Էդգար Էլբակյան կրտսերի ձայնասկավառակի շնորհանդեսը. ներկա էր ընտանիքը, մշակույթի նախարարը  

Կայացավ Էդգար Էլբակյան կրտսերի երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ծնողները՝ Արմեն եւ Աննա Էլբակյանները, քույրը՝ Լիլի Էլբակյանը, ամուսնու հետ, մտերիմ ընկերը՝ նախաձեռնության հեղինակ Ստեփան Ղամբարյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ընտանիքի մտերիմները: Էդգար Էլբակյանը կյանքից հեռացել է տարիներ առաջ՝ 18 տարեկան հասակում, սակայն հասցրել է գրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք երգեր են դարձել ու սիրվել: 2017-ի հոկտեմբերին դրանք լսարանի դատին հանձվեցին «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում: Այսօր՝ մարտի 23-ին էլ ներկայացվեցին արդեն 1 ձայնասկավառակում՝ «Ընկերոջս» խորագրով: Լրագրողների հետ զրույցում դերասանուհի Աննա Էլբակյանը պատմեց, որ որդին երգել է դեռ 8 ամսականից:

«8 ամսականից սկսել էր երգել, դեռ չէր քայլում, եւ բոլորը զարմանում էին, ուժեղ ռիթմի զգացողություն ուներ, եւ երբ փոքր էր, ուզում էր, որ իրեն հեքիաթի փոխարեն Շեքսպիր կարդայինք: Ուրիշ ծնողներն ինձ ասում էին՝ ինչո՞ւ եք ծանրաբեռնում ձեր երեխային, բայց ես հասկանում էի... չգիտեի, որ այսպես կլինի, բայց հասկանում էի, որ ուղղակի հեքիաթները, մանկական ներկայացումները նրա համար քիչ են, երեւի պետք է հասցներ»,- ասաց նա:

Աննա Էլբակյան

Արմեն Էլբակյանը պատմում է, որ Էդգարի ստեղծագործությունները դեռ փոքր հասակից արժանացել են գրողների հավանությանը: Գրողների միության անդամները ցանկացել են տպագրել նրա աշխատանքները, երբ դեռ ընդամենը 14 տարեկան է եղել: Գրողներից մեկը նրանց հայտնել է այդ մասին, սակայն Էդգարին գաղափարը դուր չի եկել:

«Ձեռքիցս քաշեց, ասաց. «Պա՛պ, մի բան ասեմ: Ասա թող չտպագրեն»: Ասացի՝ ինչո՞ւ, որովհետեւ, որ 14 տարեկան երեխային ասես՝ քո բանաստեղծությունները տպագրվելու են, չեմ կարծում, որ ուրախությունից երկինք չթռչի: Ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ ես դեռ պատրաստ չեմ: Այս երգերն Աննայի հետ երգում էին խոհանցում մի կիսաջարդած կիթառի վրա, լուցկով ռիթմ էր խփում Էդգարը: Սա, ինչ-որ տպվել է, այն ստեղծագործություններն են, որոնք նա համարում էր, որ պատրաստ չէ հրապարակել»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով՝ նախաձեռնության հեղինակ՝ Ստեփան Ղամբարյանին եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ աջակցելու համար:

Արմեն Էլբակյան

Ստեփան Ղամբարյանն Էդգարի մտերիմ ընկերն է: Երգերը ձայնագրելը, «Երգ երգոցի» շրջանակներում ներկայացնելը եւ ձայնասկավառակ թողարկելը նրա գաղափարն է եղել: Ուրախ է, որ երգերը սիրվեցին: Շնորհակալ է «Երգ երգոցի» ողջ անձնակազմին, ինչպես նաեւ բոլոր երաժիշտներին, որոնք իրենց ջանքերն են ներդրել, նպաստել են իր նախաձեռնությունը կյանքի կոչելուն: Ընդգծում է, որ նպատակը եղել է ընկերոջն արժանին մատուցելը:

«Այս նախաձեռնությունը ընկերների ոչ լիարժեք մատուցված պարտքն է ընկերոջը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մտածում է նաեւ տեսահոլովակներ նկարահանելու շուրջ:

Ստեփան Ղամբարյան

Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությանն աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Ըստ նախարար Արմեն Ամիրյանի՝ Էդգարի ստեղծագործություններն իսկապես արժանի էին հրապարակվելուն եւ հանրության դատին հանձնվելուն: Նա ընդգծում է, որ Էդգարը շատ տաղանդավոր է եղել:

«Այսօր մշակութային դաշտում շատ դժվար է գտնել արվեստի այն առկայծումները, որոնք արժանի են պետական հովանավորության: Ճանաչել եմ Էդգարին, բայց ապշել էի, երբ արդեն հիմա սկսեցի ծանոթանալ նրա ստեղծագործություններին. այդ տարիքում այդքան երաժշտականություն, այդքան զգացական ներաշխարհ եւ ամենակարեւորը՝ այդքան խորը փիլիսոփայություն... կարծում եմ՝ սա արժանի է հատուկ ուշադրության: Երգերից մի քանիսը նոմինացված են «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը: Մեկն արժանացել է մրցանակի. տեղյակ եմ ժյուրիի գնահատականին եւ շտապում եմ բարձրաձայնել, բայց չեմ ասի, թե որն է»,- ասաց նա:

Արմեն Ամիրյան

Ձայնասկավառակի թողարկման հետ մեկտեղ վերահրատարակվել է նաեւ Էդգարի՝ «Գծից այն կողմ...» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Ձայնասկավառակն արժե 5, իսկ գիրքը՝ 15 հազար դրամ: Դրանք վաճառքում այլեւս չեն լինելու: Հնարավոր էր ձեռք բերել միայն միջոցառման ժամանակ:

Երգերը կատարել են Արսեն Սաֆարյանը, Մաշա Մնջոյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Անի Ամիրյանը, Սարգիս Մանուկյանը (Empiray), Նարինե Դովլաթյանը, Հայկ Պետրոսյանը, Մերի Վարդանյանը, Ստեփան Ղամբարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Մարթա Կիրակոսյանը:

Տեսանյութը եւ լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3456 դիտում

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին