Դուք հլը ձերոնց համոզեք, նոր մեզ համոզեք. Էդուարդ Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին

5174 դիտում

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց, թե «մենք քննարկում ենք շատ կարեւոր փաթեթ, որը կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ հասարակության եւ ապագա սերունդների»:

«Միանում եմ տիկին փոխխոսնակի հորդորին: Կարիք չկա այստեղ ցուցամատով խելք ցույց տալ: Դուք դասախոս չեք, մենք էլ ուսանող: Պետք չի, չի կարելի: Մենք մեզ թույլ չենք տալիս քաղաքական փոքրամասնության հետ էդ բառապաշարով, էդ ձեւով խոսել: Սա էդ տեղը չի, մենք գործընկերներ ենք, պետք է փոխադարձ հարգանք պահպանենք»,- դասախոսի ոճով արտասանեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հակադարձելով ընդդիմադիրների ելույթներին՝ նա նաեւ նշեց, թե վերջին ամիսների իրադարձությունները եւ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը բնական, օրակարգային հարց է, այլ ոչ արհեստական: Ըստ նրա՝ որոշ քաղաքական ուժերի բոյկոտը չստացվեց, քանի որ Սերժ Սարգսյանի հետ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումները ցույց տվեցին, որ սահմամադրական փաթեթի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա: «Չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ եւ քննարկել այս փաթեթը...Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ հեչ կապ չունի: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է եւ մնալու է ՀՀԿ առաջնորդը: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, գնացեք ՀԱԿ-ին ձայն տվեք...Դուք ձեր ֆրակցիայի անդամներին չեք կարողանում համոզել, որ սրա անհրաժեշտությունը չկա, եկել ստեղից ի՞նչ եք ցույց տալիս մեր ֆրակցիային:  Դուք հլը ձերոնց համոզեք, նոր մեզ համոզեք»,- դիմելով ՀԱԿ շարքերին եւ նկատի ունենալով Արամ Մանուկյանի ելույթը՝ նկատեց նա:

Տեսանյութեր

բեռնել ավելին