Իրաքի զինված կուսակցությունները. ԱՄՆ-Իրան հակամարտությունը հնարավոր է տեղափոխվի Իրաք

Լուսանկարում՝ ընտրություններում հաղթանակած «Սաերոն» դաշինքի առաջնորդ Մողդաթա ալ-Սադրը՝ ընտրություն կատարելուց հետո. 12.05.18

Մայիսի 12-ին Իրաքում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջինն էին Իրաքում «Իսլամական պետության» նկատմամբ վերջնական հաղթանակ տանելուց հետո: Ընտրություններում հաղթեց «Սաերոն» դաշինքը, թեեւ այն կարելի է հաղթանակ անվանել շատ պայմանական՝ դաշինքը ստացել է ձայների 16%-ից ավելին (54 մանդատ) եւ առաջ անցել երկրորդ տեղը գրաված «Ֆաթհ»-ից (47 մանդատ) ընդամենը երկու տոկոսով: Երրորդ տեղում ներկայիս վարչապետ Հայդեր ալ-Աբադիի «Նասր» դաշինքն է՝ 12,7%-ով (42 մանդատ): Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը չորրորդն է՝ 7,9% (25 մանդատ):

Մնացած դաշինքները ստացել են ավելի քիչ ձայներ: Իրաքի ապագա խորհրդարանի այս բազմակուսակցականությունը, իհարկե աննախադեպ է եւ, ինչ-որ առումով, դրական: Սակայն, այս իրավիճակում խիստ բարդանում է ապագա կառավարության կազմավորումը: Առաջին չորս ուժերը, որոնց միավորվելու դեպքում հնարավոր կլիներ ստեղծել կոալիցիոն կառավարություն, ոչ միայն տրամագծորեն տարբերվող ներքին գաղափարախոսության կրողներ են, այլեւ տարակարծիք են երկրի արտաքին վեկտորի վերաբերյալ:

«Սաերոն» դաշինքը, երկար տարիներ ընդդիմություն լինելով, հասցրել է հանդես գալ հակաամերիկյան եւ հակաիրանական դիրքերից: Եթե ԱՄՆ դեմ արտահայտվելը բացատրելի է (դաշինքի առաջնորդ Մողդաթա ալ-Սադրը 2003-2008 թթ. զինված պայքար է տարել «Ամերիկայի իմպերիալիստական նկրտումների» դեմ), ապա Իրանում ուսանած, այաթոլլայի կարգավիճակ ստացած ալ-Սադրի՝ Իրաքում իրանական ազդեցությանը դեմ լինելը անհասկանալի է: Առավել տարօրինակ է, որ, լինելով շիա մահմեդական, նա անցյալ տարի հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ-Սաուդի հետ: Սաուդյան Արաբիան ոչ միայն սուննիզմի հետեւորդ է, այլեւ շատ արաբական երկրների աչքերում «ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշնակիցը»: Ալ-Սադրի դիրքորոշումը կարելի է բնութագրել որպես ազգային-պահպանողական, որքանով դա հնարավոր է բազմազգ ու բազմադավան Իրաքում:

Ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Ֆաթհը» բացահայտ իրանական կողմնորոշում ունի: Դրա մասին է խոսում, մասնավորապես այն փաստը, որ Իրան-իրաքյան պատերազմում դաշինքի առաջնորդ Հադի ալ-Ամիրին կռվել է Սադամ Հուսեյնի դեմ՝ Իրանի կողմից: «Սաերոնի» ղեկավար Ալ-Սադրը հայտարարել է, որ իրանամետ ուժերի հետ կոալիցիա չի կազմելու, ուստի կոալիցիա այս երկու ուժերի միջեւ մենք, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի: Դա զարմանալի է այն առումով, որ ալ-Սադրի հոր շարժումը ստեղծվել եւ գոյություն է ունեցել հենց Թեհրանի անմիջական մասնակցությամբ: Բացի դրանից, «Սաերոնի» եւ «Ֆաթհի» ղեկավարները ԻՊ-ի դեմ պայքարում ղեկավարել են «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ջոկատը:

«Նասր» դաշինքի առաջնորդ ներկայիս վարչապետ ալ-Աբադին սուննի մահմեդական է եւ իր գործունեության ընթացքում հիմնվել է Իրաքում ամերիկյան ներկայության վրա, թեեւ նրան հաջողվել է կայուն համագործակցություն ծավալել նաեւ Իրանի հետ: Ալ-Աբադիի գործունեությունը ուղղված է եղել նաեւ Իրաքյան Քրդստանի անկախությունը կանխելուն:

Ինչ վերաբերվում է «Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը», ապա այն գրեթե շանս չունի իշխանական կոալիցիայում հայտնվելու՝ քանի դեռ անկախ Քրդստան ստեղծելու միտում ունի: Ամենայն հավանականությամբ, նրանց կհաջողվի կոալիցիա կազմել քրդական մյուս ուժերի հետ՝ մանդատների թիվը հասցնելով 50-ի, ինչը, մեղմ ասած, բավարար չէ իշխանություն ձեւավորելու համար:

Այսպիսով, առաջին չորս տեղերը գրաված ուժերի մոտեցումներում առկա են սկզբունքային հակասություններ, որոնք չհարթելու դեպքում կուսակցությունները ստիպված են լինելու կա՛մ իրենց շուրջը համախմբել մնացած ուժերին, ինչի հավանականությունը խիստ ցածր է, կա՛մ չունենալ խորհրդարանական մեծամասնություն:

Խորհրդարանական մեծամասնություն կարող է ձեւավորվել մի քանի տարբերակով: Առավել օպտիմալ, սակայն քիչ հավանական տարբերակը, քաղաքական երկխոսության արդյունքում բազմազգ ու բազմակրոն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելն է, որը կձեւավորի նույնպիսի կառավարություն:

Երկրորդ տարբերակը ավելի հավանական է, սակայն գրեթե ոչինչ չի փոխելու Իրաքի քաղաքական մշակույթում եւ հավելյալ լարում է առաջացնելու խնդրահարույց թեմաների շուրջ՝ խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորվելու է դավանանքային ու ազգային հենքի վրա: Տարածաշրջանի այդ մասում ծայրահեղ սուննիական «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից հետո նկատվում է շիաների դիրքերի ամրապնդում: Այս ֆոնի վրա առավել հարմար տարբերակ է շիա արաբներին միավորել «Սաերոնի» շուրջ, որով, սակայն կանտեսվեն ոչ միայն սուննի արաբների, այլեւ քրդերի շահերը, ինչն էլ իր հերթին նոր թափ կհաղորդի քրդական անջատողական տրամադրություններին:

Մեկ այլ տարբերակ է խորհրդարանական փոքրամասնության վրա հենվելով կառավարություն կազմել: Այս իրավիճակը վտանգավոր է նրանով, որ խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող ընդդիմությունը ի զորու կլինի վիժեցնել կառավարության ցանկացած նախաձեռնություն, ինչն էլ՝ շարունակական լինելու պարագայում, ի վերջո կհանգեցնի անկանոն զինված բախումների, քանի որ, ըստ էության, բոլոր ուժերն ունեն կա՛մ սեփական ռազմական թեւ, կա՛մ էլ ԱՄՆ-Իրան հակամարտող զույգից որեւէ մեկի աջակցությունը:

Հաշվի առնելով զինված խմբերի հագեցվածությունը Իրաքում՝ կարելի է ենթադրել, որ քաղաքական ճգնաժամի հետեւանք են հանդիսանալու համատարած զինված բախումները: Այդպես, օրինակ, արաբական եւ թուրքմենական զինված խմբերը ընտրության օրը արգելափակել էին Քիրքուկի մի քանի ընտրատեղամասեր, որպեսզի «քրդական ուժերը ընտրակեղծիքներ չկատարեն»:

Այս ամենի հետ մեկտեղ երկրում առկա են ամերիկյան զորքեր եւ իրանական կամ իրանամետ զինված խմբավորումներ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան հակամարտության թեժացման պարագայում ամերիկյան եւ իրանական շահերի բախումը ռազմական հակամարտության է վերածվելու հենց Իրաքի տարածքում:

Իրանին ընդհուպ մոտեցած հնարավոր պատերազմի հեռացումը Հայաստանի սահմաններից, անկասկած, դրական է մեր համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ դա թեեւ քչացնում է Իրանի տարածքում պատերազմի հավանականությունը, այդուամենայնիվ չի բացառում այն: Անորոշ ժամկետով տարկետումը տրված է սեփական անվտանգության մակարդակը՝ հարեւան երկրում պատերազմի հետեւանքով առաջանալիք մարտահրավերներին դիմագրավելու աստիճանի հասցնելու համար:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 22-ի համարում:

Տպել
3808 դիտում

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը