Արարատում ընդդիմության շտաբները փակվում են. Գրիգորյանները սպառնում են տարածքի տերերին

Արարատի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթեժ ու պայթյունավտանգ ընտրատարածքը:

Գրեթե ամեն օր այստեղ տեղի է ունենում ռեյտինգային թեկնածուների շահերի որոշակի բախում: Երեկ, օրինակ, ոստիկանության Արտաշատի բաժին էր բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի շտաբի պետ Գարսեւան Վարդանյանը:

Երեկ մենք տեղեկություններ ստացանք, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարզում շտաբներ ունենան նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Մարզում «Ելք» դաշինքի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռազմիկ Թեւոնյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, թե փակվել են Մասիսում ու Արտաշատում բացված իր շտաբները: Շտաբի տարածքների սեփականատերերը այն վարձակալության հանձնելուց կարճ ժամանակ հետո մոտեցել են թեկնածուին ու ասել, որ չեն կարող այլեւս դրանք իրեն տրամադրել: Վ. Թեւոնյանի խոսքերով՝ այդ տարածքների սեփականատերերի մոտ են ուղարկում նրանց վրա ազդեցություն ունեցող տարբեր մարդկանց, ոստիկաններն են նրանց զանգահարում, զգուշացնում, որ ընդդիմությունից պետք է վերցնեն դրանք: Թեկնածուի խոսքերով՝ այդ սեփականատերերը պարզապես վախեցած՝ իրենցից խնդրում են ազատել տարածքներն ու չնեղանալ, քանի որ իրենց սպառնում են: «Բա անհարմար չե՞ն զգում: Վաղը մյուս օրը թուրքի հետ կռիվ է ընկնելու, այդ ժողովրդին որ վախեցնում են, էդ վախեցած ժողովուրդն ինչպես պիտի գնա ու կռիվ անի: Թե՞ հանրապետականներն են գնալու կռվեն»,- վրդովված հարցնում էր նախկին ազատամարտիկը:

Նա նաեւ հավատացնում է, որ ինչպես բոլոր ընտրություններին, իշխանություններն այս անգամ էլ ընտրակաշառք են բաժանելու: «Բա ուրիշ ինչպե՞ս կարող են վերարտադրվել: Ուրիշ տարբերակ ունե՞ն: Այս մարդիկ 2000 թվականից փող են բաժանում, սահմանային գոտի են գալիս ու փող բաժանում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում էր Թեւոնյանը:

Անցած տարեվերջին պաշտոնից ազատվեց ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին էր: Փոխարենը նշանակվեց Սեւան Քոչարյանը, որն ավելի շատ կրում է Արարատի «Ավշար» գործարանի սեփականատեր եղբայրների՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ազդեցությունը: Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հենց ոստիկանությունից են անուղղակի կերպով խոչընդոտում ընդդիմադիր ուժերի կամ թեկնածուների շտաբների բացմանը: Եվ ամենաշատը այդ գործընթացը խրախուսում են Գրիգորյան եղբայրները:

Մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ու կուսակցությունից հեռանալուց հետո այս մարզում սուր պայքար է սկսվել նրա դեմ: Եվ որպեսզի այնտեղ նորից մենիշխանություն չձեւավորվի, ինչպես Աբրահամյանների դեպքում եղավ, իշխանությունները որոշել են դիվերսիֆիկացնել վերջիններիս ազդեցությունը, երկիշխանություն առաջացնել եւ Գրիգորյան եղբայրներից զատ մարզ գործուղել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Վերջինս, հիշեցնենք, նշանակվեց ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար: Արարատում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը: ՀՀԿ-ի այս պաշտոնյաները փորձում են մարզում ոչ միայն թուլացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերը, այլեւ տիրանալ նրա երբեմնի ազդեցության լծակներին: Այդպիսով՝ այս պաշտոնյաները Աբրահամյանի դեմ պայքարելուց զատ, կատաղի պայքար են սկսել նաեւ միմյանց դեմ: Տպավորությունն այնպիսին է, որ մարզում ավելի անվերահսկելի ու սուր են պայքարում հատկապես Գրիգորյան եղբայրները: Ապրիլյան խորհրդարանական ընտրություններն Աբրահամյանների ազդեցությունը բաժանելու կամ վերցնելու ամենահարմար հնարավորությունն են: Ով հնարավորինս շատ կամ ամենաշատ ձայները ստացավ մարզում, նա էլ կվաստակի այդ տարածաշրջանում ամենաազդեցիկի տիտղոսը:

Հայտնի է, որ ընտրատարածքների թիվը թեեւ երեք-չորս անգամ կրճատվել է ու տարածությունն էլ նույնքան մեծացվել, միեւնույն է, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները պայքարում են հիմնականում ավելի փոքր՝ նախկին մեծամասնական ընտրատարածքներում: Սերժ Սարգսյանը համապատասխանաբար Ա. Սարգսյանին գործուղել է Արտաշատի ենթաշրջան, Ա. Գրիգորյանին՝ Արարատ, իսկ Մ. Մուրադյանին՝ Մասիս: Բայց թեկնածուները, մասնավորապես Գրիգորյանները, չեն սահմանափակվում իրենց նեղ տարածքով: Նրանք երկու շաբաթ առաջ շտաբ էին բացել Մասիսում հենց Մ. Մուրադյանի շտաբի անմիջապես հարեւանությամբ: Մուրադյանն, օրինակ, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը շտաբներ է բացել միայն Մասիսի շրջանում եւ հանդիպումներ է անցկացնում հենց այդ տարածքում: Մեր տեղեկություններով, Ա. Սարգսյանն իր հերթին շտաբներ չունի Մասիսում եւ Արարատում ու սահմանափակվել է միայն Արտաշատով: Վերջինս թեեւ երեկ մեզ հետ զրույցում չընդունեց այդ տարբերակումը՝ ասելով, որ ինքն անձնապես շտաբ չունի, Արտաշատում եւ ողջ մարզում շտաբներ ունի Հանրապետական կուսակցությունը: «Ով ինձ ճանաչում է, ձայն կտա, ով էլ չի ճանաչում, կուսակցությանը ձայն կտա»,- հավելեց նա:

Բայց հետաքրքիրն այն է, որ նախընտրական այս շրջանում Գրիգորյանները թեեւ հասցրել են բախվել Մ. Մուրադյանի ու Ա. Սարգսյանի թիմի հետ, բայց դեռ չեն առնչվել Աբրահամյանների ու Գագիկ Ծառուկյանի թիմի հետ, որոնք այնտեղ միասնաբար՝ «Ծառուկյան» դաշինքի ներքո են հանդես գալիս: Տպավորությունն այն է, որ Գրիգորյաններն առայժմ Արարատում զգուշանում են Աբրահամյան-Ծառուկյան տանդեմից, կամ էլ պարզապես ճիշտ են այն կարծիքները, թե ընդամենն արտաքին տպավորություն է, որ նրանք հակառակորդներ են: Եվ որ իրականում Գրիգորյանների ու Աբրահամյանների հարաբերություններն այդքան էլ թշնամական չեն, ու Գրիգորյաններն աշխատում են վերջիններիս չխանգարել, փոխարենը պայքարից դուրս մղել յուրայիններին:

Տպել
12609 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ