Ճանապարհ, որ շարունակվելու է. խրոնոմետրաժ 2004 թվականի

27/12/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 25-ի համարում

2004 թվականը բեկումնային տարի համարել չի կարելի: Հայաստանի կյանքում այն որեւէ իմաստով բեկում չմտցրեց եւ ըստ էության դարձավ շարունակությունը այն տարտամ ընթացքի, որը Հայաստանը սկսել է դեռեւս նախորդ դարում: Դժվար է ասել՝ անցնող տարին մեզ ավելի շատ ապագայի հույսեր բերեց, թե հուսահատություն: Սա երեւի թե յուրաքանչյուր քաղաքացու ներքին զգացողության հարց է: Բայց անցնող տարում եղան բազմաթիվ իրադարձություններ, որոնց հիշատակումը մեզ կօգնի պատասխանել վերը նշված հարցին: 2004-ի ամենաբնորոշ եւ ամենակարեւոր իրադարձությունը, անշուշտ, ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերն էին, երբ պայթուցիկներով, մահակներով, էլեկտրաշոկերով եւ ջրցան մեքենաներով զինված ոստիկանությունը կեսգիշերից անց ինքնադատաստանի ենթարկեց Բաղրամյան պողոտայում գտնվող խաղաղ ցուցարարներին:

Պաշտոնական պատճառաբանությունը այն էր, որ ցուցարարները, որոնք պահանջում էին Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, փակել են երեւանի ամենաբանուկ պողոտան, բայց իրականում այդ պողոտան փակել էին ոստիկանները` փշալարերով, զինվորների փախանգներով եւ ջրցան մեքենաներով` ցուցարարներին թույլ չտալու համար, որ նրանք հասնեն ՀՀ նախագահի նստավայրին: Իհարկե, ապրիլի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածը առանձին իրադարձություն չէր, այլ մի ամբողջ քաղաքական ժամանակաշրջանի կուլմինացիա. ժամանակաշրջան, որ սկսել էր խմորվել դեռեւս նախորդ տարվա վերջին, այս տարվա սկզբին: Այդ ժամանակաշրջանը պաշտոնապես սկսվեց «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի համաձայնագրով, որով նրանք հայտարարում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը համատեղ տապալելու իրենց պատրաստակամությունը:

Ահա այս ժամանաշրջանը, որ ընդդիմությունը դիտարկում էր որպես «ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման» փուլ, իշխանությունը վերածեց սեփական գաղափարաբանությունը` բռնությունը բոլորին ի տես դնելու հնարավորություն: Հենց այս փուլում սկիզբ դրվեց լրագրողների նկատմամբ բռնությունների շարքին, որ ինչպես պետք է պարզվեր հետագայում՝ շարունակվելու էր մինչեւ տարեվերջ. հենց այս փուլում հարձակման ենթարկվեցին իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, հայտնի գործիչ Աշոտ Մանուչարյանը, իսկ «ՀԺ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանը դարձավ լրագրողների նկատմամբ պետական իշխանության ունեցած ատելության պարպման թիրախ: Ապրիլի լույս 13-ի գիշերը Գեւորգյանը թալանվեց, ծեծի ենթարկվեց անձամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի կողմից եւ նրա հրահանգով:

Բնականաբար, վերը նշված բռնություններից ոչ մեկի հեղինակը չպատժվեց: Իսկ ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ լրագրողների նկատմամբ տեղի ունեցած հարձակման տասնյակ մասնակիցներից երկուսը ենթարկվեցին 100 հազար դրամ տուգանքի: Դեռ քիչ էր այն, որ բռնության ոչ բոլոր մասնակիցները բացահայտվեցին, ավելին` այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր էին կազմակերպել սադրանքը: Եւ այս հարցի պարզաբանումը նույնպես մնում է ապագայի օրակարգում, եւ այս հարցի պարզաբանումը ի հայտ է բերելու «խոշոր շնաձկների»: Ապրիլի լույս 13-ի գիշերը ցույց տվեց ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության քաղաքական սնանկությունը: Անշուշտ, իրադարձությունները կզարգանային բոլորովին այլ կերպ, եթե այդ ժամանակ Բաղրամյան պողոտայում գիշերելիս լինեին ոչ թե երկու, այլ քսան հազար մարդ:

Բայց ընդդիմությունը իր գործողություններով ու իր գաղափարաբանությամբ չկարողացավ 20 հազար մարդու համոզել, որ անհրաժեշտ է գիշերն անցկացնել Բաղրամյանում: Եւ այնուամենայնիվ, ընդդիմությունը մինչեւ օրս էլ չի հաղթահարել ապրիլի լույս 13-ի գիշերվա շոկը, իշխանությունը նոր-նոր է սկսել զգալ դրա հետեւանքները, իսկ հանրությունը շարունակում է թեւաթափված մնալ: Հենց այս բարոյական անկման վիճակը մեծ հաշվով դարձավ մեր օլիմպիական հավաքականի Աթենքի օլիմպիադայում տեղի ունեցած խայտառակ անկման պատճառը:

Եւ միակ հույսը 2004-ին մեզ ներշնչեց մեր շախմատի տղամարդկանց հավաքականը, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայում կարողացավ նվաճել երրորդ հորիզոնականը: Սա պատահական չէր այն իմաստով, որ շախմատը, թերեւս, այն սակավաթիվ մարզաձեւերից է, որով զբաղվող կոնտինգենտը պիտանի չէ սափրած գլուխ լինելու համար: Ու եթե հայրենական սպորտի ղեկավարությունը ուզում է, իրապես ուզում է սպորտի զարգացում` պետք է գործի մեկ, բացառապես մեկ բանաձեւի շրջանակներում՝ սպանեք մարզիկի մեջ սափրած գլխին եւ կունենաք զարգացող սպորտ:

Այլապես, հաջորդ օլիմպիական խաղերում մենք ոչ միայն մեդալակիրներ չենք ունենալու, այլեւ ունենալու ենք սկանդալներ, եւ հայ մարզիկներ են դատվելու հակառակորդների վրա հարձակվելու, մրցավարներին ծեծելու համար: Եւ սա ամենեւին էլ չափազանցություն չէ: 2004 թվականին տեղի ունեցան այլ կարեւոր իրադարձություններ եւս. մասնավորապես կարճվեց հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի նախաքննությունը, որի նպատակը ահաբեկչության կազմակերպիչների, դրդիչների, օժանդակողների հայտնաբերումն էր: Իրավական ոլորտին վերաբերող այս որոշումը ըստ էության հսկայական քաղաքական ենթատեքստ էր պարունակում:

Սրանով արձանագրվեց, որ ընդդիմությունը այսօր Հայաստանում թույլ է, քան երբեւէ, եւ իշխանությունը կարող է ձեռնարկել ցանկացած քայլ` ի հեճուկս հանրային կարծիքի: Զուտ իրավական իմաստով այս որոշումը սպասելի էր, եւ դրանով արձանագրվեց, որ եթե հոկտեմբերի 27-ի ետեւում կան մարդիկ, այդ մարդկանց հայտնաբերելու ռեսուրս այսօր Հայաստանում չկա: Եթե անգամ այսօր մի հրաշքով հայտարարվեր, որ հոկտեմբերի 27-ի ետեւում կան կազմակերպիչներ, եւ հայտարարվեն այն անունները, որ հանրությունը եւ ընդդիմությունը ակնկալում են, միեւնույն է, դա լինելու էր քաղաքական եւ ոչ թե իրավական լուծում, եւ դարձյալ կասկածներ էին մնալու` չփարատված:

Ուստի անջատված մասի օբյեկտիվ քննությունը եւս մնում է ապագայի օրակարգում, բայց այս քննությունը միանշանակ պետք է տեղի ունենա անկախ դատական համակարգի գոյության պարագայում, որպեսզի որեւէ ելքի դեպքում որեւէ մեկի մոտ կասկածներ չմնան: Այս գործի կարճումը եւս մեկ անգամ ողջ սրությամբ մեզ առաջադրեց անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ հենց անկախ դատական համակարգն է երկրի բարգավաճման կարեւորագույն գրավականներից մեկը: Փորձը ցույց է տալիս, որ գրպանային դատական համակարգը հետագայում չի խնայում անգամ իրեն ստեղծողներին ու պաշտպանողներին, եւ այն հավասարապես անհրաժեշտ է ոչ միայն նրանց, ովքեր իշխանություն չունեն, այլեւ նրանց, ովքեր վաղը իշխանություն չեն ունենալու:

Այս ֆոնին հիշատակման արժանի է նաեւ Սամվել Բաբայանին բանտից ազատ արձակելու որոշումը: Իհարկե, զուտ քաղաքական առումով սա ճիշտ որոշում էր: Բայց անկախ դատական համակարգի բացակայությունը մեզ այդպես էլ հնարավորություն չի տալիս պատասխան տալու հետեւյալ հարցերին. արդյո՞ք Սամվել Բաբայանը ընդհանրապես հանցանք գործել էր, եւ արդյո՞ք նա ընդհանրապես պետք է հայտնվեր բանտում: Գուցե անկախ դատական համակարգը նրա նկատմամբ ուրի՞շ որոշում կկայացներ: Համենայնդեպս, անկախ բովանդակությունից՝ դա կլիներ մի որոշում, որի համար բարոյական մարդիկ իրենց մեղավոր չէին համարի: Նույնպես եւ` ինչ կասեր անկախ դատական համակարգը Վանո Սիրադեղյանի գործի կապակցությամբ, ինչ կասեր Արմեն Զավենի Սարգսյանի մասին եւ ինչ կասեր, ասենք, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի կապակցությամբ:

2004-ի ընթացքում ավելի ակնհայտ դարձան նաեւ քաղաքական սպասվող տեղաշարժերը: Մասնավորապես` քաղաքական ասպարեզ վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը միանգամից հասավ բացառիկ նշաձողի` հանդիպում ունեցավ ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշի հետ, իսկ ԱՄՆ-ից վերադառնալով հայտարարեց, որ Ազատությունը Հայաստանի համար պետք է դառնա բարձրագույն նպատակակետ: Հիմա արդեն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում իշխանության վերադառնալու հսկայական հնարավորություններ ունի, եւ Հայաստանն էլ իր հերթին Տեր-Պետրոսյանին՝ բոլորովին այլ Տեր-Պետրոսյանի ետ ստանալու հնարավորություն: Սակայն թե՛ առաջինը, թե՛ երկրորդը չեն շտապում այդ հնարավորությունը օգտագործել` չափից ավելի մեծ է այդ հնարավորության գինը, եւ չափից ավելի ծանր կլինեն այդ հնարավորության կորստի հետեւանքները:

Դա ըստ էության կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանին առաջիկա տարիներին ոչ մի ռեալ այլընտրանք չկա: Այս ֆոնին հիշատակման արժանի է Արամ Զ. Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Հովհաննես Հովհաննիսյան եռյակի ձեւավորման պրոցեսը: Իհարկե, դեռեւս հայտնի չէ` կձեւավորվի՞ այս եռյակը որպես ընդդիմադիր նոր ֆորմատ, թե կրախի կմատնվի, բայց այս խմորումը ուղղակիորեն կապվում է Տեր-Պետրոսյանի գործոնի ակտիվացման հետ: Վերը նշված եռյակի գործիչներից յուրաքանչյուրը, իհարկե, պետք է ձգտի ստվերել Տեր-Պետրոսյանի գործոնը, եւ սա առողջ պրոցես է, ու Հայաստանի համար շատ դրական կլինի լիբերալ ուղղվածության նոր գործչի ծնունդը: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ նշված եռյակը մի իքս պահից սկսի գործել որպես Տեր-Պետրոսյանի` իշխանության վերադարձի հիմնական գրավական:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2005 թվականը Հայաստանը պարտավոր է դարձնել լիբերալ փոփոխությունների տարի: Հայաստանը պետք է դառնա Ազատ աշխարհի դաշնակից, որովհետեւ Ազատ աշխարհում հետզհետե ավելի ու ավելի բարձր է հնչում «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» աստվածաշնչյան կարգախոսը: Իհարկե, այն, ինչ ԼՂ հարցի շուրջ տեղի է ունենում միջազգային ատյաններում, ընդամենը նախանշաններն են մոտեցող ցնցման: Բայց ՀՀ իշխանությունները իրականում կեղծում են, երբ ցուցադրական հանգստությամբ են խոսում ԵԱՀԿ փաստահավաք խմբի տարածաշրջանային առաքելության մասին: Փաստահավաք խմբի այցը գրավյալ տարածքներ՝ կարող է դառնալ այն գործոնը, որ Հայաստանը դնի այնպիսի երկրների շարքում, ինչպիսին է, ասենք, Սուդանը, եւ միայն ազատական փոփոխությունների արդյունքում է հնարավոր խուսափել սպասվող հուժկու հարվածից:

Իրաք հայկական զորախումբ ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշումը ամենեւին էլ չի փոխում այս իրավիճակը, եւ ընդամենը հուսահատ քայլ է, որով Քոչարյանի վարչախումբը հույս ունի մեղմելու ԱՄՆ-ի զայրույթը, բայց այդ զայրույթը վաղուց արդեն մեղմվել է բնական հունով եւ վերափոխվել որոշումների ու եզրակացությունների, որոնց ուժը մենք անպայմանորեն կզգանք 2005 թվականին: Իհարկե, 2004 թվականին տեղի ունեցան նաեւ տնտեսական իրադարձություններ, ինչպես, օրինակ, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման սկիզբը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհումը, բայց այս իրադարձությունները հերթական անգամ շեշտեցին Հայաստանի` պարպվող երկրի կարգավիճակը: Հայաստանը օր օրի ավելի ու ավելի է նմանվում «աշխարհի վերջի», որտեղ բոլոր ճանապարհները վերջանում են:

Ամռանը մեզ այցելած ամերիկացի հյուրերի վրա ամենամեծ տպավորությունը թողեցին ոչ թե Հայաստանի պատմամշակութային կոթողները, այլ Իջեւանից-Ղազախ տանող ճանապարհը, որը վերջանում է Այգեհովիտ գյուղի մատույցներում, այսինքն՝ արգելափակված է պաշտպանական կառույցներով ու կոնստրուկցիաներով: Ամերիկացի մեր հյուրերը առաջին անգամ էին տեսնում ճանապարհ, որ վերջանում է: Նրանք այդ ճանապարհին նայում էին այնպես, կարծես սեփական աչքերով տեսնում են տիեզերքի վերջը: Բայց մենք նրանց ցույց կտանք այդ ճանապարհի շարունակությունը, անպայման ցույց կտանք: Եւ աղոթենք, որ դա տեղի ունենա հատկապես 2005-ին:

Արման Կարապետյան

Տպել
4706 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան