել ՀՀ-ում. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք քողարկված եղանակով ընտրակաշառք են տվել․ ձայնագրություն
Լճաշենում Կառավարության աջակցությամբ լոլիկի և վարունգի ջերմատուն է հիմնվել․ տեսանյութ
Քաղաքական ուժերին կտրվի 48 ժամ՝ փաթեթում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար
Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան բարեկամության
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը․ ինչ համաձայնություններ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT